Երանելի Հովհաննեսը եղբայրների հետ էր մեծ ուրախությամբ ի Տեր։ Եվ մի կիրակի օր, երբ բոլոր եղբայրները ժողովվել էին նրա մոտ, սկսեց խոսել նրանց հետ այսպես. «Իմ եղբայրնե՛ր եւ ծառայակիցներ, Տիրոջ արքայության ժառանգակիցնե՛ր եւ հաղորդակիցներ, գիտե՛ք, թե իմ միջոցով քանի՛ զորություն ձեզ տվեց Աստված, քանի՛ նշան, քանի՛ արվեստ, որքա՛ն շնորհ, ինչպիսի՛ վարդապետություն, վերակացություն, հանգիստ, սպասավորություն, փառք, հավատք, միաբանություն, ձիրք, պարգեւ. ձեր աչքերով քանի՛ ձեզ տրված բաներ տեսաք, որ այս աչքերին չեն երեւում եւ ոչ ականջներին լսելի լինում։

Արդ, հաստատվեցիք Նրանում՝ հիշելով Նրան ձեր բոլոր գործերում։ Գիտեք, թե մարդկանց հանդեպ եղած մատակարարության խորհուրդը Տերն ինչ պատճառով հաստատեց։ Ինքը Տերն իմ միջոցով աղաչում է ձեզ, եղբայրնե՛ր, եւ մաղթում մնալ առանց թշնամանքի, առանց նենգության, առանց անառակության։ Քանզի գիտի ձեզանից եկող թշնամանքը, գիտի եւ անարգությունը, գիտի եւ անառակությունը, երբ արհամարհում եք Իր սուրբ պատվիրանները։

Արդ, թող ձեզ համար չտրտմի բարերար Աստված, գթածն ու ողորմածը, սուրբը, հստակը, անարատը, աննյութը, միակը, մին, անփոփոխը, ստույգը, աննենգը, անցասումը, որ վեր է ամեն ասելի եւ իմանալի անունից՝ իմ Աստված Հիսուսը։

Արդ, թող ուրախ լինի մեր բարվոք կրոնավորությամբ, խնդա մեր սուրբ կյանքով, հանգիստ լինի մեր պարկեշտ վարքի համար, անհոգ լինի մեր ժուժկալության համար, հավանի մեր միաբանությունը, զվարթանա մեր զգաստությամբ, բերկրի մեր սիրով առ Ինքը։

Այժմ սա խոսում եմ ձեզ հետ, եղբայրնե՛ր, փութալով ձեզ սպասող գործին՝ արդեն իսկ ավարտված ի Տեր։ Քանզի այլեւս ի՞նչ ունեմ ձեզ ասելու. ունե՛ք ձեր Աստծո գրավականը, ունե՛ք Նրա բարերարության տուրքերը, ունե՛ք Նրա անխուսափելի գալուստը։ Որովհետեւ եթե այլեւս չմեղանչեք, Աստված կների ձեր՝ անգիտությամբ գործածները։ Իսկ եթե ե՛ւ ճանաչելով Նրան, ե՛ւ Նրանից ողորմություն գտած լինելով՝ նո՛ւյն կերպ վարվեք, առաջինները եւս հաշվի կառնի, եւ ողորմություն չեք ընդունի Նրանից»։

Եվ սա ասելով նրանց՝ աղոթեց այսպես.

«Ո՛վ Դու, որ այս պսակը հյուսեցիր Քո հյուսմամբ, Հիսո՛ւս։ Ո՛վ Դու, որ այս բազում ծաղիկները միացրիր Քո անթառամելի ծաղկին։ Ո՛վ Դու, որ սերմանեցիր Քո այս կենդանարար խոսքերը։ Ո՛վ Դու, որ միակդ ես խնամակալ Քո ծառաների եւ բժիշկ, որ բժշկում ես ձրի։ Ո՛վ Դու, որ միակդ ես բարերար եւ անամբարտավան։ Ո՛վ Դու, որ միակդ ես ողորմած եւ մարդասեր։ Ո՛վ Դու, որ միակդ ես փրկիչ եւ արդար։ Ո՛վ Դու, որ հավերժական ես, ամենքի մեջ ես եւ ամենուրեք մերձ, Աստվա՛ծ իմ Հիսուս։ Դու Քո պարգեւներով ծածկի՛ր այն ամենքին, որ հույս ունեն առ Քեզ։ Ո՛վ Դու, որ գիտես մեզանից չարախոսողի՝ ամեն տեղ եղող մեքենայություններն ու բռնությունը»։

 

Ապա հաց խնդրեց եւ գոհացավ այսպես.

