Սկիզբը՝ թիվ 17  (2010 Սեպտ. Ա)

 

Փարվանային վերաբերող ժողովրդական այդ ավանդության չափածո մշակումն է Հովհ. Կոստանյանի «Փարվանա լիճ» (Շիրակի լեգենդներից) ստեղծագործությունը («Տարազ», 1894 թ. հմ. 11), ուր մեր առջեւ գծագրվում է լճի երկու ափերին երկու սիրահարների բնակավայրերը ներկայացնող ծանոթ պատկերը.

Լեռների մեջ, բարձր տեղում խաղաղ լճակն է փռվել,

Շուրջը` նորա լայն ափերին թուփ ծառաստան այգիներ,

Հանդիպակաց լայն ափերում երկու գյուղ կան տարածված,

Չեն խանգարում նոցա քունը ալիքները երգասաց:


Բանաստեղծական որոշակի ավյունով այստեղ եւս պատկերվում է, թե ինչպես է ափին կանգնած աղջիկը ճրագը ձեռքին լուսավորում տղայի ճանապարհը: Այս տարբերակում, սակայն, անորոշ ձեւով է բացատրվում ճրագի` կրակի հանգցնելը: Լճի ափ եկած աղջիկն ինքն իր հետ չի վերցնում ճրագը, որի պատճառով արդեն ջուրը մտած տղան խեղդվում է: Այստեղ բանաստեղծն ասես ինքն է խուսափել հստակ ներկայացնելուց, թե ինչու է աղջիկն ափ գնում առանց ճրագի: Բանաստեղծական խուսանավումների արդյունքում ծնվել են նախօրինակը եղող ավանդությունում աղջկա կողմից միտումնավոր լույսը հանգցնելը սքողող հետեւյալ տողերը.

Բայց չար հոգին ինչպես եղավ խեղճ աղջկան մոլորեցրեց,

Թե կենսական աղմուկի մեջ հիշողությունը վատնեց,

Օրիորդը դուրս է գալիս լճի ափը մի գիշեր,

Նորա ձեռին չկար ճրագ, որ սիրելուն գրավեր…


Աղջկա ճրագն այստեղ դառնում է Փարվանայի՝ թիթեռի վերածված սիրահարին եւ Վանա ծովակում խեղդված «Ախթամարի» սիրահարին իրար կապող օղակը, քանի որ ճրագին` կրակին ձգվող մի թիթեռ է ներկայացվում դեպ կրակը լողացող պատանին այս ստեղծագործության տեղանվանական ստուգաբանությունը ներկայացնող վերջին տնում.


Այս տեսակ է գիշերային թիթեռնիկը պտտվում

Ու միշտ դեպի վառ ճրագը թռչում, բոլորը շրջում.

Ոչ օրիորդ, քո կրակիդ թիթեռ` տղան էր անահ,

Այդ պատճառով լճի անունը մնացել էր «Փարվանա»:


Ժողովրդական ստեղծագործություններին բնորոշ պատկերավորությամբ եւ կամ էլ մի այլ պատճառով, որ «Ախթամարի» կրակի հետ եւս կապվել է դեպ այն թռչող եւ նրանում այրվող սիրահարի պատկերը, երեւում է վերը հիշված «Թամար եւ Օվան» ստեղծագործությունից, ուր հովերգական շնչով է ներկայացված նրանց սերը, երբ Թամարն Օվանին դիմավորում է հյուրասիրության սփռոցը փռած.

Դեհ ելիր, ասաց Թամար Օվանին,

Կապոց փռելով մեջ կանաչ դաշտին`

Հաց անուշ արա՛, քո բերնին կուրպան,

Սե՛ր, կարա՛գ, փոխի՛նդ, խորոված ճնճղկան:

 

Ընդգծված վերջին այս կապակցության համար հեղինակը ծանոթագրությունում գրում է. «Այս կղզիի մեջ տեսակ մը ճնճղուկներ կան, որոնք գիշեր ատեն բաց դաշտին մեջ վառ կրակ տեսնելուն ինքնզինքնին անոր մեջ կը ձգեն իբր պատրաստ խորտիկ խարույկավառին»: Համաձայն այս բացատրության՝ Աղթամարի կղզում ճնճղուկի մի տեսակ կար, որը Փարվանայի թիթեռների նման գիշերը, երբ վառված կրակ էր տեսնում, ինքն իրեն այդ կրակի մեջ էր նետում՝ որպես պատրաստի խորտիկ այդ կրակը վառողի համար:

Թումանյանը, սակայն, մի կողմ թողնելով ամեն տեսակի մանրամասնությունները եւ բոլոր այն դրվագները, որոնք կծանրաբեռնեին այս ստեղծագործությունը, այն կառուցում է՝ դեպ վառվող ջահը ձեռքին ծովի ափին կանգնած աղջիկը լողացող պատանու ընթացքը ներկայացնելով: Այստեղ չկա եւ բարձրաբերձ ժայռը, այլ Թամարը կանգնել է հենց ծովի ափին, որ վայրկյան առաջ գրկախառնվի ծովից ելնող տղայի հետ:

Անհրաժեշտ է նշել, որ այս ավանդության վերը բերված, ինչպես եւ մի շարք այլ գրական մշակումներ հայ մամուլում սկսեցին տպագրվել Թումանյանի համանուն գործից հետո, եւ անկախ նրանից, թե այդ մշակումների հեղինակներն ինչ սկզբնաղբյուրից են լսել այս ավանդությունը, միեւնույն է նրանց մշակումները կրում են Թումանյանի համանուն գործի շեշտված ազդեցությունը: Միակ բացառությունը, թերեւս, Ա. Թաշճյանի «Ա՜խ, Թամար» գործն է, որը թեեւ «Լումայում» տպագրվել է 1896 թ., այսինքն՝ Թումանյանի գործից մոտ հինգ տարի անց, սակայն, ինչպես նշված է այս հանդեսում, այդ գործի հեղինակը վախճանվել է 1893 թ., իսկ ավանդության գրական մշակումը կատարվել է 1888 թ.: Այնպես որ այն Թումանյանի մշակումից անկախ մի գործ կարելի է համարել:

Թաշճյանի ստեղծագործությանն առավել բնորոշ է պաթետիկ շունչը, եւ ըստ այդմ՝ նա ներկայացնում է ծովի խոլ տարերքը փոթորկալից եւ մռայլ գիշերվա ընթացքում, որն իր կնիքն է դրել ողջ ստեղծագործության վրա: Թումանյանի մոտ, սակայն, հակառակն է: Ողջ ստեղծագործությունը պատված է Թամարի պահած լույսի ճառագայթներով: Կղզուց պատանուն ձգող Թամարը Թումանյանի մոտ այսպես է պատկերված.

Խավար կղզու պարզ ու պայծառ

Մի լույս կանչում է նըրան,

Մի վառ փարոս նըրա համար,

Չըմոլորի իր ճամբան:


Թաշճյանի մոտ այս հատվածը ներկայացված է հետեւյալ տողերով.


Հեռու ծովի մեջ մի կղզու վրա

Փակված մնում էր նորա անձկալին,

Որին կամ հասնել վճռել էր Գուրգեն,

Կամ թե կուլ լինել կատաղի ծովին:


Թումանյանն այս ստեղծագործության մի շարք քառատներ կառուցել է բնության եւ մարդկային հոգեվիճակների զուգահեռականության վրա, որի բնորոշ արտահայտությունն են հետեւյալ տողերը.

 

Ծըփում է ծովն ալեծածան

Ծըփում է սիրտը տըղի.

Գոռում է ծովն ահեղաձայն,

Նա կըռվում է կատաղի:

Այս ավանդության առանցքային դրվագը թե՛ համաշխարհային գրականության մեջ եղած մշակումներում եւ թե՛ հայկական տարբերակներում կրակի հանգցնելն է: Ինչպես տեսանք Հերոյի եւ Լեանդրոյի պատմությունում, կրակը հանգցնում են աստվածները՝ պատժելու համար Հերոյին, ով դրժել էր իրեն, որպես քրմուհի, Աֆրոդիտեին ընծայելու տված խոստումը:

Կան նաեւ մի քանի այլ մեկնաբանություններ, թե աղջիկն ամուսնացած էր, եւ նրա սիրո այս պատմությունն իմանալով՝ կրակը հանգցնում են կա՛մ ամուսնու կողմից կնոջ մոտ թողնված սպասուհին, կա՛մ աղջկա կեսրայրը եւ կա՛մ էլ հենց ամուսինը: Վերջին տարբերակը գտնում ենք Ռուբեն Զարդարյանի «Ծովակին հարսը» մանրապատումում, որը հեղինակն անվանել է հեքիաթ: Այստեղ ասվում է, թե ամուսինը, իմանալով վառվող կրակի գաղտնիքը, հանգցնում է լույսը, եւ կինն անիծում է իրենց գյուղը, ու այն ջրի տակ է անցնում, եւ ամեն գիշեր ջրերի խորքից մի ճրագ է կայծկլտում, եւ մինչ առավոտ այդ լույսին են դիմում երկու թռչուններ դարձած զույգ սիրահարները: Լույսին դիմող այս թռչունները «Թամար եւ Օվանի»«խորոված ճնճղկան» հետ ամբողջացնում են Փարվանայից Ախթամար փոխանցված սիրահարի լույսի մեջ այրվելու պատկերը: Թումանյանը չի դիմել այս տարբերակին, քանի որ այն որոշակիորեն կստվերեր Թամարի կերպարը եւ կթուլացներ դժբախտ եւ մեծ սիրո ողբերգականությունը, թեեւ այս մոտիվի հեռավոր մի արձագանքը գտնում ենք եւ «Ախթամարի» հետեւյալ տողերում.

Նրանք ասես փըսփըսում են…

Ու աստղերը կամարից

Ակնարկելով բամբասում են

Լիրբ, անամոթ Թամարից…


Հաջորդ մեկնաբանությունը կապվում է ազգագրական խոր արմատներ ունեցող եւ հարսանեկան ծեսում իսկ արտացոլված այն սովորույթի հետ, թե ուրիշ գյուղի տղան չպետք է հանդիպի իրենց գյուղի աղջկան: Սկզբնական տարբերակում Թումանյանը եւս դիմել է այս մեկնաբանությանը՝ այն ներկայացնելով հետեւյալ տողերով, որոնցում Թամարի համագյուղացի տղաները զայրացած հարց են տալիս իրար.

Ո՞վ է ջահել էն խիզախը,

Որ հենց հարբած իր սիրով,

Սըրտից հանած ահն ու վախը

Ծովն է անցնում գիշերով:

Ծովն է անցնում մյուս ափերից

Մեր Թամարին համբուրում…

Աղջի՞կ խըլի նա մեր ձեռքից…

Ինչի՞ տեղ է մեզ դընում…

Էսպես ասին վիրավորված

Կըղզու միջի ջահիլներ

Ու Թամարի ձեռքով վառած

Լույսը հանգցրին մի գիշեր:


Այս ավանդության կրակի հանգցման դրվագում, սակայն, կա եւ մի այլ մեկնաբանություն, թե լույսը պարզապես հանգցնում են չար մարդիկ՝ նախանձից դրդված: Ստեղծագործական որոնումներից հետո Թումանյանը, մի կողմ թողնելով վերը բերված տողերը, դրանք փոխարինում է հետեւյալ չորս տողերով.

 

Բայց մի անգամ չարկամ մարդիկ

Նըրանց գաղտնիքն իմացան,

Լույսը հանգցրին սեւ ու սաստիկ

Մի մութ գիշեր դիվական:

Այստեղ եւս գտնում ենք բնության հետ տարված նույն զուգահեռը: Ինչպես որ նախորդ տներում բնությունը եւ ծովային գիշերը համահունչ էին ներկայացվում նրանց սիրո վայելքին, այնպես էլ սեւ ոճիրի այս պահին գիշերը դառնում է դիվական, որի սեւ քողի ներքո սիրահարների երջանկության կրակը հանգցնում են չարակամ մարդիկ, ովքեր իրենց չարությամբ պարզապես չեն հանդուրժում ուրիշի երջանկությունը: Եվ այս չարությունն է եւ ոչ թե ծովային տարերքը, որ խորտակում է սիրահարների սերը: Ինչպես գրում է Էդվարդ Ջրբաշյանը. «Բայց ինչքան էլ ահեղ է բնության տարերքը, նա չէ, որ կործանում է խիզախ եւ մաքուր սրտերը: Սերը կործանվում է »չարկամ մարդկանց» դավի ու նենգության պատճառով, որոնք հանգցրին Թամարի վառած կրակը, սիրահար տղային զրկեցին ուղենիշ փարոսից, եւ նա խեղդվեց ծովի խավար ալիքներում: Այսպես բանաստեղծության մեջ ծագում է մարդկային չարության, ստոր կրքերի պատճառով բարձր եւ գեղեցիկ զգացումի խորտակման թեման, որն ամենատարբեր ձեւերով արտահայտվել էր Թումանյանի ստեղծագործության մեջ»:

Այս ավանդության երկրորդ կարեւոր ու եզրափակիչ դրվագն աղջկա վախճանն է տղայի խեղդվելուց հետո: Հերոն, տեսնելով Լեանդրոյի ափ նետված մարմինը, իրեն ժայռից միանգամից ջուրն է նետում: Մի շարք տարբերակներում աղջիկն ինքնասպանություն է գործում՝ նախ հեկեկալով ափ նետված մարմնի վրա, եւ կամ էլ՝ թաղելով նրան՝ շրջում է շիրմի մոտ եւ խելագարվում: Թումանյանի մոտ, սակայն, որեւէ ակնարկ իսկ չկա, թե ինչ եղավ Թամարը: «Ախթամարն» ավարտվում է հետեւյալ տողերով.

Առավոտյան ծովը ծըփաց,

Ափը ձգեց մի դիակ,

Նըրա շուրթին, պաղ, կարկամած,

Ասես մեռած ժամանակ

Սառել էին երկու բառ.

«Ա՜խ, Թամար…»։

 

Այն օրվանից սըրա համար

Կըղզին կոչվեց «Ախթամար»:

 

Այսպիսով՝ ավանդությունն ավարտվում է սիրո կրակի հանգչելով: Այդ կրակը հանգչում է, բայց ծովը պահում է նրանց սերը՝ «Ա՜խ, Թամար…» արձագանքելով:

«Ծիծաղախիտ Վանա ծովը» այնքան պայծառ ու վճիտ պատկերած Թումանյանը ճակատագրի բերումով Աղթամարի կղզում եղավ հայոց մեծ ողբերգության դժնդակ օրերին` 1915 թ. հունիսին:

Ամայացած Վասպուրական աշխարհում դժբախտ սիրահարների պատմությունը վերիմաստավորելով համազգային ողբերգության տեսանկյունից՝ նույն այդ տեսանկյունից է դիտարկում «չարկամ» մարդկանց գործած չարիքը, որն արդեն ուղղվել էր մի ողջ ժողովրդի դեմ:

Աղթամարից նայելով Բզնունյաց ծովակի շուրջ տարածվող մարած ու հանգած բնակավայրերին՝ «Աղթամարի կղզում» բանաստեղծությունում Թումանյանը գրում է.

Կոպիտ աշխարհ է,

Մարդը միշտ չար է,

Կյանք է կործանում,

Կյանքն էլ կործանված

Որ անցավ գնաց

Էլ ետ չի դառնում…

 

Թամարի դժբախտ սերը միախառնվում է համազգային ողբերգությանը.

 Սրտիս խորքերեն,

Հովեն թե ծովեն

Մի ձեն եմ լըսում. –

Ոնց է մի աղջիկ

Մեղմ ու հանդարտիկ

Անվերջ արտասվում:


Քանի կար Վասպուրականի հայությունը, կենդանի էր եւ Թամարը՝ իր մեծ սիրով եւեւ շարունակ արձագանքվող «Ա՜խ, Թամար…»-ով: Հայաթափ եղած Վասպուրականում բանաստեղծին թվում է, թե վերջացավ եւ այս լեգենդը, ու արդեն իրապես ջրասույզ եղան երկու սիրահարները, եւ մարեց «Ա՜խ, Թամար…» կանչը.

 

«Թամա՜ր… Ա՜խ, Թամա՜ր…»

Իզու՜ր… ոչ մի բառ…

Չի պատասխանում:

Սերը որ կորավ,

Սիրտը որ մեռավ,

Արցունքն է մնում…

Վարդան ԴԵՎՐԻԿՅԱՆ

Բանասիրական գիտ. թեկնածու

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s