Հնամյա  կոթողներով, թագավորական շքեղ պալատներով, թանգարաններով ու  ճարտարապետական հրաշակերտ տաճարներով հռչակված Սանկտ-Պետերբուրգը  երկնագույն մի մարգարիտ ունի, որը  հիացնում է թե՛ տեղաբնակներին, թե՛ օտարերկրացիներին: Դա Ս. Կատարինե հայկական եկեղեցին է, որը  գտնվում է քաղաքի կենտրոնում՝ Նեւսկի պողոտայում:  Այն  կառուցել են հայերը Եկատերինա  2-րդի օրոք, եւ ինչպես պատմությունն է վկայում, թագուհին հետագայում  մի քանի անգամ ներկա է եղել եկեղեցական  արարողություններին:

Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում հայերը հաստատվել են դեռեւս Պետրոս Մեծի օրոք:  Նա կայսերական հրավարտակով ոչ միայն խրախուսել, այլեւ հատուկ պայմաններ ու արտոնություններ է  վերապահել ներգաղթող հայ ընտանիքներին:

«Հայերը,- գրում է  ռուս պատմիչ Գլինկան,-արձանգանքելով Պետրոս Մեծի կոչին, ընտանիքներով գաղթել, բնակություն են հաստատել Ռուսիայի սահմաններում»: 1710 թվականին՝ քաղաքի հիմնադրումից 7 տարի անց, Սանկտ-Պետերբուրգում արդեն կային  հայկական գործակալություններ:

Հայերը, լինելով գործունյա ու նվիրյալ քաղաքացիներ, բարձր պաշտոններ են   զբաղեցրել  արքունիքում ու բանակում, իրենց կարողություններով ու ունակություններով ծաղկեցրել քաղաքը: Պետերբուրգում մեծ հեղինակություն են  վայելել Լազարյանները, Արղությանները, Լորիս-Մելիքովները, Դիլանյանները, Պատկանյանները: Նվիրվածության ու արգասաբեր գործունեության շնորհիվ`  հայերին իրավունք  է վերապահվել եկեղեցի, դպրոց ու  տպարան ունենալ: 1770 թվականին կայսրուհի Եկատերինա  2-րդի մասնավոր հրովարտակով հայ համայնքի ղեկավար Հովհաննես Լազարյանն արտոնություն է ստանում Պետերբուրգում եւ Մոսկվայում կառուցել հայկական եկեղեցիներ: Մեկ տարի անց Պետերբուրգի հայերի նվիրատվություններով, ուր մեծ էր հատկապես  Հովհաննես Լազարյանի ներդրումը, բարձրանում է Ս. Կատարինե եկեղեցին: Որոշ ժամանակ անց, նորից դիմելով Եկատերինա  2-րդին, Հովհաննես Լազարյանը իրավունք է ստանում կառուցել  եկեղեցապատկան 2 շենք, որոնք կիսաշրջան կազմելով, իրենց խորքում են պահում եկեղեցին: Շենքերից մեկն այժմ ծառայում է որպես հյուրատուն, իսկ մյուսը` կիրակնօրյա դպրոց:

Միագմբեթ եկեղեցու  ճակատին անհայտ վարպետը քանդակել է Գրիգոր Լուսավորչին` Տրդատ  արքային մկրտելիս: Տաճարի արտաքին  տեսքը ներդաշնակ է  ներսի գեղեցկությանը: Սյուները, հատակը գունագեղ  մարմարից են, պատերը զարդարված են սրբապատկերներով:

1909-թին Ալեքսանդր Թամանյանը  վերջացնում է եկեղեցու վերականգնողական աշխատանքերը, սակայն ժողովրդին վիճակված չէր նորոգված  եկեղեցում  մոմ վառել: Աղոթատունը փակվում է, լրացուցիչ ծածկով բաժանվում երկու հարկի եւ  շուրջ 60 տարի  ծառայում որպես արվեստանոց ու պահեստ:

1993 թվականին քաղաքային իշխանությունը Ս. Կատարինե եկեղեցին վերադարձնում է հայ համայնքին: Եկեղեցասեր հայորդիները մաքրում ու նորոգում են աղոթատունը:

2000 թվականին տեղի է ունենում Ս. Կատարինե եկեղեցու  վերաօծումը՝  Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդի ձեռամբ: Արարողությանը ներկա էին Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք երջանկահիշատակ Ալեքսի 2-րդը, քաղաքապետ Յակովլեւը, պաշտոնատար այրեր, հավատացյալ հայորդիներ: Վերաօծման առիթով մատուցվում է սուրբ Պատարագ` հերախտագիտություն եւ փառաբանություն գթառատ Աստծո:

«Երկնագույն մարգարիտն»  իր շուրջն է համախմբում Ս. Պետերբուրգի հայությանը. այստեղ  պսակվում են, մկրտվում, հոգեւոր զրույցների մասնակցում:

Պետերբուրգի հայերի մյուս հպարտությունը Ս. Հարություն եկեղեցին է, որը  քաղաքային իշխանությունը հայ համայնքին վերադարձրեց  1988 թվականին, երբ գրանցվում էր  Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու՝  Սանկտ-Պետերբուրգի համայնքը: ԽՍՀՄ տարածքում  փակված  հայկական եկեղեցիներից  Ս. Հարությունն առաջինն էր, որի զանգերը  հոգեւոր կյանքի զարթոնք ավետեցին: Վերաբացումից հետո  այստեղ առաջին գոհաբանական աղոթքը կատարում է  Սանկտ-Պետերբուրգի հոգեւոր հովիվ Տ. Եզրաս աբեղա Ներսիսյանը, ով այժմ Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդն է եւ մեծ ներդրում ունի  եկեղեցիների վերադարձման ու նորոգման գործում:

Ս. Հարություն եկեղեցին կառուցված է ռուսական ոճով:  1791 թվականին ռուս-շվեդական պատերազմի ժամանակ զոհվում է  մեծանուն բարերար Լազարյանների 23-ամյա միակ որդին: Հուղարկավորությունից հետո, Լազարյանները դիմում են կայսրուհի Եկատերինա  2-րդին, որպեսզի  վաղամեռիկ որդու գերեզմանի վրա եկեղեցի կառուցելու  իրավունք ստանան: Կայսրուհու համաձայնությունը չի ուշանում: Կառուցված  աղոթատունը հետագայում դառնում է  ազգային-մշակութային կենտրոն:

Հայությանը միավորող, նրանց ինքնությունը պահպանող միակ օջախը ինչպես դարեր առաջ, այնպես էլ այսօր  եկեղեցին է, ուր հայերը գալիս են  հոգեւոր մխիթարություն ստանալու: Այդ կապն ամրանում է, երբ եկեղեցուն կից գործող կիրակնօրյայում օտարախոս հայ մանուկը մայրենիով գրել, կարդալ ու աղոթել է սովորում:

Պետերբուրգի կիրակնօրյա դպրոցում կրթվում ու հոգեւոր դաստիարակություն են ստանում 100-ից ավելի հայ մանուկներ:

Տ. Նշան աբեղա  Պետրոսյանը առանձնակի հպարտությամբ է ցույց տալիս կիրակնօրյայի դասարանները, դասագրքերը, պատմում  սաների  ձեռքբերումների մասին: Կենտրոնում գործում է  «Բողբոջ» նախապատրաստական դասարանը, «Նաիրի» պարի խմբակը, մանկական երգչախումբը:

Կիրակնօրյան ունի իր գրադարանը, որը կամաց-կամաց համալրվում է նաեւ Մայր Աթոռում տպագրվող գրքերով: Գրադարանի ծառայությունից օգտվում են  ոչ միայն դպրոցականներն ու  ուսանողները, այլեւ քաղաքի բնակիչները:

Արդեն 3 տարի է քաղաքային իշխանությունը  մեր Եկեղեցու տնօրինությանն է հանձնել մի հանրակրթական դպրոց, որը գտնվում է  Մարինյան թատրոնի հարեւանությամբ եւ մինչ հեղափոխությունը եղել է հայկական: Այստեղ 260 աշակերտից 70-ը հայ է: Եթե հայ աշակերտների թիվը 51 տոկոս կազմի, ապա  դպրոցում հայոց լեզվի ուսուցումը պարտադիր կդառնա: Դպրոցը գրավիչ դարձնելու համար 11-րդ դասարանցիների հետ անվճար  պարապում են համալսարանից հրավիրված դասախոսներ: Դպրոցի շրջանավարտներն ընդունելության քննություններին հավասար միավորների դեպքում առավելություն ունեն,- ասում է Տ. Նշան աբեղա  Պետրոսյանը:

Սա Ս. Հարություն եկեղեցու հարեւանությամբ գտնվող երկհարկանի աղյուսե հովվատան շենքն է, որը գրեթե նույն տարիքն ունի, ինչ եկեղեցին:  Այստեղ է պատրաստվում ու խմբագրվում «Հավատամք» ամսաթերթը, որը լույս է տեսնում 1993 թվականից: Հիմնականում ռուսերենով գրված հոդվածները   հայրենիքի ու նրա սահմաններից դուրս  ապրող հայերի մասին են: Որպեսզի սփյուռքի հայությունը եւ  ռուս ընթերցողը քաջատեղյակ լինեն, թե ինչպիսի  հոգեւոր եւ մշակութային ժառանգության տեր են հայերը, թերթի խմբագիր  Արմեն Մերուժանյանի նախաձեռնությամբ 1997 թվականից  տպագրվում են  թարգմանական, հոգեւոր եւ մեկնողական գրքեր:

Մշակույթից բացի հայերը ռուսներին  ներկայանալու մեկ այլ առիթ եւս ունեն: Հովվատան շենքի մյուս հատվածում ամբողջ օրը եռուզեռ է: Այստեղ թխում ու հայերեն պիտակով փաթեթավորում են մեր ազգային լավաշը, փախլավան ու այլ քաղցրեղեն:

«Թույլ տուր, որ նախ մանուկները կշտանան»,- աստվածաշնչյան այս խոսքերով առաջնորդվելով՝ «Նկանակ» հացի փուռն ամեն օր  թարմ հաց ու խմորեղեն է  հասցնում  շրջանի 2 մանկատներին:

Ռուսաստանում հայերը համախմբված են Եկեղեցու  եւ իրենց հոգեւոր առաջնորդի շուրջ: «Չի կարելի թույլ տալ, որ սփյուռքի հայերը հեռանան իրենց արմատներից,-ասում է Նոր Նախիջեւանի եւ Ռուսասատնաի հոգեւոր  առաջնորդ Տ.Եզրաս եպս Ներսիսյանը,- մեր հավատը նպաստում է մեր ինքնության պահպանմանը»:

 

Ալվարդ Նազարյան

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s