ՀԱՅԱՍՏԱՆԸ 15-17-ՐԴ ԴԱՐԵՐՈՒՄ

 Սկիզբը՝ թիվ 15 (2010 Օգոստոս Ա)

գ) Աշխարհաքաղաքական դրության սրումը Մերձավոր Արեւելքում եւ Հայաստանը 15-րդ դ. վերջին: 15-րդ դ. առաջին կեսին Հայաստանը գտնվում էր թուրքմենական քոչվոր կարակոյունլու ցեղերի տիրապետության տակ: 1468 թ. թուրքմենական քոչվոր ակկոյունլու ցեղերը պարտության մատնեցին նրանց եւ նվաճեցին Հայաստանի ողջ տարածքը:

Թե՛ կարակոյունլուների, թե՛ ակկոյունլուների տիրապետությունը կատարյալ խավարի դարաշրջան էին Հայաստանի համար, եւ, այնուհանդերձ, Հայաստանին սպասվում էր առավել թշվառ մի ժամանակաշրջան, երբ թուրք-օսմանցիները եւ Սեֆյանները կջախջախեին ակկոյունլուներին եւ պատերազմներ կսկսեին միմյանց միջեւ:

Օսմանյան սուլթան Մեհմեդ 2-րդ Ֆաթիհը 1473 թ. օգոստոսին Դերջանի մոտ տեղի ունեցած վճռական ճակատամարտում ծանր պարտության մատնեց ակկոյունլու թուրքմենների սուլթան Ուզուն Հասանին (1453 — 1477): Դերջանի ճակատամարտի անմիջական հետեւանքն էր Մեծ Հայքի հյուսիսարեւմտյան մասի (Էրզրում, Կամախ, Դերջան, Բաբերդ եւն) միացումը Օսմանյան Թուրքիային: Փաստորեն, Օսմանյան կայսրությունը, ի հաշիվ Հայաստանի, աստիճանաբար ընդարձակում էր իր արեւելյան տիրույթները:

1499 – 1502 թթ. պատերազմելով ակկոյունլուների եւ նրանց դաշնակից մյուս քոչվորների դեմ` Իսմայիլ Սեֆյանը Շարուրի դաշտում տեղի ունեցած ճակատամարտում վերջնական պարտության մատնեց ակկոյունլուներին եւ 1502 թ. գրավեց Ատրպատականի կենտրոն Թավրիզը: Իսմայիլն իրեն հռչակեց Պարսկաստանի շահ` Թավրիզը դարձնելով Սեֆյան պետության առաջին մայրաքաղաքը (մինչեւ 1555 թ.): Սեֆյանները հավակնում էին ակկոյունլուների` վերացած պետության բոլոր տարածքներին, ինչը նշանակում էր բախման անխուսափելիություն այդ տարածքների մեկ այլ հավակնորդի` Օսմանյան կայսրության հետ:

Այսպիսով, Օսմանյան կայսրությունն աստիճանաբար ծավալվում էր դեպի արեւելք, իսկ Սեֆյան տերությունը` դեպի արեւմուտք: Էքստենսիվ զարգացման ուղով ընթացող երկու պետություններն էլ իրենց առջեւ նպատակ էին դրել` լիակատար տիրապետություն հաստատելու Մերձավոր Արեւելքի նկատմամբ, ուստի այս տերությունների միջեւ ռազմական բախումն անխուսափելի էր:

դ) Թուրք-պարսկական առաջին պատերազմը եւ Հայաստանի առաջին բաժանումն Օսմանյան կայսրության ու Սեֆյան Պարսկաստանի միջեւ: 16-17-րդ դդ. Հայաստանը դարձավ Օսմանյան կայսրության եւ Սեֆյան Պարսկաստանի միջեւ արյունահեղ պատերազմների թատերաբեմ, ինչի արդյունքում Հայաստանի տնտեսությունը հայտնվեց խիստ անկումային վիճակում:

1507 – 1508 թթ. Սեֆյան շահ Իսմայիլ 1-ինը (1502 — 1524) գրավեց Հայաստանի եւ Իրաքի մեծ մասը, իսկ մինչ այդ նա արդեն գրավել էր Շիրվանը: Սեֆյանների նման գործողություններն առիթ դարձան թուրք-պարսկական առաջին պատերազմի (1514 – 1555 թթ.) սկսման համար:

Օսմանյան սուլթան Սելիմ 1-ին Յավուզը (Ահեղ, 1512 — 1520) ռազմական գործողություններ ձեռնարկեց Սեֆյանների դեմ եւ 1514 թ. օգոստոսի 23-ին Չալդրանի (Արտազի (Մակուի) Ս. Թադեի վանքից հարավ – Մ. Մ.) ճակատամարտում սոսկալի պարտության մատնեց նրանց: Այդ հաղթանակի հետեւանքը եղավ 1514 – 1516 թթ. Արեւմտյան Հայաստանի (Բարձր Հայք, Տուրուբերան, Ծոփք եւն) եւ Իրաքի մեծ մասի զավթումն Օսմանյան կայսրության կողմից:

Այնուհանդերձ Չալդրանի ճակատամարտում Սելիմ 1-ինի հաղթանակը միայն ժամանակավոր հաջողություն էր, եւ Սեֆյանները պատասխան գործողություններ են ձեռնարկում Թահմասպ 1-ին շահի օրոք (1524 — 1576): 1549 – 1554 թթ. կողմերը փորձեցին վերջնական հաջողության հասնել` դիմելով վճռական գործողությունների, սակայն դրանց անմիջական հետեւանքը դարձան Բարձր Հայքի, Տուրուբերանի, Վասպուրականի, Արարատյան դաշտի, Շիրակի, Սյունիքի, Նախիջեւանի եւ այլ հայկական տարածքների ցանքատարածությունների մեծ մասի ոչնչացումն ու բնակչության սնանկացումը:

Այսպիսով, պատերազմն ընթանում էր փոխնիփոխ հաջողություններով` այդպես էլ վերջնական հաղթողին չորոշելով: Վերջիվերջո, Սեֆյաններն ու Օսմանյան կայսրությունը 1555 թ. մայիսի 26-ին հաշտության պայմանագիր կնքեցին Ամասիայում: Այդ պայմանագրով Հայաստանն առաջին անգամ բաժանվում էր Օսմանյան կայսրության եւ Սեֆյան Պարսկաստանի միջեւեւ:

Պայմանագրի համաձայն իրավականորեն ամրագրվում էր Վասպուրականի մեծ մասի, Բարձր Հայքի, Տուրուբերանի, Աղձնիքի, Ծոփքի, Ալաշկերտի հովտի, Արեւմտյան Վրաստանի (Իմերեթի թագավորությունը` Գուրիայով, Մեգրելիայով, Աբխազիայով եւ Սվանեթով) եւ Իրաքի մեծ մասի անցումն Օսմանյան կայսրությանը, իսկ Արեւելյան Հայաստանի (Շիրակ, Գուգարք, Արարատյան դաշտ, Սյունիք, Արցախ, Ուտիք), Վասպուրականի արեւելյան մասի, Արեւելյան Վրաստանի (Քարթլիի եւ Կախեթի թագավորությունները) եւ Արեւելյան Անդրկովկասի միացումը` Սեֆյան Պարսկաստանին:

Ամասիայի պայմանագրով Կարսի շրջանը չեզոք գոտի էր դառնում երկու տերությունների միջեւ: Այդ գոտու սահմաններն արեւելքում հասնում էին մինչեւ Ախուրյան գետ, հարավում` Կաղզվանից հարավ, հյուսիսում` Զարիշատից հյուսիս (Չըլդըր լճից հարավ), արեւմուտքում` Օլթի գետից արեւելք:

Այսպիսով, թուրք-պարսկական առաջին պատերազմի արդյունքներն էին Սեֆյանների տարածքային կորուստները եւ Օսմանյան կայսրության սահմանների ընդարձակումը` ի հաշիվ Հայաստանի եւ Իրաքի մեծ մասի ու Վրաստանի արեւմտյան մասի:

ե) Թուրք-պարսկական երկրորդ պատերազմը եւ Հայաստանը: Պարսից շահ Թահմասպ 1-ինը, նպատակ ունենալով` հստակեցնելու իր երկրի պետական կառավարումը, 1570-ական թթ. փորձ կատարեց` հստակեցնելու հարկային քաղաքականությունը եւ կենտրոնացնելու երկրի կառավարումը շահական արքունիքի ձեռքում: Այս քաղաքականությունը, ի վերջո, բերեց թյուրքալեզու ցեղերի դերի նվազմանը Սեֆյան պետությունում, եւ արդյունքում Սեֆյանների դեմ ուղղված ապստամբություններ բռնկվեցին Ատրպատականում (Գիլյան, Թավրիզ եւն) եւ Իրանի հյուսիս-արեւելքում:

Այսպիսով, թյուրքալեզու էթնիկ տարրը, որ մինչեւ 1570-ական թթ. հանդիսանում էր Սեֆյանների ռազմական հենարանը, այժմ վերածվում է Սեֆյանների դեմ պայքարում իր ազգակից (թյուրքալեզու) պետության` Օսմանյան կայսրության լուրջ հենարանի:

Թահմասպ 1-ինի մահվանից հետո գահակալական պայքար է սկսվում Սեֆյան տերությունում, եւ, օգտվելով կենտրոնախույս ուժերի ապստամբությունների եւ գահակալական կռիվների հետեւանքով Պարսկաստանում ստեղծված անկայուն իրադրությունից, Օսմանյան կայսրությունը 1578 թ. վերսկսում է ռազմական գործողությունները Սեֆյանների դեմ: Այսպիսով, սկսվում է թուրք-պարսկական երկրորդ պատերազմը:

Օսմանյան սուլթան Մուրադ 3-րդի (1574 — 1595) բանակը` Ղրիմի խանի զորքերի աջակցությամբ, Սեֆյաններից գրավեց Արեւելյան Հայաստանը, Արեւելյան Վրաստանը, Արեւելյան Անդրկովկասը եւ Լուրիստանը: 1584 թ. թուրքերը երրորդ անգամ գրավեցին Ատրպատականի կենտրոն Թավրիզը (առաջին անգամ թուրքերը գրավել էին Թավրիզը 1514 թ., երկրորդ անգամ` 1534 թ.): Այսպիսով, այս անգամ եւս ռազմական գործողությունների ընթացքը շահեկան էր թուրքերի համար:

1590 թ. մարտի 21-ին Կոստանդնուպոլսում կնքված պայմանագրով ավարտվում է թուրք-պարսկական երկրորդ պատերազմը: Պայմանագրի կետերով իրավականորեն ամրագրվում էր Արեւելյան Հայաստանի, Արեւելյան Վրաստանի, Արեւելյան Անդրկովկասի եւ Լուրիստանի միացումը Օսմանյան կայսրությանը: Ատրպատականից Պարսկաստանին մնաց միայն Արդաբիլի շրջանը:

Օսմանյան Կայսրությանն անցած հայկական արեւելահայկական տարածքներից Սյունիքում (Սեւանա լճի ավազան (Ծմակ, Սոդք), Ծար, Քաշաթաղ, Սիսիան, Չավնդուր), Արցախում (Գյուլիստան, Ջրաբերդ, Խաչեն, Վարանդա, Դիզակ) եւ Ղարադաղում պահպանվել էին հայկական կիսանկախ իշխանություններ եւ մելիքություններ, որոնց մեծ մասն իր գոյությունը պահպանեց մինչեւ 18-րդ դ.:

Շարունակելի

 

Միքայել ՄԱԼԽԱՍՅԱՆ

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s