Սկիզբը՝ թիվ 15-17 (2010 Օգոստ. Ա — Սեպտ. Ա)

Փիլիպոսը մնաց Երուսաղեմում 4 ամիս, հետեւաբար, ըստ Մ. Օրմանյանի, նա մնաց մինչեւ 1652 թվի Մեծ պահքը։ Ժողովը եղավ Սբ Հակոբի վանքում, սակայն ճշգրիտ օրերը հայտնի չեն։ Զատկից հետո, որն այդ տարվա ապրիլի 18-ին էր ընկնում, նա մեկնեց Կ. Պոլիս։ 1654-ին Փիլիպոս կաթողիկոսն արդեն վերադարձել էր Էջմիածին։

Փիլիպոս Աղբակեցին կարգի բերեց գործերը նաեւ Կ. Պոլսում։ Գրիգոր Կեսարացու մահից հետո, ինչը տեղի ունեցավ 1636-ին, նրան հաջորդեց Զաքարիա Վանեցին, որը պատրիարքությունը վարեց մինչեւ իր կյանքի վերջը՝ 1639 թվականը։ Նրա օրոք մեծ իրադարձություններ չեղան։ Թեպետ խռովարար եռյակն անհետացավ եկեղեցական բեմահարթակից, սակայն Կ. Պոլիսը հանգստություն չգտավ, քանի որ Հռոմի կողմից փորձեր էին արվում ձուլելու Արեւելքի հնավանդ Եկեղեցիները։ Հատկապես շատ էր ջանում այդ ուղղությամբ Հռոմի Ուրբանոս Ը պապը։ Նա քարոզիչներ էր ուղարկում կովկասյան երկրներ՝ հայերի եւ վրացիների մեջ հռոմեադավանություն տարածելու համար։ Սկզբում ուղարկվեց Պիետրո Ավիտաբոլը, հետո՝ Կղեմես Գալանոս Սորենտացին։ Նա հայերեն սովորեց եւ 1640-ին հրաման ստացավ անցնելու Կ. Պոլիս՝ որպես հայոց ազգի քարոզիչ։

Զաքարիա Վանեցուց հետո պատրիարք էր դարձել Դավիթ Արեւելցին, որն Էջմիածնի նվիրակ էր եւ  հայադավանության մեծ ջատագով։ Նա Գրիգոր Կեսարացու հետեւորդներից էր։ Սակայն բավականին ուժեղ էին նաեւ լատինամետները՝ Խուլի հետեւորդները։ Նրանք շարունակում էին պայքարել պատրիարքության համար, որպեսզի հետո իրենց պլանները կյանքի կոչեն։ Մեծ մասամբ նրանք աշխատում էին պետական պաշտոնյաներին կաշառել։ Մյուս կողմից՝ ամեն մի թուրք պաշտոնյա էլ ուներ իր սեղանավորը՝ իբրեւ գանձող եւ իբրեւ միջնորդ, այնպես որ՝ պաշտոնյաների փոփոխության դեպքում շատ հեշտ էր լինում պատրիարք փոխելը։ Ուստի եւ Դավիթ Արեւելցուն չհամակրողները նրան տապալեցին եւ իրենց մտերիմ Կիրակոս Երեւանցուն 1641-ին դարձրին պատրիարք։ Հենց նրա օրոք էլ Գալանոսը եկավ Կ. Պոլիս։

