Հեղինակը սույն հոդվածը խմբագրությանն  էր հանձնել դեռեւս կենդանության օրոք։


Հայոց պատմության խորհրդային շրջանը դեռ պետք է խոր ու արդար ուսումնասիրության ենթարկվի։ Նրա հանգամանալից ու ճշմարիտ գնահատականն ապագան է տալու։

Այժմ հայտնի փաստաթղթերից ու այլազան աղբյուրներից քիչ բան կարելի է իմանալ 20-30-ական թվականների բռնապետական կարգերի տիրապետության արյունալի հետեւանքների, ստալինյան ռեժիմի այն ահավոր աղետների մասին, որոնք տարածվեցին ժողովրդական կյանքում, ազգերի ու մարդկանց ճակատագրերի վրա։

Նույնիսկ 1950-ական թվականների կեսերից մինչեւ հաջորդ տասնամյակի կեսն ընկած տարիները, որ, Նիկիտա Խրուշչովի հեղհեղուկ ժողովրդավարության շնորհիվ, կոչում են ձնհալի շրջան, զերծ չէին նախորդ տասնամյակների բռնության շորշոփներից, ինչպես նաեւ մարդու, հասարակ ժողովրդի բախտի նկատմամբ ցուցաբերված այն անտարբերությունից, որ տիրական էր լինելու հաջորդ շրջանում՝ բրեժնեւյան, այսպես կոչվող, ճահճացման տարիներին։

Եվ, այսուհանդերձ, ծայրահեղորեն սխալ է այն հայացքը, որ դրական ոչինչ չի տեսնում Խորհրդային Միության դերի մեջ, մանավանդ Հայաստանի նման փոքրիկ ու թույլ, աշխարհաքաղաքական աննպաստ դիրքում գտնվող, արտաքին տնտեսական ու քաղաքական օժանդակություն չունեցող երկրի համար։

1924 թ. խորհրդային կարգից հալածական փախած Հովհաննես Քաջազնունին՝ ժամանակի հայ քաղաքական մտքի ամենաիրատես ներկայացուցիչներից մեկը, թերեւս ամենաիրատե՛սը, խոր ու ճշմարիտ քննության ենթարկելով Հայաստանի վիճակը, գտնում էր, որ այն, իր գոյատեւման ու զարգացման հույսը դնելով սեփական ուժերի վրա, ամեն պարագայում պետք է հենարան ունենա արտաքին որեւէ հզոր պետություն, եւ ամեն տեսակետից հարմարն ու ամենաճիշտն այն է, որ այդ պետությունը լինի Ռուսաստանը, ինչ քաղաքական ուղղություն ու կարգ էլ այն ունենա։ Դրանից հետո արդեն Հայաստանի, նրա ժողովրդի ու ղեկավարության խելքից, վարած հավասարակշիռ ու ճկուն քաղաքականությունից կախված կլինի մեծ տերության հովանավորությունից օգտվելու եւ ստորադասի դիրքին սպասող վնասներից խուսափելու աստիճանը։

Հետագա 60-70 տարիների պատմությունը ցույց տվեց, որ շատ իրավացի էր Քաջազնունին, ինչպես եւ ինքը՝ հայ ժողովո՛ւրդը, որ համարյա տարերայնորեն դարձավ Ռուսաստանի, նրա նախաձեռնությամբ ու գերագահությամբ ստեղծված վիթխարի դաշնության մասնիկը։ Այս ընտրությունը միակ ճիշտն ու փրկարարն էր Հայաստան երկրի համար, եւ դա միայն կույրերը կարող էին չտեսնել։

Բավական է դարիս տասական թվականներից ժառանգություն մնացած երկրի տնտեսական հետամնացության, մշակութային կյանքի հեղհեղուկ վիճակի եւ նույն բնագավառի այսօրվա մակարդակների համեմատությունը կատարել՝ համոզվելու համար, որ շատ-շատ կետերում սար ու ձորի տարբերություն կա։

Առկա է առաջավոր կացութաձեւի մի ցայտուն մակարդակ, որի համար մենք պարտավոր ենք մեր ժողովրդի ջանասիրությանը, համառությանը եւ մանավանդ ամենաբարդ վիճակներից ելք գտնելու ավանդական կարողությանը։

