ՀԱՅԱՍՏԱՆԸ 15-17-ՐԴ ԴԱՐԵՐՈՒՄ

15-րդ դ. վերջին եւ 16-րդ դ. սկզբին Մերձավոր Արեւելքի ռազմաքաղաքական դրության կիզակետը տարածաշրջանի երկու հզոր տերությունների` Օսմանյան կայսրության եւ Սեֆյան Պարսկաստանի վճռականորեն հանդես գալն էր` տարածաշրջանի վերաբաժանման համար:

Ինչպե՞ս ստացվեց, որ այս երկու տերությունները հզորացան եւ ստանձնեցին տարածաշրջանը վերաբաժանողի դերը: Ինչո՞ւ տարածաշրջանի մյուս պետություններն ու էթնոսներն ի վիճակի չեղան` կանգնեցնելու այս տերությունների նվաճումները:

Այս հարցերի պատասխանները գտնելու համար նախեւառաջ պարտավոր ենք հետադարձ հայացք գցել Օսմանյան կայսրության եւ Սեֆյան Պարսկաստանի առաջացմանն ու վաղ շրջանի պատմությանը:

ա) Օսմանյան կայսրության առաջացումն ու հզորացումը: Օսմանյան ավանդության համաձայն` Օսմանյան պետության հիմնադիրն է թուրքմենական (օղուզական) ցեղապետ Էրթողրուլ բեյը (13-րդ դ.), որը, ընդունելով իր վասալական կախվածությունը Իկոնիայի (Ռումի) սելջուկյան սուլթան Ալահեդդին Քեյքուբադ 1-ինից, վերջինիս կողմից ստացել էր Բյուզանդական կայսրությանը սահմանամերձ որոշ տարածքներ՝ Փոքր Ասիա թերակղզու արեւմտյան մասում գտնվող Ղարաջադաղի շրջանում:

Էրթողրուլ բեյի մահվանից հետո, համաձայն քոչվորական սովորույթի, իշխանությունն անցավ նրա կրտսեր որդի Օսմանին, ով ստացավ ուջբեյի (հայկ.` բդեշխ), այսինքն` սահմանապահ բեյի տիտղոս: Նրա խնդիրն էր կանգնեցնել թշնամական հարձակումները սահմանի` իրեն վստահված հատվածում:

13-րդ դ. վերջին Իկոնիայի սուլթանությունը բավականին թուլացել էր թե՛ բազում ապստամբություններից, թե’ մոնղոլների, մասնավորապես` Հուլաղյանների պետության հետ ընդհարումներից: Նման պայմաններում Օսմանը, շարունակելով ձեւականորեն ընդունել Իկոնիայի սելջուկյան սուլթանի սյուզերենությունը (գերագահությունը), նվաճողական քաղաքականություն սկսեց Բյուզանդական կայսրության նկատմամբ: Տիրելով բյուզանդական մի շարք սահմանամերձ ամրությունների ու բնակավայրերի` 1291 թ. Օսմանը գրավեց Մելանգիան (թուրք.` Ղարաջահիսար) եւ իրեն ինքնուրույն տիրակալ սկսեց համարել:

1299 թ. Իկոնիայի սուլթանությունում բռնկված հերթական ապստամբության ժամանակ սուլթան Ալահեդդին Քեյքուբադ 3-րդը փաստացիորեն կորցնում է իշխանությունը, եւ Օսմանը, ազատվելով Իկոնիայի սելջուկյան սուլթանից վասալական կախվածությունից, ընդունում է տարածաշրջանի հզորագույն պետության` մոնղոլական Հուլաղյան պետության գերագահությունը:

Այսպիսով, 1299 թ. Փոքր Ասիայի քաղաքական քարտեզում դե ֆակտո հայտնվում է մի նոր պետություն, որը նրա փաստացի հիմնադիր Օսմանի անունով ստանում է Օսմանյան պետություն անվանումը: Այս նորաստեղծ պետությունը բավականին կարճ ժամանակամիջոցում վերածվում է իսկական կայսրության` սպառնալով թե’ Մերձավոր Արեւելքի եւ թե’ Հարավարեւելյան Եվրոպայի երկրներին ու էթնոսներին:

Օսմանյան պետությունն իր գոյության հենց առաջին տարիներից որդեգրում է բացահայտ նվաճողական քաղաքականություն, որի առաջին հարվածները, ինչպես արդեն նշել ենք, ուղղվում են Բյուզանդական կայսրության դեմ: Այսպես, 1320 – 1330-ական թթ. օսմանյան բանակը գրավում է բյուզանդական վերջին տիրույթները Փոքր Ասիայի հյուսիս-արեւելքում` Բուրսան, Նիկեան (թուրք.` Իզնիկ) եւ Նիկոմեդիան (թուրք.` Իզմիտ): Այս քաղաքներից առավել մեծ կարեւորություն ուներ Բուրսան, որը Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ տարանցիկ առեւտրի կարեւորագույն կետերից էր: Եվ պատահական չէր, որ, 1326 թ. գրավելով Բուրսան, օսմանյան պետության առաջնորդ Օրհանը (1324 — 1362) այն դարձրեց իր պետության առաջին մայրաքաղաքը:

Իր գոյության հենց սկզբից Օսմանյան կայսրությունը ռազմաավատատիրական պետություն էր, որովհետեւ պետության հիմքն էին հանդիսանում սիպահիները, այսինքն` ավատատեր — զինվորականները: Պետական կառավարման նման համակարգը հնարավորություն էր տալիս ավելի ու ավելի ընդարձակելու Օսմանյան կայսրության սահմանները, քանի որ սիպահիների հիմնական խնդիրն էր նորանոր տարածքների նվաճումն ու թալանը:

14-րդ դ. երկրորդ կեսին Օսմանյան կայսրությունը շարունակում է իր ակտիվ նվաճողական քաղաքականությունն արդեն Հարավարեւելյան Եվրոպայում` զավթելով Արեւելյան Թրակիայի մեծագույն մասը եւ Բուլղարիայի հարավարեւմտյան մասը: 1389 թ. Կոսովոյի դաշտում տեղի ունեցած ճակատամարտում Մուրադ Ա-ի (1362 — 1389) գլխավորած մոտ 30 հազարանոց օսմանյան բանակը ջախջախիչ պարտության մատնեց իշխան Լազարի գլխավորած սերբ-բոսնիական 15 – 20 հազարանոց միացյալ բանակին, եւ Սերբիան (առանց Չեռնոգորիայի) վասալական կախման մեջ ընկավ Օսմանյան կայսրությունից: Այս հաղթանակից մի քանի տարի հետո` 1393 թ., նվաճվեց ողջ Բուլղարիան: Այսպիսով, Օսմանյան կայսրությունը հետզհետե իր տիրապետությունն էր հաստատում ուղղափառ (օրթոդոքս) քրիստոնեության հետեւորդ էթնոսների վրա:

Ինչպես գիտենք, այդ ժամանակաշրջանում Էգեյան ծովի ավազանում Բյուզանդական եւ Օսմանյան կայսրություններից զատ տիրույթներ ունեին նաեւ իտալական վաճառաշահ քաղաքներից Վենետիկն ու Ջենովան, որոնք ցանկանում էին Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ կատարվող տարանցիկ առեւտրի` Էգեյան եւ Մարմարա ծովերի ափերին գտնվող կարեւորագույն հենակետերն իրենց ձեռքում պահել` այդ առեւտուրն ամբողջությամբ վերահսկելու համար: Նրանց տիրույթների պահպանման ու ընդարձակման երաշխիքը անսահմանափակ հարստությունները, կրոնական միաբանություններն ու «խաչակիր» ասպետներից կազմված բանակներն էին: Փաստորեն, բացի սուննի մահմեդական թուրք-օսմանցիներից եւ ուղղափառ քրիստոնյա հույներից ու հարավային սլավոններից, տարածաշրջանում կային նաեւ կաթոլիկ քրիստոնեության հետեւորդ պետությունների բանակներ:

Այնուհանդերձ, Վենետիկի եւ Ջենովայի տիրույթների գոյությունը տարածաշրջանում ոչ թե փոխում էր ուժերի հարաբերակցությունը` հօգուտ քրիստոնյա էթնոսների, այլ նպաստում էր թուրքական նվաճումների հետագա ծավալմանը: Բանն այն է, որ Վենետիկը, Ջենովան, Բյուզանդիան եւ բալկանյան պետություններն ժամանակ առ ժամանակ ռազմական գործողություններ էին վարում միմյանց դեմ` հաճախ փորձելով իրենցից որեւէ մեկի կողմը գրավել Օսմանյան կայսրությանը (մինչեւ 14-րդ դ. վերջը):

