Սկիզբը՝ թիվ 15 (2010
Օգոստոս Ա)

 
Շահ Սեֆին 1637 թ. օգոստոսի 9-ին դեսպան ուղարկեց Կ. Պոլիս՝ եղած կացությունը վավերացնելու համար, սակայն սուլթանը ոչ միայն դրան չհամաձայնեց, այլեւ դեսպանին բանտ նետեց՝ նպատակ ունենալով նոր պատերազմ սկսել պարսիկների դեմ։

Փիլիպոս կաթողիկոսը շարունակ մտածում էր Մայր Աթոռի գլխավոր սրբությունը՝ Լուսավորչի Աջը, ետ վերադարձնելու մասին։ Այն այդ ժամանակ գտնվում էր Նոր Ջուղայի խոջա Սաֆարի տանը, որտեղ ուղարկվել էր 1612-ին՝ Շահ-Աբասի հրամանով։ 1637-ի ամռանը նա գնաց Սպահան, շրջեց հայ գաղթավայրերում, գումարներ հանգանակեց ու քարոզեց։ Աջը վերադարձնելու համար, ինչը նրա գլխավոր նպատակն էր, անհրաժեշտ էին գաղթականների հավանությունը եւ շահ Սեֆիի համաձայնությունը։ Հայ գործիչները տեղում կամենում էին Աջը վերադարձնել Էջմիածին։ Նրանք էլ շահ Սեֆիի մոտ աջակցեցին կաթողիկոսին։ Մեծ կաշառքներով հնարավոր եղավ ստանալ շահի հրովարտակը։ Սակայն խոջա Սաֆարի ժառանգները չկամեցան Աջը տալ։ Միայն հայրապետական անեծքով նա կարողացավ ճնշել նրանց ընդդիմությունը, եւ Աջը մեծ թափորով բերվեց քաղաքի Խոջենց եկեղեցի։ Նա պատարագեց այնտեղ, բայց ջուղայեցիները դեռ ընդդիմանում էին։ Եվ նա ստիպված եղավ տեղի գլխավորների միջոցով Աջը գաղտնի ուղարկել Մայր Աթոռ։ Աջը Խոջենց վանքից բերեցին Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ, որտեղից էլ՝ երեւանցիների թաղ եւ Բրինջլու օթեւան։ Այստեղից Մարգար Ցղնացի վաճառականն իր բեռների մեջ բերեց Թավրիզ, ուր եկավ նաեւ Փիլիպոսը եւ Աջը վերցնելով՝ բերեց Էջմիածին՝ 1638 թվի սեպտեմբերի 20-ին։ Դա մեծ ուրախություն պատճառեց հայերին, ինչպես հաղորդում է Ա. Դավրիժեցին։ Դրանից հետո սբ Լուսավորչի Աջն այլեւս Էջմիածնից դուրս չի տարվել։

Մուրադ Դ սուլթանի նոր արշավանքն ուղղված էր Բաղդադի դեմ, ուստի Հայաստանն ազատ մնաց ավերածություններից։ Թուրքական բանակները հասան Բաղդադ 1638-ի նոյեմբերի 15-ին։ Հարձակումը քաղաքի վրա գլխավորեց ինքը՝ սուլթանը, եւ 1638 թվի դեկտեմբերի 25-ին Բաղդադն ընկավ թուրքերի ձեռքը։

Փիլիպոսը, դեռ Էջմիածին չհասած, սկսեց զբաղվել լեհահայերի բռնի կաթոլիկացման խնդրով։ Նիկոլը, որ հաղթանակած եկել էր Լվով, այնքան էր սոնքացել, որ հրաժարվել էր հայ հոգեւորականի համեստ զգեստից ու հագնում էր ծիրանի զգեստ՝ կարդինալների պես, ավելին՝ մինչեւ իսկ սպիտակ զգեստ եւ պապի կնգուղ։ Ժողովուրդը, սակայն, շարունակում էր ընդդիմանալ Նիկոլին։ Վիճակն այդպիսին էր Լեհաստանում, երբ հռոմեադավաններն Էջմիածնի մեջ էլ փորձում էին իրենց կողմը գրավել կաթողիկոսին։ Պողոս Փիրոմալի դոմինիկյան կրոնավորը 1634-ին կարողացել էր կրկին Էջմիածին գալ եւ լավ ընդունելություն էր գտել Փիլիպոսի կողմից՝ իբրեւ օտար լեզուների եւ փիլիսոփայության ուսուցիչ։ Դրանից օգտվելով՝ նա ջանում էր կաթողիկոսին լատինամետ առաջարկներ թելադրել։ Նա փորձում էր հայոց ծիսաբանության քննությամբ ցույց տալ, որ իբր Հայոց Եկեղեցին քաղկեդոնական եւ կաթոլիկ է։ Փիլիպոսը նրան հիանալի էր պատասխանել. եթե այդպես է կարծում, այդ դեպքում ո՞ւմ է պետք այդ ավերիչ վեճը։ Տեսնելով, որ հաշտության հասնելու ուղղակի հույս չկա, Փիրոմալին որոշեց գնալ անուղղակի ճանապարհով։ Նա այլեւս դադարեց Քաղկեդոնի մասին խոսելուց եւ քարոզը մատուցում էր որպես ընդհանրապես Քրիստոսի խոսք։ Հայերը դրանից գոհ մնացին՝ կարծելով, թե նա անցել է իրենց կողմը։ Նույնիսկ Դավիրժեցին նրան համարում է այր իմաստուն եւ երեւելի։

