Հայ ազգային-քաղաքական աչքի ընկնող գործիչներից է Խան-Ազատը, որն իր բազմաբովանդակ, եռանդով եւ ավյունով լեցուն գործունեության ընթացքում մոտիկից շփումներ է ունեցել Խրիմյան Հայրիկի հետ: Վերոնշյալ հանդիպումների մասին նա շարադրել է առանձին գրքով` «Յիշողութիւններ Խրիմեանի մասին» վերնագրով, որը լույս է տեսել 1908 թվականին, Թիֆլիսում: Այն նաեւ արժեքավոր է նրանով, որ նոր վրձնահարվածներ է ավելացնում Մկրտիչ Խրիմյանի` ժամանակների ընթացքում կաղապարված հավաքական դիմանկարին:

Խան-Ազատն առաջին անգամ Խրիմյանին տեսել է 1889 թվականի ամռանը` Կ. Պոլսում: Հեղափոխականը վերադառնում էր Եվրոպայից եւ առաքելությամբ օսմանյան մայրաքաղաքում կանգ էր առնելու երկու շաբաթով:

Այնքան կարեւոր էր նրա առաքելությունը, որ ոչ մեկ անգամ հստակ շեշտադրում է. «Պօլիս էի գնում յատուկ միսիայով եւ այնչափ ոգեւորված էի իմ այնտեղ ու այլուր կատարելիք գործունէութեամբ, որ բնութեան կամ այլ ոչ մի գեղեցկութիւն ինձ չէր կարող գրաւել» (Ռ. Խան-Ազատ, «Յիշողութիւններ Խրիմեանի մասին», Թիֆլիս, 1908, էջ 3):

Իր ընկերակցի` Գրիգոր Կալֆայանի հետ մի ամբողջ օր փնտրում են Խրիմյանին եւ հյուրանոց վերադառնալու ճանապարհին անակնկալ հանդիպում. «Առտուընէ ի վեր ձեզ կը փնտռենք, հայրիկ, ու չենք գտներ,-ասաց Կալֆայանը.

-Խա, մէկ Խայրիկ, մէկ Պօլիս. ո՞ւր պիտի կրնաք գտնել Խայրիկը,-պատասխանեց Խրիմեանը իր սովորական իւմօրով» (էջ 7):

Հաջորդ օրը Խան-Ազատը զեյթունցի հանրահայտ Հարություն Չաքրյանի ուղեկցությամբ Հայրիկին տեսակցում է Կ. Պոլսի Գուզկունջուկ թաղի եկեղեցում: Առաջին իսկ պահից Խան-Ազատը զգում է, թե հոգու խորքում հումորի որքան անսպառ պաշարներ է «ամբարել» բոլոր հայերի պատվելի ու գուրգուրելի հայրիկը. «Անունդ ի՞նչ է. երէկ ըսիր, ամմա չիմացայ:

-Խանազատեան,- շուտասելուկով պատասխանեցի ես:

-Ինչպէս ըսի՞ր:

-Խան-ազատեան,- կրկնեցի ես, այդ երկու բառերը միմեանցից բաժանելով:

-Օօօ՜, այդ շատ երկար եղաւ. «խան»-ը քեզի թող մնայ, ազատը ինձի տուր, ասաց նա իր սովորական ծիծաղով.-դէհ պատմէ տեսնեմ Եվրոպայէն ի՞նչ խաբարներ բերած ես հայրիկին» (էջ-9): Ինչպես միշտ ու ամենուրեք, Խրիմյանի վարած կենցաղը շատ պարզ էր ու հասարակ. «Հը՞, կը տեսնե՞ս հայրիկի խուցը. ձեր Էջմիածնայ եպիսկոպոսները այսպիսի խուցերու մէջ չեն ապրիր: Հայրիկը սամօվար ալ չունի, որ քեզի թէյ հրամցնէ» (նույն տեղում):

Զրույցի ընթացքում հեղափոխականը երիտասարդական ավյունով փորձում էր ոգեւորիչ ներկայացնել իրենց գործունեության տեսլականը եւ ազատություն ստանալու համար զոհեր եւ զրկանքներ կրելու անխուսափելիությունը, որին Հայրիկը հակադարձում է այսպես.

«Այդ բոլորը աղէկ կըսես, ամմա հայ ազգը շատ պզտիկ է. կը վախնամ, որ մինչեւ ազատութեան գալը տակը բան չը մնայ»:

Հիրավի, խորաթափանց հեռատեսություն…

Հաջորդ հանդիպումը հեղափոխականի եւ Խրիմյան Հայրիկի միջեւ կայանում է մեկ տարի անց:

Ռ. Խան-Ազատը Կ. Պոլիս էր ժամանել Տրապիզոնից: Այդ ընթացքում Էրզրումում տեղի էր ունեցել հնչակյանների կազմակերպած հայտնի ցույցը, որն ավարտվել էր արյունահեղությամբ: Հնչակյան գործիչները ժամանել էին Կ. Պոլսում եւս համանման մեծ ցույց կազմակերպելու: Այս ամենի շուրջն է կայանում հնչակյան գործչի եւ Խրիմյանի երկրորդ հանդիպումը, որի ընթացքում հետեւյալ երկխոսությունն է ծավալվում.

