Սկիզբը՝ թիվ 15-16 (2010 Օգոստոս Ա-Բ)

Բանաստեղծը չի հանդարտվում, որովհետեւ չի հանդարտվում հողի ընդերքից հնչող տագնապալի կանչը: Մի վերջին պոռթկումով նա շարունակում է խոսել իր վարանոտ զավակների հետ, շարունակում է ներգործել նրանց մտքի եւ հոգու վրա, որովհետեւ հողը երկրի պատմության վկան է, իսկ նրա զավակները միշտ չէ, որ պատմության հիշողության կրող են: Այդպես է՝

Որովհետեւ, ավա՜ղ, միայն ես գիտեմ, թե արյունի ի՜նչ անագորույն սահանքներ,

 

 Իմ յոթը խավերուս աղջամուղջներուն խորը սուզվելով,

 Հարստությանս հիմունքները անողորմաբար ոռոգեցին…

 Միայն ես գիտեմ իրարու ետեւե անվերջորեն հոգիիս խորը մխրճվող

 Կիսաբաց դագաղներուն ճարճատյունն ահաբեկիչ…

 … Եվ վերջապես միայն ես գիտեմ կուտակումներն այն կմախքներուն,

 Որոնք սրտիս խորքերուն մեջը ո՜ր ժամանակներեն ի վեր, ո՜ր ժամանակներեն ի վեր

 Այնչափ մրրկոտորեն արմատացա՜ն, անտառվեցա՜ն…

Այս ամենից հետո հողը վերջին խոսքով դիմում է «մաքառողներին» եւ այս «ավետիսը» տալիս: Ասում է՝ դո՛ւք, որ իմ հավատարիմներն եք, ուխտավորներն ու հարազատները, դո՛ւք, որ ձեր արյունը տվեցիք ինձ, դո՛ւք, որ երբեք դասալիք չդարձաք՝

 Ձեզի եմ, սրտապնդվեցե՛ք, հուսադրվեցե՛ք, խաչակնքվեցե՛ք,

 Քանզի իրենց փախուստներեն խղճահարված ձեր եղբայրները բոլոր,

 Ահավասի՛կ կը հասնին. Ատելությենե հրաշացած ու Սիրով արբշիռ

 Եվ արշալույսին հուրերուն մեջեն իրենց երկաթյա ձեռքերը ձեր ձեռքերը կը փնտռեն…

«Հողին ձայնը» շատ խոր ընդգրկում ունեցող եւ գեղարվեստական բարձր վարպետությամբ գրված բանաստեղծություն է: Հայրենիքի փրկության գաղափարն այստեղ հնչում է որպես օրհներգ, այդ գաղափարն այստեղ փողփողում է որպես ազատության դրոշակ:

Շարքը շարունակվում է «Զղջումի թափորը» բանաստեղծությամբ, որի մեջ Հայորդին, թշնամուց նեղված, հայրենիքը լքող մարդկային զանգվածներին վերադարձի կոչ է անում. «Ձեզի եմ, դեպի ե՛տ, դեպի ե՛տ, դեպի ե՛տ արշավենք, // Մեր թմրութենեն եւ մեր սարսափեն առնաբար սթափվելով…»: Այնուհետեւ միանման պատկերների հաջորդականությամբ նա վերստին հերոսացումի կոչ է անում. «Թո՛ղ մեր քայլերը հնչեն, եւ մեր վրեժի եւ քաղցի աղաղակը որոտա»: Թո՛ղ, թո՛ղ, թո՛ղ՝ արձագանքում են հաջորդող տասը տողերը: Իսկ շարունակության մեջ արդեն առկայծում է հաղթության հույսը, որի մեջ է բոլորի փրկության հավատը: Հաղթանակի հավատն այնքան ուժգին էր բանաստեղծի մեջ, որ «Կովկաս» քերթվածն սկսում է այդ ոգեւորությամբ. «Ի՜նչ ոսկեղեն դարագլուխ է այս, եւ շղթաներու ի՜նչ զայրագին փշրում…»: Սա ռուսական ինքնակալության դեմ ժողովրդական զանգվածների ըմբոստացման ցույցն է, որ ընթացք է առնում իշխանությունները տապալելու կոչով. «Զա՛րկ, Կովկա՜ս, ավերակյալ ու արցունքոտ Հայաստանին աչքերը քեզի կնային… // Զա՛րկ, ազատաբեր հարվածիդ շռինդը Մասիսեն ի Տավրոս եւ մինչեւ Հայրենիքի խորերը կը թնդա»:

