Հայաստանում գործող կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններն այսօր նախանձելի հաճախականությամբ արձանագրում ու համացանցում զեկույցների տեսքով տեղադրում են իրենց ուսումնասիրությունները: Սակայն այդ էջերում սովորաբար անտեսված է մնում մեծամասնության իրավունքի պաշտպանությունը: Մեր պետության եւ միջազգային ատյանների հասարակական ու իրավական բոլոր հնարավոր լծակներն օգտագործվում են ապահովելու համար կրոնական փոքրամասնությունների թույլատրելի իրավունքների պահպանումը, սակայն քննարկման չեն դրվում նրանց պարտականությունների վերաբերյալ հարցերը: Այս առումով մեծ խոչընդոտ է նաեւ կրոնական փոքրամասնությունների գործունեությունը կարգավորող ՀՀ օրենքը, որը, ըստ ՀՀ Կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի վարչության պետ Վարդան Ասցատրյանի, ոչ միայն չի սահմանում կրոնական փոքրամասնությունների պարտականությունները, գործունեության սահմանափակում­ները, այլեւ որեւէ կերպ չի տարբերակում ամերիկյան նորաբույս մի աղանդ ազգային փոքրամասնությունների կրոնական համայնքներից ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուց: «ՀՀ-ում այսօր գրանցված կրոնական կազմակերպությունները 66-ն են. այդ թվում՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, Կաթոլիկ Եկեղեցին, ազգային փոքրամասնությունների կրոնական հաստատությունները` եզդիական ավանդական, հրեական, ասորական կրոնական համայնքները, բողոքական հոսանքները` 30-ից ավելի կրոնական կազմակերպություններ եւ մի շարք նոր ձեւավորված կրոնական ուղղություններ»,- տեղեկացրեց Վ. Ասցատրյանը: Նա հավելեց նաեւ, որ դա չի նշանակում, թե այլ կրոնական խմբավորումներ, համայնքներ չկան. նշված 66-ը նրանք են, որ դիմել են գրանցման համար եւ գրանցվել են, բայց որոշներն էլ կա՛մ գրանցված չեն, կա՛մ գրանցված են որպես հասարակական կազմակեր­պություն, օրինակ չինական «քրիստոնեական» համայնքը` Մունի Եկեղեցին: Այս պարագայում, փաստորեն, նրանք իրավունք չունեն կրոնական գործու­նեություն իրականացնելու: Սակայն ՀՀ Կառավարությանն առընթեր համապատասխան վարչությունը կարող է ստուգումներ կատարել, եթե քաղաքացիները պաշտոնական բողոք ներկայացնեն: Հարկ է նկատել, որ մինչ օրս ոչ ոք այս հարցով չի դիմել:

Օրենքը եւս մեկ լուրջ բացթողում ունի կրոնական կազմակերպության անվան ընտրության առումով. հասարակական կազմակեր­պութ­յուն­նե­րի համար կա որոշակի կարգ, համաձայն որի՝ եթե կազմակեր­պության անունն առնչվում է հեղինակավոր անձանց կամ կազմակերպութ­յուն­ների անունների հետ, խնդիրը քննվում է հատուկ կարգով, արգելվում է կամ թույլատրվում: Կրոնական կազմակերպության պարագայում, սակայն, այդ կարգը չի գործում:

ՀՀ «Խղճի ազատությունների եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի հինգերորդ կետում սահմանվում են կրոնական կազմակերպությանը բնորոշող չորս կետերը: Կառավարության կողմից լիազորված կրոնի գործերով պետական մարմինը փորձաքննության է ենթարկում ներկայացված փաստաթղթերը` պարզելու, թե արդյոք դրանք համապատասխանո՞ւմ են այն չորս կետերին. այսինքն` կազմակերպությունն ունի՞, արդյոք, 200 անդամ, պատմականորեն կանոնացված սուրբ գիրք, ուղղվա՞ծ է միայն հոգեւոր ոլորտին եւ չունի՞, արդյոք, նյութապաշտություն: Բայց, ինչպես ակնհայտ է, սրանք, հետեւորդների թվաքանակից բացի, բավականին ընդհանուր, անչափելի չափորոշիչներ են: Դրանից հետո կազմակերպությունը փորձագիտական եզրակացության հիման վրա պետական ռեգիստր պահանջ է ներկայացնում՝ գրանցման համար: Վ. Ասցատրյանը հիշեցրեց, որ փորձագիտական եզրակացությունը նշված չորս կետերով մերժել էր հայտերից վերջինը` «Եհովայի վկաներ» կազմակերպությանը: «Այս հայտին մենք բացասական վերաբերմունք էինք արտահայտել եւ ցույց տվել, որ այս կազմակերպության գրանցմամբ խախտվում են օրենքի այլ դրույթներ, բայց քանի որ Հայաստանը Եվրոպայի միության անդամ դառնալու համար պարտավորություն էր ստանձնել, մենք չպնդեցինք, որ Եհովայի վկաները մեր օրենքները լիովին պահեն, հետո նոր գրանցենք»,- նշեց նա: Իսկ «Եհովայի վկաները» ո՛չ պահեցին, ո՛չ պահում են, ո՛չ էլ պատրաստվում են պահելու ՀՀ որոշ օրենքներ:

Եթե համացանցում այսօր «Հայաստանի կրոնները» կամ համանման արտահայտությամբ «փնտրում» սկսեք, հղումն անմիջապես ձեզ կառաջնորդի «Բաց հասարակության ինստիտուտի» հովանավորյալ www.religions.am կայքը: Հայաստանաբնակ մարդու համար գրեթե անմիջապես ակնհայտ կդառնա այստեղ տեղադրված ուսումնասիրությունների, վերլուծությունների ու զեկույցների միակողմանիությունը: Ներկայացնելով բացառապես կրոնական փոքրամաս­նութ­յունների շահերը` այստեղ ներառված չեք գտնի այն բազմաթիվ օրինախախ­տումները, որ արձանագրվում են «մեծամասնության» հանդեպ: Սակայն ո՛չ ՀՀ Կառավարության աշխատակազմի՝ ազգային փոքրամասնությունների եւ կրոնի վարչությունը, ո՛չ էլ որեւէ այլ կառույց չի կարող որեւէ կերպ համակարգել այս համասփյուռ կայքի գործունեությունը: «Այսպիսի զեկույցներ` այլընտրանքային մտածողության տեր անձանց կամ մարդու իրավունքները յուրովի պաշտպանող կազմակերպությունների տեսակետների ժողովածուներ, պատրաստվել են նաեւ նախորդ տարիներին: Այս աշխատանքներում ընդգրկվածներից ոմանք առավել հավասարակաշիռ են մոտենում խնդրին` փորձելով ծայրահեղության մեջ չընկնել: Առավել հաճախ մենք տեսնում ենք, որ զեկույց պատրաստողներն իրենց առաջ խնդիր չեն դրել հավասարակշռությունը պահել` խելահեղորեն տրվել են մարդու իրավունքների պաշտպանության գաղափարին, եւ ամեն առիթ` կրոնական որեւէ կազմակերպության հիմնավոր կամ անհիմն բողոք, օգտագործել են մարդու իրավունքների խախտում ձեւակերպելու համար,- նշեց Վ. Ասցատրյանը։- Մեր բացահայտած իրավիճակներից մեկն էլ Հելսինկյան իրավապաշտպան կազմակերպության զեկույցի հետ էր կապված, երբ փաստեցինք, որ այդ կազմակերպությունը, սնվելով Սայենտոլոգիայի Եկեղեցուց, պաշտպանում է նրա շահերը: Եվ, բնականաբար, մտքերի այդ ժողովածուն չի կարող արտահայտել իրական վիճակը»:

Անցած քսան տարիների ընթացքում, ինչպես կյանքի մյուս ոլորտները, զարգացում է ապրել նաեւ կրոնական ոլորտը, այս ընթացքում թվաքանակով աճել են կրոնական կազմակերպությունները, ընդլայնել եւ խորացրել են իրենց գործունեության ոլոտները: Մատուցում են սոցիալական տարբեր ծառայություններ, արմատներ են ձգում կրթական եւ դաստիարակության ոլորտում` մասնավոր դպրոցներից մինչեւ ամառային ճամբարների կազմակերպում (այս հարցը եւս առկախ է. չկա այս ոլորտը կարգավորող իրավական ակտ), մանուկներին բաժանում են □նվերներ□` նկարազարդ քարոզչական գրականություն: Օրենքն այնքան է հնացել, որ առաջացել են շատ հարցեր, որ դուրս են օրենքի շրջանակներից: Խնդիրների դեպքում սովորաբար համարում են, որ համապատասխան լծակը չկա, իսկ մարդու իրավունքները գերակա են, ազատ ճանապարհ են տալիս կրոնական փոքրամասնություններին` մտահոգվելով, որ այլ դեպքում Արեւմուտքը կարձագանքի բացասական: Իհարկե, այս ազատ ճանապարհը կարող էր դրական ավարտ ունենալ, եթե իրավունքները միայն բարի նպատակներով իրացվեին: Սակայն ինչպես մարդու գործունեության ցանկացած ոլորտ, այստեղ եւս այն կա՛մ ի սկզբանե լինում է, կա՛մ ընթացքում դառնում է շահադիտական: Հայաստանում առկա են նման իրավիճակների մի շարք օրինակներ: Անցյալ տարվա մամուլի վերլուծությունը, իրոք, ցույց է տալիս, որ կա մարդու իրավունքների ոտնահարում՝ մարդու իրավունքների պաշտպանության դիրքերից, կամ մի իրավունքի պաշտպանության անունից մարդու մի շարք այլ իրավունքների ոտնահարում:

Վ. Ասցատրյանը համոզված է, որ հարկ է ընդունել նորովի շարադրված օրենք, քանի որ հինն իր կառուցվածքով, ենթաբաժիններով այսօր ընդունվող մեր մյուս օրենքներին համապատասխան չէ: «Այստեղ պետք է հստակ սահմանել, որ Հայ Առաքելական Եկեղեցին ոչ միայն պատմականորեն, այլեւ հայ ժողովրդի այսօրվա կյանքում ունի առանձնահատուկ ազգապահպան դեր, իսկ կրոնների մեջ` առանձին կարգավիճակ: Կարգավիճակների այս տարբերակումն առկա է գրեթե բոլոր եվրոպական երկրներում, եւ այն չի դիտվում որպես իրավունքների ոտնահարում»,- փաստեց նա` բացատրելով, որ այս երեւույթն առկա է կյանքի նաեւ մյուս բնագավառներում. ասենք, ընտրություններում հավասար իրավունքներով պայքարում են բոլոր ցանկացողները, սակայն մեծամասնության ընտրությամբ նրանցից միայն մեկին է տրվում իշխանական իրավունք: Սրանից բացի,  հարկ է տարբերակել նաեւ մյուսների կարգավիճակները. ազգային փոքրամասնությունների ավանդական կրոնական կառույցները դիտարկել առանձին` տալով իրենց համայնքի ներսում նաեւ մշակույթի, ազգային ինքնության պահպանության գործառույթ իրականացնելու հնարավորություն: Առանձին դասել այն կազմակերպությունները, որ հասարակության մեջ հայտնի են դարձել իրենց օրինապահությամբ` որպես բարեխիղճ հարկատու, իրենց իրական բարեգործությամբ: Այսպես, վերջապես, փոխել «կրոնական կազմակեր­պություն» ընդհանուր սահմանումը, տալ չափելի սահմանումներ, որով էլ առավել դյուրին կլինի դրանցից յուրաքանչյուրի համար մշակել իրավունքների եւ պարտականությունների շրջանակ: Այսօր, օրինակ, բոլոր կրոնական կազմակերպություններին իրավունք է տրված այցելել բանտեր, հիվանդանոցներ, ծերանոցներ: Մինչդեռ, պարզ է, որ հարկ է այդ իրավունքը տալ նրանց, ովքեր այդ հաստատություններում հետեւորդներ ունեն եւ կամենում են այցելել կամ ինչ-որ արարողություններ կատարել տեղում:

Եվ, վերջապես, սահմանելով կրոնական կազմակերպությունների պարտակա­նությունները` առավել որոշակի կդառնա նրա գործունեության շրջանակը: Կրոնի գործերով պետական մարմինն այսօր չունի գործունեության համար անհրաժեշտ` վերահսկողություն իրականացնելու լիազորություն, իրավախախտում­ները կանխելու, արձանագրելու, զգուշացումներ ներկայացնելու եւ դրանք անտեսելու դեպքում դատական գործընթաց սկսելու հնարավորություններ: Եթե կա օրինախախտության դեպք, պետական մարմինը, առավելագույնը, նյութերը կարող է ուղարկել դատարան: Իսկ դատարան դիմելու լիազորությունը, իրոք, անիմաստության աստիճան քիչ է, քանի որ կրոնական կազմակերպությունների գործունեությունը կարգավորող միակ պետական կառույցը (իր երեք աշխատակցով) չունի հետաքննություն իրականացնելու, դեպքը` սպանություն, ինքնասպանություն, մարդու ազատության սահմանափակում, կրոնական տեսանկյունից որակելու համար փաստեր հավաքելու որեւէ հնարավորություն: Փոխանցելով տեղեկությունը` նրա գործն ավարտվում է. հետաքննությունն անցկացնում են համապատասխան` ոստիկանության կամ ազգային անվտանգության մարմինները: «Հարկ է իրավասու լինել` որոշակի գործողություններով կանխել այն իրավիճակի ստեղծումը, որն առաջ է բերում իրավախախտումը»,- նշեց Վ. Ասցատրյանը:

Ամփոփելով փաստենք, որ խուսափելով Եվրոպայի հետ քաղաքական նոր խնդիրներից` երկար ժամանակ հետաձգվել է եւ դեռ հետաձգվում է այս ոլորտին անդրադարձը: Բայց այսպես երկար շարունակվել չի կարող: Օրենսդրական բացերի պատճառով շարունակվում են ոտնահարվել մարդու իրավունքները, Հայաստանի Հանրապետությունում ճնշող մեծամասնություն կազմող Հայ Առաքելական Եկեղեցու հետեւորդների իրավունքները, մեր ազգային արժեքները, շարունակվում է վտանգվել հայ ընտանիքը: Եվ քանի որ ընթանում ենք դեպի Եվրոպա, ուսանելի կլինի հիշել նաեւ Եվրոպայի փորձը: Չէ՞ որ 70-ական թվականներին, երբ եվրոպական հասարակությունն անշրջանցելի կրոնական իրավախախտումներին կտրուկ արձագանքեց, դրանով ստիպեց իշխանություններին անդրադառնալ եւ որոշակիորեն համակարգել այս ոլորտը: Այսպես տեղի ունեցան օրենքների լուրջ փոփոխություններ, պետական կառուցվածքում նոր միավորների ստեղծում, ընդհուպ մինչեւ □սեւ ցուցակների□ պատրաստում, տարբեր կիրառական մեխանիզմների մշակում եւ այլն: Այնպես որ այսօր միայն համապատասխան վարչության ներկայացրած օրենսդրական փաթեթը բավարար չէ խնդրի լուծման համար: Այդ փաթեթն ինչպես երկու տարի է` օրենսդրի դարակում է, այնպես կարող է եւս մի-երկու տասնյակ տարի մնալ այնտեղ: Մեր հասարակությունը պիտի անտարբեր չլինի, պիտի արձագանքի, բարձրաձայնի, փորձի պաշտպանել թե՛ իր, թե՛ իր համար տեսանելի զոհերի շահերը, ցույց տա, որ հասունացել են խնդիրները, ու ինքն էլ ցանկանում է տեսնել դրանց լուծումները: Սիրելի՛ մեծամասնություն, փոքրամասնության շահերի ակտիվ պաշտպանության ստվերում շուրջ քսան տարի է, ինչ անտեսվում են քո շահերը: Թերեւս բավ է:

 

Կարմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s