«-Սա ի՞նչ ըրիք, ի՞նչ սոսկալի աղէտ բերիք Կարնոյ գլխին,- դիմեց նա ինձ յանդիմանական ու չափազանց վշտացած շեշտով:

-Ի՞նչ է պատահել, Հայրիկ, մի՞թէ արդէն ընկճուել էք. բայց չէ՞ որ սա դեռ սկիզբն է,- պատասխանեցի անվեհեր եղանակով:

-Ի՞նչ… դեռ շա՞տ մարդ պիտի կոտորէք: Կ՚ըսեն, որ 60-80 հայ է կոտորուեր: Ապա ո՞ւր է. կ՚ըսէիր, թէ եւրոպացիք պիտի միջամտեն…» (էջ -18):

Այս ուշագրավ խոսակցությունը վկայում է, թե որքան անջրպետ կար ակտիվ հեղափոխականների եւ ապագա Ամենայն Հայոց կաթողիկոսի դավանած հայացքներում ու հոգեկերտվածքում:

Հետաքրքիր է սույն զրույցի վերջաբանը.

«-Դուք պիտի ուրախանաք ու փառաւորուէք, Հայրիկ, որ հայ ժողովուրդն էլ վերջապէս սովորում է իր արիւնը թափել:

-Դու կատարեալ խենթ ես, տղաս. ինչպէ՞ս կրնայ հայրիկն ուրախանալ իր զաւակներու մահը տեսնելով» (էջ -19):

Հիրավի, որքան խորաթափանցություն է դրսեւորում Խրիմյանը, եւ պատմության փորձն ու դասերը վկայեցին, որ նա իրավացի էր: Չէր կարելի գնալ հեղափոխության բոլորովին անպատրաստ` թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեւոր ու բարոյական առումներով: Մինչդեռ հայ հեղափոխականները չտեսնված համառությամբ գնացին վերոնշյալ ուղիով՝ մատաղ անելով համայն ժողովրդին:

Մյուս հանդիպումը Խրիմյանի եւ Խան-Ազատի միջեւ կայանում է Երուսաղեմում: Հեղափոխականները որոշել էին օսմանյան կառավարության կողմից Երուսաղեմ աքսորված Խրիմյանին փախցնել Եվրոպա եւ այդ նպատակով մի պլան էր մշակված: Թեեւ հեղափոխականները կարծում էին, որ «Խրիմեանը «երկաթէ շերեփներ» սիրում էր լոկ քարոզների մէջ, իսկ իրապէս նա սոսկում էր մարդկային զոհերից», բայց միեւնույն ժամանակ գտնում էին, որ նրան բացատրելով ու համոզելով կարելի էր դարձնել նաեւ կյանքի հեղափոխական: Ընդ որում, մտադրությունն այն էր, որ Խրիմյան Հայրիկի գործելու լավագույն վայրը կարող էր լինել Եվրոպան եւ հենց այդ ոգով ու ոճով է կայանում խոսակցությունը.

«…Ներկայ պատմական ժամանակներում երբ Հայաստանը երկունքի մէջ է, ձեր տեղը ոչ թէ Վանն է կամ Պօլիսը, այլ Եւրոպան, ուր դուք կարող էք ձեզ կատարելապէս ազատ զգալ եւ, առանց ձեր ձեռքերի ու լեզուի վրայ կապանքներ կրելու, կատարել այն դերը, որ արժանի է կատարելու հայ ժողովրդի Հայրիկին»: (էջ-46):

Ի պատասխան Եվրոպայում հայոց հարցի տրիբուն դառնալու առաջարկին, Խրիմյանը նորից ու նորից պնդում է, որ իր ցանկությունն է ետ վերադառնալ հայրենիք եւ գործել հարազատ Վանում:

Իհարկե, իրադարձությունները բոլորովին այլ կերպ ընթացան: 1892 թ. մայիսի 5-ին Էջմիածնում կայացած կաթողիկոսական ընտրություններում Մ. Խրիմյանը ընտրվեց կաթողիկոս միաձայն` հոգեւոր եւ աշխարհիկ պատգամավորների 72 քվեով: Անչափ հետաքրքիր ու բնութագրական է այն փաստը, որ աքսորական, թուրքահպատակ Խրիմյանն արժանանում է արեւելահայ  (ռուսահպատակ) պատգամավորների ու լայն հասարակայնության ջերմ ընդունելությանը:

Այս հարթության վրա լոկ զարմանալ կարելի է, թե որոշ հեղափոխականներ ինչպե՞ս չհասկացան, չընկալեցին Հայրիկի զգուշավոր պահվածքը, նրա մշտասեւեռուն անհանգստությունն իր ժողովրդի ներկայի եւ գալիքի հանդեպ:

Ի վերջո, կարելի էր գնալ հեղափոխական ճանապարհով, սակայն բնավ  էլ պարտադիր չէին մեծ կոտորածների ու թանկ արյան առատությունը:

Արմեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Պատմական գիտ. թեկնածու

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s