Սկիզբը՝ թիվ 15-16 (2010 Օգոստոս Ա-Բ)

Եթե Սիմեոնին հավատանք, ապա Մովսեսը պատրաստ է եղել հրաժարվել իր բաժնից՝ հօգուտ Մինաս կաթողիկոսի, միայն թե նա որոշի, թե ուր է հաստատում իր աթոռը։ Իհարկե, այս փաստը չի հաստատվում եւ ոչ մի սկզբնաղբյուրով։ Ավելին. եթե Մովսեսն ասել է այդ, ապա միայն՝ հաշվի առնելով Մայր Աթոռի շահը, որովհետեւ այդպիսի խնդիրը կարող էր որոշել միայն ազգային եկեղեցական ժողովը եւ ոչ թե Մինաս կաթողիկոսը։ Պատասխանելով Փիլիպոսի այն հարցին, թե ինչո՞ւ է նա ձեռնադրություն կատարել ոչ իր վիճակում` նա փորձում է դա հիմնավորել նախորդների ժամանակներում կատարված ձեռնադրություններով։

Ավելորդ համարելով հիշել ձեռնադրվածների անունները՝ կամենում ենք լոկ նշել, որ փաստորեն Սիմեոնը թվարկում է Էջմիածնի վիճակները՝ Ակն, Անկյուրա, Կ. Պոլիս, Եվդոկիա, Կարին, Ամասիա, Մարովան, Կաֆա, Խարբերդ, Բաղեշ, Մուշ, Մերդին, Երզնկա, Ադրիանուպոլիս, Բուղդան, Լվով, Քոնիա, Կեսարիա, Չնքուշ, Սեբաստիա, Սուլումանաստր եւ այլն։ Սիմեոնը փորձում է օգտվել նաեւ Լամբրոնացու այն մտքից, թե կաթողիկոսն իրավունք ունի եպիսկոպոս ձեռնադրել բոլոր վայրերում, սակայն չի մտածում, որ Լամբրոնացին նկատի ուներ ազգապետ կաթողիկոսին։ Որպես հակադրություն՝ նա մեղադրում է Փիլիպոսին՝ հալեպցի Սիմեոնին ձեռնադրելու համար, որը նրա վիճակում չէր։ Սակայն չի նշում, թե հիշյալ անձը որ վիճակի համար է ձեռնադրվել։ Այլ խոսքով՝ ծննդավայրը նշանակություն չունի։ Սիմեոն կաթողիկոսը մեղադրում է Փիլիպոսին Թորոսին բանադրանքի ենթարկելու համար։ «Այդ դեպքում,- ասում է նա,- դու պիտի բանադրես Սսի կողմից բոլոր ձեռնադրյալներին, այդ թվում՝ արդեն մահացածներին»։ Ավելորդ է ասել, որ Սիմեոն կաթողիկոսի նամակ- պատասխանն առանձին տրամաբանությամբ աչքի չի ընկնում։

Համարելով, որ ամենալավ պաշտպանությունը հարձակումն է, Սիմեոն կաթողիկոսն սկսում է մեղադրել Էջմիածնին զանազան մեղքերի մեջ. թե այլեւայլ տանջանքներով սպանել են Համազասպ եպիսկոպոսին, թե կտրել են Մարդակերաց Ճանճի եպիսկոպոսի ականջը, թե կտրել են սերկելեցի աբեղայի առնանդամը, թե ուրացրել են գառնեցի աբեղային, թե Լեհաստանի հայերին անհաղորդ եւ անթաղել են թողել եւ այլն եւ այլն։ Կարիք էլ չկա ասելու, որ մեղադրանքները լուրջ չեն։ Հատկապես ուզում է իրեն արդարացնել Թորոսին Անկյուրայի եպիսկոպոս ձեռնադրելու խնդրում, սակայն ընդունում է, որ Անկյուրան Էջմիածնի թեմն է, որ ինքը ձեռնադրել է ժողովրդի պահանջով։ Սակայն պարզվում է, որ ժողովուրդը դեմ է եղել Թորոսին, եւ այդ պատճառով Սիմեոնն ստիպված է եղել նրան Սիս հրավիրել։ Հետեւում է շարունակությունը, թե Սիս գալուց հետո այլեւս նամակ գրելու կարիք էլ չկար, որ նրա հայրը Կարամանից է, մայրը՝ Մելիտենեից, հետեւաբար նա իր թեմի մեջ է։ Միակ ճիշտն այն է, որ Փիլիպոսը նամակը գրել է այդ ամենը կատարվելուց հետո։ Հավանաբար նամակը շուտ է գրվել, բայց ուշ է տեղ հասել։ Չի բացառվում, որ Սիմեոնը կամենում է պարզապես ջուր պղտորել։

