Ատոմ Յարճանյանը գրական ասպարեզ մտավ իր ժողովրդի մաքառումների եւ հույսի տարիներին, բայց դարձավ նրա ողբերգության զոհերից մեկը: Նա հայ ժողովրդի ազատագրական պայքարի գաղափարախոսներից էր եւ երգում էր կռիվ ու հաղթանակ: Ամբողջ էությամբ նա ձուլվեց իր ժողովրդի սրբազան ձգտումներին եւ եղեռնի դժնդակ տարիներին ժողովրդի հետ մեկտեղ զոհ գնաց արյունոտ նախճիրին: Մնաց նրա երգը՝ որպես պայքարի դրոշակ:

Ատոմ Յարճանյանը, որը հետագայում ընդունեց Սիամանթո գրական անունը, ծնվել է պատմական Հայաստանի Ակն քաղաքում 1887 թ. օգոստոսի 15–ին: Նրա ծննդյան անունը եղել է Աստվածատուր (կրճատ՝ Ասատուր), հետո կոչվել է Ատոմ: Նրա հայրը՝ Հովհաննեսը, ակնավաճառ էր, մայրը՝ Նազենին, շատ լավ երգում էր Ակնի ժողովրդական երգեր եւ անտունիներ: Ասացող էր տատը՝ Հեղինեն: Ընտանիքը մեծ էր: Ատոմն ուներ եղբայր եւ երեք քույր:

Ակնը Խարբերդի նահանգի քաղաքներից էր, գտնվում էր Եփրատ գետի ափին եւ հայտնի էր որպես միջնադարյան հայրենների հայրենիք: Այստեղ էլ անցնում ապագա բանաստեղծի մանկությունը, որտեղ էլ Ներսիսյան վարժարանում ստանում է իր նախնական կրթությունը: Այդ ժամանակ մի կարճ շրջան դպրոցի տեսուչը մեծանուն բանահավաք Գարեգին Սրվանձտյանն էր, որն էլ նրան անվանակոչում է Սիամանթո, ըստ իր գրի առած «Սիամանթո եւ Խջեզարե» ժողովրդական պոեմի:

1891 թ. 13–ամյա պատանին հոր հետ տեղափոխվում է ժամանակի հայաշատ մշակութային եւ կրթական կենտրոններից մեկը՝ Կոստանդնուպոլիս, որը նաեւ գրական խոշորագույն կենտրոններից մեկն էր Թիֆլիսի հետ մեկտեղ: Այստեղ շարունակում է կիսատ մնացած կրթությունը՝ ուսանելով նախ Միրիճանյան դպրոցում, այնուհետեւ Ռեթեոս Պերպերյանի նշանավոր վարժարանում: Ընտանիքից հեռու, խնամքի կարոտ պատանին այստեղ ստանում է կյանքի առաջին հարվածը՝ հիվանդանում է բանաստեղծների հիվանդությամբ՝ թոքախտով:

1894–1896 թթ. Սուլթան Համիդը սանձազերծում է արյունալի ջարդեր: 1896–ին դրանք սաստկանում են Բանկ Օտտոմանի դեպքի պատճառով, երբ հայ ահաբեկիչներն աշխարհի ուշադրությունը Թուրքիայում կատարվող ոճրագործություններին հրավիրելու նպատակով գրավում են Օտտոմանյան բանկը:

Ջարդերի ալիքը հասնում է նաեւ Ակն եւ տակնուվրա անում Յարճանյանների գերդաստանի կյանքը. թալանում են նրանց տունը, սպանում քրոջ ամուսնուն: Գավառից եկած լուրերն ապագա բանաստեղծը լսում է զարհուրանքով: Այս իրադրության մեջ Ատոմ Յարճանյանն ստիպված է լինում անավարտ թողնել վարժարանը եւ հորեղբոր հետ հեռանալ Կահիրե, որը դարձել էր ջարդերից փախած հայության հանգրվան: 1897–1908 թթ. նրան տեսնում ենք Եվրոպայում, ուր մի քանի ամիս Ժնեւի քոլեջներից մեկում ուսումնասիրում է ծաղկաբուծություն: Այստեղ էլ՝ Ժնեւում նրա հետ ծանոթանում եւ նրա տաղանդի առաջին գնահատողն է դառնում Ա.Չոպանյանը, որը նաեւ ժամանակին եղել էր նրանց տանը եւ տատից գրի առել Ակնի անտունիներ:

Այնուհետեւ Յարճանյանին տեսնում ենք Փարիզի հանրահայտ Սորբոնի համալսարանում՝ որպես ուսանող, ուր երեք տարի՝ ազատ ունկընդրողի կարգավիճակով, ուսանում բանասիրական բաժանմունքում: Սրանք նրա մտավոր հասունացման, աշխարհաճանաչման, նաեւ գրական փորձառության լավագույն տարիներն են: Շրջագայությունները Ֆրանսիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում, ծանոթությունը եվրոպական գրականության հետ նրա մեջ ավելի են ուժեղացնում ազգային հոգեկերտվածքը:

Փարիզում կազմակերպվում են գրական հավաքույթներ, որոնց մասնակցում են ստեղծագործող հայ երիտասարդները, այդ թվում նաեւ Յարճանյանը: Հաճախակի հավաքվում էին նաեւ Չոպանյանի տանը: Նրան տրվում են «հրաբորբոք տաղանդ», «հազվագյուտ տաղանդ» բնորոշումները:

Ավելացնենք, որ այս տարիներին Շվեյցարիայի առողջարաններում բանաստեղծը բուժվել է իրեն պատուհասած հիվանդությունից: Իսկ 1905–ին առեւտրական գործերի մեջ ձախողված հայրը, իրեն ծովը նետելով, իրքնասպան է լինում՝ ցավի հետ մեկտեղ նյութական զրկանքի մատնելով որդուն:

1908–ին բանսատեղծը Պոլսում էր՝ ողջունելու Սուլթան Համիդի տապալումն ու ժողովրդավարության կոչող հուլիսյան սահմանադրությունը: Ուրախությունը կարճ է տեւում: 1909–ի ապրիլին Կիլիկիայում վերսկսվում են ջարդերը:

1909–ին Յարճանյանն աշխատանքի է հրավիրվում Բոստոնի «Հայրենիք» թերթում: Դեկտեմբերին արդեն ԱՄՆ–ում էր: Ծանոթանում է Նոր աշխարհին, տեսնում Նիագարա ջրվեժը, նկարվում նրա ափին, սակայն, ինչպես պարզվում է նամակներից, Ամերիկան իր «սոսկատեսիլ աններդաշնակություններով» նրա սրտով չէր: Ամերիկյան շրջայցն իմաստավորվում է «Ամբողջական գործը» (Բոստոն, 1910) գրքի լույսընծայմամբ:

1911–ի ամռանը վերադառնում է Կոստանդնուպոլիս: 1912–ին «Ազատամարտ» թերթում Արշամ Աբգարյան կեղծանունով հանդես է գալիս «Ազատ կարծիքներ» հոդվածաշարով: Նաեւ արեւելահայությանը մոտիկից ճանաչելու նպատակով 1913–ի աշնանը այցելում է Թիֆլիս, ջերմ ընդունելության արժանանում հայ գրողների կողմից: Թիֆլիսից գալիս Էջմիածին, տեսնում ազգային արժեքները, վեհանում Արարատի պատկերով: Կովկասում Յարճանյանը մնում է մինչեւ 1914–ի սկիզբը, լինում է նաեւ Բաքվում: Այնուհետեւ բուժումը շարունակելու նպատակով մեկնում է Ժնեւ: 1914–ին նա վերադառնում է Կոստանդնուպոլիս, ուր գրական կյանքը աշխույժ եռուզեռի մեջ էր: 1913–ին տեղի էին ունեցել գրական ասուլիսներ, որոնցից մեկն էլ նվիրվել էր նրա «Ամբողջական գործը» գրքին: Օրվա գլխավոր բանախոսներից մեկը Դանիել Վարուժանն էր, որը շատ բարձր է գնահատում գրական ընկերոջ վաստակը:

1914–ին Կոստանդնուպոլսում Յարճանյանը մասնակցում է Դ.Վարուժանի հիմնադրած «Նավասարդ» գրական տարեգրքի աշխատանքներին՝ տպագրելով «Նավասարդյան աղոթք առ դիցուհին Անահիտ» քերթվածքը:

Գրական–ստեղծագործական եռուն կյանքն ընթացքի մեջ էր եւ հենց այդ պահին էլ Թուրքիան իրականացնում է մի ամբողջ ազգ բնաջնջելու եւ տարագրելու մարդկության պատմության մեջ երբեւէ չեղած արյունոտ ծրագիրը: 1915 թ. ապրիլի 24–ին շատ այլ հայ մտավորականների հետ ձերբակալվում է նաեւ Յարճանյանը, ամիսներ շարունակ հալածանքների ենթարկվում Այաշի բանտում եւ օգոստոսին Էնկյուրիի (Անկարա) ճանապարհին մահապատժի ենթարկվում՝ մորթազերծ արվելով: Հայոց պատմության այս արյունոտ էջը հենց այն է, ինչը կոչվում է ցեղասպանություն: Աշխարհի շատ երկրներ են ճանաչել այն, իսկ որոշ երկրներում ցեղասպանության ժըխտումը քրեորեն պատժելի է: Ահա Յարճանյանը շատ այլ մտավորականների եւ ամբողջ արեւմտահայության հետ մեկտեղ դառնում է ցեղասպանության հերթական զոհերից մեկը: 

