Սկիզբը՝ թիվ 15-17 (2010 Օգոստ. Ա — Սեպտ. Ա)

Հայրենի տունն ամբողջ մի պատմական հայրենիքի խորհրդանշան է, որ դեռեւս պետք է արթնանար «Հայրենի հրավեր» շարքի մեջ:

Ահա այս ծանր ապրումներն են, որ բանաստեղծին ստիպում են ասել. «Հոգիիս վրա լուսինը կը ձյունե…» («Հոգնություն»), իր գրիչը համարել «սուգերու սրինգ», բայցեւ այդքանից հետո «Քնարիս լարեր դեռ թաց են» քերթվածի մեջ ձայնարկել.

 

 

Ահ, գթացե՛ք մատվներուս եւ թո՛ղ երգերս մրրկին, թո՛ղ արցունքս թորա, թող շեփորս հերոսներուն իր հրավերն որոտա…

 

Որովհետեւ Արդարության առավոտը դաժանորեն հեռու է, եւ իդեալիս երկինքներն՝ անհատակ…

Բանաստեղծն այս ամենն ասում է ոչ թե ազգային պայքարից հեռանալու եւ դասալիք դառնալու, այլ դիրքերը չլքելու համար, որովհետեւ, ինչպես հաջորդող քերթվածներից մեկի վերնագիրն է հուշում, «Ես երգելով կ’ուզեմ մեռնիլ»: Այսպիսի հերոսը նա է, ով դրոշակ է տանում, ով ընդվզումի երթ է առաջնորդում եւ հանուն գաղափարի պատրաստ է առաջինն ինքն ընկնել՝ միայն թե գա երազային հաղթության պահը: Հայորդիներից մեկը «Սպասումի եւ Հույսի» պահին բախում է բանաստեղծի դուռը, հոգեպես ձուլվում նրան եւ վերջում ասում.

 

Եվ դուն սա՛ մաքրափայլ թերթերուդ վրան ցեղին ցավը եւ ցեղին ուժը բանաստեղծե,

 

Ապագա սերունդներուն եւ մեր անցյալին տխրությանն ի նվեր.

 

Ես որբ մըն եմ եւ ըմբոստ մը, մնա՜ս բարյավ, կորուսյալներս փնտռելու կ’երթամ…

 

Քու երգերեդ երգ մը տո՛ւր ինձ, երգ մը, ես երգելո՜վ կ’ուզիմ մեռնիլ…

Այսպես եղեռնի ու տարագրության մահաշունչ ճանապարհներին դեռեւս կենդանի է հույսը, որ իր կայծերն է շողարձակում ժողովրդին պատուհասած մղձավանջի մութ ու խավար գիշերվա մեջ:

«Կարմիր լուրեր բարեկամես», 1909: Յարճանյանը կյանքի անմիջական, իրական ազդակների բանաստեղծ էր: 1909 թ. Կիլիկիայի Ադանա քաղաքում թուրքերը դիմում են հերթական ոճրագործության՝ փուլ առ փուլ իրականացնելով ցեղասպանության ծրագիրը: Ադանայի ջարդերին զոհ է գնում ավելի քան 30.000 հայ: Բանաստեղծը Ադանայում չէր, բայց Ադանայից ստացվում էին ջարդերին վերաբերող ահավոր լուրեր, նաեւ նամակներ, որոնց մեջ ականատեսները պատմում էին վայրագության առանձին փաստեր: Ահա այդ լուրերի, նամակների եւ ականատեսների վկայությունների հիման վրա ջարդերի անմիջական ազդեցությամբ այդ օրերին բանաստեղծը գրում է իր այս գիրքը:

Ազատագրության հույսը փայփայելուց հետո Յարճանյանի համար հեշտ չէր ներկայացնել սեփական ժողովրդի հերթական ողբերգությունը, բայց նրա հայրենասիրական ու քաղաքացիական ջիղն այնքան ուժեղ էր, որ դիմում է այդ դժոխքը բանաստեղծության վերածելու քայլին՝ աչքի առաջ ունենալով իտալական Վերածննդի առաջին բանաստեղծ Դանտե Ալիգերիի «Դժոխքը»:

«Կարմիր լուրեր բարեկամես» վերնագիրը հենց դա էլ նշանակում է. այսինքն՝ արյան, սպանդի, նախճիրի, եղեռնի լուրեր: Հոսում են հոգին կեղեքող լուրերը եւ գրքի հենց առաջին բանաստեղծության մեջ վերնագրվում «Սուգ»: Արդարության դիցուհու առջեւ նա պատմում է հայի տառապանքի մասին, ասում. «Վասնզի հայ հոգիին տառապանքը միշտ հայ նայվածքներուն մեջ գտած եմ ես»: Նա խոսում է ողբերգությունից ծնված ցավի «տրտմության վեհության» մասին, որը բնականորեն չպետք է արատավորվի ոչ անպատեհ զվարթությամբ եւ ոչ էլ անգամ արցունքի կաթիլով, «Որովհետեւ պարտվածին համար արցունքը վատություն է, // Եվ հաղթողի համար սնոտի ժպիտը՝ կնճիռ»:

Սուգը համրացնում է, եւ լռության մեջ նյութվող վրեժը արյունով ներկված կարմիր պատանքները մտովի վերածում հաղթության դրոշի: Մարդկային ոսկորներն ասես վերածվում են սրինգի, որից նահատակ հոգիների ահավոր հեծեծանքներն են հնչում: Սա արտասովոր երգ է՝ մահվան երգ…

Հաջորդ բանաստեղծությունների մեջ դրվագ առ դրվագ մարմնավորվում է ոճիրը:

«Պարը» բանաստեղծության մեջ պատկերվածը պատմել է մոխրադաշտի վրա մեռնող հայ կյանքի ականատես գերմանուհին: Դա մի «անպատմելի պատմություն» է, որը տեսնող աչքերն իսկ անգութ են, իսկ պատմող լեզուն ավելի լավ է պապանձվեր:

Պարտեզ քաղաքը, որն Ադանայի խորհրդանշական անվանումն է, վերածվել է մոխրակույտի, իրար վրա դիզված դիակների բարձրությունը հասել է ծառերի կատարներին: Աղբյուրների, առուների ու ճանապարհների վրա հոսում է անմեղ մարդկանց արյունը: Գերմանուհին բանաստեղծի կողմից ասում է. «Օ՜, չի սոսկաք, երբ անպատմելի պատմությունս ձեզի պատմեմ»: Եվ պատմում է, որպեսզի մարդկությունը հավատա անհավատալի թվացող իրողությանը. «Թող մարդերը հասկնան մարդուն ոճիրը մարդուն դեմ,… // Մարդուն չարիքը մարդուն դեմ»:

Սեւ խուժանը, որը թուրքն է, քսան աղջկա «մոլեգնորեն մտրակելով», հավաքում է մի այգու մեջ: Գերմանուհին, որ մինչ այդ դաշունահար մի աղջկա հոգեվարքն էր տեսնում, մոտենում է իր կացարանի «Դժոխհայաց պատուհանի պատշգամբին», իսկ դրսում՝ «Այգիին մեջ սեւ խուժանն անտառվեցավ»: Եվ մի վայրենի հրամայում է աղջիկներին՝ պիտի պարեք: Այդ աղջիկները «մահակարոտ» էին, որովհետեւ մահն ավելի գերադասելի էր, քան անարգանքը: Շառաչում են մտրակները, եւ քսան աղջիկները ձեռք ձեռքի տված իրենց մահվան շուրջպարն են պարում: Արցունքները հոսում են, եւ անգամ երջանկություն է դառնում քիչ առաջ դաշունահարված աղջկա հոգեվարքը, որն ավանդում է «շուշան հոգին»:

Ոճրագործ ամբոխի միջից նորից հնչում է արյունոտ հրամանը.