Նամակի վերջում Սիմեոնը կծու հանդիմանություններ է ուղարկում Փիլիպոսի հասցեին՝ փորձելով իր ասածները հիմնավորել Աստվածաշնչից կատարված մեջբերումներով։ Այդ վերջաբանն այնքան տգեղ է եւ անկշիռ, որ դրան անդրադառնալ անգամ չենք կամենում։ Սիմեոնն իրեն համարում է օրինական կաթողիկոսների հաջորդ, իսկ Էջմիածնի կաթողիկոսներին՝ իբրեւ հակաթոռ։

Հայտնի չէ, թե այս նամակն Էջմիածին հասա՞վ, իսկ եթե հասավ էլ, ապա ի՞նչ հետեւանքներ ունեցավ։ Փիլիպոսը, հավանաբար, ճիշտ վարվեց՝ պատասխանին առանձին ուշադրություն չնվիրելով։ Նա ավելի շատ զբաղված էր Եկեղեցու բարեկարգման կանոններով, որոնց մասին Սիմեոնը նույնիսկ խոսք չի ասում։ 1648-ին Սիմեոն կաթողիկոսը մահացավ, եւ նրան հաջորդեց Ներսես Սեբաստացին։ Սա խաղաղասեր ու խոհեմ մարդ էր։ Նրա օրոք նորմալ հարաբերություններ հաստատվեցին Սսի եւ Էջմիածնի կաթողիկոսությունների միջեւ։ Շատերը դա համարում են Ներսեսի եւ Փիլիպոսի՝ Երուսաղեմում պատահական հանդիպման արդյունք։ Ավելի շուտ դա վաղօրոք նախապատրաստված համաձայնության արդյունք էր։ Հանդիպումը գրեթե չեզոք վայրում, ըստ էության, նախորդ բանակցությունների տրամաբանական շարունակությունն էր։ Փիլիպոսը Երուսաղեմ մեկնեց 1651-ին, երեւի, ինչպես Մ. Օրմանյանն է կարծում, մարտի 30-ից հետո։ Նրա բացակայության շրջանում նրա տեղապահը եղավ Հակոբ Ջուղայեցին, որը շարունակում էր նրա շինարարական գործունեությունը։

Փիլիպոս կաթողիկոսը Երուսաղեմ մեկնեց մեծ թվով ուղեկիցներով՝ եպիսկոպոսներ, վարդապետներ, քահանաներ եւ սպասավորներ։ Ճանապարհին նրանց միացան էլի ուրիշները։ Մեկնողներն այնքան շատ էին, որ ուխտավորների կարավան էին հիշեցնում։ Կ. Պոլսի հայերը դիմեցին մեծ եպարքոսին, որ ապահովի կաթողիկոսի եւ նրա ուղեկիցների անվտանգությունը։ Տրվեց թագավորական նոմոս, եւ արքունիքից ուղեկցող անձնավորություն նշանակվեց, որը պետք է ապահովեր պատշաճ ընդունելությունը եւ ի հարկի հարգանքը։ Արքունիքի ներկայացուցիչը Կարնում հանդիպեց Փիլիպոսին եւ երկու տարի նրան ուղեկցեց, մինչեւ նրան հասցրեց Էջմիածին եւ Երեւանի կուսակալ Մահմադկուլի խանից ստանալով նշանի եւ ազատության նամակ՝ վերադարձավ Կ. Պոլիս։ Թե ո՞ր ճանապարհով նա Երուսաղեմ գնաց, հայտնի չէ։ Պետք է ենթադրել, որ նա շատ վայրերում է կանգ առել եւ հանդիպել հավատացյալներին։ Նա հասավ Երուսաղեմ միայն 1651 թվի աշնանը։ Դավիթ Եվդոկացի անունով մի երեց, որը թողել է օրագրություն, նշում է, որ նույն տարվա նոյեմբերի 30-ին հասել է Հալեպ եւ տեսել սրբազան կաթողիկոսին ու ստացել նրա օրհնությունը։ Հետո կաթողիկոսը մեկնել է Երուսաղեմ։ Մեկ ուրիշ հիշատակարանի համաձայն՝ Փիլիպոսն ու Ներսեսը հանդիպել են Բերիայում կամ Հալեպում։ Շուտով հասնում են Երուսաղեմ, որտեղ պատրիարք էր Աստվածատուր Տարոնեցին, որը Գրիգոր Պարոնտերի աշակերտներից էր։ Սա էլ հայտնի է իր շինարարական ձեռնարկներով, սակայն թշնամություն էր տեսել թե՛ դրսից եւ թե՛ ներսից։ Ավելին. նրան գահընկեց էին արել 1649-ին, որից հետո պատրիարք էր դարձել Եղիազար Այնթապցին, որ հախուռն ձգտումներ եւ անդադար խնդիրներ ունեցող անձ էր։ Սակայն Աստվածատուրը կարողացավ կառավարության միջոցով վերագրավել իր աթոռը, եւ նրա օրոք էր, որ Փիլիպոսը եւ Ներսեսը եկան Երուսաղեմ։ Փիլիպոսն այստեղ զբաղվեց նաեւ ներքին հարցերով եւ Ս. Հակոբ տաճարի սալարկումը կատարեց տարբեր գույնի քարերով, ինչպես նաեւ բարձրացրեց ավագ խորանի բեմը։ Փիլիպոսը պատվվեց նաեւ տեղի մահմեդական կուսակալի, հույների պատրիարքի եւ լատինական վանքի կողմից։

