Արարչագործության 6-րդ օրը Արարիչ Աստված երկրի հողից ստեղծեց արարչագործության թագ ու պսակ հանդիսացող մարդուն՝ Իր պատկերով եւ նմանությամբ։ Ստեղծեց անբիծ ու կատարյալ։ Տեր Աստված աստվածապատկեր մարդուն իշխանություն տվեց՝ իշխելու ողջ արարչության վրա։ Սակայն «մարդը պատվի մեջ էր եւ չհասկացավ, հավասարվեց անբան անանսուններին եւ նմանվեց նրանց» (Սաղմ. ԽԸ 21)։ Պատվիրանազանցության արդյունքում մարդը վտարվեց եդեմական դրախտից՝ ժառանգելով փուշ ու տատասկ աճեցնող երկիրը։ Տեր Աստված պատվիրեց երեսի քրտինքով վաստակել հացը՝ մշակելով այն հողը, որից ստեղծվել էր… Սակայն անկյալ մարդկության առջեւ վերստին բացվեց դրախտի ճանապարհը՝ Քրիստոսի մշտնջենական եւ մեկանգամյա պատարագով, որովհետեւ «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչեւ իսկ Իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով Նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը» (Հովհ. Գ 16)։ Քրիստոսի փրկագործությամբ մարդը ոչ միայն վերագտավ փրկության ճանապարհը, այլեւ Քրիստոսի բերած վարդապետությամբ սովորեց փրկությունը ժառանգելու ուղիները, քանզի Քրիստոսն Իր երկրային կյանքը մեզ որպես օրինակ ապրեց՝ պատվիրելով. «Սովորեցե՛ք Ինձնից, որ հեզ եմ եւ սրտով խոնարհ» (Մատթ. ԺԱ 29)։ Եթե Մովսեսին տրված 10 պատվիրանների կատարումը մարդուն թույլ էր տալիս պահպանել մարդկային դեմքն ու արժանապատվությունը, ապա Քրիստոսի բերած վարդապետությունը բարոյական մի նոր հիմքի վրա է դնում այն, ինչպես եւ Տերն է ասում. «Օրենքը կամ մարգարեներին ջնջելու չեկա, այլ լրացնելու» (տե՛ս Մատթ. Ե 17)։ Ըստ եկեղեցական հայրերի մեկնությունների՝ Նոր Կտակարանի պահանջները ոչ միայն շատ բանով գերազանցում են Հին Կտակարանի համանման պահանջները, այլեւ ուղղված են մարդկային հոգու այն առանձնահատուկ վիճակի ձեւավորմանը, որը բացառում է մեղք գործելը։ Տերը ոչ միայն առաջադրում է բարձրագույն բարոյական նորմեր, այլեւ ուսուցանում է, թե հաղթահարելով մեղքը՝ ի՞նչ կերպ պետք է համապատասխանել այդ նորմերին։ Աշխարհի Փրկիչը քրիստոնեական բարոյականության հիմնական դրույթներն է առաջադրում մարդկությանը Լեռան քարոզում, որը լիովին առանձնահատուկ տեղ է գրավում ավետարանական պատումի մեջ։ Տերը ոչ միայն սահմանեց, այլեւ Իր իսկ կյանքի օրինակով գործադրեց Լեռան քարոզի առանցքային պատվիրանները։ Նա նորոգեց մովսիսական օրենքի բովանդակությունը, լրացրեց այն, քանի որ պատվիանների արտաքին, ծիսական կողմի ետեւում կորչում էին բուն էությունն ու իմաստը։ Մինչդեռ Տերն ուսուցանում էր, որ մարդը պետք է այդ օրենքն օգտագործեր սեփական հոգու փրկության համար։ Քրիստոսն Իր հետեւորդներին խոստացավ. «Ուր Ես եմ, այնտեղ եւ Իմ պաշտոնյան կլինի» (տե՛ս Հովհ. ԺԲ 26), այսինքն՝ երկնքում՝ արքայության մեջ, որն Աստված պատրաստել է Իր սիրելիների համար։ Խոստացված բարիքներին եւ հավիտենական կյանքին արժանանալու համար աստվածապատկեր մարդը պետք է գործադրի իր Արարչի սահմանած օրենքներն ու պատվիրանները, որովհետեւ քրիստոնեական պատվիրանները կատարող մարդը միայն կարող է երջանկություն եւ կատարյալ կյանք գտնել։