Քրիստոնեական պետությունների միջեւ ընթացող անվերջ բախումները եւ դրանցում Օսմանյան կայսրության միջամտությունը նպաստում էր թուրք-օսմանցիների հետագա նվաճողական պլանների իրականացմանը: Այսպես, 1390-ական թթ. առաջին կեսին Օսմանյան կայսրության կողմից նվաճվեցին Թեսալիան ու Մակեդոնիան, եւ անմիջական սպառնալիք ստեղծվեց իտալական քաղաք-պետությունների` Հունաստանի տարածքում գտնվող տիրույթների համար: 1396 թ. Նիկոպոլի ճակատամարտում օսմանյան բանակը ջախջախեց եվրոպական ասպետների միացյալ բանակը` ճանապարհ հարթելով Բալկանյան Հունաստանում հետագա նվաճումների համար: Այս հաջողությունների հեղինակ Բայազիդ Ա-ը (1389 — 1402), ոգեւորված այս հաջողություններից, սկսեց իրեն կոչել «սուլթան»:

14-րդ դ. վերջին օսմանյան բանակը զավթեց նաեւ Փոքր Ասիայի արեւելքում գտնվող տարածքներ` հասնելով ընդհուպ մինչեւ Սամսուն եւ Սեբաստիա քաղաքները: Այնուհանդերձ, Օսմանյան կայսրությանը մեծ անհաջողություն էր սպասվում: Այսպես, 1402 թ. Անգորայի (այժմ` Անկարա) ճակատամարտում միջինասիական թուրքմեն տիրակալ Լենկ — Թեմուրը խորտակիչ պարտության մատնեց թուրքերին, իսկ սուլթան Բայազիդ Ա-ը գերի ընկավ:

Նման սոսկալի պարտությունից հետո օսմանյան պետությունը խորը ճգնաժամի մեջ ընկավ. կորցնելով Փոքր Ասիայի արեւելյան մասը` թուրքերը ձեւականորեն իրենց վերահսկողությունը պահպանեցին թերակղզու կենտրոնական մասերի վրա, որոնք բաժան-բաժան եղան քոչվորական զանազան իշխանությունների միջեւ:

Այս վիճակը շարունակվեց մինչեւ Մուրադ Բ սուլթանի կառավարման ժամանակաշրջանը (1421 – 1451): Բյուզանդիան, Վենետիկն ու Ջենովան ստեղծված իրավիճակից ոչ մի կերպ չկարողացան օգտվել, քանի որ զբաղված էին միմյանց միջեւ հարաբերություններ պարզելու գործով:

Միավորելով օսմանյան պետության` բաժան-բաժան եղած տիրույթները` Մուրադ Բ-ը 1440-ական թթ. վերսկսեց նվաճողական ակտիվ քաղաքականությունը: Ռազմական ուժի ցուցադրման հիանալի հնարավորություն ընձեռվեց խաչակիրների դեմ երկու ճակատամարտերում, որտեղ Մուրադի բանակը կատարյալ հաղթանակի հասավ:

Այնուհետեւ վերսկսվեց թուրքական էքսպանսիան Բալկաններում: Բոլոր քրիստոնյա էթնոսների համար հոգեբանական մեծ ցնցում էր քրիստոնեական Արեւելքի պատվար Կոստանդնուպոլսի անկումը: Այսպես, օսմանյան սուլթան Մեհմեդ Բ Ֆաթիհը (Նվաճող, 1451 — 1481) 1453 թ. մայիսի 29-ին` երկամսյա պաշարումից հետո, գրավեց Բյուզանդական կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը, որը հանդիսանում էր արեւելյան ու արեւմտյան քաղաքակրթությունների յուրօրինակ մի խաչմերուկ:

Այսպիսով, ուղղափառ Բյուզանդական կայսրությունը դադարեց գոյություն ունենալուց, իսկ նրա հռչակավոր մայրաքաղաքը վերանվանվեց Ստամբուլ եւ դարձավ Օսմանյան պետության մայրաքաղաքը: Այնուհանդերձ ուղղափառ եւ արեւելյան ուղղափառ քրիստոնյաներն (այդ թվում եւ հայերը) ավանդույթի ուժով մինչ օրս էլ շարունակում են քաղաքը Կոստանդնուպոլիս կոչել:

Ո՞վ էր մեղավոր քրիստոնեության գլխավոր կենտրոններից մեկի կործանման համար: Արդյոք պետք է պարզունակորե՞ն պատկերացնենք, որ նվաճող մահմեդական թուրք-օսմանցիներն էին միայն մեղավոր, թե՞ պետք է գիտակցենք, որ մեղքի իրենց բաժինն ունեին նույն կաթոլիկ ջենովացիներն ու վենետիկցիները, որոնք Բյուզանդիայի հետ խոսում էին միայն «դրամի լեզվով», ինչպես նաեւ իրենք` բյուզանդական իշխող շրջանակները, որոնք անգամ ամենավտանգավոր պահերին լուրջ տարաձայնություններ էին ունենում  եւ անհամաձայնեցված գործում:

Կոստանդնուպոլսի անկման լուրն իսկական բոթի պես ընդունվեց Հայաստանում, որն այդ ժամանակ գտնվում էր մահմեդական կարակոյունլու թուրքմենների տիրապետության ներքո: Չնայած այն հանգամանքին, որ Բյուզանդիան էր հայոց պետականության` Բագրատունյաց թագավորության կործանման (1045 թ.) գլխավոր մեղավորը, այնուհանդերձ հայերը, լինելով քրիստոնյա ժողովուրդ, ազատագրական պայքարի հաջողության գրավական էին համարում քրիստոնյա պետության օգնությունն օտար տիրապետությունների դեմ պայքարում, իսկ Բյուզանդիան, ի տարբերություն արեւմտաեվրոպական պետությունների, շատ ավելի մոտ էր գտնվում Հայաստանին: Այսպիսով, ազատագրական պայքարի այս ձեւի պատրանքը վերացավ՝ Բյուզանդական կայսրության մայրաքաղաքի անկմամբ:

1450 – 1480-ական թթ. հպատակեցվին եւ Օսմանյան պետության կազմի մեջ ընդգրկվեցին Սերբիան (1459 թ.), Բոսնիան (1463 թ.), Մորեան, Հունաստանի մեծ մասը (Ատտիկան – Մ. Մ.), Բյուզանդական կայսրության անկլավ-մնացորդ Տրապիզոնի կայսրությունը (1468 թ.), Ղրիմի խանությունը, Ռումինիայի հիմանական մասը կազմող Վալախիան, ինչպես նաեւ` Հերցեգովինան (1482 թ.) եւ Ալբանիան (1479 թ.): Այսպիսով, թուրք-օսմանցիներն իրենց վերահսկողությունը սահմանեցին Բալկանների ու Էգեյան ծովի մեծագույն մասի, ինչպես նաեւ Ղրիմի վրա:

Փաստորեն, 15-րդ դ. երկրորդ կեսին սկսվում է Օսմանյան կայսրության առավելագույն հզորության դարաշրջանը, եւ այդ ժամանակաշրջանում Հայաստանը չէր կարող անմասն մնալ օսմանյան ղեկավարության նվաճողական ծրագրերից:

 բ) Սեֆյան տերության առաջացումն ու հզորացումը: Սեֆյանների դերվիշական միաբանությունը հիմնադրել է շեյխ Սեֆի ադ-դին Իսհակը (ապրել է 1252 – 1334 թթ.) 13-րդ դ. վերջին, Արեւելյան Ատրպատականի Արդաբիլ քաղաքում: Այսպիսով, 13-րդ դ. վերջին Մերձավոր Արեւելքի քաղաքական քարտեզում փաստացիորեն հայտնվում է մի նոր պետական կազմավորում, որը նրա փաստացի հիմնադիր Սեֆիի անունով ստանում է Սեֆյան պետություն անվանումը:

Սեֆյանների գաղափարախոսական զենքն իսլամի շիա ուղղությունն էր:

13-րդ դ. վերջից մինչեւ 1570-ական թթ. Սեֆյանների հենարանն էին հանդիսանում թյուրքական քոչվոր 7 ցեղեր, որոնց անվանում էին ղզլբաշներ, այսինքն` կարմիր գլխարկ կրողներ, քանի որ նրանք կրում էին կարմիր գլխարկներ:

Այս նորաստեղծ պետությունը, ի տարբերություն օսմանյան պետության, ընդարձակվում էր միայն ասիական ուղղությամբ: 15-րդ դ. վերջին Սեֆյանները` Իսմայիլի գլխավորությամբ, կատաղի պայքար են սկսում տարածաշրջանի մեծ մասի վրա իշխող թուրքմենական ակկոյունլու քոչվոր ցեղերի դեմ: Սեֆյանների հետաքրքրությունների ոլորտում էին հայտնվել Հայաստանը, Միջագետքը, Շիրվանը, Վրաստանը, ողջ Ատրպատականն ու Իրանը եւ այլ տարածքներ:

Փաստորեն, 15-րդ դ. վերջից սկսած Հայաստանը հայտնվում է Օսմանյան կայսրության եւ Սեֆյանների հետաքրքրությունների ոլորտում:

Շարունակելի

 

Միքայել ՄԱԼԽԱՍՅԱՆ

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s