Հովհաննեսի Ավետարանում ասվում է, որ խաչելության ժամանակ խաչափայտին գամված Հիսուսը Տիրամորը հանձնում է Հովհաննես Ավետարանչի խնամքին (Հովհ. ԺԹ 26-27):

Տիրամայրը այնուհետեւ մի վերջին անգամ հիշվում է Գործք Առաքելոցում, Համբարձումից հետո եւ Հոգեգալստից առաջ՝ Վերնատանը առաքյալների հետ աղոթելիս (Գործք Ա 14):

Տիրամոր հետագա կյանքի մասին թեեւ ոչ մի հիշատակություն չկա Նոր Կտակարանում, սակայն համաձայն եկեղեցական ավանդության, Ամենասրբուհի կույսը Տիրոջ խաչելությունից հետո Հովհաննես Ավետարանչի խնամքի ներքո ապրում է եւս 15 տարի, որից հետո, ինչպես Ավետման ժամանակ, վերստին գալիս է Գաբրիել հրեշտակը եւ ասում, որ եկել է Տիրամոր՝ երկրից երկինք վերափոխվելու ժամանակը:

Ինչպես վկայում են մատենագրական աղբյուրները, Տիրամոր վերափոխման հիշատակությունը կատարվել է դեռեւս առաքելական շրջանից, իսկ վերափոխման տոնը եկեղեցում հաստատվել է արդեն չորրորդ դարից: Որ այն Հայոց եկեղեցում կատարվել է դեռեւս հինգերորդ դարից, հավաստվում է Սահակ Պարթեւի Կանոններով: 5-10-րդ դարերում նաեւ մի շարք արձակ եւ չափածո գործեր են գրվելՎերափոխման թեմայով, այդ թվում եւ Վերափոխման՝ Խորենացու շարականը եւ Գրիգոր Նարեկացու Ներբողյանն ու Գանձը:

Հայ արվեստում Վերափոխման առաջին երկու արտահայտությունները գտնում ենք Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում՝ կառուցված 915-921թթ. եւ Անիի Տիգրան Հոնենցի եկեղեցու 1215թ. որմնանկարներում:

Հայկական մանրանկարչությունում Վերափոխման թեման առաջինը հանդիպում է Գրիգոր Ծաղկողի 1232թ. նկարազարդած Թարգմանչաց անվանվող Ավետարանում, որը պահվում է Երեւանի Մատենադարանում:

Այս մանրանկարում իր ամբողջական արտահայտությունն է գտել Վերափոխման պատկերագրական կանոնը, որը հիմնված է եկեղեցական ավանդության վրա:

Կենտրոնում պատկերված է ձեռքերը խաչաձեւ կրծքին դրած եւ հանդարտորեն ննջող Տիրամայրը՝ շրջապատված առաքյալներով, իսկ գլխավերեւում՝ Քրիստոսը՝ երկնային զորքերի՝ հրեշտակաց դասի հետ միասին: Քրիստոսի շուրջը խմբված հրեշտակները շեշտում են Վերափոխման տեսարանի աստվածահայտնական բնույթը: Աստվածահայտնության այս բնույթը մի շարք մանրանկարներում երկնային զորքի փոխարեն ներկայացվում է Քրիստոսից ճառագող աստվածային լույսով, որը խորանաձեւ կամարով պատում է Տիրոջը:

Վերափոխման պատմությունում ասվում է, որ Համբարձումից առաջ Տիրամայրը Հիսուսին ասում է, թե ուր ես ինձ թողնում այսպես անօգնական, շրջապատված քեզ խաչ հանողներով: Տերը խոստանում է, որ երբ ժամանակը գա, ոչ թե հրեշտակներին եւ հրեշտակապետերին կուղարկի, այլ ինքը կգա իր ձեռքերում ընդունելու սրբուհի կույսի հոգին:

Այս պատմության հետեւողությամբ մանրանկարներում Քրիստոսը պատկերվում է Տիրամոր հոգին որպես բարուրված մի մանուկ ընդունելիս:

Մանրանկարիչները աշխատել են հնարավորինս նրբին մի գծագրմամբ եւ աննյութեղեն պատկերել Տիրամոր հոգին: Ինչպես նշում է Լեւոն Չուքասզյանը «Գրիգոր Ծաղկող» գրքում, արվեստաբան Լիֆշիցի բնորոշմամբ, ասես զգուշանալով «լույս-կյանքի աստիճանական մարումը» արագացնելուց, Քրիստոսը մանկանը պահում է կարծես մատներով հազիվ դիպչելով նրան:

Տիրամոր հոգին ճերմակ եւ մանկան տեսքով է պատկերվում հետեւյալ երկու պատճառներով.

Մանրանկարիչները նման ձեւով նախ ցանկացել են շեշտել, որ ինչպես Մարիամը իր ձեռքերում կրեց մարդեղացած Փրկչին, այնպես էլ Հիսուսն այժմ կրում է Տիրամոր հոգին:

Երկրորդ՝ համաձայն ժողովրդական ըմբռնման, մարդ որքան անմեղ է լինում, նրա հոգին այնքան լուսափայլ եւ մանկադեմ է լինում, քանի որ մեղքն է սեւացնում եւ ժանտադեմ դարձնում մարդկային հոգին:

Նույն այս ըմբռնմամբ, երկնային արքայությունում արդարները պատկերվում են որպես ճերմակազգեստ մանուկներ, որն արտացոլվել է նաեւ Վերափոխման պատմության մեջ, ուր ասվում է, թե Տիրամայրը երբ սրբասնյալ հոգին ավանդեց իր Միածին Որդու ձեռքերում՝ զվարթ դեմքով, Տերը առնելով Իր մոր հոգին, այն հանձնեց Միքայել հրեշտակապետին եւ ոչ ոք չի կարող Տիրամոր հոգու պատկերը ներկայացնել, քանի որ այն սպիտակ էր եւ ասես լույսով պատված:

Քրիստոսի աջ եւ ձախ կողմերում երկնքից իջնող երկու հրեշտակներ են, որոնք գալիս են Տիրոջ ձեռքից վերցնելու եւ երկինք փոխադրելու Տիրամոր հոգին: Կապվելով հոգեհանգստյան արարողության հետ, հրեշտակները երբեմն պատկերվում են ձեռքներին սրբիչ պահած:

Այս երկու հրեշտակները որ երկնքից են իջնում այնտեղ փոխադրելու համար Տիրամոր հոգին, ներկայացվում է նրանց վերեւում կիսաշրջանաձեւ բացվող զույգ կամարներով եւ կամ էլ ինչպես Թարգմանչաց Ավետարանում է, մեկ ամբողջական կամարով:

Հայ արվեստում Վերափոխման թեման հանգամանալից քննության ենթարկած Լեւոն Չուգասզյանը գրում է, որ եռաբաժին այս կամարը խորհրդանշում է երկնային միստիկ արքայությունը, ուր հրեշտակները փոխադրում են Տիրամոր հոգին:

Այս Ավետարանում բացվող էջերում է պատկերված Վերափոխումը եւ այստեղ հանդիպակաց էջի երկնային կիսաշրջանի միջոցով է ներկայացվում աստվածային երկնքից հրեշտակների իջնելը Տիրամոր հոգին փոխադրելու համար:

Քանի որ Վերափոխումը զուգահեռի մեջ է դիտվում Ավետման հետ, ուստի Տիրամոր հոգին փոխադրելու համար երբեմն պատկերվում է միայն Գաբրիել հրեշտակը, ինչպես Ավետման ժամանակ:

Առանձին դեպքերում էլ Քրիստոսն ինքն է երկինք փոխադրում Տիրամոր հոգին:

Ինչպես Թարգմանչաց Ավետարանում, այնպես էլ մի շարք այլ մանրանկարներում Վերափոխման տեսարանում պատկերվում են երկու դիմահայաց շինություններից Տիրամորը նայող երկու կանայք: Նրանք անվանվում են սգարկու կանայք, ովքեր Տիրամորը սպասավորել եւ ուղեկցել էին նրա կենդանության ժամանակ, իսկ այստեղ էլ սգում են նրա երկրային կյանքի ավարտի համար:

Տիրամոր աջ եւ ձախ կողմերում վեց հոգիանոց երկու խմբերով կանգնած են 12 առաքյալները Պողոս եւ Պետրոս առաքյալների գլխավորությամբ:

Վերափոխման պատմությունում ասվում է, որ երբ Տիրամայրը վերադառնում է Ձիթենյաց լեռից եւ պատրաստվում հոգին ավանդելու, աշխարհի տարբեր կողմերից, ուր Քրիստոսի Ավետարանը քարոզելու էին գնացել առաքյալները, Սուրբ Հոգու ազդմամբ երկնքով, ասես ամպերի վրայով գալիս եւ Տիրամոր շուրջն են բոլորվում նրանք բոլորը, իրենք էլ չիմանալով, թե ինչպես եւ ինչու եկան եւ միայն այստեղ են իմանում, որ Տիրամոր երկրային կյանքը մոտենում է իր ավարտին եւ դառնորեն լաց են լինում:

Համաձայն միջնադարյան մեկնությունների, Վերափոխման ժամանակ աշակերտների այսպես համախումբ հավաքվելով կատարվեցին Ղուկասու Ավետարանի այն խոսքերը, թե ուր մարմինն է, այնտեղ են ժողովվում եւ արծիվները:

Տիրամայր-արծիվներ զուգահեռը իր արտացոլումն է գտել նաեւ հայկական ժողովրդական երգերից մեկում, որը սկսվում է հետեւյալ տողերով.

 

Սուրբ Աստվածածնա տոնին

Արծիվն էր կանգնել ի քարին:

 

Տիրամոր աջ եւ ձախ կողմերում առաքյալներից բացի, պատկերված են նաեւ խաչանիշ հանդերձներով երկու հոգեւորականներ, ովքեր խորհրդանշում են քրիստոնեական եկեղեցու նվիրապետության ձեւավորումը առաքելական շրջանում: Նրանցից աջ կողմում գտնվողը Երուսաղեմի առաջին եպիսկոպոս Հակոբոս առաքյալն է, իսկ երկրորդը՝ Դիոնիսիոս Արեոպագացին, որը, համաձայն ավանդության, առաջինն է գրել Տիրամոր վերափոխման պատմությունը Տիտոս առաքյալին ուղղված իր թղթերից մեկում:

Մի շարք մանրանկարներում առաքյալներից մեկը պատկերվում է խոնարհված Տիրամոր մահճին, որը արձագանքն է Վերափոխման պատմության հետեւյալ դրվագի: Առաքյալները Տիրամորը ասում են. քանի որ շուտով երկինք ես փոխվելու քո Միածին Որդու մոտ, վերցրու քո այս պատկերը, որը նկարել է Հովհաննեսը եւ դիր աստվածազարդ քո դեմքի առջեւ եւ օրհնիր այն ու տուր մեզ, որպես հիշատակ, ինչպես որ քո Միածին Որդին չարչարանքի իր փայտը տվեց որպես նշան փրկության աշխարհի, եւ տեսնելով այս պատկերը, մխիթարվենք, ինչպես քեզ տեսնելիս:

Վերափոխման պատմությունում ասվում է, որ երբ Տիրամորը հողին են հանձնում, երեք օր հրեշտակային օրհներգություն է լսվում: Չորրորդ օրը գալիս է Բարդուղիմեոս առաքյալը, ով Սուրբ Հոգու տնօրինությամբ ուշացել էր, որպեսզի նրա միջոցով առաքյալներն իմանային Տիրամոր՝ մարմնով երկինք փոխադրվելու մասին:

Առաքյալը դառնորեն արտասվում է, որ մի վերջին անգամ չի արժանացել Տիրամոր տեսությանը: Նրան սփոփելու համար բացում են գերեզմանը եւ ինչպես Հիսուսի հարության ժամանակ, այս դեպքում եւս տեսնում են թափուր գերեզմանը, եւ հասկանում, որ Տերը երկնային արքայություն է վերափոխել Իր մորը:

Ի մխիթարություն Բարդուղիմեոսի, նրան տալիս են Տիրամոր այս պատկերը, որը նա իր հետ բերում է Հայոց աշխարհ: Ահա այս պատճառով Բարդուղիմեոս առաքյալը պատկերվում է Տիրամոր պատկերը ձեռքին, իսկ Թադեոս առաքյալը՝ Աստվածամուխ Սուրբ Գեղարդը ձեռքին, որը նա իր հետ Հայաստան էր բերել:

Վերափոխման պատկերներում այս պատմության իրարահաջորդ բոլոր դրվագները ի մի են հավաքված, որով Բարդուղիմեոս առաքյալի՝ Տիրամոր շիրմի վրա խոնարհվելը ներկայացվում է առաքյալի՝ Տիրամոր մահճի վրա խոնարհվելով:

Տիրամոր մահճի ներքո պատկերված է մի անձնավորություն, որի կտրված ձեռքերը կախված են մահճից: Հաճախ պատկերվում է այն պահը, երբ հրեշտակն է կտրում նրա թեւերը: Վերափոխման պատմության մեջ ասվում է, որ Երուսաղեմի այն բնակիչները, ովքեր թշնամությամբ էին լցված քրիստոնյաների հանդեպ, տեսնելով Տիրամոր հուղարկավորության թափորը, փորձում են խանգարել անցնելուն, իսկ նրանցից մեկը՝ Սոփոնիա անունով, փորձում է շուռ տալ դագաղը եւ այդժամ Տիրոջ հրեշտակը սրով հատում է նրա թեւերը, որոնք կախված են մնում Սրբուհի կույսի դագաղից:

Մանրանկարները Տիրամոր նինջը այնպես են պատկերում, որ այն միաժամանակ ներկայացնում է թե՛ սենյակում հանդարտ ննջող Տիրամորը եւ թե՛ առաքյալների ձեռքերով տարվող դագաղը, որից էլ կախված են Սոփոնիայի ձեռքերը: Ասվում է, որ Սոփոնիան ոչ այնքան սարսափահար իրեն հասցված սրի հարվածից, որքան ցնցված տեղի ունեցածից, մինչեւ Գեթսեմանիի ձորը, ուր ամփոփում են Տիրամոր մարմինը, ուղեկցում է թափորին, հավատքի գալիս, որից հետո Պետրոս առաքյալի աղոթքով նրա ձեռքերը այնպես են իրենց տեղը կպնում, որ ասես կտրված էլ չէին եղել:

Ննջման տեսարանը քանի որ նաեւ հոգեհանգստյան արարողությունն է ներկայացնում, ուստի Տիրամոր մահճի առջեւ պատկերվում են վառված մոմեր, խնկարկող բուրվառ եւ պարզված խաչ:

Ննջմանը հոգեհանգստյան արարողություն հաղորդելը պայմանավորված է նաեւ Վերափոխմանը նվիրված պատմություններով, որոնցում նկարագրվում է, թե՛ այս արարողությունը եւ թե՛ թաղման թափորը: Այսպես, Զաքարիա Ձագեցու՝ Վերափոխմանը նվիրված ճառում ասվում է, որ առաքյալները վերցնելով Տիրամոր մարմինը, առաջ են շարժվում սաղմոսերգելով, ջահերով եւ մոմերով:

Վերափոխմանը նվիրված մեկ այլ պատմության մեջ էլ ասվում է. «Պետրոսը իր ձեռքին ուներ Տիրամոր պատկերը, Հակոբոս Տյառնեղբայրը՝ Տերունական խաչի սուրբ նշանը եւ Թովմասը՝ խունկով բուրվառը», ուստի մանրանկարներում առաքյալներին այսպես տեսնում ենք Տիրամոր պատկերը, բուրվառը եւ խաչը պահած:

Պատկերագրական իր յուրահատկություններով եւ կառուցվածքային առումով բավականին հետաքրքիր է Անանուն Սյունեցու՝ 15-րդ դարում նկարազարդած Ավետարանի Վերափոխման պատկերը, որը խաչաձեւ կառուցվածք ունի, որի հորիզոնական թեւը ներկայացնում է ննջող Տիրամորը. ուղղահայաց թեւի վերին մասում Քրիստոսն է, իսկ ներքեւում գրակալին բացված Ավետարանն է՝ Տիրոջ խոսքը: Քրիստոսը մի ձեռքով օրհնում է Տիրամորը, եւ մյուսով Տիրամոր հոգին հանձնում այն վեր տանելու համար ձեռքերը պարզած հրեշտակին:

Այստեղ պատկերված աստղազարդ երկինքը խորհրդանշում է, որ այս արարողությունը տեղի է ունենում գիշերը, ինչպես որ Վերափոխման պատմությունում է ասվում, թե գիշերով սաստիկ շարժում եւ դղրդյուն է լինում ու սքանչելի փայլատակում եւ Տերը հայտնվում է հրեշտակների բազմությամբ:

Անանուն Սյունեցու մանրանկարում Հիսուսը Տիրամոր հոգին եթե պարզել էր հրեշտակին, ապա Ծերուն ծաղկողի՝ 1391թ. Վասպուրականում նկարազարդած ձեռագրում Քրիստոսը Տիրամոր հոգին արդեն հանձնել է հրեշտակին:

Այս մանրանկարը առավել պարզ եւ պատմողական դարձնելու համար մանրանկարիչը համապատասխան բացատրություններ է գրել. հրեշտակի համար՝ «Գաբրիել հրեշտակն», Տիրամոր հոգու համար՝ «Հոգին է Սուրբ Աստվածածնին», նկարի աջ կողմում գտնվող սպիտակամորուս առաքյալի համար՝ «Հովհաննես Ավետարանիչն է»: Սոփոնիայի միայն մեկ ձեռքն է կտրված, ընդ որում, կտրված ձեռքի տեղը գիրք է պատկերված, որը խորհրդանշում է նրա դարձի գալը, իսկ կտրված ձեռքի համար էլ գրված է. «Ձեռքն կախյալ ի դագաղացն»: Տիրամոր համար ասվում է. «Ննջումն ամենօրհնյալ Սուրբ Աստվածածնին» եւ վերջապես Քրիստոսի համար նկարին այնքան համահունչ գրված է. «Որդին Միածին եկեալ ի փոխումն մոր Իւր Մարիամու Սուրբ Աստուածածնին»:

Տիրամոր վերափոխումը խորհրդանշական մի զուգահեռ է գծում Ավետման հետ եւ համարվում է երկրորդ ավետում:

Գաբրիելի տված առաջին ավետումը՝ Ծննդյան, երկրորդ ավետումը՝ մի նոր սկզբի:

Ծնունդը՝ երկրային փառքը, Վերափոխումը՝ երկնային փառքը Տիրամոր երկնային թագադրմամբ, որը հայ արվեստում իր գեղարվեստական բարձրակետին էր հասնելու 18-րդ դարի հայ դասական գեղանկարչության մեջ եւ ի մասնավորի՝ Հովնաթան Հովնաթանյանի նույնանուն նշանավոր կտավում:

Վարդան ԴԵՎՐԻԿՅԱՆ

Բանասիրական գիտ. թեկնածու

 

 

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s