Կիսատ մնաց Յարճյանյանի կյանքի եւ ստեղծագործության ուղին: Նա ընդամենը 37 տարեկան էր եւ ուներ գրական ծրագրեր, որոնք պետք է իրականանային նախատեսված ժողովածուների մեջ: Նրա սեւագրություններում պահպանվել են առանձին բանաստեղծություններ, այդ թվում՝ «Եղերամայրը», որը պետք է դառնար «Դյուցազնորեն»–ի շարունակությունը, մի քանի արձակ էջեր, «Ընտանիքը» թատերերգությունը, ինչպես նաեւ Օմար Խայամից ու Էմիլ Վերհարնից արված թարգմանություններ:

1898–ին Մանչեսթրի «Վաղվան ձայն» ազգային եւ գրական ամսյա հանդեսում տպագրվում է Յարճանյանի առաջին բանաստեղծությունը՝ «Աքսորված խաղաղությունը», որը նախապես հայտնի «Կոտորած» վերնագրով, իսկ հետագայում հայտնի դարձավ նոր՝ «Մահվան տեսիլք» վերնագրով: Այդ կապակցությամբ «Վաղվան ձայն»–ի խմբագիր Սուրեն Պարթեւյանը նրան գրում է. «Նոր բանաստեղծ մըն եք, մեր ուզածը: Հազվագյուտ տաղանդ մը: Երախտագետ հրճվանքով կը շնորհավորենք Ձեզ: Շարունակեցեք, գեղեցիկ իրականացումներ պիտի տաք մեզի, մեր ըմբոստ բանաստեղծության»:

1902 թ. Փարիզում լույս է տեսնում Յարճանյանի առաջին ժողովածուն՝ «Դյուցազնորեն» վերնագրով, որի մեջ զետեղում է 1899–1901 թթ. գրած գործերը: Բանաստեղծը աչքերը բացել էր համիդյան ջարդերի մեջ, ինչն էլ նրա համար դառնում է հիմնական գաղափար եւ բոցավառում նրա երեւակայությունը: Այս նույն զգացողությունից են ծնունդ առել նաեւ նրա «Հայորդիներ» ժողովածուի երեք հրատարակությունները (1905, Ժնեւ, 1906, Ժնեւ, 1908, Փարիզ): Այստեղ արդեն բանաստեղծը հանդես է գալիս նաեւ որպես հրապարակախոս, պատգամախոս, ժողովրդի գաղափարական առաջնորդ եւ նրա պայքարի երթի օրհներգու:

1907 թ. Փարիզում լույս է տեսնում «Հոգեվարքի եւ հույսի ջահեր» ժողովածուն, որի նախնական վերնագիրը եղել է «Ցավերուն ցավեն», իսկ 1909–ին՝ «Կարմիր լուրեր բարեկամես» գիրքը, որի իրական ազդակները գալի էին նույն թվականին տեղի ունեցած Ադանայի ջարդերից: Խոսքի վավերականությունը պայմանավորված է այն ողբերգությամբ, որի մեջ գտնվում էր հայ ժողովուրդը:

1910–ին Բոստոնում լույս է տեսնում նաեւ Յարճանյանի «Ամբողջական գործ» հատորը՝ որպես երկերի առաջին ամփոփ ժողովածու: Այս գրքում զետեղված էր նաեւ «Հայրենի հրավեր» շարքը, որը տասներկու կոչ էր հալածանքներից ու ջարդերից հայրենիքից հեռացած տարագիր հայությունը. կոչ՝ վերադառնալու, ապրելու հայրենիքում եւ շենացնելու այն:

1912 թ. նշվում էին հայ գրերի ստեղծման 1500 (նաեւ հայ գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1550) եւ հայ տպագրության սկզբնավորման 400–ամյակները: Այդ կապակցությամբ Յարճանյանը լույս է ընծայում «Սուրբ Մեսրոպ» (1912) պոեմը:

Շարունակելի

 

Դավիթ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Բանասիրական գիտ. դոկտոր, պրոֆեսոր

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s