Մատթեոսի Ավետարանի մեկնությունից

(մեկնություն Երանիների)

Սկիզբը՝ թիվ 13-14  (2010 Հուլիս Ա-Բ)

«Երանի՜ նրանց, ովքեր սուրբ են սրտով, որովհետեւ նրանք Աստծուն պիտի տեսնեն»: Ահա կրկին հոգեւոր հատուցում: Այստեղ սուրբ է անվանում նրանց, ովքեր ունեն բոլոր առաքինությունները, եւ կամ էլ  նրանց, ովքեր խոնարհությամբ ու զգաստությամբ են ապրում: Քանզի մենք Աստծուն տեսնելու ավելի պատշաճ առաքինություն չունենք, քան այս առաքինությունն է: Դրա համար Պողոսն ասում է. «Ջանացե՛ք ապրել խաղաղությամբ եւ սրբությամբ, առանց որոնց ոչ ոք Տիրոջը չպիտի տեսնի» (Եբր. ԺԲ 14): Իսկ երեսները ասելով՝ նկատի ունի Նրա մարդկային կերպարանքը. Նրա Աստվածությունը տեսնել չի կարող ոչ ոք: Եվ քանի որ շատերն են ողորմություն տալիս, չեն հափշտակում, չեն զրկում, բայց պոռնկանում են եւ պղծվում, որպեսզի ցույց տա, թե միայն առաջինը բավական չէ, ավելացնում է նաեւ սա: Պողոսը կորնթացիներին ուղղված իր նամակում մակեդոնացիների մասին վկայում էր, թե նրանք աճում են ոչ միայն ողորմածության գործերով, այլ նաեւ մյուս առաքինություններով. պատմելով նրանց առատորեն բաշխած տուրքերի մասին՝ ասում էր այն մասին, թե իրենք իրենց նվիրեցին «նախ՝ Տիրոջը եւ ապա՝ մեզ» (Բ Կոր. Ը 5):

«Երանի՜  խաղաղարարներին»: Այստեղ արգելում է ոչ միայն կռվելն ու միմյանցից հեռանալը, այլ ավելին՝ կռվածներին հաշտեցնելը: Սրա համար  հատուցումը նույնպես հոգեւոր  է: «Որովհետեւ, ասում է, նրանք Աստծո որդիներ պիտի կոչվեն»: Աստծո Միածնի գործը նույնպես սա եղավ, որ ցրվածներին հավաքի, հաշտեցնի պատերազմողներին: Եվ որպեսզի չկարծես, թե ամենուր լավ է խաղաղությունը, ավելացնում է. «Երանի՜ նրանց, ովքեր հալածվում են արդարության համար»: Հենց այս է (միտքը). որ պետք է ճգնել առաքինության, ուրիշներին բարերարություն անելու եւ կամ էլ աստվածպաշտության համար: Քանզի Գրքերը արդարություն են կոչում հոգու բոլոր առաքինությունները: Սրա հատուցումն էլ է հոգեւոր. «Որովհետեւ նրանցն է, ասում է, երկնքի արքայությունը»:

«Երանի է ձեզ, երբ ձեզ նախատեն եւ հալածեն ու ամեն տեսակ չար խոսք՝ սուտ ասեն»: Այսինքն՝ եթե ձեզ անվանեն կախարդ, մոլորեցնող, չարագործ կամ այլ (նման) բան, երանի է ձեզ: Տենչալի է համարում այն, ինչ սոսկալի է այլոց համար՝ աղքատանալը, սգալը, հալածվելը, չար խոսքեր լսելը: Այս խոսքերն ասաց եւ հավանեցրեց ոչ թե երկու, տասը, քսան, հարյուր կամ հազար մարդու, այլ ողջ տիեզերքին: Որպեսզի լսեն ծանր, դժվար եւ շատերի համար հակառակ բաներ, եւ ինչպես այնժամ էին բազմությունները լսում եւ զարմանում, այդպես էլ այժմ եւ բոլոր ժամանակներում, քանզի Նրա  խոսքերը մեծ զորություն ունեն:

Բայց որպեսզի չկարծես, թե չար բաների համար զուր է երանի տալիս, երկու կետ դրեց այդ խոսքերի միջեւ. մեկը՝ այն, որ Իր համար լինեն դրանք, մյուսը՝ որ խոսքերը սուտ լինեն: Իսկ եթե այդպես  չլինի, չարախոսություններ լսողներին ոչ միայն չի համարում երանելի, այլ նաեւ եղկելի:

Տե՛ս, թե փոխարենն ինչ է խոստանում. «Որովհետեւ երկնքում ձեր վարձքը շատ կլինի»: Թեեւ յուրաքանչյուր երանության մեջ երկնային արքայության խոստում դու չես լսում, մի՛ տրտմիր, քանզի թեեւ հատուցումները տարբեր են, բայց բոլորին է տանելու արքայություն: Քանզի երբ ասում է, թե՝ սգավորները պիտի մխիթարվեն, ողորմածները ողորմություն պիտի գտնեն, սրտով սուրբերն Աստծուն պիտի տեսնեն, եւ խաղաղարարները Աստծո որդիներ պիտի կոչվեն, այս բոլորով ակնարկում է ոչ այլ բան, քան երկնքի արքայությունը: Ովքեր այս ամենով վայելեն, կհասնեն դրան: Եվ արդ,  մի՛ կարծիր, թե միայն հոգով աղքատներինը, այլ նաեւ արդարության ծարավն ու քաղցն ունեցողներինը, հեզերինն ու առհասարակ մյուսներինն է երկնային արքայությունը, որովհետեւ սրանցով այն բոլորինը ցույց տվեց: Երանելի մի՛ համարիր հայտնի պարգեւների համար, քանզի երանելի չէ նա, ով պսակվում է դրանցով, որոնք  ժամանակի ընթացքում քակտվում եւ անցնում են ստվերից էլ արագ: Բայց երբ ասաց, թե՝ «Ձեր վարձքը մեծ է երկնքում», բերեց մյուս մխիթարությունը. «Քանի որ այսպես հալածեցին մարգարեներին, որոնք ձեզնից առաջ են եղել»: Քանի որ արքայության խոստումն ապագայի համար է եւ հուսով պետք է սպասել դրան, բոլորին մխիթարում է մարգարեների նման  վշտեր կրելով: Մի՛ կարծեք, ասում է, թե կչարչարվեք հակառակ խոսելու, օտարոտի օրենքներ սահմանելու, կամ նրանց կողմից կհալածվեք չար կրոններ ուսուցանելու համար, որովհետեւ ձեզ վրա կգան նենգություններ ու վշտեր ոչ թե ձեր չար խոսքերի պատճառով, այլ չար լսողների կողմից: Ուստի կբամբասեն ձեզ, որ չարչարանքներ եք կրում, այլ ոչ թե նրանց, ովքեր չարչարանքներ են հասցնում: Այդ մասին  վկայում է առաջին ժամանակը, քանզի մարգարեներին չարախոսում էին ոչ թե անօրենության համար եւ մի մասին հալածում, մի մասին քարկոծում էին, մյուսներին էլ բազում չարչարանքներով չարչարում: Թող այդ ամենը չխռովեցնեն ձեզ, քանզի նույն մտքով եւ այժմ են նույն բանն անում:

Տեսնո՞ւմ ես՝ ինչպես արթնացրեց նրանց միտքը եւ տարավ կանգնեցրեց Մովսեսի եւ Եղիայի մոտ, ինչպես Պողոսն է գրում թեսաղոնիկեցիներին. «Դուք, ասում է, եղբայրնե՛ր, նմանվեցիք Աստծո այն եկեղեցիներին, որ Հրեաստանում են ի Քրիստոս Հիսուս, քանի որ դուք էլ ձեր ազգակիցների կողմից նույն չարչարանքներով չարչարվեցիք, ինչպես որ նրանք՝ հրեաներից, որոնք սպանեցին Տեր Հիսուսին եւ մարգարեներին ու հալածեցին մեզ եւ Աստծո աչքից ելան ու բոլոր մարդկանց հակառակորդ եղան» (Բ Թեսաղ., Բ 14-15): Ինչ որ այստեղ խոսեց Քրիստոս, որպեսզի այլ երանություններում ասի՝ երանի՜ աղքատներին ու ողորմածներին, իսկ այստեղ ոչ թե խառնիխուռն, այլ նրանց է ուղղում խոսքը. «Երանի է ձեզ, երբ ձեզ նախատեն եւ հալածեն ու ամեն տեսակ չար խոսք՝ սուտ ասեն», որպեսզի ցույց տա, թե այդ խոսքը վերաբերում է առավելապես նրանց եւ (նրանցից հետո) մյուս բոլոր վարդապետներին: Դրանով միաժամանակ ակնարկում է նաեւ Իր պատիվն ու (Իր) Ծնողի հետ համապատիվ զուգականությունը: Քանզի ինչպես մարգարեները՝ Հոր, այդպես էլ դուք, ասում է, Ինձ համար պիտի չարչարվեք: Եվ ապա ցույց է տալիս, թե այս ավելի օգուտ կտար նրանց եւ երանելի կդարձներ. չասաց, թե՝ կչարախոսեն ու կհալածեն, իսկ Ես կարգելեմ, ոչ էլ, որ չար բաներ  չեն լսի, այլ որ լսելն ու առաքինությամբ տանելը բարիքի պատճառ կլինեն, եւ գործով կհանդիմանեն նրանց, եւ որ ոչ թե չչարչարվելն է առավել մեծ, այլ չարչարվելն ու չթուլանալը:

Շարունակելի

Գրաբարից փոխադրեց

Մարթա ԱՐԱԲՅԱՆԸ

 

 

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s