Մովսես Գ Տաթեւացին աթոռակից կաթողիկոս չկարգեց, եւ հակառակ նրա նախորդների ժամանակների, երբ մահացած կաթողիկոսին ուղղակի փոխարինում էր ավագ աթոռակիցը, այժմ կաթողիկոսական աթոռը թափուր մնաց։ Անհրաժեշտ էր ընտրել նոր կաթողիկոս, իսկ կարգը խախտվել էր, քանի որ կաթողիկոսներն էին աթոռակից ընտրում։ Մովսեսը վերականգնել էր նախկին կարգը, իսկ ժամանակակիցների հարցին, թե ո՞ւմ կուզենար տեսնել կաթողիկոսական աթոռին, պատասխանել էր՝ մատնացույց անելով Փիլիպոս Աղբակեցի եպիսկոպոսին։ Սակայն եպիսկոպոսները չհանդգնեցին վերջինիս իսկույն ձեռնադրել եւ որոշեցին ամեն ինչ անել ընտրական կարգով։ Ժողով անմիջապես չգումարվեց, սակայն դիմեցին Եկեղեցու բոլոր գլխավոր կենտրոններ՝ նրանց հավանությունը ձեռք բերելու համար։ Դա մոտավորապես նման էր ներկայիս հարցումով որոշում կայացնելուն։ Դրանից հետո Մայր Աթոռի միաբանները ձեռնամուխ եղան ձեռնադրությանը։ Մովսեսի մահվանից 8 ամիս անց՝ 1633 թվի հունվարի 13-ին, կատարվեց ձեռնադրությունը։ Փիլիպոսի ընտրությամբ Դավիթ եւ Սահակ կաթողիկոսները, չնայած առաջինը դեռ համարվում էր օրինական կաթողիկոս, զրկվեցին կաթողիկոսական իրավունքներից։ Շատ հնարավոր է, որ աթոռի թափուր գտնվելու ժամանակ արդեն Փիլիպոս Աղբակեցին տեղապահություն է կատարել։

Փիլիպոսը Աղբակ գավառի Էրնկան գյուղից էր։ Դեռ 14 տարին չլրացած՝ եկել էր Մեծ անապատի դպրոց, բայց չէր ընդունվել՝ անչափահասության պատճառով։ Նա շատ է խնդրում ու թախանձում՝ հաստատվելով մեծ անապատի մոտակա անտառներում, մինչեւ որ Սարգիս Պարոնտերն ստիպված է լինում նրան ընդունել։ Սակայն Մեծ անապատի մեջ չի առնում, այլ հանձնում է Մովսես Տաթեւացուն՝ որպես աշակերտ։ Եվ Փիլիպոսը նրան ուղեկցում է նրա քարոզչական շրջագայությունների ժամանակ։ Մ. Օրմանյանի կարծիքով՝ Փիլիպոսը հայտնվում է Մեծ անապատում 1609-ին, հետեւաբար նա ծնված պետք է լիներ 1593 թվին։ Այստեղից՝ նա ստանձնեց հովվապետությունը 40 տարեկանում։ Դա լիովին համապատասխանում է այն տեղեկությանը, որ նա մահացավ 1655-ին՝ 65 տարեկան հասակում։ Երիտասարդության շրջանում նա աբեղա է ձեռնադրվում, եւ առաջադիմելով ուսման մեջ՝ Մովսեսից ստանում է վարդապետության աստիճան։ Ի միջի այլոց, ավելի ուշ նրան եպիսկոպոս ձեռնադրեց հենց Մովսես Տաթեւացին։ Փիլիպոսը՝ որպես նվիրակ, ուղարկվում է Վան եւ 1629-ին բանակցում է Սահակ աթոռակցի հետ։ Թերեւս հենց նա է փոքրիկ Փիլիպոս դպիրը, որի խնդրանքով Ներսես Մոկացին գրել է իր գովեստի տաղը՝ նվիրված Մեծ անապատի միաբաններին։ Մովսեսի կաթողիկոսության շրջանում նրա գործունեության մասին առանձին տեղեկություններ չեն պահպանվել, քանի որ նա նրա անմիջական գործակիցն էր։ Դառնալով կաթողիկոս՝ նա նոր քայլեր չձեռնարկեց եւ փորձեց սոսկ լրացնել իր սիրելի ուսուցչի չկատարածը։

