Սկիզբը՝ թիվ 15 (2010 Օգոստոս Ա)

 Յարճանյանի գրական ու մարդկային կերպարին անդրադարձել են Շիրվանզադեն («Կյանքի բովից»), Վահրամ Փափազյանը («Հետադարձ հայացք»): Նրա մասին գնահատող բարձր խոսքեր են գրել Դանիել Վարուժանը, Ռուբեն Զարդարյանը, Վրթանես Փափազյանը, Արշակ Չոպանյանը, Վալերի Բրյուսվը, Եղիշե Չարենցը, իսկ գրականագիտությունը հանգամանորեն ուսումնասիրել է նրա ժառանգությունը՝ լույս ընծայելով հոդվածներ ու մենագրություններ:

Յարճանյանը միեւնույն նյութի տարբեր արծարծումների բանաստեղծ է: Նա չփոխեց իր քնարի լարերը, որովհետեւ նրա ապրած ժամանակը ինքն էր թելադրում ինչ անել եւ ինչ գրել: Նրա ամբողջ ստեղծագործության նյութը հայրենիքի ճակատագիրն է` պատմականորեն որոշակի ժամանակի մեջ, որն սկսվում է համիդյան ջարդերից՝ 1894–1896–ից եւ հասնում մինչեւ 1915–ի Մեծ եղեռնը: Քսան տարվա պատմություն՝ ազգային կյանքի դժվարին ընթացքով՝ ազատության հույս, պայքար, հաղթանակի հասնելու սպասում, խանդավառության բերկրանք, բայց երազանքների փլուզում, մահվան տեսիլ ու կոտորած:

Յարճանյանի բանաստեղծությունները, որպես սկզբունք, ունենք որոշակի դիպաշար, գործողություն, ներքին շարժում, որոնց միջոցով ստեղծվում են հոգեբանական առանձին վիճակներ. բանաստեղծը մի կողմից պանծացնում է հաղթանակը, մյուս կողմից՝ ողբում պարտությունը: Յարճանյանն ստեղծում է որոշակի խորհրդանշաններ, որոնք դառնում են բանաստեղծության հիմնական ասելիքը կրող գաղափարներ: Այդ խորհրդանշաններն առանձին իմաստակիր բառեր են, որոնք նա գրում է մեծատառ եւ դրանցով ու դրանց շուրջ հյուսում իր ազատ ու ընդարձակ պատկերները: Այդ բանաստեղծությունները գաղափարների մարմնացումներ են՝ արտահայտված պատկերավոր լեզվով: Հեղինակը կարողանում է սերտորեն միահյուսել մի կողմից՝ քնարական ապրումը, մյուս կողմից՝ ասելիքի պատմողական կողմը: Դա է պատճառը, որ նրա շատ բանաստեղծություններ թողնում են փոքր պոեմների տպավորություն:

«Դյուցազնորեն», 1902: Սա Յարճանյանի առաջին ժողովածուն է, որի մեջ արդեն իսկ կան նրա ամբողջ ստեղծագործությանը բնորոշ գաղափարները, խորհրդանշանները, խոսքի ձեւն ու բովանդակությունը:

Գիրքն ունի հին հնդկանկան սուրբ գրքերից մեկից՝ «Ռիգ–վեդա»–յից վերցված բնաբան՝ «Այնքա՜ն արշալույսներ կան, որ տակավին չեն ծագած…»: Այսինքն՝ կյանքը շարհունակվում է, երբեք պետք չէ հուսահատվել եւ դյուցազնորեն պետք է պայքարել կյանքի լավ օրվա համար, որը երկրի անկախությունն է եւ ժողովրդի ազատագրումը օտարի լծից:

19–րդ դարի կեսերից եւ 20–րդ դարի սկզբին հայ ժողովրդի ազատատենչ որդիները կռվում էին թուրքական գերիշխանության դեմ հանուն հայրենիքի եւ ժողովրդի ազատության: Այդ պայքարի հերոսական ազդարարը եղավ Զեյթունի ապստամբությունը (1862), որին հաջորդեց հայդուկային–ֆիդայական պայքարը: Ժողովուրդն ստեղծեց իր հերոսներին՝ Աղբյուր Սերոբ, Արաբո, Արդրանիկ, Սոսե, որոնց անուների շուրջ ավանդություններ հորինեց եւ երգեր հյուսեց: Որքան թուրքական իշխանություններն ուժեղացնում էին ճնշումը նույնքան սրվում էր ազգային–ազատագրական պայքարի գաղափարախոսությունն ու համաժողովրդական ինքնագիտակցումը:

Այդ կապակցությամբ հայ խոշոր քննադադ Նիկոլ Աղբալյանը «Ապրիլի 24» գրության մեջ (1929) հետեւյալն է ասում. «Շատ շատերու համար կասկածելի չէ, որ ապրիլ 11–24–ի դեպքերը նպատակ ունեին Հայոց Դատը ոչնչացնել՝ հայ ժողովուրդը կոտորելով: Հայը կոտորվեցավ ոչ թե իբրեւ քրիստոնյա, այլ որովհետեւ Դատ ուներ: Ու թուրքը դիմեց հիմնական միջոցի, ատամը քաշեց՝ ատամի ցավեն ազատվելու համար: Մեռցնել Հայկական Դատը, այս էր հիմնական պատճառը: Ժողովուրդը պետք է կոտորվեր՝ այդ Դատը մեռցնելու համար եւ ժողովուրդը կոտորելու համար ամենեն առաջ կոտորեցին ղեկավարները, որպեսզի ինքնապաշտպանությունը չկազմակերպեն»:

Ավելի ուշ Աղբալյանը ճշգրտորեն ձեւակերպել է այն իրավիճակը, ինչի մեջ էր Յարճանյանն իր գիտակցական եւ գրական կյանքի առաջին իսկ օրվանից սկսած: Ահա այդ մտայնության արտահայտությունն է «Դյուցազնորեն» գիրքը՝ հանուն Հայ Դատի ժողովրդական պայքարը ոգեւորող գաղափարներով:

Բովանդակությամբ, բանաստեղծությունների ներքին կապով ու շարունակականությամբ ամբողջ գիրքը շատ միասնական է, որի վերնագրերն իսկ վկայում են գործողությունների որոշակի ընթացք՝ «Հույսին Ճամփան», «Աստվածացումը», «Արշալույսները», «Ճակատամարտը», «Հաղթանակեն հետո», «Հանգրվանը եւ վաղորդայնը»: Այստեղ խորհրդանշաններ են եւ մեծատառերով են գրվում այնպիսի գաղափարակիր բառեր, որպիսիք են Հույսը, Ցավը, Տառապանքը, Մահը, Երազը, Եղեռնը, Դյուցազունները, Նպատակը, Օր («օրերուն Օրն է»), Արհավիրք, Անոնք, Իդեալ, Ստրկություն, Կուռք, Սուրբ Հսկաներ, Առաքյալներ, Վրեժ, Մեռելներ, Արշալույս, Խենթություն, Փոթորիկ, Անմեղներ, Դրոշ, Հաղթանակ, Հառաջ, Ըմբոստացում, Անցյալ, Խռովք, Ոճիր, Ազատություն, Արյուն, Հանգրվան, Փառք, Արդարություն, Զորություն, Լույս, Ոստան, Հող…

«Մարմարեղեն Հույսի» ռահվիրաները, այսինքն՝ ժողովրդի ազատագրության նվիրյալ հերոսները, նրան ասում են.

Եթե կ’ուզես Տառապանքը Դարերուն համար քանդակե,

Բայց մի մոռնար Անոր աչվըներն ու բերանը ու հոգին տարփորեն

Ընդվզումի ստինքներուն կարկառելու…

…Ու ամենքն ալ հոն պիտի ըլլան այսօր մեզի հետ,

Անոնք որ կույր են, ու անոնք, որ անկար,

Ու անոնք որ իրենց վիզերը խելահեղորեն

Մեկմեկու հոգիի համար

Դեպի Եղեռնը երկարեցին…

Ու անոնք ալ, որ մեր վարպետներն եղան ընդվզումի,

Որոնց խոսքերը մեր խոսքերն են այս իրիկուն

Ու իրենց հոգին մեր պաշտամունքն առ հավետ:

Այսպես «Դյուցազնորեն»–ը առաջին իսկ էջերից դառնում է մի նոր դյուցազներգություն, որի հերոսները հայոց հույսի ճանապարհը բացողներն են, այսինքն՝ ըմբոստներն ու ըմբոստացողները, որոնք հանուն սրբազան նպատակի գնում են նորանոր բախումների: «Փա՜ռք եւ օրհնությո՜ւն ձեզի նորեն ու նորեն»,— ասում է բանաստեղծը եւ նրանց ճանապարհում դեպի հաղթանակներ: Հաղթանակի գնացողների հետ են այդ ճանապարհին ընկածների հոգիները: «Ուրեմն ձեր երգերը մեր երգերը թո՛ղ ըլլան»,— ասում են նրանք: Նրանց կանչին միանում են նորածիններին գրկած հայ մայրերը, որոնք իրենց զավակներին մեծացնում են հայրերի կիսատ մնացած գործը շարունակելու համար եւ նրանց համար օվսանաներ երգում, որ նշանակում է փառաբանություն, գովասանություն, օրհներգություն: Ահա այսպես խմբովին նրանք գնում են ճակատամարտի.

Ուրեմն, Հառա՜ջ, Հառաջ, ո՛վ Ըմբոստացումի զավակներս արյունաբիբ,

Ես գիտեմ, որ կյանքին հանգիստն ու խաղաղությունը այս երկնքի տակ,

Ձեր Հաղթանակին վերադարձին ցնծությունով պիտի երգեք…

Հաղթական ճակատամարտից հետո երգում են մայրերը.

 Զավակնե՜ր, նախ մեզի մոտեցեք, վասնզի գիտենք որ

Ձեր հոգնած ու խռովյալ ու հաղթական

Ճակատներն ազատաբեր հերոսի.

Այլեւս հիմա մեր մայրական լուսեղեն ծոցերուն

Հանգչեցող քաղցրությանցը պետք ունին…

…Երգերը դադրեցան, եւ հայ մայրերն իրենց զավակներուն հետ

Սրբազան Արարատներուն դեմ ծնրադիր ու բազուկնին դեպի վեր

Հաղթանակը տոնելե առաջ, նախ ազատության Հողին համար,

Դարերու անձայն սուգեն հետո իրենց պաշտամունքը մատուցին:

«Դյուցազնորեն»–ը գաղափարական խանդավառության գիրք է, որը կոչված էր պայքարի ուժով ու հաղթանակի հավատով տոգորելու բոլոր հայորդիներին, նրանց, որոնց անունով էլ պիտի կոչվեին հաջորդ շարքերի վերնագրերը: Դյուցազնական շունչը բանաստեղծից փոխանցվում է նրանց՝ ում պատգամում եւ օրհնաբանում էր:

Իրավացի էր Վարուժանը, որ ««Սուրբ Մեսրոպ» Սիամանթոյի» հոդվածում նրան բնորոշում էր որպես «վրեժի մարտագոռ շեփորող եւ տառապանքի խելահեղ բանտագուշող»: Այս հատկանիշերը բանաստեղծի խոսքի երկու նժարներն են:

 

«Հայորդիներ» (1905, 1906, 1908): Երեք շարքերը կազմում են մեկ միասնություն՝ գլխավոր հերոս դարձնելով ազատագրական պայքարի ելած Հայորդու կերպարը: Այստեղ եւս կան բառ–խորհրդանշաններ, դարձյալ գրված մեծատառերով՝ Հայրենիք, Հայորդի (Ես), Պայքար, Հաղթանակ, Հող, Վրեժ, Ատելություն, Արդարություն, Կյանք, Սեր, Հավատարիմներ, Ուխտ, Ուխտվածներ, Հարազատներ, Հերոս, Կամք, Հավատ, Ցեղ, Ընդվզում, Ազգ:

Հայորդին ներկայանում է որպես առասպելական մի դյուցազուն, որը եկել է լուծելու իր ժողովրդի դարավոր վրեժը: «Դարերու վրեժը» բանաստեղծությունը այդ պատգամի մարմնացումն է: Հայորդին խոսում է դարերի պատմության ամոթը մաքրելու հավատով, ներկայանում որպես մի նոր Հայկ դյուցազուն, որը պետք է ազատություն բերի իր ժողովրդին.