Մի՛ սպանիր, մի՛ շնացիր, մի՛ գողացիր, սիրի՛ր թշնամուդ, աղոթի՛ր նրա համար, չարին բարո՛վ պատասխանիր, եղի՛ր պահեցող, ողորմած, մի՛ հոգա ավելորդի մասին, մի՛ դատիր մերձավորիդ, ընթացի՛ր նեղ ճանապարհով… ի վերջո, մարդկայն երջանկության բանալին հանդիսացող ճշմարտության խոսքերը. «Այն ամենը, ինչ կկամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես եւ դո՛ւք արեք նրանց» (Մատթ. Է 12)։ Ոսկե օրենքը կարող է վերափոխել աշխարհը՝ երջանիկ եւ բարի դարձնելով այն… Քրիստոնեական վարդապետությունը միակն է բոլոր կրոնների մեջ, որ Աստծուն Հայր անվանելու իշխանություն է տալիս մարդուն։ Եվ եթե Աստված մեր Հայրն է, ապա մենք Նրա որդիներն ու ժառանգներն ենք։ Ի՞նչ է պահանջում Աստված մարդուց. պատվիրանապահ ընթացք, բարոյական, առաքինի կենցաղավարություն, հրաժարում մեղքից ու այն ամենից, ինչը մարդուն հեռացնում է իր Արարչից։ Այլեւ հորդորում է «փնտրել վերին բաները, այնտեղ, ուր Քրիստոսը նստած է Աստծու աջ կողմը» (հմմտ. Կող. Գ 1), որովհետեւ «մեր քաղաքացիությունը երկնքում է, որտեղից եւ ակնկալում ենք Փրկչին՝ Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին» (Փիլ. Գ 20)։ Մեր բազմագութ Հայրը մեզ համար երկնքում պատրաստել է անխոնարհելի փառք, հավիտենական, երանական կյանք՝ առանց ցավի ու տրտմության, որին կարող են արժանանալ նրանք, ովքեր այս կյանքում Քրիստոսին չարչարակից կլինեն՝ ապրելով քրիստոնյային վայել աստվածահաճո կյանքով՝ հնարավորինս հեռու մնալով մեղքից։ Տերն Իր երկրավոր կյանքի ընթացքում ցույց տվեց այդ դժվարին, բայց քաղց ու լուսավոր ճանապարհը՝ պատվիրելով. «Կատարյա՛լ եղեք դուք, ինչպես եւ ձեր երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթ. Ե 48)։ Եթե կատարալությունը մարդու ուժերից վեր լիներ, Տերը չէր պատգամի։ «Մարդու կատարելությունն Աստծուն սիրելու մեջ է»,- ասում է Պողոս Ադրիանուպոլսեցին։ Աստծուն ողջ հոգով եւ էությամբ սիրող մարդը ջանում է իր ողջ կյանքի ընթացքում ապրել պատվիրանապահ կյանքով՝ քայլ առ քայլ առաջանալով դեպի կատարելություն տանող ճանապարհով։ Սակայն այս մեղսալից աշխարհում մարդկային դիմագիծը պահելը դժվար է, բայց ոչ՝ անհնարին։ Ոչ ոք զերծ չէ մեղքից ու սխալներից, որովհետեւ մարդկային բնությունը մեղանչական է, դյուրագայթ եւ մեղսահակ, հեշտությամբ է ընկնում սատանայի որոգայթները՝ մերժելով աստվածային լույս պատվիրաններն ու հաճույք գտնելով մեղքի մեջ։ Եկեղեցու սուրբ հայրերը զգուշացնում են, որ մահացու մեղքերը մարդու մեջ մեռցնում են բարոյական գիտակցությունը, մարդկային արժանապատվությունը, ի վերջո, այլասերում մարդու նկարագիրն ու բնությունը։ Իսկ երբ մարդը զրկվում է բարոյական արժեքներից, դադարում է բառի իսկական իմաստով մարդ լինելուց։ Ըստ Շնորհք պատրիարք Գալուստյանի՝ «մարդը կենդանական աշխարհի մյուս տեսակներից զանազանվում է ոչ այնքան ֆիզիկական տարբերություններով, որքան բարոյական գիտակցությամբ, խղճով, Աստծուն ճանաչելու եւ Նրան դիմելու կարողությամբ»։ Ցավոք, մեր ներկա ժամանակաշրջանում, երբ բարոյական շատ արժեքներ համարվում են ժամանակավրեպ, երբ առաքինությունն ու ողորմածությունը, մարդասիրությունը տեղ չունեն մեզանում, երբ ամեն օր ու ամեն քայլափոխի անտեսվում ու արհամարհվում են աստվածաշնչյան ճշմարտություններն ու Աստծու կենարար Խոսքը, աստվածապատկեր մարդ էակը կորցրել է իր բարոյական նկարագիրը։ Ավելին. շատ մարդկանց պարագայում երբեմն թվում է, թե խիղճ, գթասրտություն ամենեւին չունեն, այլապես չէին կարող այս կամ այն կերպ վարվել իրենց նմանների հետ։ Այդպիսիներն իրենց ողջ կյանքի ընթացքում լռեցնում են իրենց խղճի ձայնը, որը, սակայն, երբեք չի դադարում աղաղակելուց։ Կարո՞ղ է արդյոք մարդն ամբողջապես կորցնել իր մարդկային նկարագիրը՝ վերածվելով գազանի։ Կարծիքները տարբեր են։ Ըստ Ֆ. Դոստոեւսկու՝ «յուրաքանչյուր մարդու մեջ, անշուշտ, ցասկոտության գազան է թաքնված», բայց «մարդը չի կարող լինել այդքան չար, որ նրա մեջ գեթ մի փոքր բարի չլինի»։ Մարդն ստեղծված է ոչ միայն Աստծու պատկերով եւ նմանությամբ, այլեւ ինքնիշխանությամբ, ազատ կամքով, որով էլ ընտրում է կա՛մ բարին, կա՛մ չարը։ Իր ազատ կամքով մեղքի ու անօրինության մեջ հայտնված մարդը հեշտությամբ է կորցնում բանականությունը՝ հավասարվելով անբան անասուններին, որովհետեւ «մարդու ազատությունը բանականության հետ մարդուն մարդ դարձնող հիմնական չափանիշն է» (Շնորհք պատրիարք Գալուստյան)։ Բանականությունը չկորցնելու եւ իր բարոյական նկարագիրը պահպանելու համար աստվածապատկեր մարդ էակը միանշանակ պետք է առաջնորդվի սուրբգրային պատվիրաններով, որովհետեւ քրիստոնեական վարդապետությունն աստվածապատկեր մարդուն մարդ դարձնող, մեղքի հետեւանքով մարդու խաթարված էությունը վերականգնող ուսմունք է։

«Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով եւ ամբողջ հոգով եւ քո ամբողջ զորությամբ եւ քո ամբողջ մտքով. եւ պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես քո անձը» (Ղուկ. Ժ 27), պատվիրում է Տերն Ավետարանում։ Սա պատվիրաններից առաջինն ու մեծագույնն է, որը ճշմարտապես գործադրող մարդն արդեն իսկ այս կյանքում վայելում է իրական երջանկության քաղցրությունն ու բերկրանքը, որը միայն Աստծով է հնարավոր։ Իսկ Աստծուն ողջ հոգով եւ էությամբ սիրող մարդը չի կարող չսիրել իր նմանին, որովհետեւ Աստծուն տեսնում է յուրաքանչյուր մարդու մեջ։ Նա, ով չի սիրում իր ընկերոջը, որին տեսնում է, չի կարող սիրել Աստծուն, որին չի տեսել (տե՛ս Ա Հովհ. Դ 20)։ Առ Աստված գնալու ճանապարհը յուրաքանչյուր մարդ պետք է սկսի սիրո պատվիրանի ճշմարիտ գործադրմամբ, առանց որի չի կարող քրիստոնյա կոչվել, որովհետեւ «սերը կապն է կատարելության» (տե՛ս Կող. Գ 14)։ Առաքյալը նաեւ պատվիրում է. «Ոչ ոքի պարտապան մի՛ մնացեք, բացի միմյանց սիրելուց» (Հռոմ. ԺԳ 8)։ Սերն Աստծու հանդեպ մեր պարտքն է, որը կարող ենք Նրան վերադարձնել միյան ուրիշների նկատմամբ մեր սիրով□ (Գարեգին Ա)։ Սերն անպարտելի զենք է չարի դեմ։ Յուրաքանչյուր մարդ պետք է գիտենա եւ ընդունի, որ ինքն աստվածապատկեր էակ է, միշտ հիշի, որ «Աստծու տաճար եւ բնակարան է, եւ Աստծու Սուրբ Հոգին է բնակվում իր մեջ» (տե՛ս Ա Կորնթ. Գ 16)։ Ուստի երբ անարգում ու անպատվում է այդ «տաճարը»՝ զանազան մեղքեր գործելով, Աստված բարկանում եւ պատժում է նրան՝ նեղությունների ու փորձությունների միջոցով սթափեցնելով եւ ուղղության բերելով, ինչպես եւ սբ Պողոս առաքյալն է ասում. «Եթե մեկն Աստծու տաճարն ապականի, Աստված էլ նրան պիտի ապականի, որովհետեւ սուրբ է Աստծու տաճարը, որը դուք եք» (Ա Կորնթ. Գ 17)։

Չեղծենք աստվածապատկեր մեր էությունը, չապականենք մեր տաճար-մարմինները մեղքերով ու անօրինություններով, այլ զարդարենք դրանք առաքինություններով. «Հանե՛նք մեր վրայից հին մարդուն իր գործերով եւ հագնե՛նք նորը, այն, որ նորոգված է գիտությամբ, ըստ իր Արարչի պատկերի։ … հագնե՛նք, ուրեմն, գութ, ողորմություն, քաղցրություն, խոնարհություն, հեզություն, համբերատարություն՝ հանդուրժելով միմյանց, ներելով միմյանց…, ինչպես Աստված Քրիստոսով ներեց մեզ» (տե՛ս Կող. Գ 9-13)։

Մտապահենք ու կյանքում իրագործենք երջանկահիշատակ Գարեգին Ա հայրապետի պատգամը. «Մնացեք մարդ՝ ձեր մեջ պահելով ներկայությունը Նրա, Ով ստեղծել է մեզ։ Մի՛ դավաճանեք ձեր մարդկային բնությանը, որն Աստծու կնիքն է կրում»։

Անժելա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s