Փիլիպոսի աթոռակալության առաջին տարում՝ օգոստոս ամսին, մահացավ Դավիթ Դ Վաղարշապատցի կաթողիկոսը։ Դա տեղի ունեցավ իր կաթողիկոսության 49-րդ տարում։ Մինչեւ 1590 թիվը նա պարզապես աթոռակից էր, իսկ կաթողիկոս դառնալուց հետո հենց սկզբներում աթոռակից դարձրեց Մելքիսեդեկին, որը փորձանք դարձավ նրա համար։ Ամբողջ իրավունքները վերջինս կենտրոնացրեց իր ձեռքում։ Բռնագաղթի ժամանակ նա էլ շատերի հետ ստիպված եղավ գնալ Սպահան եւ ապրել նեղ շրջապատում։ Նույնիսկ, երբ կարճ ժամանակ նա եկավ Էջմիածին, չկարողացավ աշխույժ գործունեություն ծավալել, եւ Մելքիսեդեկը կրկին տիրացավ Մայր Աթոռին։ Ավելին. Մելքիսեդեկը, առանց Դավթի կամքը հարցնելու, աթոռակից դարձրեց Սահակին։ 1629-ից նա այլեւս կաթողիկոս էլ չէր, քանի որ կաթողիկոս էր դարձել Մովսես Տաթեւացին։ Դավիթ Վաղարշապատցին հայոց առավել ապիկար կաթողիկոսների թվին է պատկանում։ Եվ նա մահացավ՝ առանց հիշտակության արժանի գործեր անելու։ 1605 թվին նամակ է գրել Պողոս պապին, սակայն հռոմեադավաններն իզուր են նրանում նյութեր փնտրում Դավթի հռոմեադավանության օգտին։ Նամակը գրվել էր պատերազմի ժամանակ եւ կոնկրետ նպատակ ուներ, իսկ ինքը հավատի հարցերում միշտ էլ հայադավանության դիրքերում է եղել։

Շատ չանցած՝ հեռավոր Հռոմում իր մահկանացուն կնքեց նաեւ Հովհաննես Խուլը։ Լվովցիները դիմել էին պապին, եւ Նիկոլը կասկածելով, որ նրանք կարող է եւ հաջողեն, ինքն էլ գնաց Հռոմ։ Խուլն էլ նրան ընկերացավ, քանի որ նրա պաշտպանն էր եղել հայերին բռնի կաթոլիկացնելու խնդրում։ Խուլը, որ միշտ հարել էր կաթոլիկությանը, չնայած պաշտոնապես հռոմեադավանություն չի հիշատակվում, Հռոմում ընդունում է պապի գերագահությունը։ Եվ այդ գրված է նրա տապանագրում։ Դա կատարվեց 1632 թվին։ Նիկոլը Հռոմում հաջողության հասավ ճիզվիտների օգնությամբ։ Հայերը՝ նվաստացած եւ հուսաբեկ, իսկ Նիկոլը հաղթական վերադարձան Հռոմից։ Խուլը մնաց Հռոմում. նա արդեն 80-ամյա ծերունի էր։ Հռոմի պապը նրան կենսամիջոցներ տրամադրեց, եւ նա հետագա կյանքն անցկացրեց հանդարտության մեջ։ Նա հայերեն լեզվով գրում է հռոմեադավանությանը նվիրված գործեր, որոնք հայերի կողմից չճանաչվեցին եւ պահվում են Հռոմի քարոզչության կենտրոնում։ Գալանոսը, տեղեկություններ հայտնելով այդ մասին՝ ի նպաստ հռոմեադավանության, իրականում ցույց է տալիս Խուլի՝ այդ շրջանի գործունեության ողջ սնանկությունը։ Խուլը մահացավ 1634 թվի հունիսի 13-ին (հին տոմարով՝ հունիսի 3-ին)։ Նրա գերեզմանը գտնվում է հայերի հյուրանոցին կից՝ Ս. Մարիամ Եգիպտացի եկեղեցու մեջ, որի վրա հայերեն եւ լատիներեն տապանագրեր կան։

