Սկիզբը՝ թիվ 13 (2010 Հուլիս Ա)

Մովսեսին են վերագրվում նաեւ Հռոմի հետ ունեցած ինչ-ինչ հարաբերություններ։ Դրանց մեծ կարեւորություն են տալիս հռոմեադավանները՝ փորձելով շահարկել թե՛ նրա անունը եւ թե՛ համբավը։ Մ. Չամչյանի համաձայն՝ 1629 թվին նա արդեն նամակ է ուղարկել Հռոմի պապին։ Մեկ ուրիշ նամակ էլ նա թվագրում է 1631-ով, որն ստանալուց հետո Ուրբանոս պապը Պողոս Փիրոմալի դոմինիկյան քահանային ուղարկել է Մովսեսի մոտ։ Մովսեսն իբրեւ թե նրան շատ լատինամետ հայտարարություններ է անում եւ նամակ հանձնում 12 եպիսկոպոսների անունից, եւ այդ նամակը հիշյալ քահանան տանում է Նախիջեւանի ունիթորներին եւ այնուհետեւ ուղարկում Հռոմ։ Երկրորդ անգամ Էջմիածին գալիս նա մահմեդական իշխանի կողմից կասկածվում է եւ գանակոծվում։ Նա բանտում մնում է 22 ամիս եւ ապա միայն ազատվում։ Չմտնելով այդ նամակների ժամանակագրության մեջ, որ բոլորովին անտեղի է, նշենք, որ այդ նամակների պատճենները, եթե դրանք, իհարկե, գրվել են, չեն պահպանվել։ Բնական է, որ ստուգելու հնարավորություն էլ չկա ասվածների կապակցությամբ։ Իսկ մեր ազգային հեղինակները դրանց մասին լիակատար լռություն են պահպանում։ Համենայն դեպս, պետք է տարբերել նամակի մեջ ասված քաղաքավարական արտահայտություններն իրական պաշտոնական դավանության ուղղությունից։

Հազիվ թե կարելի է կասկածել, որ Մովսեսը, որ այնքան ջանք էր թափել Մայր Աթոռը բարձրացնելու համար, կարող էր որեւէ զիջում կատարել Հռոմեական Եկեղեցուն։ Սակայն այդ չի նշանակում, որ նա փորձ չի արել ձեռք բերելու պապականության բարյացակամությունը։ Նա այդ կարող էր անել առաջին հերթին Եվրոպայի հայ համայնքների դիրքը պաշտպանելու համար։ Մովսեսը կարող էր անգամ հայտարարել Հռոմի Եկեղեցու հետ սիրո միաբանության մասին։ Բայց դա բոլորովին էլ ոչինչ չէր նշանակում, քանի որ Հայոց Եկեղեցին սիրո միաբանություն պահպանում էր բոլոր Եկեղեցիների հետ։ Մովսեսին պապականության հետ հարաբերությունների մղել էր, թերեւս, լեհահայության խնդիրը։