Փիրոմալիի այս ընթացքն ավելի ճկուն ու վտանգավոր էր, քան ունիթորների մոլեռանդ գործունեությունը, չնայած ինքն էլ դոմինիկյան էր՝ ունիթորներին դավանակից։ Նա շրջեց հայոց գավառներում, եղավ Կ. Պոլսում եւ քարոզեց հայերեն լեզվով եւ ընդունելություն գտավ, քանի որ Քաղկեդոնի եւ Հռոմի անունները խորամանկորեն չէր տալիս։

Լվովահայերը, որ պայքարում էին Նիկոլի դեմ, աշխատում էին օգտվել Պարսկաստանի եւ Լեհաստանի միջեւ հարաբերություններ հաստատելու պարագայից, ուստի դիմեցին Փիլիպոս կաթողիկոսին, որ նա հայերի համար կազմակերպի պարսից թագավորի միջնորդությունը լեհաց թագավորի մոտ։ 1638 թվի հոկտեմբերի 12-ին նա պատասխան նամակ է ուղարկում Սպահանից։ Նրա կոնդակն ուղղված էր Լվովի, Կամենեցի, Յազլովիցի, Զամոսցայի եւ Լուցկայի հայերին։ Նա գրում է, որ տրտմելով իմացածից՝ դիմել է պարսից արքային։ Միաժամանակ գրում է, թե լսել էր, որ որոշ եկեղեցիներ վերադարձվել են հայերին։ Շարունակելով նա հայտնում է, որ հանդիպել է Լեհաստանի դեսպանի հետ, որը խոստացել է, երկիր վերադառնալով, այդ հարցը լուծել։ Խոսել է նաեւ պարսից դեսպանի հետ, որը նույնպես նամակ կհղի լեհաց թագավորին, որ նա ազատի հայերին իրենց դառնագույն վշտից։ Կոնդակը Լվով է հասնում 1639 թվի հունիսի 25-ին, իսկ հուլիսի 2ին Լվով է հասնում Փիրոմալին։ Պապը նրան՝ որպես հայոց լեզվի լավ գիտակ, հանձնարարել էր գնալ Լվով եւ հաշտեցնել Նիկոլին ժողովրդի հետ։ Այստեղ նա ձեռք բերեց հայերի համակրանքը, որոնք նրան ծախսի փող էլ տվեցին, որ գնա Հռոմ եւ իրենց դատը պաշտպանի։ Լավ չէին դասավորվել Փիրոմալիի եւ Նիկոլի փոխհարաբերությունները։ Փիրոմալիին դուր չէր եկել նրա մոլեռանդ կեցվածքը, ինչպես նաեւ նրա ցոփ ու շվայտ կյանքը։ Դրա համար էլ նա գնաց Հռոմ՝ իր դատը պաշտպանելու եւ հաջողեց։ Նա խորամանկաբար առաջարկել էր իր դեղատոմսը եւ գտել, որ Նիկոլի հեռացումն օգտակար կլինի գրգռություններին վերջ տալու համար։ Սակայն, այնուամենայնիվ, Նիկոլի ուղղությունը պապին ավելի ձեռնտու էր, եւ Նիկոլը ճիզվիտների օգնությամբ ի վերջո հաղթեց։

