ՀԱՅԱՍՏԱՆԸ 15-17-ՐԴ ԴԱՐԵՐՈՒՄ

Սկիզբը՝ թիվ 15-16 (2010 Օգոստոս Ա-Բ)

 զ) Թուրք-պարսկական երրորդ պատերազմը եւ Հայաստանը: 1602 թ. սկսվում է թուրք-պարսկական` արդեն երրորդ պատերազմը, որը, ի տարբերություն նախորդ երկու պատերազմների, սկսում են պարսիկները: Պատճառն այն էր, որ պարսից շահ Աբաս Ա-ն (1587-1628) ցանկանում էր վերադարձնել իր իսկ կողմից Օսմանյան կայսրությանը զիջած տարածքները: Բանն այն էր, որ շահ Աբասը կարողացել էր ընդամենը մեկ տասնամյակի ընթացքում կատարել ռազմական եւ տնտեսական վերափոխումներ, որոնց արդյունքում ստեղծել էր հզոր ու մարտունակ բանակ եւ տնտեսապես ամուր պետություն: Փաստորեն, պարսից շահն այնպես էր վերակառուցել իր երկիրը, որ Պարսկաստանը պատրաստ էր նոր՝ անգամ հաղթական պատերազմի:

Պատերազմից առաջ ստեղծվել էին նաեւ արտաքին նպաստավոր պայմաններ: 1590-ական թթ. Փոքր Ասիայում բորբոքվել էր «ջալալիների» ապստամբությունը, եւ Օսմանյան կայսրությունն զբաղված էր այն ճնշելու գործով: Փոքր-ինչ պարսկամետ դիրքորոշում էին որդեգրել օսմանյան լծից դժգոհ հայերն ու վրացիները: Պարսիկներին էին աջակցում նաեւ եվրոպական երկրները, որոնք վախեցած էին Օսմանյան կայսրության` Եվրոպայում ավելի ու ավելի ընդարձակվելու վտանգից: Չմոռանանք, որ հենց եվրոպացի մասնագետների (անգլիացի Էնթոն եւ Ռոբերտ Շերլի եղբայրներ) աջակցությամբ պարսիկները կարողացան վերակազմավորել եւ վերազինել իրենց բանակը: Հատկապես նորամուծություն էր հզոր թնդանոթների կիրառությունը պարսկական բանակում, մինչդեռ դրանք օսմանյան բանակի կարեւոր մասերից մեկն էին կազմում դեռեւս 15-րդ դ. առաջին կեսից սկսած:

Այսպիսով՝ հաշվի առնելով ներքին ու արտաքին բոլոր նպաստավոր պայմանները՝ պարսից շահ Աբասը 1602 թ. ռազմական գործողություններ սկսեց Օսմանյան կայսրության դեմ: Բավականին կարճ ժամանակամիջոցում պարսիկները գրավեցին Ատրպատականի եւ Արեւելյան Հայաստանի` ռազմաստրատեգիական եւ առեւտրատնտեսական տեսանկյունից կարեւորագույն կետերը` Թավրիզը, Ջուղան, Նախիջեւանը, Երեւանը, սակայն թուրքական հակահարձակումն ստիպում է պարսիկներին նահանջել մինչեւ Թավրիզ:

Վերականգնելով իր բանակի մարտունակությունը` պարսից շահ Աբասը 1604-1607 թթ. վերագրավում է Արեւելյան Հայաստանը, Արեւելյան Վրաստանը, Հյուսիսային Իրաքը եւ Լուրիստանը: Հենց այս նվաճումներն էլ իրավականորեն ամրագրվում են 1612 թ. նոյեմբերի 20-ին Թավրիզում կնքված պայմանագրով:

Հայերիս համար այս պատերազմում հիշատակության է արժանի ոչ այնքան Արեւելյան Հայաստանի վերագրավումը պարսիկների կողմից, այլ պարսից շահ Աբասի կողմից կազմակերպված բռնագաղթը, որն իսկական արհավիրք դարձավ Արեւելյան Հայաստանի (Գանձակից մինչեւ Նախիջեւան ու Սեւանից մինչեւ Մակու), Հյուսիսարեւմտյան Ատրպատականի (Թավրիզից մինչեւ Ուրմիո լիճ) եւ մասամբ Արեւմտյան Հայաստանի (Մուշից ու Վանից մինչեւ Էրզրում) համար, քանի որ տեղի բնիկ էթնիկ տարրը բռնագաղթի է ենթարկվում հայրենի հողից:

Բռնագաղթի պատճառն այն էր, որ պարսից շահ Աբաս Ա-ն նպատակ ուներ հայ վաճառականների միջոցով ընդլայնել Պարսկաստանի արտաքին առեւտրական եւ քաղաքական կապերը, ինչպես նաեւ հայ արհեստավորների միջոցով զարգացնել երկրի հետամնաց տնտեսությունը: Նա հույս ուներ նաեւ մեծ հարված հասցնել Օսմանյան կայսրության մետաքսի առեւտրին` փոխարենը զարգացնելով մետաքսի սեփական առեւտուրը, որը Հայաստանի տարածքից տեղափոխվելու էր հարավ` ընդհուպ մինչեւ Պարսից ծոց: Փաստորեն, այս բռնագաղթի միջոցով պարսից շահը հեռահար նպատակներ էր հետապնդում` ցանկանալով միաժամանակ հզորացնել իր երկիրն ու թուլացնել թշնամուն:

Բռնագաղթի ենթարկվածների թիվը գերազանցում է 350 հազարը, որից միայն 150-200 հազարն է ողջ մնում բռնագաղթի երկարատեւ ու դաժան ճանապարհն անցնելուց հետո: Միայն Արաքս գետն անցնելիս դժվարություններից մահացել կամ խոշտանգումներով ոչնչացվել է շուրջ 100 հազար հայ:

Վերոնշյալ առեւտրաարհեստավորական հեռահար նպատակները հետապնդելով` շահ Աբաս Ա-ն Իրանի Սպահան քաղաքի մոտակայքում հիմնադրում է զուտ հայաբնակ Նոր Ջուղա ավանը, որտեղ վերաբնակեցվում են Նախիջեւանի Ջուղա քաղաքի հայերը:

Նոր Ջուղայի օրինակով ստեղծվեց նաեւ Ֆարրահաբադը Մազանդարանում` Կասպից ծովի հարավային ափին: Բռնագաղթեցված հայերին բնակեցրին Իրանի կենտրոնական Ալնջան, Բուրվարի, Գյանդուման (Չհարմահալ), Լնջան, Խանմիրզա, Մալայեր, Միզդե, Ջղախոռ, Փերիա (Փարիա), Փլարդ, Քյարվանդ գավառներում: Հայերի քանակը շատացավ նաեւ Համադան, Շիրազ, Ռաշտ եւ այլ քաղաքներում:

Այսպիսով՝ թուրք-պարսկական հերթական պատերազմն իսկական արհավիրք է դառնում Հայաստանի համար` զրկելով նրան շուրջ 350 հազար տեղաբնիկից, այսինքն` հայից: Փոխարենը բավականաչափ ստվարացավ Պարսկաստանի հայ համայնքը:

է) Թուրք-պարսկական պատերազմների հետագա ընթացքը եւ Հայաստանի վերջնական բաժանումն Օսմանյան կայսրության ու Սեֆյան Պարսկաստանի միջեւ: 1612 թ. կնքված հաշտությունը շատ անկայուն էր, քանի որ Օսմանյան կայսությունն ու Սեֆյան Պարսկաստանը չէին լուծել իրենց առջեւ դրված ռազմավարական նվաճողական պլանները, ուստի 1616 թ. ռազմական գործողությունները վերսկսվում են: Օգտագործելով Ղրիմի խանության զորքերի աջակցությունը` թուրքերը փորձեցին շատ արագ արդյունքի հասնել, սակայն նրանց պլանները ձախողվեցին` հանդիպելով պարսիկների համառ դիմադրությանը: Արդյունքում կողմերից եւ ոչ մեկը չհասավ իր նպատակին. 1618 թ. նրանց միջեւ կնքվեց հաշտության ժամանակավոր պայմանագիր:

1623 թ. արդեն պարսիկները վերսկսեցին պատերազմը` նվաճելով Արաբական Իրաքը: Շահ Աբասը թուրքերից գրավեց մի քանի խոշոր քաղաքներ` Բաղդադը, Նաջաֆը, Քերբելան, Ախալցխան եւն:

Ռազմական գործողությունների ընթացքը փոխվեց, երբ Աբաս Ա-ն մահացավ: Թուրքերը նախ գրավեցին Հյուսիսային Միջագետքը (Մոսուլ քաղաքով), Ախալցխան, Ախալքալաքը, Թավրիզը եւն, իսկ 1638 թ.` Բաղդադը:

Այսպիսով՝ պատերազմի հետագա ընթացքը չէր բխում պարսիկների շահերից, քանի որ նրանք տարածքային կորուստներ էին ունենում: Միեւնույն ժամանակ պատերազմի շարունակությունը չէր համապատասխանում նաեւ թուրքերի շահերին, քանի որ նրանք ռազմավարական նվաճողական պլաններ ունեին Եվրոպայում եւ բավականաչափ հյուծվել էին Պարսկաստանի դեմ շուրջ 125-ամյա պատերազմների հետեւանքով:

Փաստորեն, հաշտության պայմանագրի կնքումը բխում էր երկու տերությունների շահերից էլ, եւ պարսիկներն առաջարկում են թուրքերին հաշտություն կնքել, ինչին թուրքերը դրական պատասխան են տալիս:

Եվ ահա 1639 թ. մայիսի 17-ին Տիգրիս գետի ձախափնյա Դիալա վտակի ավազանում գտնվող Կասրե-Շիրին բնակավայրում կնքվում է 30-ամյա հաշտության պայմանագիր, որն ուժի մեջ է մնում մինչեւ 1720-ական թթ. թուրքական ներխուժումն Անդրկովկաս:

Պայմանագրի համաձայն` Արեւելյան Հայաստանը (առանց Կարսի), Արեւելյան Վրաստանը (Քարթլիի եւ Կախեթի թագավորություններ), Շիրվանը (մինչեւ Դերբենդ) եւ Ատրպատականն անցնում էին Իրանին, իսկ Հայաստանի մեծ մասը, Արեւելյան Վրաստանը (Իմերեթ, Մենգրելիա, Սվանեթիա, Գուրիա), Աբխազիան, Միջագետքը (այդ թվում` Մոսուլը եւ Բաղդադը)` Օսմանյան կայսրությանը:

Թուրք-պարսկական սահմանն անցնում էր հյուսիսում Իմերեթի եւ Քարթլիի թագավորությունների միջեւ սահմանագծով, այնուհետեւ անցնում դեպի հարավ-արեւելք` Ախալցխան ու Ախալքալաքը թողնելով թուրքական, իսկ Փարվանա լիճը` պարսկական մասում: Իջնելով ուղիղ հարավ` սահմանն անցնում էր Ախուրյան գետի հունով եւ հասնում մինչեւ Արաքս գետի հետ միախառնման տեղը: Այնուհետեւ անցնելով Հայկական պար լեռնաշղթայով` սահմանը թեքվում էր դեպի արեւելք եւ Սիս ու Մասիս լեռներով հարավում հասնում մինչեւ Վասպուրականի լեռներ, որտեղից էլ շարունակվում էր դեպի հարավ` Միջագետքը թողնելով թուրքական կողմում:

Այսպիսով՝ Հայաստանը վերջնականապես բաժանվում է Օսմանյան կայսրության եւ Պարսկաստանի միջեւ: Թուրքերին անցած հայկական տարածքները (բացառությամբ Ախալքալաքի, Ախալցխայի, Աղբաբայի եւն) մինչ օրս էլ մնում են Թուրքիայի կազմում, իսկ Պարսկաստանին անցած տարածքների հյուսիսային մասը 1801-1828 թթ. նվաճվում է Ռուսական կայսրության կողմից, եւ հետագայում (1918 թ.) հենց այս տարածքների մեծ մասում էլ ստեղծվում Հայաստանի Հանրապետությունը` տարածքային հիմքը դառնալով ներկայիս ՀՀ համար:

Շարունակելի

Միքայել ՄԱԼԽԱՍՅԱՆ

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s