Խորհրդային իշխանության յոթանասուն տարիների ընթացքում անուրանալի նվաճումների է հասել հայ ժողովուրդը, եւ այդ նվաճումներն ընդգրկում են տնտեսության ու մշակույթի բոլոր բնագավառները. ե՛ւ արդյունաբերությունը, ե՛ւ գյուղատնտեսությունը, ե՛ւ գրականությունն ու արվեստը։ Բավական է հիշենք, որ մենք կառուցել ենք Երեւանը՝ մեր պատմական բոլոր մայրաքաղաքներից ամենաշքեղը։

Բարձրացել, կենսական բոլոր օղակներում իր արժանի տեղն է գրավել հայ մարդը։ Հանրապետության, նույնիսկ Խորհրդային Միության հասարակական, քաղաքական, գիտական ու մշակութային ասպարեզներում տասնյակ ու տասնյակ հայեր ձեռք էին բերել համաշխարհային անուն՝ փառավորելով իրենց ծնած ու սնած ազգին։ Հայրենական մեծ պատերազմի ճակատներում հազարավոր խիզախներ իրենց հերոսական վարքով ու գործով արժանացել էին ռազմական շքանշանների ու մեդալների։ Նրանցից ավելի քան հարյուր հոգի տուն էին դարձել հերոսի աստղերը կրծքներին։ Տասնյակ ու տասնյակ գեներալների եւ չորս մարշալների առկայությունը փառք կբերի ամեն մի մեծ ու հզոր ազգի։ Պատերազմից հետո եւս մեր ազգակիցներն ամենուրեք երկրի առաջընթացը գլխավորողների շարքում էին՝ արդյունաբերության ու գյուղատնտեսության մեջ, երկրային գործերն առաջ տանողների թե տիեզերական անհունները նվաճելու համար տքնող իմաստունների շարքերում։

Նվաճումներից ամենացայտունը, որ ազգն ազգ պահելու, քաղաքակրթական աշխարհում առաջընթաց ապահովելու անհուն հնարավորություն էր տալիս՝ հայ մշակույթի, մեր իմաստուն նախորդների երազած այդ «Հոգեւոր Հայաստանի» աննախադեպ զարգացումն էր։ Հայ մարդը տեր էր դարձել իր բազմադարյան մշակութային նվաճումներին, նրանց ստեղծագործական յուրացման ճանապարհով կերտում էր նոր աստիճանն ու մակարդակը, հիմք դնում նոր թռիչքների։ Եվ այս ամենի նյութական ու բարոյական հովանավորությունը  սեփական պատմության ամենաառաջին պարտականություններից մեկն էր հանդիսանում։

Ի դեպ, սեփական պետություն կոչվածի խնդիրը։ Այսօր խորհրդային շրջանի Հայաստանը քննադատող-մերժողներն առաջին հերթին կառչում են նրանից, որ այն չուներ իր սեփական զորքն ու միջազգային դիրքը։ Այո՛, չուներ, բայց, օրինակ, նրա սահմանները հուսալիորեն պաշտպանվում էին դաշնության հզորագույն բանակի կողմից (փակագծում ասենք. այսօր Հայաստանը, իհարկե, ունի իր բանակը եւ, սակայն, սրան էլ պաշտպանում են կողքերին տնկոտած ռուսական զորակայանները)։

Իբր, Հայաստանն իր քաղաքական կյանքի, տնտեսության ու մշակույթի կարեւորագույն հարցերը լուծում էր միայն Կենտրոնի համաձայնությամբ։ Այո՛, հզո՜ր կենտրոնի համաձայնությամբ ու հովանավորությամբ, որի արդյունքը լինում էին ԱրփաՍեւան ջրանցքի կառուցումը, մետրոյի ստեղծումը Երեւան քաղաքում, արդյունաբերական ու գյուղատնտեսական այլեւայլ ձեռնարկումները, որոնց համար Հայաստանը ոչ միայն միջոցներ չուներ, այլեւ անհնար էր, որ ունենա երբեւէ։

Ցավալին ու դատապարտելին այն է, որ ծայրահեղական քննադատներին չի զսպում նույնիսկ այսօրվա փնտրտուքն այնպիսի հովանավորության, որի առկայությա՛մբ միայն հնարավոր պիտի լինի երկրի փրկությունը տնտեսական աղետալի վիճակից, հայրենիքի պարպումն իր տերերի կողմից, մարդավայել կյանքի, ազգային բարեկեցության, վաղվա նկատմամբ հույսի ու հավատի ապահովումն այն հողի վրա, որ կոչվում է Հայք-Հայոց աշխարհ։

Բագրատ ՈՒԼՈՒԲԱԲՅԱՆ

Պատմ. գիտ. դոկտոր

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s