Գրիգոր Կեսարացին, որ զայրացած վերադարձել էր Կամենեցից եւ իմացել, որ իր սանը կաթողիկոս է դարձել, դիմում է Մովսեսին, որ նա բանադրանքի ենթարկի Նիկոլ Թորոսովիչին։ Կեսարացին դրա կարիքն ուներ, որովհետեւ իր բանադրանքն անհետեւանք էր մնացել։ Որքան էլ Նիկոլը ձեւ էր անում, թե ինքը կարեւորություն չի տալիս Կեսարացու բանադրանքին,  ելնելով ժողովրդական վերաբերմունքից, 3000 ղուռուշ ճանապարհածախս հավաքելով ժողովրդից, Լվովից մեկնում է Կ. Պոլիս, իսկ այնտեղից էլ՝ Կեսարիա՝ մեղա գալու նպատակով։ Սակայն Պրուսա հասած ժամանակ հանդիպում է Արիստակես Խարբերդցի վարդապետին, որը զայրացած էր Կեսարացու վրա՝ փոխանորդների կողմից իր հալածվելու համար։ Արիստակեսը խոստանում է նրա բանադրանքը վերացնել, եւ Նիկոլն էլ ուրախությամբ համաձայնվում է։ Նիկոլը միայն նամակով հայտնում է, որ ինքը հիվանդացել է եւ ընկել անկողին։ Կեսարցին հավատում է, խղճում եւ բանադրանքը հանելու նամակ է ուղարկում։ Նիկոլն էլ ստանալով իսկույն ետ է վերադառնում Լվով, որտեղ ժողովուրդը, այն տեսնելով, միաբանվում է եպիսկոպոսի հետ։ Կեսարացին լուր է առնում իրեն խաբելու մասին, ուստի նզովքը վերանորոգում է եւ լվովցիներին հայտնում, որ առաջին նզովքը շարունակում է պահպանվել Նիկոլ Թորոսովիչի վրա։ Ահա այդ ժամանակ է, որ իր բանադրանքն ամրապնդելու համար՝ Կեսարացին դիմում է Մովսես Տաթեւացի կաթողիկոսի օգնությանը, որ նա էլ բանադրի Նիկոլ եպիսկոպոսին։ Մովսեսը, միանգամայն վստահելով իր ուսուցչին, բանադրում է Նիկոլ Թորոսովիչին՝ հավանբար 1629 թվին։ Թերեւս այդ ժամանակ էլ գրել է պապին։ Մովսեսը կամենում էր իր իշխանությունը պահել Արեւմուտքում գտնվող հայերի վրա եւ ոչ թե հպատակվել պապին։ Նամակը գրելուց հետո Մովսեսը Լեհաստան ուղարկեց Խաչատուր Կեսարացի վարդապետին։ Նիկոլը հանդգնեց անարգել նաեւ կաթողիկոսական բանադրանքը, ուստի Մովսեսն իրավունք էր տվել իր նվիրակին՝ կարգալույծ անելու Նիկոլ Թորոսովիչ եպիսկոպոսին։ Լվովցիները բացարձակապես երես էին թեքել Նիկոլից, ուստի Խաչատուր վարդապետը, չհանդուրժելով Նիկոլի նախատինքները եւ ըմբոստանալը կաթողիկոսական հրամաններին, կրկնում է անեծքը, որից հետո քաղաքի դատավորները եկեղեցին փակում են եւ դատ սկսում Նիկոլի դեմ՝ Էջմիածնի նվիրակի նախագահությամբ։ Տեսնելով, որ հարցը բարդանում է, Խաչատուր Կեսարացի վարդապետը կամենում է հաշտության եզրեր գտնել։ Նիկոլը սպառնում է դիմել արքունի դատարան, սակայն դատավորներն ասում են, որ հայերի գործերը քննելու համար արքունիքից արտոնություն ունեն։ Վեճը շարունակվում է, որովհետեւ երկու կողմն էլ զիջելու միտք չուներ։

Ինչեւէ, այս ամենը տարավ այն բանին, որ Նիկոլը որոշեց կաթոլիկանալ, որպեսզի այդ ճանապարհով հակառակորդներին հաղթի։ Նա լատին ճիզվիտ հոգեւորականների օժանդակությունն ստանալու համար հրապարկավ կաթոլիկություն ընդունեց։ Դա տեղի ունեցավ 1630-ին։ Սակայն նա իրավունք չուներ Լվովի ժողովրդին կաթոլիկ հայտարարելու։ Լեհական արքունիքն ուժով ստիպեց հայերին կաթոլիկանալ։ Լեհ պաշտոնյաները ջարդեցին եկեղեցու դուռը, քանի որ հայերն այն չէին բացում Նիկոլի առաջ, եւ նրան հանձնեցին եկեղեցին՝ իր ողջ ունեցվածքով։ Միայն թանգարանում հազարից ավելի գրքեր կային՝ ոսկետուփ կազմերով, եկեղեցական զանազան զարդեր, սպասք ու հագուստներ, մուրհակներ եւ այլն, որոնք հանձնվեցին կաթոլիկ դարձած Նիկոլ եպիսկոպոսին, իսկ ժողովուրդը բռնի կաթոլիկացվեց։ Սա էր հռոմեադավանների հայտարարած մեծ հաղթանակը։

