Մայր Աթոռ Սբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանի բակում գտնվող բրոնզյա կիսանդրին հաճախ է գրավում Մայր տաճար այցելողների ուշադրությունը։ Կիսանդրու ուղղաձիգ պատվանդանին հետաքրքրասերներն ընթերցում են. «Ռափայել Պատկանյան (1830-1892)»։

19-րդ դարի հանրաճանաչ  գրող, հասարակական գործիչ Ռափայել Պատկանյանը ժամանակի ազդեցիկ մտավորականներից էր, ում սիրով էին հյրուընկալում Ամենայն Հայոց կաթողիկոսները՝ Գեւորգ Դ, ապա եւ նրան հաջորդած Մակար Ա հայրապետները։ Այսուհանդերձ, Ռափայել Պատկանյանի կիսանդրու առկայությունը ճեմարանի բակում փոքր-ինչ տարակուսելի է թվում։ Բանն այն է, որ Պատկանյանի կենսագրությունը որեւէ կերպ չի առնչվում ճեմարանի գործունեությանը. մեծ բանաստեղծը Մայր Աթոռում չի ուսանել, ճեմարանում չի դասավանդել։

Ահա այս «գաղտնիքը» բացահայտում է 1902 թվականի «Արարատ»-ում տեղ գտած մի հոդված։ Պատկանյանի կիսանդրին ճեմարանի շենքի առջեւ տեղադրվել է նույն՝ 1902 թվականին՝ նրա մահվանից 10 տարի անց՝  Ամենայն Հայոց կաթողիկոս Խրիմյան Հայրիկի արտոնությամբ։

Մայր Աթոռ Սբ Էջմիածնի պաշտոնական ամսագիրը հետեւյալ մանրամասներն է հաղորդում կիսանդրու տեղադրման արարողության մասին։ «Դեկտեմբերի 15-ին ճեմարանի բակում հանդիսով բացուեց Գամառ Քաթիպայի արձանը, որ կանգնած է Հ. Նախիջեւանցի յայտնի վաճառական պ. Ա. Պօղոսեանի  ծախքով եւ քանդակագործ պ. Տէր Մարուքեանի (Անդրեաս Մարուքի Տեր-Մարուքյանը (1875, Երեւան- 1919, Փարիզ) քանդակել է շուրջ երկու տասնյակ հուշարձաններ ու դիմաքանդակներ, որոնց թվում՝ «Միքայել Նալբանդյան» (կանգ. Նոր Նախիջեւանում), «Խաչատուր Աբովյան» (կանգ. Երեւանում, ապա՝ Քանաքեռում), «Ռափայել Պատկանյան» (կանգ. Նոր Նախիջեւանում), «Ղեւոնդ Ալիշան», «Ներսես Թաիրյան», «Պետրոս Ադամյան», «Բոգդան Դոլուխանյան» եւ այլն,- Հ. Մ.) աշխատութեամբ՝ որի բուն օրինակը գտնուում է հանգուցեալ բանաստեղծի գերեզմանի վերայ, Ն. Նախիջեւանի ս. Խաչ վանքում»։

«Արարատը» նաեւ հաղորդում է. «Արձանը գտնուում է ճեմարանի հյուսիսային բակում, երեսը դեպի Մ. Տաճար դարձրած, եւ պատուանդանի վերայ դրոշմած է բանաստեղծի «կտակը».

Կյանքումս մի հատ սին փառք ունեցա,

Ս. Էջմիածնում թաղվել ցանկացա.

Սիրակա՛ն իմ ազգ, թե Աստված սիրես,

Այս իմ մի հատիկ իղձս կատարես»։

Այս քառատողը, որ կարդում ենք նաեւ Ռափայել Պատկանյանի երկերի լիակատար ժողովածուում,  այսօր այլեւս պատվանդանի վրա չկա։ Հավանաբար անցյալ դարի 60-ականներին կատարված վերանորոգության ժամանակ հարմար չի նկատվել, որպեսզի նոր՝ բազալտե պատվանդանին փորագրվի բանաստեղծի «Կտակը»։

Վերադառնալով բանաստեղծի փափագին՝ անշուշտ, այն անիրականանալի եւ իրավամբ «սին փառք» էր, որ հրաշալի հասկանում էր նաեւ ինքը՝ բանաստեղծը։

1891 թվականի փետրվարի 13-ին իր մտերիմ բարեկամուհուն՝ Վարվառե Քանանյանին ուղղած նամակում Ռափայել Պատկանյանը գրում է. «…Ոտանավորներես, (բացի «Կտակեն») մի քանիսը պ. Գուլամիրյանին տալը Ձեր լիակատար իրավունքն էր. դորա դեմ ես ոչինիչ չունեմ, բայց «Կտակը» չէի ուզում, որ երբեւիցե լույս տեսներ. դա իմ նվիրական գաղտնիքն էր, որ ես միայն Ձեզ էի հավատացած. փռոֆանները, չհասկանալով իմ միտքը, կարող են կասկածել իմ մեջ  աններելի անդրգերեզմանական փառասիրություն։ Եթե արդեն ուշ չէ, ամեն հնար պիտի գործ դնել դադարեցնել նորա տիպը եւ փոխարենը ահա ուղարկում եմ «Րաֆֆի դագաղի վրա» ոտանավորս, որն, կարծեմ, Ձեր ձեռագրի մեջ չի կա…»։

Ռափայել Պատկանյանի մահվանից հետո Վարվառե Քանանյանն առանձին ժողովածուով հրապարակում է մեծանուն գրողի ստեղծագործությունները, որոնց թվում նաեւ՝ «Կտակ»-ը։ Այսպես, անպաշտոն այս կտակը հայտնի է դառնում նաեւ հանրությանը, որի մասնակի իրականացումն էլ դառնում է կիսանդրու տեղադրումը ճեմարանի բակում՝  բանաստեղծի մահվան 10-րդ տարելիցին։

1892 թվականին, երբ վախճանվում է  Ռափայել Պատկանյանը, նրա մարմինն ամփոփում են հայրենի ծննդավայր Նոր Նախիջեւանի Սբ Խաչ եկեղեցու գավթում։ Այդ օրերին Նոր Նախիջեւանից Մայր Աթոռ ստացված հեռագիրը գուժում է.  «Ռափայէլ  Պատկանեանը մեռաւ, հասարակութիւնը ցանկանում է որ հանգուցեալի մարմինը թաղուած լինի վանքի գաւթում Ալամդարեանցի շիրմի կարգում. խոնարհաբար խնդրում ենք Ձեր տնօրինութիւնը»։   

 

Սայր Աթոռը սգում է նշանավոր հայի կորուստը, իսկ «Արարատը» գրում է. «…Այո՛, կորուստը անփոխարինելի է եւ վշտապատ։ Նա մեզանից վարձատրութիւն եւ դափնիներ չէր խնդրում,  այլ որպէս փոթորկալից ովկեան, իրեն սրտին մէջ փրփրացող ալիքների շառաչիւնի հազիւ մի մասն էր մեզ հաղորդում այդ անյաղթելի փոթորիկներից թուլացած կրծքից։ Մեր պարտականութիւնն է յարգել, անջնջելի անել  մեր սրտից այդ մարդու՝ հայրենասերի յիշատակը, տպագրել մեր սրտի տախտակի վերայ նրա երկնային պատգամները եւ մաղթել Արարչին, որ նրան երկնային հանգիստ պարգեւի եւ նրա գերեզմանի իւրաքանչիւր փոշուց նրա պէս արժանաւոր զաւակներ պարգեւի ազգին»։

Հեղինե ՄԿՐՏՉՅԱՆ

 

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s