 Հույսերու երկաթե սանդուխին կատարներեն է որ ավետիս կ’արձակեմ,

Մոխիրներու, դիակներու եւ վշտերու հովիտներեն է որ հասա ի քեզ,

Եվ, ավա՜ղ, քղամիդիս թեզանիքներեն իմ շքեղ ցեղիս արյունը ահավասի՛կ դեռ կը թորա…

Բայց քայլերս անխոջ են եւ կամքս գերազոր եւ ձայնս դաժանորեն ամեհի…

…Եվ պաղատանքի, աղոթքի, լաց ու կոծի եւ ողբի այն մատյաներու մեջ

Որ դար առ դար իմ սերունդներս իրենց արյունը եւ տառապանքն են լացեր,

Մեկ կողմ նետեցի ես զանոնք, պարտութենե ստրկացում եւ աղաչանքե

                                                          արցունք չերթալու համար…

Եվ մտածումովս եւ զայրույթովս ձեր ցավերուն ամենախոր արմատները չափեցի.

Տեսա՛ որ ձեր փրկություն մուրացողի բոբիկ ոտքերն ավերակներու

                                                                մոխիրներեն այրեցան

…Եվ այսօր, ահավասի՛կ, իմ անկշռելի բարկությունս իր բոլոր հուրերը վառեց…

Հայորդին բանաստեղծական սեղմ պատկերների մեջ կոփածո տողերով ներկայացնում է հայ ժողովրդի տառապանքների պատմությունը, ապա նա խոսք է ուղղում քերթողին եւ պատգամում. «…Արժանաբար դյուցազներգե՛ զիս, ո՜վ քնարավոր, // Ես գիտեմ, որ քու տավիղդ Հայրենիքին ծարավն ունի, ինչպես վրեժն այնքա՜ն դարերու…»: Բանաստեղծությունն ավարտվում է Հայորդու ուժի հաստատման եւ դարերի վրեժը լուծելու անկոտրում կամքով. «Որովհետեւ Ես ե՛մ, Ես ե՛մ, Ես ե՛մ, իմ անունս է Պայքար եւ վախճանս Հաղթանակ»:

«Հողին ձայնը» քերթվածի մեջ Հայորդին շարունակում է իր հռետորական խոսք, որը վերածվում Հողի ձայնի, այսինքն՝ Երկրի ձայնի, որը ներկայանում է որպես իր ընդերքից ու դարերի խորքից եկող, ամեն ինչի ականատես եւ ժամանակների մեջ կարծրացած քարե մի մատյան.

Ու խոսող ձայնը հավիտենական մաքառումներու Հողին ձայնն էր

Որ իր ավերակե բերանները դեպի վեր՝ հորիզոններուն,

Մահազանգերու երկաթեղեն մրրկումի մը հանգույն՝

Վրեժով ու ցասումով առլցված գերագույն մարտահրավերը կ’աղաղակեր…

Ու ահավասի՛կ ձեզի մահաբույր արձագանքն իր փրկարար խոսքերուն:

Եվ խոսում է Հողը՝ ժողովրդի մայրը, պատմության հիշողությունը, ստեղծումի եւ արարչագործության ոգին, ցավերի ու պարտությունների ականատեսը:

Յարճանյանն ստեղծում է լայն ընդգրկում ունեցող տեսադաշտ, որտեղ երկիրն է իր սահմանների մեջ, քաղաքներն ու գյուղերն են եւ ժողովուրդը, առանց որի հողը մնում է օտարին: Իսկ հողը հարազատի պես խռովում է, որովհետեւ հայտնվում է որդեկորույս մոր վիճակում: Հողը սիրում է արյուն եւ քրտինք. արյուն, որպեսզի մնա հարազատ արյունակից, քրտինք, որպեսզի կերակրի իրեն խնամողին:

Սա հզոր եւ հուժկու ձայն է, եւ բանաստեղծը բոլոր պարտությունների դիմաց սրբազան ատելության է կոչում, որովհետեւ հայտնի բան է՝ թշնամուն կարելի է հաղթել միմիայն լավ տիրապետելով ատելության գիտությանը: Ամենեւին չպետք է վախենալ կամ զգուշանալ այս կոչից, հակառակ դեպքում թշնամին կշարունակի հոշոտել ամեն ինչ՝ լինի ժողովուրդ, գյուղ թե քաղաք, եկեղեցի թե ամրոց… «Եթե կ’ուզեք, որ…» թվարկումների շարքի մեջ տասնութ տող շարունակ բովանդակային ընդարձակ ասույթներով բանաստեղծը պարզաբանում է ատելության գիտության անհրաժեշտությունը:

Բանաստեղծությունը դեռեւս շարունակվում է: Հնչում են նոր պատգամներ, որոնք ժողովրդին մղում են եղբայրության եւ ազգային համախմբումի, փոխօգնության եւ միասնության: Նույնանման նոր կառույցներով, ասելիքի հաջորդական հաստատումով եւ ամրապնդումով Յարճանյանը մի կողմից խորացնում, մյուս կողմից ընդլայնում է նույն գաղափարը: «Օգնություն աղաղակեցե՛ք…», «Աճապարեցե՛ք» նախազգուշացնում է բանաստեղծը, որովհետեւ կռահում էր մեծ աղետի մոտեցող տագնապը: «Աճապարեցե՛ք… Դեպի ձեր հողը նվիրական»,— կրկնում է նա, որովհետեւ հակառակ դեպքում «բոլոր կյանքերը պիտի ջախջախվին», «բոլոր ամոլները պիտի այրիանան», «բոլոր նորածինները… աչվըները մահվան մեջ պիտի բանան», «բոլոր արգասաբեր արտերն ու… այգեստանները… պիտի մոխրանան», եկեղեցիների գըմբեթները պիտի խորտակվեն եւ ավերվեն բոլոր քաղաքներն ու գյուղերը:

Յարճանյանը շատ լավ գիտեր թշնամու արյունառուշտ բնույթը, գիտեր նաեւ հողի «բնավորությունը», որը մեկ բառով կոչվում է նվիրում: Հողի խորհուրդն ահա արտահայտվում է հողին ձայնի մեջ.

 — Ո՜վ քաղաքներես եւ երկինքես հալածված թափառական զավկըներ,

Մտիկ ըրե՛ք այս իրիկուն ձեր հինավուրց եւ արգավանդ եւ այրի հողին՝

Ատելությունով, հեծկլտանքով եւ հոգեվարքով հղի

Սա քինահույզ ու արյունոտ ու հուսահատ հրավերը պաղատագին…

Բանաստեղծական խոսքի նույն կառուցվածքն ունեցող արտահյտությունների կրկնությամբ եւ իմաստային շեշտի աստիճանական ուժեղացումով հողը պատգամներ ու պատվիրաններ է տալիս.

Եվ եթե կ’ուզեք, որ ձեր վաղնջական ազգը դեռ տեւե,

Եթե կ’ուզեք, որ երկիրը անգամ մըն ալ ինքն իր մեջը չի քանդվի,

Եթե կ’ուզեք, որ ազգության հերոսները իմ կողերես նորեն ծնին,

Եթե կ’ուզեք, որ արհավրալից գետերս դիակներով բեռցված չի թավալին,

…Եթե կ’ուզեք, որ Հայկաշենն եւ Արմավիրը, Տիգրանակերտն եւ Արտաշատը

                                                                       վերականգնվին,

…Եթե կ’ուզեք, որ դաժան խղճի խայթը ձեր ամենուն առջեւ գերեզմաններ

                                                                           չի փորե…

Ինծի հասե՛ք այն ատեն, մոլեգնաբար եւ գունդ առ գունդ,

Բազուկներնիդ ըմբոստացումի երկաթեղեն հովերուն

Եվ ճակատներնիդ բոլոր բախումներուն կարկառած՝

Եվ աղաղակեցեք ճգնաժամերու մահաշուք օրերուն համար սահմանված,

Արիացումին անդառնալի ընդվզումներու հուսադրող, սպառազինող,

                                                                         հաղթանակող

Ձեր սրտոտ եւ կատաղի կոչերն Ատելության,

Աղաղակեցեք զանոնք որոտումի գոռումներով ապերասան,

Դաշտավայրե դաշտավայր, քաղաքե քաղաք եւ հոգիե հոգի…

Ահա այս ամենի համար նա նորից ու վերստին ժողովրդին կոչում է ազատագրական պայքարի:

Շարունակելի

 

Դավիթ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Բանասիրական գիտ. դոկտոր, պրոֆեսոր

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s