Նիկոլի հակառակորդները լեհական իշխանությունների կողմից ենթարկվում էին հալածանքների։ Շատերը բանտ նետվեցին կամ տուգանքի ենթարկվեցին։ Սակայն Նիկոլը չարժանացավ ժողովրդի համակրանքին։ Բոլորը նրանից երես թեքեցին՝ բացառությամբ որոշ ազգականներից եւ մեկ կամ երկու քահանայից։ Նրանցից է եղել է Արսեն անունով մի քահանա։

Բռնությունների ենթարկվեց նաեւ Խաչատուր Կեսարացի նվիրակը, որին մի պահ Նիկոլն ուզեց իրեն կամակից դարձնել։ Խաչատուրը չհամաձայնվեց եւ անգամ փորձեց Նիկոլին հավատքի բերել, բայց ոչնչի չհասավ։ Լեհերն օր առաջ Խաչատուրին երկրից վտարեցին՝ չնայած սառնամանիքին։ 1631 թվին նրան արտաքսեցին, եւ նա եկավ Էջմիածին ու հաղորդեց իրերի վիճակը։ Եթե Մովսեսը հռոմեադավանությանը հարած լիներ, ինչպես փորձում են ցույց տալ հռոմեադավանները, ապա նա ոչ թե պետք է սգար կատարվածի համար, այլ ուրախ լիներ։ Նվիրակի հեռանալուց հետո Նիկոլը միայն հալածանքներն ուժեղացրեց։ Այնպիսի հալածանքներ էին, որ հայերը տեսել էին մահմեդական իշխանների օրոք։ Քահանաներին ու գլխավորներին բանտ էր նետում եւ 300-400 ղուռուշ ստանալով՝ նոր միայն ազատ էր արձակում։ Մեռել թաղելու եւ վրան քար քաշելու վրա արգելք էր դնում, մկրտությունն ու պսակն արգելում էր, եթե հռոմեադավանություն չընդունեին կամ եթե ծանր տուգանք չվճարեին։ Մեռելները երբեմն օրերով անթաղ էին մնում։ Ամեն ինչ խախտվում էր։ Լվովցիները պնդում էին իրենց արտոնությունների վրա, որոնցից կարեւորը դավանանքի ազատությունն էր։ Ինչ վերաբերում է Մովսեսի նամակներին, ապա նա կամենում էր ողոք լեզվով խնդրել իր ժողովրդի համար, որ վերադարձնեն նրան իր եկեղեցիները։ Դրան ի պատասխան՝ Վլադիսլավ Է-ն կարգադրեց եկեղեցիներից մեկը հայադավաններին թողնել։

1632-ին Լեհաստանում էր գտնվում Հովհաննես Խուլը։ Նրա գտնվելու ժամանակ էլ մահացավ Սիգիզմունդ թագավորը։ Նա ականատեսն է եղել այդ  ամենի, թեեւ ո՛չ Դավիժեցին եւ ո՛չ էլ լատին հեղինակները նա անունը չեն տալիս։ Լոկ կարելի է ենթադրել, որ նա քաջալերել է Նիկոլին, չնայած պետք է որ հակառակ ընթացք որդեգրած լիներ։ Նա՝ որպես նախկին պատրիարք եւ եպիսկոպոս, չէր կարող անծանոթ մնալ Լվովում, եւ նրա անվան շուրջը եղած լռությունն ավելի շուտ անարգանք է նրա հասցեին։ Խուլին լավ է բնորոշել լվովցի մի հայ քահանա. մեղավոր մարդ, որը դավաճանել է Լուսավորչի օրենքին, գովել Նիկոլի բռնած դիրքը եւ որտեղ նստեր՝ հայերին էր հայհոյում։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ պատվվել է լեհաց թագավորից եւ թագուհուց, բայց ազարմանալի է, որ նրա մասին լռում են լատին պատմիչները։