 

Պե՛տք է պարեք,- կ’ոռնար խուժանը մոլեգին,-

 

Մինչեւ ձեր մահը պե՛տք է պարեք, դո՛ւք, անհավատ գեղեցկուհիներ,

 

Կուրծքերնիդ բաց՝ պե՛տք է պարե՛ք, մեզ ժպտելով եւ անտրտունջ…

 

Հոգնությունը ձեզ համար չէ, ո՛չ ալ ամոթը ձեզ համար,

 

Ստրուկներ եք, պե՛տք է պարեք, ե՛ւ մերկանդամ, ե՛ւ հոլանի,

 

Մինչեւ ձեր մահը պե՛տք է պարեք պագշոտորեն եւ ցոփությամբ,

 

Մեր աչքերը ծարավի են ձեր ձեւերուն եւ ձեր մահվան…

Աղջիկներն ստորացումից եւ հոգնությունից վայր են ընկնում, «Ոտքի՛ ելեք» հրամանի ներքո մեկը նավթ է շաղ տալիս նրանց վրա եւ կրակ տալիս ու այրում: Այրվում են աղջիկները եւ մոխրացող մարմիններով պարում իրենց վերջին պարը: Մահվան համբույրը դառնում է մոխիր:

Մահվան պարը տեսնող գերմանուհին միայն մի բան է մտածում՝ «Ինչպե՞ս փորել այս աչքերս, ինչպե՞ս փորել, ըսե, ինձ…»: Այսինքն՝ երնեկ աչքեր չունենայի եւ չտեսնեի այս ոճիրը: Իսկ դա նշանակում է, որ քաղաքակիրթ աշխարհը կա՛մ պետք է օգնության հասնի, կա՛մ պետք է իր աչքերը հանի՝ չտեսնելու համայն մարդկությանն ուղղված այս զարհուրելի հեգնանքը:

Այս քերթվածի մեջ է, որ ասես հրաբխից ժայթքում է. «Ո՜վ մարդկային արդարություն, թո՛ղ ես թքնեմ քու ճակատիդ…» խոսքի հրեղեն լավան՝ որպես ապտակ քաղաքակիրթ աշխարհին, որի աչքի առջեւ կատարվում էին այս եւ մյուս ոճրագործությունները…

«Պարը» բանաստեղծությունը ներկայացնող համանման մի տեսարան նկարագրում է Րաֆֆին «Ջալալեդդին» վեպում: Ճիշտ նույն պատկերն առկա է նաեւ անգլիագիր հայ գրող Փիթեր Բալաքյանի «Ճակատագրի սեւ շունը» վեպում՝ նվիրված դարասկզբի նույն ողբերգական իրադարձություններին: Ի դեպ, Բալաքյանը նույն վեպում պատկերում է նաեւ Յարճանյանի «Կարմիր լուրեր բարեկամես» գրքի ստեղծման վավերական հիմքերը:

Ինչպես Դանտեի «Դժոխքում», Յարճանյանի այս շարքում եւս խորանում են դժոխային իրականության պարունակները: Հաջորդ բանաստեղծություններում լրացվում են մահվան տեսարանները:

Թուրք ամուլ կինը կախարդ գուշակի խորհրդով լոգանք է ընդունում տասնվեցամյա յոթ հայ աղջիկների արյան մեջ, որոնց բերել էին հեռավոր խաղաղ մի գյուղից՝ որպես մատաղի գառներ: «Արդարության արեգակին ճաճանչները վերեն // Արցունքի պես անոնց վրա կ’անձրեւեին» («Լոգանք»): Արդարությունը լաց է լինում, որովհետեւ մոլեգնում էր ոճիրը:

Համանման պատկեր է «Դաշույնը» քերթվածում՝ գրված մի նամակի հիման վրա: Նամակագիրն սկզբից եւեթ զգուշացնում է՝ «Մի՛ սարսափիր»: Բանաստեղծությունն ունի հստակ դիպաշար: Եթե այլ գործերի մեջ այդ դիպաշարն արտահայտվում է գաղափարի զարգացմամբ, ապա այստեղ այն որոշակի դեպքի պատմություն է: Թուրքը թամաշա է սարքել. հավաքել է իր բարեկամներին ու հարազատներին, որոնք հյուր են եկել մոտակա քաղաքից, դրացիներ են ու հյուրեր, եւ դաշույնով ուզում են սպանել մեծահարուստ մի հայուհու: Ընթացքում պարզվում է, որ մի հայ ընտանիքում գտել են դաշույն: Այդ դաշույնով սպանել են ընտանիքի հորը, հիմա պիտի սպանեն ընտանիքի մորը եւ նրանց երկամյա որդուն, որի աչքերի մեջ անգամ նրանք սպանված հոր վրեժն են կարդում: Հայուհուն թուրքը զարդարում է իր զարդատուփի գոհարներով, որոնք հետո պիտի նվիրի հավաքվածներին, դաշույնը հայ կնոջ ձեռքն է տալիս եւ կարգադրում՝ նախ սպանիր որդուդ, ապա՝ քեզ: Հայուհին, դաշույնը երկու անգամ օդի մեջ ճոճելուց հետո, մահացած ընկնում է, բայց մի «արյունկզակ երիտասարդ» մեռած կնոջ ձեռքով յոթ անգամ դաշունահարում է նրա որդուն:

Բանաստեղծությունը հորինված է թատերական տեսարանի նման՝ որպես ողբերգություն: Առկա են գլխավոր գործող անձը, կենդանի արձագանքով գործողությանը մասնակցող նրա հյուրերը եւ զոհը՝ անմեղ մի հայ ընտանիք՝ զոհասեղանին կանգնած հայուհու կերպարով:

Յարճանյանը դրվագ առ դրվագ ցույց է տալիս, թե ով է թուրքը, որը եկել է ոչնչացնելու մոլուցքով լուծելու հազարամյակների քաղաքակրթություն ունեցող հայ ժողովրդի ճակատագիրը:

Այս բացահայտումները շարունակվում են նաեւ հաջորդ քեթվածների մեջ: Մի դեպքում թուրք ծերունին մահից առաջ Տարսոն քաղաքից բերված հայ երիտասարդի թարմ արյունով է հագենում՝ դրանով քավելով իր մեղքը («Քավություն»), մեկ այլ դեպքում մեր աչքի առջեւ սպանում են մանկամարդ հայորդուն, արյամբ ներկված նրա շապիկը խաչում պատին եւ մորն ստիպում աղոթել այդ խաչի առջեւ՝ որպես մի նոր Քրիստոսի («Խաչը»):

Սրանք եւ սրա նման մյուս տեսարանները, ըստ բանաստեղծի, քստմնելի դրվագներ են, եւ իր ձեռքերը դողդողում են դրանք գրի առնելիս. «Աչքերուս չափ սարսափ տեսած այս խեղճ ձեռքերս կը դողդոջեն»: Այդպես է, որովհետեւ, նրա առջեւ է «Կողողոպուտե, կոտորածե, ավերներե ետ դարձող» արյունկզակ խաժամուժ ամբոխը՝ մարդախոշոշ իր վայրենի բնազդներով: Նրանց երգը մահվան երգ է, նրանց միակ օրենքը մահվան օրենք է, նրանց խմած գինին գանգի մեջ մատուցվող արյուն է: Ութսունամյա կույրն անգամ մահից առաջ ուզում է ամբոխի օրենքով հերոսանալ՝ սպանելով մի խարտյաշ հայ կույսի: Ըստ նրա՝ այդպես է օրենքը հրամայում «արդարության այս օրերուն»: Սպանությունից հետո կույրի աչքերին ասես լույս է իջնում: Նա փառավորվում է արյան ժայթքումով:

 

 

Շարունակելի

Դավիթ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Բանասիրական գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s