Լեհահայերը կրկին դիմեցին Փիրոմալիի օգնությանը։ Գործնականում դա էլ օգուտ չտվեց, իսկ լեհահայերը դեռ մնում էին խղճալի վիճակում։ Նրանք չէին ուզում ենթարկվել Նիկոլին։ Նիկոլն էլ իր ծախսերը հոգալու համար եկեղեցիների հարստություններն էր վատնում։ Շատ բան վաճառեց, շատ բան որպես կաշառք բաժանեց՝ վարելով անառակ կյանք, երբ նրա երեխաները հասել էին արբունքի տարիքի։ Եվ այս տականքին էր, որ պաշտպանում էր Հռոմի պապը։ Այս վիճակը շարունակվեց, եւ Փիլիպոսին առիթ չընձեռվեց նորից զբաղվելու լեհահայերի խնդրով։

Մոտավորապես այդ ժամանակներում մահացավ Սահակ Գառնեցին, որը գտնվում էր Փիլիպոս կաթողիկոսի խնամքի ներքո։ Թերեւս նա ամաչում էլ էր իր նախորդ ընթացքի համար, երբ գործակցել էր իր հորեղբայր Մելքիսեդեկի հետ կամ գործել անկախ։ Գնալով սաստկանում էր նրա հիվանդությունը, ուռչում էին ոտքերը՝ հասնելով մինչեւ փորը. անտանելի էր դառնում ցավը։ Իմանալով, որ իր մահը մոտեցել է, նա խնդրեց իրեն տանել Սուրբ Էջմիածին, որտեղ նա ապաշխարեց, լացեց եւ աղոթեց, այնուհետեւ խոստովանեց, հաղորդվեց։ Նրան կրկին բերեցին իր կացարանը, որտեղ էլ այդ նույն գիշերը մահացավ։ Նա թաղվեց միաբանների գերեզմանոցում։ Մ. Օրմանյանը նրա մահը դնում է 1639-ին։

Փլիպոսը շարունակում էր իր խոհական եւ շինարար ընթացքը։ Վիճակը քիչ թե շատ կայունացել էր, քանի որ թուրքերը եւ պարսիկները 1639-ին կնքել էին Յասրե-Շիրինի հաշտությունը։ Պատերազմը, ճիշտ է, Հայաստանում չէր մղվել, բայց Բաղդադ շտապող Ղրիմի թաթարները բավական վնաս հասցրին Այրարատի նահանգին։ Հաշտություն կնքած Մուրադ Դ-ն մահացավ 1640 թվի փետրվարի 9-ին, իսկ շահ Սեֆին՝ 1641-ին։ Առաջինին հաջորդեց նրա եղբայր Իբրահիմը՝ մի մեղկ անձնավորություն, իսկ երկրորդին՝ Շահ-Աբաս Բ-ն, որը շվայտ կյանք էր վարում եւ չնայած մանուկ հասակին՝ տառապում էր հարբեցողությամբ։ Բայց եւ այնպես, հաստատված տեւական խաղաղությունը նպաստեց Փիլիպոսի շինարարական գործունեությանը։ Նրա համբավը տարածված էր անգամ մահմեդականների ու վրացիների շրջանում։ Վերականգնվում էին վանքերը, զարգանում գիրն ու գրականությունը, աճում էր միաբանների թիվը։ Նա Հովհաննավանքից էջմիածին տեղափոխեց Մովսես կաթողիկոսի հիմնած դպրատունը, որտեղ ուսուցիչ կարգեց Սիմեոն Ջուղայեցի վարդապետին, որը եղել էր Մելքիսեդեկ Վժանեցու աշակերտը։ Նորոգչական մեծ աշխատանք տարվեց Հռիփսիմեի եւ Գայանեի եկեղեցիներում։ Նա նաեւ Փիրոմալիի ձեռքով նամակ ուղարկեց Հռոմի պապին, որը ստորագրել էին 25 եպիսկոպոս եւ 8 վարդապետ։ Նա հռոմեադավանությանը դեմ էր, սակայն կամենում էր նորմալ հարաբերություններ պահպանել Կաթոլիկ Եկեղեցու հետ։ Թերեւս, դա միակ ճանապարհն էր՝ պաշտպանելու լեհահայերի խնդիրը։ Գրածն էլ ոչ թե հռոմեադավանության ջատագովություն էր, այլ հայ հավատի պաշտպանություն։