Երուսաղեմյան հանդիպումը կարեւոր էր Հայոց Եկեղեցու համար։ Մարտիրոս Ղրիմեցու հաղորդմամբ՝ Փիլիպոս կաթողիկոսի հետեւորդ վարդապետներից էին Դավիթ Շոշեցին, Բարսեղ Շոշեցին, Ներսես Տաթեւացին, Առաքել Շոռոթեցին, Գաբրիել Երեւանցին, Հովհան Երեւանցին, Հովհաննես Մուղնեցին, որը Տիգրանակերտի առաջնորդն էր, Հովհան Արզնեցին, Գաղատիայի առաջնորդ Մինաս Եվդոկացին, Գրիգոր Վանեցին, Ավետիս Վանեցին, Խաչատուր Բաղիշեցին, Թորոս Կեսարացին եւ Նիկողոս Կեսարացին։ Ներսես կաթողիկոսի հետեւորդներից հիշվում է միայն Բերիայի առաջնորդ Խաչատուր վարդապետը։ Թեմակալ եպիսկոպոսներից հիշվում են Վանի Սահակը, Սասունի Մարկոսը, Ակնի Հովհաննեսը, Մոկաց Ստեփանոսը, Բաղեշի Միքայելը եւ Սսի Պետրոսը։ Երուսաղեմի միաբաններից, բացի Աստվածատուր պատրիարքից, հիշվում են Խաչատուր Չնքուշեցին, Առաքել Բաբերդցին, Թորոս եպիսկոպոսը եւ Օնոփրիոս Լեհացին։ Երուսաղեմի գումարմանը մասնակցել են 2 կաթողիկոս, 18 վարդապետ, 8 եպիսկոպս եւ 35 աբեղա, ինչպես նաեւ 60 քահանա, իսկ ժողովրդական ուխտավորների թիվն անցել է 1000-ից, որոնք, չգիտես ինչու, հայտնվել են ժողովականների կազմում։ Այդտեղ էլ տեղի ունեցավ երկու աթոռների հաշտությունը։

Դավրիժեցին պահպանել է այդ ժողովում ընդունված կանոններից միայն 13-ի բովանդակությունը։ Իր իսկ Դավրիժեցու հաղորդմամբ՝ նա տվել է դրանց համառոտ շարադրանքը, որոնք համընդհանուր կանոններ չեն, այլ երկու կաթողիկոսությունների հաշտության 13 գլուխներ։ Այսուհանդերձ՝ Մ. Օրմանյանը հակված է դրանք կանոնական որոշումներ տեսնելու։ Հիմնական խնդիրը եղել է Էջմիածնի եւ Սսի կաթողիկոսական աթոռների միաբանությունը։ Դրանով վերջ էին գտնում հատկապես Սսի աթոռի զանազան զեղծումները։