Սա պատմության ա՛յն կեռմանն է, երբ ահաբեկիչները հերոսներ են, նրանց պետք է փառաբանել, որովհետեւ նրանք ազատության զինվորներ են՝ ընդդեմ չարիք տարածող թշնամու: «Մա՛հ, այդ թագակիր, բայց արդեն ահաբեկյալ եւ կիսամեռ դահճապետերուն»,- ազդարարում է բանաստեղծը:

Այս տրամադրություններն աստիճանաբար ուռճանում են ամբողջ շարքի մեջ եւ մարմնավորվում «Մենախոսություն», «Որբերու ճակատագրեն», «Սովամահ», «Բանտերուն խորերեն» եւ այլ քերթվածների մեջ: Ձեւավորվում է գործողությունների, տրամադրությունների դիպաշարը, որը հոգեբանական եւ գաղափարական շարժման մեջ է պահում խոսքի ներքին զարգացումը: Նրա առջեւ է թշնամին, որն ընկած է ցեխի մեջ եւ ցեխն է ապականում («Կախաղաններու կատարեն»), նրա առջեւ են հայ դավաճանները՝ որպես «հրեշածին հայ Հուդա», եւ նրանց համար է ասած՝ «Մեռելներ կան, որ պետք է անգամ մը եւս մեռցնել…» («Դավաճանները»):

«Հոգեվարքի եւ հույսի ջահեր», 1907: Շարքը բացվում է «Մահվան տեսիլք» բանաստեղծությամբ: Աշխարհի հնագույն ժողովրդներից մեկն իր պատմական հայրենիքում, հազարամյակներով ստեղծած իր քաղաքակրթության բնօրրանում կեղեքվում, խոշտանգվում եւ կոտորվում էր թուրք ջարդարարների կողմից: Դարերի ընթացքում այդ վայրենի ուժը ստրկացրել էր հայ ժողովրդին եւ հիմա իրականացնում էր վաղեմի ծրագիրը՝ կոտորածների միջոցով փորձելով գտնել հարցի լուծման արյունոտ վերջաբանը:

Կոտորա՜ծ, կոտորա՜ծ, կոտորա՜ծ…

Քաղաքներուն մեջ եւ քաղաքներեն դո՜ւրս,

 

 Եվ բարբարոսներն արյուններով կը դառնան,

 Մեռելներուն եւ ոգեվարներուն վրայեն,

 Ագռավներու բազմություններ կ’անցնեն վեհեն,

 Արյունոտ բերաններով ու գինովի քրքիջներով…

 Ցամաքահով մը կիսամեռները զայրույթով մը կխեղդե,

Ու պառավներու անձայն կարավաններ

 Շտապով կը փախչեն լայն ճամփաներեն…

 Գիշերին մեջեն արյուներու ալիք կը բարձրանա՝

 Ծառերուն հետ շատրվաններ ուրվագծելով,

 Ու ամեն կողմե սոսկումով կը սուրան հալածված՝

 Նախիրները հրդեհվող ցորյաններուն մեջեն…

 Փողոցներուն մեջ մորթված սերունդներ կը տեսնեմ,

 Եվ ամբոխներ անպատմելի սրածութենե դարձող,

 Արեւադարձային տաքություն մը կը բարձրանա

 Հրդեհի տրված ազնվական քաղաքներեն…

 Ու մարմարի ծանրությունով իջնող ձյունին տակ,

 Ավերակներուն եւ մեռելներուն մենությունը կը մսի,

 Օ՜, մտի՛կ ըրեք սա սայլերուն ճռնչյունն ահավոր,

 Իրենց վրա դիզված դիակներուն տակ,

 Ու սգավոր մարդերուն աղոթքներն արցունքոտ,

 Որ կածանե մը դեպի համայնափոսերը կ’երկարին.