«Այս հացը կտրելիս ո՛ր օրհնությունը, ո՛ր պատարագը կամ ո՛ր գոհությունն անվանենք, եթե ոչ միայն Քե՛զ, Հիսո՛ւս Քրիստոս։ Փառավորում ենք, Տե՛ր, Քո հայտնած Հոր անունը։ Փառավորում ենք դռնով Քո մուտքը։ Փառավորում ենք Քո հարությունը, որ մեզ ցույց տրվեց։ Փառավորում ենք Քո ճանապարհը։ Փառավորում ենք Քո սերմը, խոսքը, գանձը, արորը, ուռկանը, մեծությունը, որ մեզ համար կոչվեցիր մարդու որդի, ճշմարտությունը, հանգիստը, գիտությունը, զորությունը, պատվիրանը, համարձակությունը, ազատությունը, դեպի Քեզ փախուստը։ Որովհետեւ Դու ես, Տե՛ր, անմահության արմատը, անապականության աղբյուրը եւ հավիտյանների հիմքը, որ այս ամենն անվանվեցիր մեզ համար։ Որպեսզի երբ սրանցով կոչենք Քեզ, գիտենանք Քո մեծությունը, որն այս ժամանակներում անտես է եւ տեսանելի միայն սուրբերին եւ կերպարանված՝ միայն Քո մարդու մեջ»։

 

Եվ հացը կտրելով՝ երկարեց նրանց եւ յուրաքանչյուր եղբոր վրա աղոթեց՝ արժանի լինելու Տիրոջ շնորհներին եւ սուրբ գոհությանը։ Ինքը նույնպես ճաշակեց եւ ասելով «Ինձ եւս մաս թող լինի ձեզ հետ»եւ՝ «Խաղաղությո՛ւն ձեզ, իմ սիրելինե՛ր»՝ ասաց Բյուռոսին. «Քեզ հետ ա՛ռ եղբայրներիցդ երկուսին՝ երկու որդիներով ու բահերով հանդերձ եւ ե՛կ իմ հետեւից»։ Եվ Բյուռոսն առանց հապաղելու արեց ինչ որ հրամայեց նրան Աստծու ծառա Հովհաննեսը։

Եվ տնից ելնելով՝ երանելի Հովհաննեսը գնում էր դռների առջեւով՝ հրամայելով բազմությանը մեկուսանալ իրենից։ Հասնելով մեր եղբայրներից մեկի շիրիմին՝ ասաց պատանիներին. «Բրեցե՛ք, որդյակնե՛ր»։ Եվ նրանք բրում էին։ Իսկ նա ստիպում էր նրանց եւ ասում. «Ձեր բրածն ավելի խո՛ր թող լինի»։ Եվ նրանց բրելու ընթացքում նրանց հետ կյանքի խոսքն էր խոսում եւ իր հետ տնից եկածներին հորդորում՝ նրանց նորոգելով ու հաստատելով Տիրոջ մեծության մեջ եւ աղոթելով յուրաքանչյուրի վրա։ Իսկ մենք ամենեւին ոչինչ չէինք հասկանում։

Երբ պատանիները շուրջանակի բրելն ավարտեցին, երանելին մերկացավ հագած հանդերձից՝ խոր փոսն անկողին դարձրած։ Եվ միայն նափորտով մնալով՝ ձեռքերը բարձրացրեց եւ աղոթեց այսպես.

«Ո՛վ Դու, որ մեզ ընտրեցիր առաքելու հեթանոսներին։ Ո՛վ Դու, որ մեզ առաքեցիր աշխարհ, Աստվա՛ծ։ Ո՛վ Դու, որ Քեզ հայտնեցիր Քո մարգարեների միջոցով։ Ո՛վ Դու, որ երբեք չհանգստացար, այլ միշտ ապրեցրիր կարոտյալներին։ Ո՛վ Դու, որ բոլոր բնությունների միջոցով Քեզ ճանաչել տվեցիր։ Ո՛վ Դու, որ անգամ անասուններին քարոզվեցիր։ Ո՛վ Դու, որ անապատ եւ վայրենի հոգին զգոն եւ հանդարտ դարձրիր։ Ո՛վ Դու, որ մեռյալին արագորեն հայտնվեցիր։ Ո՛վ Դու, որ անօրենության մեջ ընկղմվածին իբրեւ օրենք արագ ցույց տրվեցիր։ Ո՛վ Դու, որ սատանայի կողմից բոլորովին հաղթվածին ընծայվեցիր իբրեւ փրկիչ։ Ո՛վ Դու, որ հաղթեցիր Քեզ ապավինածների հակառակորդին։ Ո՛վ Դու, որ տվեցիր նրան Քո ձեռքը եւ նրան վեր կացրիր դժոխական իրերից։ Ո՛վ Դու, որ չթողեցիր նրան կրոնավորել մարմնի մեջ։ Ո՛վ Դու, որ նրան ցույց տվեցիր իր թշնամուն։ Ո՛վ Դու, որ սուրբ գիտությունը ստեղծեցիր, Աստվա՛ծ իմ Հիսուս։ Ո՛վ Դու, որ երկնքից վեր գտնվողների Հայրն ես եւ երկրավորների Աստվածը։ Ո՛վ Դու, որ եթերականների օրենքն ես եւ օդականների ընթացքը, երկրավորների պահապանը եւ սանդարամետականների երկյուղը։ Ընդունի՛ր նաեւ Քո Հովհաննեսի՝ Քո կողմից թերեւս արժանի գտնվածի հոգին։