Իսկ ո՞րն էր 13 կանոնների բովանդակությունը։

Եթե ի մի բերենք դրանք, ապա յուրաքանչյուր կաթողիկոսական աթոռ կարող էր իր վիճակի կրոնավորներին ձեռնադրել իր վիճակի եպիսկոպոս։ Հակառակ դեպքում դա անընդունելի կլիներ։ Այդ պատճառով Սսի կաթողիկոսից ձեռնադրվածները չէին կարող Էջմիածնի վիճակում պաշտոն զբաղեցնել։ Մի աթոռի ձեռնադրվածը չէր կարող մյուս աթոռին դիմել։ Առանց ժողովրդի խնդրանքի եւ առանց վկայականի որեւէ մեկը չէր կարող եպիսկոպոս ձեռնադրվել։ Որեւէ եպիսկոպոս չէր կարող հիշատակվել մյուսի վիճակում։ Մի վիճակում չէին կարող լինել երկու եպիսկոպոս կամ երկու առաջնորդ, եթե դրա համար ինչ-որ մեծ պատճառ չկար։ Թեմակալի կենդանության օրոք ուրիշ թեմակալ չէր կարող ձեռնադրվել, մինչեւ առաջինը չհեռանար կամ ծանր հանցանքի համար չհեռացվեր։ Եպիսկոպոսներն իրենց վիճակից չեղողներին չէին ձեռնադրում, իսկ եթե ձեռնադրեին, ապա ինքն է՛լ, ձեռանդրվածն է՛լ կարգալույծ էին արվում։ Եթե այլ վիճակայինին ձեռնադրեր, ապա պետք է տեղավորեր իր վիճակում։ Եթե եպիսկոպոսը կաշառքով եւ այլազգիների բռնությամբ վիճակի տիրանար, ապա պետք է կարգալույծ արվեր։ Մեծ վարդապետը ուրիշի իշխանություն վարդապետության տալ չէր կարող, եթե նա կատարյալ ուսմամբ եւ առաքինությամբ աչքի չէր ընկնում։ Հայտնի է, որ վարդապետություն տալու իրավունքն օրենքով մեծ վարդապետինն էր եւ ոչ թե եպիսկոպոսինը, քանի որ դա ուսումնական աստիճան էր եւ ոչ թե եկեղեցական ձեռնադրություն։ Ուշ շրջանի պահանջով՝ տվողը միաժամանակ պետք է եպիսկոպոս եւ ծայրագույն պատրիարք լինի։ Իսկ թեկնածուն պետք է բարարարեր չորս պայմանի՝ ուսում, առաքինություն, տարիք եւ օրինավոր վկայական։ Քահանաները, սարկավագները եւ դպիրները պետք է ձեռնադրվեին իրենց եպիսկոպոսից՝ ժողովրդի հովանավորությամբ։ Այդպես չլինելու դեպքում կարգալույծ էին արվելու։ Եպիսկոպոսները եւ քահանաները ժողովրդից հասույթը հավաքելիս պետք է գործեին ըստ կաթողիկոսական կանոնների եւ չպետք է ժողովրդի մեջ տրտունջ առաջ բերեին։ Քահանաները չպետք է իրարից ծխեր հափշտակեին ո՛չ կեղծավոր բարեձեւությամբ եւ ո՛չ էլ այլազգիների բռնությամբ, այլապես կարգալույծ կարվեին։ Ամուսնության դեպքում պետք է զգույշ լինեին, որ ազգացեղության պարագաներ մեջտեղ չգային, եւ ամեն ինչը լիներ հրապարակավ։ Այրի քահանաները, եթե պարկեշտ էին ու ծեր, կարող էին իրենց քահանայական պաշտոնը շարունակել, եթե ոչ՝ պետք է գնային վանք կամ անապատ։ Ճգնելու դեպքում ժառանգությունից ու կարգից պետք է հրաժարվեին։ Այլ խոսքով՝ այրի քահանան չէր կարող ամուսնանալ եւ պետք է ամուսնության դեպքում հրաժարվեր եկեղեցական կարգից։ Հիշյալ կանոնների մեջ Էջմիածնի գերագահության մասին ակնարկ անգամ չկա։ Դա Փիլիպոսի կողմից դիվանագիտական լռելյայն ակտ էր։ Հարցերն այնքան շատ էին, որ կնճռոտել նաեւ այդ խնդրով՝ իմաստ չուներ։ Էլ չենք ասում նաեւ այն մասին, որ բոլորն էլ ուղղակի կամ անուղղակի ճանաչում էին Ամենայն Հայոց կաթողիկոսության առաջնությունը։

Շարունակելի

 

Բաբկեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր

 

 

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s