Անօրինակ խեղճության մեջ հայտնվեց Սահակ Դ Գառնեցի աթոռակից կաթողիկոսը։ Երբ նա մի կերպ ազատվեց մեծ եպարքոս Խուսրեւից, խայտառակությունը նրան հետապնդում էր յուրաքանչյուր քայելին։ Նա գաղտնի գալիս է Կարին, բայց ստիպված է լինում հեռանալ Վրաստան։ Նրան այլեւս ոչ մեկը կաթողիկոս չէր էլ ճանաչում։ Նա նորից երեւում է ասպարեզում Փիլիպոսի կաթողիկոսանալուց հետո։ Հիվանդությունը նրան ստիպում է դիմել Մայր Աթոռի օգնությանը։ Նա մնում է այստեղ եւ 5 տարի անց կնքում իր մահկանացուն։ Նրա գործակից Պողոս Այնթապցին էլ Դիարբեքիրից մեկնում է Կ. Պոլիս, անցնում Ռումելի, հետո՝ Լեհաստան, որտեղ էլ մահանում է եւ թաղվում։ Նրա գալը համընկավ Նիկոլի շահատակություններին, սակայն հայտնի չէ Պողոսի բռնած դիրքը դրանց նկատմամբ։ Հայտնի չեն նաեւ մահվան ժամանակը եւ պարագաները։

Ծռազատիկը, ըստ պարբերական շրջանի, կրկին մեջտեղ եկավ 1634-ին՝ Գրիգոր Պարոնտերի պատրիարքության օրոք։ Հույներն ու հայերն այլեւս ուշադրություն չէին դարձնում Ծռազատիկին, սակայն այն պահել էր իր նշանակությունը Երուսաղեմում՝ կապված լուսահանության խնդրի հետ. ճրագալույցի հրաշալի լույսը պիտի նվիրագործեր նրանցից մեկի Զատիկը։ Դեռ մինչեւ Զատիկը՝ սկսվել էին փոխադարձ սպառնալիքները՝ ուղղված միմյանց Զատիկները խափանելուն։ Հույներն անգամ սպառնում էին սպանել Գրիգոր պատրիարքին, եթե նա չհամաձայներ նրանց հետ մեկտեղ Զատիկն անել ապրիլի 6-ին։ Իսկ հայերն անդրդվելի էին այն հարցում, որ Զատիկն ապրիլի 13-ին է։ Գրիգոր պատրիարքը, մի կողմից, բանակցություններով աշխատում էր հարցը կարգավորել, իսկ մյուս կողմից՝ ազգային գործիչներին խնդրում էր, որ ուխտավորներն օր առաջ գան Երուսաղեմ՝ պաշտպանելու հայկական Զատիկը։ Շատ գումարներ էլ ծախսվեցին՝ իշխանությունների համակրանքը շահելու համար։ Մեծ թվով հունադավաններ հավաքվեցին Երուսաղեմում (հույներ, բուլղարներ, սերբեր եւ այլք), որոնք տեղական ամբոխի հետ մեծ սպառնալիք էին ներկայացնում, քանի որ ձեռք էին բերել Դամասկոսի փաշայի հրովարտակը։ Մի պատեհություն եղավ հայերին օգնելու։ Ծովակալ Քյուչուկ Ահմեդ փաշան ուղարկվել էր Պաղեստին՝ Մանօղլուի կամ Ֆախրեդդին-բին-Մատնի ապստամբությունը ճնշելու։ Նրա հետ էր իր հայազգի հանդերձապետ Ավետիք Բաղիշեցին, որը եւ խնդրեց նրան հայերին ազատել վերահաս վտանգից։ Սա էլ Դամասկոսի կուսակալին կարգադրեց հույներին զսպել։ Նախապես զինաթափեցին բոլոր հունադավաններին եւ ապրիլի 6-ին զորքով շրջապատեցին Ս. Հարության տաճարը։ Հույներն ու հայերն առանձին-առանձին տոնեցին իրենց Զատիկները։