 

Ո՛վ Դու, որ մինչեւ հիմա ինձ հեռու պահեցիր կանանց հետ խառնակվելուց։ Ո՛վ Դու, որ կնոջը նայելն իսկ ինձ ծանր համարեցիր։ Ո՛վ Դու, որ այս առժամանակյա կյանքից փրկեցիր ինձ եւ դեպի մշտնջենավորն առաջնորդեցիր։ Ո՛վ Դու, որ մարմնավոր աղտեղությունից ինձ հեռու պահեցիր։ Ո՛վ Դու, որ դառն մահվանից փրկեցիր ինձ եւ միայն ի Քեզ հաստատեցիր։ Ո՛վ Դու, որ իմ հոգու ծածուկ ախտը սանձեցիր եւ նրա հայտնի գործերը խափանեցիր։ Ո՛վ Դու, որ նեղեցիր ու հալածեցիր իմ միջի խռովարարին։ Ո՛վ Դու, որ դեպի Քեզ ընթացող իմ անբիծ ճանապարհը հաստատեցիր։ Ո՛վ Դու, որ առանց սայթաքելու պահեցիր դեպի Քեզ եկող իմ շավիղները։ Ո՛վ՝ որ աներկմիտ տվեցիր Քո հանդեպ եղող իմ հավատքը։ Ո՛վ Դու, որ սահմանեցիր ինձ Քո սուրբ գիտությունը։ Ո՛վ Դու, որ վարձով հատուցում ես յուրաքանչյուր գործ։ Ո՛վ Դու, որ իմ հոգում դրեցիր որեւէ ստացվածք չհամարել Քեզանից ավելի թանկագին։

 

Եվ արդ, Տե՛ր Հիսուս Քրիստոս, այն մատակարարությունը, որ Քեզանից ընդունեցի, ավարտեցի։ Արժանավորի՛ր ինձ Քո հանգստյանը՝ շնորհելով ինձ Քո ողորմությունը, որն անփախուստ եւ անճառ փրկություն է։ Եվ երբ գամ առ Քեզ, թող ընկրկի հուրը, ցրվի խավարը, տկարանա վիհը, համրանա հնոցը, շիջի գեհենը, ամաչեն չարի հրեշտակները, երկնչեն դեւերը, թմրեն [չարի] իշխանները, ընկճվեն նրա զորությունները, աջակողմյանները մնան, ձախակողմյանները չմնան։ Բանսարկուն պապանձվի, սատանան զարհուրի, նրա սրտմտությունը տոչորվի, նրա մոլությունը սուզվի, նրա տանջանարաններն ամաչեն, նրա հարձակումները հափշտակվեն, նրա մանուկները չարչարվեն, եւ նրա բոլոր արմատները ցնցվեն ու սգան մինչ իսպառ։ Եվ տո՛ւր ինձ ամբասիր եւ անբռնադատ կերպով ավարտել դեպի Քեզ եկող իմ ճանապարհը, առնել այն, ինչ խոստացար նրանց, որ սրբությամբ ապրեցին եւ պարկեշտությամբ սիրեցին Քեզ»։

 

Ապա իր ամբողջ մարմինը խաչակնքելով եւ ասելով «Դո՛ւ ինձ հետ եղիր, Տե՛ր իմ Հիսուս Քրիստոս»՝ պառկեց փոսում, ուր տարածեց իր հանդերձը։ Եվ ասաց. «Խաղաղություն ձեզ, եղբայրնե՛ր»։ Եվ մինչ մենք ուրախ էինք եւ լալիս էինք, սուրբ առաքյալ եւ ավետարանիչ Հովհաննեսն ավանդեց հոգին Տիրոջ ձեռքը։ Եվ Հիսուսին փառք, Քրիստոսին պատիվ եւ զորություն հավիտյանս հավիտենից. ամեն։

Գրաբարից փոխադրեց Ս. Ստամբոլցյանը

«Անկանոն գիրք առաքելականք», Վենետիկ, 1904 թ.

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s