 Մտի՛կ ըրե՜ք հոգեվարքներուն ձայները վերջին,

 Հովին հարվածներուն մեջ, որ ծառերը կը ջարդե,

 Օ՜, մի՛ մոռնաք, մի՛ մոռնաք, մի՛ մոռնաք,

 Չըլլա, որ մոտենաք գերեզմանոցներուն եւ ծովուն,

 Կարմիր ջուրերուն վրա նավեր կը նշմարեմ հեռուն,

 Մեռելներու կուտակումներ անոնց մեջ կան,

 Ու ցավեն գալարվող ալիքներուն վրա

 Գանգեր ու սրունքներ ինծի կ’երեւան…

 Մտիկ ըրե՜ք, մտիկ ըրե՜ք, մտիկ ըրե՜ք

 Փոթորիկին գոչը ծովուն ալիքներուն մեջ,

 Կոտորա՜ծ, կոտորա՜ծ, կոտորա՜ծ…

 Մտիկ ըրե՜ք, մտիկ ըրե՜ք, մտիկ ըրե՜ք

 Մահաձայն ոռնումը զարհուրյալ շուներուն,

 Հովիտներեն ու գերեզմաններեն ինծի հասնող,

 Օ՜, պատուհանները փակեցեք ու աչքերնիդ ալ,

 Կոտորա՜ծ, կոտորա՜ծ, կոտորա՜ծ…

Այս բանաստեղծության մեջ Յարճանյանն ուրվագծում է ահավոր ոճիրի իրական պատկերը: Կոտորածը ոչ միայն դառնում է ասելիքը խտացնող բառ-խորհրդանշան, այլեւ կոտորածը տոգորվում է կենսական բովանդակությամբ: Բարբարոսը թշնամին է՝ թուրքը, որը վերադառնում է արյունոտ բերանով գիշատիչի նման: Ցամաքային տաք խորշակը խեղդում է անպաշտպան կիսամեռ մարդկանց: Ովքեր կարող են՝ փախչում են նախճիրից: Գիշերով ծառերը, ասես, դառնում են արյունոտ շատրվաններ: Հրդեհվել են ցորենի արտերը, որոնց միջով հալածված նախիրներ են անցնում: Փողոցներում ընկած են մորթված մարդկանց դիակներ, մարդկային ամբոխներն են փախչում հերթական սրածությունից, հրդեհում են ազնվական քաղաքները, ձյունն իջնում է մարմարի ծանրությամբ: Սայլերը դիակներով են բեռնված, իսկ սգավոր մարդկանց աղոթքներն արյունոտ են, որովհետեւ նրանց հարազատներն ընդհնուր գերեզմաններում են: Դիակներով են բեռնված նավերը, ծովի ալիքները տատանում են մարդկային մարմնի մորթոտված մասեր: Ծովի ալիքներն իրենց հերթին են գոչում՝ «Կոտորա՜ծ, կոտորա՜ծ, կոտորա՜ծ», զարհուրած շներն իրենց հերթին են մահաձայն ոռնում՝ «Կոտորա՜ծ, կոտորա՜ծ, կոտորա՜ծ…»:

Համատարած կոտորածի մեջ, սարսափից չխենթանալու համար, բանաստեղծն անկարելին է պահանջում մնացածներից. «Օ՜, պատուհանները փակեցեք ու աչքերնիդ ալ…»:

Հայ միջնադարյան գրականությունը լի է պատմական ողբերով: Հայ բանաստեղծները չէին ծնվել ողբասացության համար. ժողովրդի պատմական ճակատագիրն էր մշտապես կենդանի պահում ողբը (լալիքը), իսկ նրա բանաստեղծն էլ ակամա դառնում էր ողբասաց: 20-րդ դարասկզբին գրական այդ տեսակը նորից նորոգվեց՝ կապված ժողովրդի նոր փորձությունների հետ: Յարճանյանը գրեց իր «Մահվան տեսիլք» եւ այս բնույթի շատ այլ բանաստեղծություններ, Հ. Թումանյանը արցունքներով գրեց իր «Հոգեհանգիստը», Ե. Չարենցը երկրի վերջին զոհը դառնալու գիտակցությամբ ծնունդ տվեց իր առաջին «Մահվան տեսիլին» (1920):

Բանաստեղծությունը վերնագրված է «Մահվան տեսիլ»: Տեսիլ (տեսիլք) այստեղ նշանակում է պատկեր, տեսարան, երեւակայական պատկերացում, մինչեւիսկ՝ ցնորական (ոչ իրական) խաբուսիկ պատկեր՝ երեւույթ: Տեսիլը հայ միջնադարյան բանաստեղծության տեսակ է, որ, ահա, վերամարմնավորվում է Յարճանյանի ստեղծագործության մեջ: Տեսիլի բոլոր բացատրություններն էլ ճիշտ են, որովհետեւ լրացնում են իրար: Այս քերթվածը ոչ միայն տեսարան է ու պատկեր, այլեւ արյունոտ իրականությունից սնված երեւակայական պատկերացում, անգամ՝ իրականությունը վերակրկնող, բայց եղեռնի անհեթեթության անըմբռնողության պատճառով՝ անիրական թվացող ցնորք: Հայոց ցեղասպանության իրական պատկերն այնքան զարհուրելի էր, անպատմելի, որ վերածնվել էր տեսիլքի, նաեւ՝ մղձավանջային զառանցանքի:

Նույն պատկերն է նաեւ «Չարչարանքի երազ» քերթվածի մեջ: «Գարնան ու կոտորումների իրիկուն» ահազանգին հաջորդում է բանաստեղծի միջամտությունը. «Հոգիս վրեժի շատրվան մըն է նորեն կատաղորեն դեպի վեր»: Անդունդներից, երկրի խորքից «սրածումներու ձայն» է լսում, եւ այդ ձայնը նորից նրան պարուրում է մահվան ցնորքով.

Ու նորեն այս գիշեր

 Տաճարներուն մեջ անմեղներու դիակներ անհամար.

 Ու տանիքիս վրա տեղատարափ մը երկաթյա,

 Հրդեհներու մրրիկ մը գանգիս տակ,

 Ու տեղափոխվող ջուրերուն վրան

 Խաչված նահատակներ կ’երեւան…

 … Օ՜, օգնության եկե՜ք, գլխատված մարմիններ զիս կ’արշավեն…

Հաջորդում են նույն ապրումներով գրված «Հոգեվարքի իրիկուն», «Աղոթք», «Հանգիստի իրիկուն», «Գիշեր մը» քերթվածները: Գիշերը սոսկ «ավերումի գիշե՜ր», վախի ու սարսափի գիշեր է, արովհետեւ «Հեռուներեն մահազանգակի ցնորաբեր ձա՜յն» է լսվում: Այս ամբողջ ցավը, ողբը, ցասումը, վրեժը կուտակվում են բանաստեղծի էության մեջ եւ ծնունդ տալիս «Հոգիս» լայնահուն բանաստեղծությանը, որի մեջ հոգին է դառնում բառ-խորհրդանշան եւ իր իմաստուն պատկերների հաջորդականությամբ ստեղծում-ամբողջացնում հեղինակի մենախոսությունը: Ժողովրդի ցավից հոգին կարող է ե՛ւ քարանալ, ե՛ւ ողբալ, իսկ որ այս բանաստեղծության մեջ առաջնային է՝ կարեկից լինել, կողքին լինել եւ հույսի ճանապարհը չկորցնել: Ահա այդ բանաստեղծությունը.