Փիլիպոսի համար կարեւոր խնդիր էր մնում իր կաթողիկոսության իրավասությունների սահմանը։ Արդեն կային Կիլիկիո եւ Աղթամարի կաթողիկոսությունները։ Դրանք ծնունդ առան որպես հակաթոռ կաթողիկոսություններ, սակայն ժամանակի ընթացքում ձեռք բերեցին օրինականի կերպարանք։ Այսուհանդերձ, նրանց իրավասության սահմանները ճշտված չէին։ Նրանց համարձակություն էր տվել նաեւ Մայր Աթոռի բավական երկարատեւ քաոսային վիճակը։ Սիմեոն Սեբաստացին, որ 1633-ին Կիլիկիո կաթողիկոս էր դարձել, ընդարձակում էր իր իրավասությունների շրջանակը եւ ձեռնադրությունները։ Դեռ հնուց նա իրավունքներ էր պահպանում Կ. Պոլսի եւ նրա շրջակա վիճակների վրա։ Այդ աթոռի հետ սերտ էր Կեսարացին։ Ասենք, որ դա զարմանալի չէր, քանի որ նա ձեռնադրվել էր Կիլիկիո կաթողիկոսի կողմից, դարձել էր պատրիարք՝ վերջինիս օգնությամբ։ Սակայն նա չէր ոտնահարում Սբ Էջմիածնի իրավունքները, քանի որ Մովսեսն իր աշակերտն էր եղել, իսկ Փիլիպոսն էլ անծանոթ մեկը չէր։ Վերջին անգամ Կ. Պոլիս վերադառնալիս Սիմեոն կաթողիկոսն Անկյուրայում Թորոս վարդապետին եպիսկոպոս է ձեռնադրում, քանի որ Անկյուրայի եպիսկոպոս Ղուկասը մահացել էր։ Բայց Կեսարացին դժգոհ է մնում իր բարեկամի արածից եւ դիմում է Փիլիպոսին, որը բանադրում է Թորոսին եւ նամակ է ուղարկում Սիմեոնին, որ նա խախտում է անում՝ եպիսկոպոս ձեռնադրելով իր վիճակներից դուրս։ Փիլիպոսի նամակը մեզ չի հասել, եւ դրա մասին կարելի է գաղափար կազմել պատասխան նամակով։ Գրվել է, թերեւս, 1634 կամ 1635 թվին։ Ձեռնադրությունից մի քանի ամիս հետո Թորոսը գալիս է Կ. Պոլիս, հաշտվում Կեսարցու հետ, որը նրան անգամ նվիրակ է դարձնում։ Մեկ ու կես տարի շրջլուց հետո նա վերադառնում է պատրիարքարան եւ որպես առաջնորդ՝ ուղարկվում Անկյուրա։ Այդտեղից Սիմեոնը նրան Սիս է կանչում, որից հետո էլ տեղ է հասնում Փիլիպոսի նամակը, երբ Կեսարացին արդեն մահացած էր։ Սակայն կենդանի է հիշվում սուլթան Մուրադ Դ-ն, որը մահացել է 1640-ին։ Ուստի Մ. Օրմանյանը նամակը դնում է 1638-ին։

Սիմեոնը պատասխանում է Փիլիպոսին՝ անվանելով նրան «հոգեւոր եղբայր մեր», «կաթողիկոս Հայոց»։ Սակայն Կիրակոս Վիրապեցու կաթողիկոսությունը համարում է ապօրինի։ Այլ խոսքով՝ նա կամենում է Կիլիկիո կաթողիկոսության գերագահությունը հաստատել։ Բերում է Կեսարացու մի հայտարարությունը՝ ի պաշտպանություն իրեն։ Սակայն պարզվում է, որ Կեսարացին ոչ թե Էջմիածնի դեմ է հանդես եկել, այլ պաշտպանել է Հովհաննես Այնթապցուն՝ ընդդեմ Պետրոս Կարկառեցու, որը Սսին հակաթոռ կաթողիկոսություն էր վարում։ Ավելորդ է ասել, որ Կեսարացին Էջմիածնի հետ ջերմ հարաբերությունների կողմնակից էր եւ հայտարարում էր, որ ինքն Էջմիածնի վեքիլ եւ երեսփոխան է։ Ճիշտ է, ժամանակին՝ դեռ Ռուբինյանների օրոք, Սիսը Ամենայն Հայոց կաթողիկոսության կենտրոնն էր, բայց 1441 թվից հետո՝ այլեւս ո՛չ։ Մի խոսքով՝ Սիմեոնի պատասխանը ոչնչով չի հիմնավորում Սսի իրավասության հարցը։

Շարունակելի

 

Բաբկեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր

 

 

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s