Եվ, ըստ ականատեսի, հայերի Զատիկը փառավորվեց սուրբ գերեզմանից երեւացած պայծառ փայլով։ Դրանից հույները վհատվում են, իսկ հայերը, հաբեշները, ասորիները եւ ղպտիները մնում են իրենց ուղիղ հավատին։ Սակայն Կ. Պոլիս վերադարձող հույները Մինաս քահանային եւ Սեֆեր Ալաճաճիին մեղադրեցին արքունիքի դեմ ունեցած հանցանքների մեջ, որոնց դատի տվեցին՝ պահանջելով հավատափոխ լինել, սակայն նրանք հրաժարվեցին եւ գլխատվեցին՝ դասվելով նահատակների կարգը։ Դա տեղի ունեցավ 1634 թվին։ Այլ մանրամասներ հայտնի չեն։

Զաքարիա Վանեցին, որ տիրացել էր Կ. Պոլսի պատրիարքությանը, ստիպված եղավ այն թողնել, եւ Գրիգոր Կեսարացին արդեն որերորդ անգամ տիրացավ պատրիարքական պաշտոնին։ Դրանից 3 տարի անց՝ 1636-ին, նա մահացավ եւ հողին հանձնվեց Ղալաթիայի Ս. Լուսավորիչ եկեղեցում։ Նրա գերազմանը 1736 թվի հրդեհից հետո չի պահպանվել։ Նա, իրոք, հզոր եւ մեծ դեմք էր, երեւելի, պարկեշտ վարքով, իմաստուն եւ հանճարեղ։ Ուժեղ էր հատկապես համարողական եւ երկրաչափական գիտություններում։ Ունի զանազան քերթվածներ։ Մեծ արժեք են ներկայացնում նրա՝ Հայոց Եկեղեցու ջատգովությանը նվիրված գործերը։ Արքունի հրամանով, ինչը բացառիկ բան էր, նա թաղվեց եկեղեցու մեջ։ Դրա համար միջնորդել էր Շահեն Չելեբի ազգային գործիչը։

Գրիգոր Կեսարացու պատրիարքության վերջերին Մուրադ Դ սուլթանը նոր պատերազմ սկսեց պարսիկների դեմ։ Եթե հավատանք աղբյուրին, նա Սկյուտարից արշավեց 1635 թվի մարտի 12-ին՝ 700 հազարանոց բանակով։ Հուլիսին պաշարվեց Երեւանը, որը գրավվեց 9 օր անց՝ օգոստոսի 8-ին։ Հանդիսություններ եղան այդ օրերին, որոնց ստիպված էին մասնակցել նաեւ քրիստոնյաները, այդ թվում՝ Փիլիպոս կաթողիկոսը։ Հետո Մուրադ սուլթանն անցավ Երասխը եւ շարժվեց Թավրիզի վրա, որը նա գրավեց սեպտեմբերի 12-ին եւ ավարի մատնեց։ Կոթուրի պաշարումը հաջող չեղավ՝ ձմեռվա պատճառով, եւ սուլթանը 1635 թ. դեկտեմբերին մեծ հաղթանակով ետ դարձավ Կ. Պոլիս։ Սակայն պարսիկները կորցրած երկրամասում շուտով վերականգնեցին իրենց իշխանությունը։ Խիստ տուժեց Արարատյան աշխարհը, ծանր վնասներ կրեց նաեւ Էջմիածինը, քանդվեց Երեւանի Ս. Անանիայի վանքը, որտեղ մատուռից բացի՝ մնացածը փայտաշեն էր։ Եվ Փիլիպոս կաթողիկոսն ստիպված էր վերանորոգչական մեծ աշխատանք տանել։ Ս. Անանիայի վանքն այս անգամ կառուցվեց քարով։ Հիշյալ գործունեությունը եղավ 1636-1637 թթ.։ Նրան այդ գործունեության մեջ պաշտպանում էր պարսից տերությունը։

Բաբկեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր

 

 

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s