 Ահավասի՛կ հոգիիս ջահերը, որ վայրկյան առ վայրկյան

 Մտածումս կ’արեգակեն՝ զանիկա խավարին մեջ սուզելե հետո…

 Հոգիս ա՛ն է, որ բյուրավոր անգամ ձեր ամենուն ցավն ապրեցավ,

 Ա՛ն է, որ անդունդի մը մեջ՝ իր մոխրին վրա ծնրադիր՝

 Հարազատ ու շղթայապատ քույրերու աքսորը կուլա…

 Հոգիս այն վա՛յրն է, ուրկե արյունռուշտ լուսին մը բարձրացավ

 Անմեղներու կոտորածեն ծովացյալ դաշտի մը վրա…

 Ու ա՛յն հողմակոծ անտառն է, որուն ավազաններուն շուրջ՝

 Օ՜, եղբայրական արյունի հեղեղներ կը հոսին…

 Հոգիս այն երկիրն է, ուր որբ եւ սեւահեր տղաներու բազմություններ,

 Անարդար սուրերու շողյուններեն հալածական,

 Աղեխարշ ճիչերով փլատակներու մեջեն կը փախչին…

 Հոգիս այն երկինքն է, ուրկե հույսին բոլոր աստղերը թափեցան,

 Ու այն մարմարակերտ տաճարն, ուր կյանքը ծունկի եկած՝

Խելահեղորեն Ամենագութ մահը կը պաղատի…

 Հոգիս Ավետարան մըն է, որուն վրա տժգույն ու հուսահատ ձեռքեր

 Անկարելի քավության մը համար, ապարդյունորեն, դեղին թերթեր կը թղթատեն:

 Հոգիիս մեջ երբեմն արշալույսներ կ’արյունին,

 Եվ պաղատող աղաղակներու անասելի համանվագ մը կ’որոտա.

Հոն սրածումներու աշխարհ մը կա, ուր սարսափահար կյանքեր

 Ձեր շարժումին, ձեր օգնության, ձեր ձայնին կ’սպասեն…

 Հոգիիս մեջ հերոսներու ծնունդ մը կա, եւ մեռելներու թափոր մը միանգամայն…

 Հոգիս այսօր անձրեւ մըն է մորթազերծված դիակներու վրա,

 Ու նայվածք մըն է, որ բոլոր անտիրական դագաղները կը թափանցե,

 Հոգիս բարկության ու ցասումի ծով մըն է այս գիշեր,

 Որուն վազքին տակ արյունարբու ռազմագունդերը պիտի նահանջեն…

 Ու բոլոր գերեզմանոցները, իրենց խորերեն, ահագնաբար,

 Ձեր նայվածքներուն առջե՛ւ դեպի վե՜ր պիտի շրջին…

 Որպեսզի վերջապես ճանչնանք, ո՜վ անկարեկից ներկաներ,

 Այն բոլոր մարտիրոսները, որ ձեր բոլորին համար

 Անձնվիրության եւ կամքի առավոտ մը ինկան…

 Հոգիս մահատեսիլ աշուն մըն է, որ այս ամենուն վրա

 Իր մշուշը եւ իր տերեւներուն հոգեվարքը կը սրսկե,

 Բայց հոգիս եւ Կարմիր Հուսահատ մըն է, որ անընկճելի Հույսին համար

 Առաքյալի մը պես դեպի արգասաբեր մահը պիտի թեւե…

Սա Յարճանյանի համեմատաբար կարճ բանաստեղծություններից մեկն է (35 տող), որն ամբողջությամբ հագեցած է հայոց ողբերգության արծարծումներով եւ խոր ապրումներով: Ակնհայտ է բանաստեղծի սեւեռումը եւ նյութի ընդգրկումը:

Հոգու ջահերը, նախ, նրա մտածումն են արեգակում, այսինքն՝ բռնկում հրեղեն լույսով: Եվ սկսվում է պատկերների թվարկումը՝ ամեն անգամ նորովի բացահայտելու, թե ինչ է իր հոգին: Հոգին վերափոխվում է եւ, ըստ ցավի դրվագների, մարմնավորվում նորովի: Հոգին ե՛ւ բոլորի ցավն է ապրում, ե՛ւ նրանց համար լալիս, դառնում է վայր, որտեղից ժողովրդի արյունով հագեցած լուսինն է բարձրանում, դառնում է անտառ, որի կողքով արյան հեղեղներ են հոսում: Հոգին այն երկիրն է, այսինքն՝ Հայաստանը, որտեղից որբ տղաների բազմություներ են փախչում, հույսերի առկայծող աստղերից թափված երկինք է, տաճար է, ուր կյանքը անգամ մահ է տենչում: Հոգին Ավետարան է, որի քարոզած արդարությունն ու գութն անիմաստ են վայրենի կյանքի համար, այդ իսկ պատճառով հոգու մեջ արշալույսներն արյունոտվում են: Հոգին կյանքի ասպարեզ է՝ հերոսներով եւ մահվան թափորներով: Հոգին անձրեւ է հանգուցյալների վրա, նայվածք է՝ ուղղված նրանց, բարկություն է ու ցասում, մահատեսիլ աշուն է, բայց նաեւ՝ «Կարմիր Հուսահատ», այսինքն՝ իր ժողովրդի արյան վրեժի եւ «անընկճելի Հույսի համար» առաքյալի պես պատրաստ «արգասաբեր» մահվան, այսինքն՝ հերոսացման: Հեղինակին առաջնորդում է գաղափարական հավատացյալի կերպարը, որն էլ նրա համար դառնում է հույսի ու փրկության ճանապարհի ուղենիշ: Այսինքն՝ վերստին նրա հայացքն ուղղվում է դյուցազնական Հայորդուն:

Հաջորդում են մեկը մյուսից ծանր տեսարաններ, որոնք կարելի էր շրջանցել, եթե դրանք չլինեին իրական կյանքի անդրադարձը: Բանաստեղծը ոչ թե իր մտապատրանքն է ներկայացնում որպես բանաստեղծություն, այլ իրականությունն է վերակերտում բանաստեղծության: Իսկ դա նշանակում է, որ յուրաքանչյուր բանաստեղծություն գեղարվեստական ձեւ ստացած մի իրական վավերագիր է հայ ժողովրդի կանխամտածված ցեղասպանության ճանապարհին: Այս տեսակետից անհրաժեշտ է առանձնացնել «Ավերումի գիշեր», «Հիշատակ», «Անդրշիրիմյան աղաղակ», «Թաղում», «Մահերգ», «Արյուն է, որ կտեսնեմ», «Մեռնելոցի օր», «Ափ մը մոխիր, հայրենի տուն», «Քնարիս լարերը դեռ թաց են», «Ես երգելով կուզիմ մեռնիլ», «Ասպետին երգը» քերթվածները: «Արցունքո՜վ, արցունքո՜վ լսեցի, որ ավերակ առ ավերակ // Քու լայնանիստ պատերդ իրարու վրա կործանեցին…»,- ասում է նա Եփրատի ափին գտնվող հայրենի տանը, նորոգում մանկության հիշատակները եւ խոսքն ավարտում այս լարված տողերով.

 Ափ մը մոխի՜ր աճյունիս հետ, Հայրենի՛ տուն,

 Ափ մը մոխի՜ր քո մոխիրեդ ո՜վ պիտ բերե,

 Ափ մը մոխի՜ր քու ցավե՛դ, քու անցյալե՛դ,

 Ափ մը մոխիր… իմ սրտիս վրան ցանելու…

 

Շարունակելի

Դավիթ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Բանասիրական գիտ. դոկտոր, պրոֆեսոր

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s