Մովսես Տաթեւացին, չնայած հռոմեադավան հեղինակների հայտարարություններին (Մ. Չամչյան, Պալճյան, Ըստակարյան, Ազարյան, Գալեմքարյան եւ ուրիշներ), երբեք էլ հավանություն չի տվել Նիկոլի արարքներին։ Եթե նա նամակ էր գրում, ապա՝  Լեհաստանի հայադավաններին չհալածելու համար։ Կիլիկիո Սիմեոն Սեբաստացի կաթողիկոսը Սսի աթոռը պաշտպանելու համար ամեն տեսակի լուտանք է թափում Էջմիածնի դեմ։ Նրա գործի համաձայն՝ Մովսեսի նամակը Հռոմում տեսնում է Խուլը եւ պատճենելով այն՝ պատճենն ուղարկում է Կ. Պոլիս, որից էլ ընդօրինակել է նաեւ Սիմեոնը։ Գրիգոր Կեսարացին այդ ընդօրինակությանը ծանոթ չի եղել, որովհետեւ քննադատում է նրա անախորժելի համբավը, տրտմաձայն զրույցը եւ  ցավագին ասացվածքները։ Եթե նրան հավատանք, ապա Մովսեսը, իբր, ընդունել է նաեւ Քաղկեդոնի ժողովը եւ որ, իբր, Խուլի եւ Նիկոլի պես պաշտոնապես հարել է հռոմեադավանությանը։ Մովսեսի արածը պարզապես, Հռոմի պապին շահագրգռելու միջոցով, հայադավանների պաշտպանությունն էր, որպեսզի նրանց վրա Լեհաստանում կամ այլուր բռնություններ չկիրառվեն, որ հայադավանությունը պահպանվի, որը կատարելապես ուղղափառ է եւ ճշմարիտ։ Հնարավոր է, որ Մովսեսն ավելացրած լինի, թե Հայոց Եկեղեցին հիմնական եւ էական կետերում հռոմեականությունից տարբեր չէ։

Մովսեսը մահացավ 1632 թվի մայիսի 14-ին, սակայն մահվան պարագաները հայտնի չեն։ Տարիքը շատ մեծ լինել չէր կարող, քանի որ Գրիգոր Սրապիոնի կաթողիկոսության ժամանակ՝ շուրջ 1600-ին, 15 տարեկանում աբեղա է ձեռնադրվել։ Հետեւաբար նա մահացավ շուրջ 50 տիարեկանում։ Նա իր ամբողջ կյանքում անխոնջ նվիրվեց Հայոց Եկեղեցուն եւ պայծառացրեց այն իր կաթողիկոսական արդյունավետ գործունեությամբ։ Հավանաբար նա իր մահկանացուն կնքեց որեւէ հանկարծահաս հիվանդությունից, երբ գտնվում էր Երեւանի՝ իրեն շատ սիրելի Ս. Անանիայի վանքում։ Երեւանցիները նրան հողին հանձնեցին Կոզեռնի գերեզմանատանը՝ Կոնդում (Սբ Զորավոր եկեղեցու կողքին)։

Մովսեսի մասին վկայված է նաեւ, որ նա մաքրակենցաղ էր ու սրբասնունդ, երկայնամիտ ու ողորմած, զորավոր էր աստվածաշնորհ վարդապետությամբ եւ քաղցր քարոզությամբ։ Նրա կաթողիկոսությունը Հայոց Եկեղեցու համար մի ամբողջ դարագլուխ է կազմում, քանի որ նրանով փակվեց այն եղկելի շրջանը, որի մեջ գտնվում էր Մայր Աթոռ Էջմիածինը։

Շատ քիչ մխիթարական արդյունքներ պարգեւեց 1441-1629 թթ. միջոցը, որը կազմում է շուրջ երկու դար։ Միակ սփոփանքն այն էր, որ պահպանվեց աթոռի շարունակականությունը։ Մովսեսն իրեն աթոռակից չվերցրեց եւ անգամ այդ մասին չմտածեց էլ։ Եվ դրանով այդ տարադեպ սովորությունը վերջ գտավ։ Եկեղեցին իր վերաբերմունքը Մովսես Գ Տաթեւացու նկատմամբ արտահայտեց նրանով, որ նրա անունը հիշվում է ամենօրյա պատարագի մեջ՝ եռամեծ հովիվների ու հովվապետերի շարքում՝ Գրիգոր Տաթեւացու անվան կողքին։ Լոկ զարմանալի է, որ ո՛չ «Տօնացոյց»-ը եւ ո՛չ էլ «Յայսմաւուրք»-ը տակավին չեն արձանագրել նրա անունը։

Բաբկեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր

 

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s