Գալանոսը գործակցեց հռոմեասեր խմբակի հետ եւ ձեռք բերեց Ֆրանսիայի դեսպան Ժան դը լա Հեյի հովանավորությունը, որի օգնությամբ սկսեց ուսուցանել լեզուներ եւ զանազան գիտություններ։ Շնորհիվ հայերենի քաջիմացության՝ նա շատ հայ աշակերտներ ունեցավ, քանի որ հայերն էլ ծարավի էին եվրոպական կրթության։ Նա ուներ բավականաչափ բժշկական հմտություններ եւ  դեղեր էր մատակարարում մեծ հաջողությամբ։ Նրա հայ աշակերտներից հիշվում են Խաչատուր Սեբաստացին, Թովմաս Բերիացին, Պողոս Տիվրիկցին, որոնք վարդապետներ էին, եւ որոնց Գալանոսը քաշում էր հռոմեադավանության գիրկը։ Դավանական շատ հարցեր բացատրում էր Հայ Եկեղեցուն հակառակ դիրքերից։ Կիրակոսը Գալանոսի աշակերտների միջոցով հետաքրքրվում էր Գալանոսով, նրա հետ հարաբերությունների մեջ էլ մտավ, դավանաբանական կետերի մասին կարծիքներ հարցրեց եւ այն էլ միայն գրավոր՝ խուսափելով երես առ երես նրա հետ հանդիպելուց, որպեսզի կասկածներ առաջ չբերի։ Այդ հարաբերությունների միջնորդը Հովհաննես վարդապետն էր, որը կրթվել էր Հռոմում եւ  ուղարկվել Արեւելք։ Գալանոսը գրում է, թե Կիրակոսը հիացած էր իր հմտությամբ եւ նրան Նոր Աթանաս եւ Նոր Կյուրեղ էր կոչում եւ հայերին քաջալերում էր իր մոտ սովորելու համար։ Վերջապես Կիրակոսը Գալանոսի հետ հանդիպելու առիթ է դարձնում ասիակողմյան վիճակներն այցելության գնալը։ Սկյուտարում նա հայտարարում է, թե հիվանդացել է եւ իր մոտ է հրավիրում լատին կրոնավոր բժշկին։ Նա Գալանոսին լավ ընդունում է եւ գիշերն իր մոտ պահում։ Եվ երբ պատրիարքի մարդիկ հարբեցողությամբ զբաղվելուց հետո քնում են, նրանք պատրիարքի հոր եւ եղբոր ներկայությամբ հավատքի խնդիրներ են քննարկում։ Այդ նույն գիշերը Գալանոսը հավատի գիր է պատրաստում, որը Կիրակոսն արտագրում է, եւ մի նամակ՝ ֆրանսիական դեսպանին, որ այդ թուղթը հասցնի պապին։ Գալանոսն էլ իր կողմից ավելացնում է, որ պատեհ ժամանակ նա հայոց ողջ ազգը հռոմեադավան կդարձնի։ Կիրակոսը պապից խնդրում է, որ նա Գալանոսին Կ. Պոլսում թողնի եւ անհրաժեշտ միջոցներ տրամադրի։ Գրությունը գրվել է 1641 թվի նոյեմբերի 5-ին, իսկ քարոզչության պետի՝ Կիրակոսին ուղարկած պատասխանը եւ Գալանոսին ուղղված նոր հրամանագիրը՝ 1642 թվի մայիսի 21-31-ը։ Հռոմեադավանները Կիրակոս Երեւանցու այդ նամակը կարեւոր փաստ են համարում իրենց ուղղության համար։ Իրականում առանց հատուկ ժողովի գիշերով գրված այդ նամակը ոչինչ չարժի եւ լոկ ցույց է տալիս տիրոջ խարդավանող եւ մատնիչ լինելը։ Դուրս է գալիս, որ մարդը մի բան գրում է, մյուս ուղղությամբ շարունակում է պաշտոն վարել։

Այնուհետեւ Կիրակոսը Գալանոսին խնդրում է, որ նա Ղալաթիայից անցնի Ստամբուլ եւ այնտեղ ուսուցչություն անի։ Դրանից Գալանոսը խրտնում է, քանի որ մինչ այդ լատին կրոնավորներն այդ կողմն անցած չեն եղել։ Ուստի նա Հովհաննես Ուռհայեցու խորհրդով, որը Դիարբեքիրի արքեպիսկոպոսն էր եւ Կիրակոսի տեղապահն էր մնացել, հագուստը փոխում է եւ հայ վարդապետի պես հագնված՝ բացի կնգուղից, 1642 թվի սկզբներին հաստատվում Ստամբուլի պատրիարքարանում, ուր ազատ կերպով շատ աշակերտներ է հավաքում իր շուրջը՝ իբր լեզվական եւ գիտական ուսման համար, սակայն իրականում՝ դավանական խնդիրների առնչությամբ։ 1610-1641 թվերին պատրիարքարանը մի քանի անգամ տեղափոխություններից հետո հաստատվում է նոր կենտրոնում։ Գալանոսի հռոմեադավան քարոզչությունը միայն դժգոհություն առաջ բերեց եւ Գալանոսի վիճակը ծանրացրեց։ Չնայած Ուռհայեցին նրան հովանավորում էր, սակայն անգամ Գալանոսի մտերիմներ Խաչատուրը, Թովմասը եւ Պողոսը պնդում էին, որ Գալանոսի խնդիրը միայն լեզվական եւ գիտական ուսուցումն է եւ ոչ թե հայոց դավանանքի դեմ հանդես գալը։ Գալանոսը մտածում է մի կողմ քաշվել, սակայն ժանտախտով հիվանդանում է եւ տարվում լատինական հիվանդանոց, որտեղ էլ 15 օր պառկելուց հետո բուժվում է։ Հետո կրկին գալիս է պատրիարքարան, մինչեւ որ Կիրակոսը մեկ տարվա շրջագայությունից հետո վերադառնում է՝ 1642-ին։ Դեռ նրա վերադարձի հանդիսությունները չէին ավարտվել, երբ ժանտախտով վարակվում է եւ երեք օր անց մահանում՝ 40 տարեկան հասակում։ Նա թաղվում է Բալըքլուի գերեզմանատանը։ Մ. Օրմանյանը նրա մահը դնում է 1642 թվի սեպտեմբերին։

Կիրակոսից հետո պատրիարք ընտրվեց Խաչատուր Սեբաստացին, որը նույնպես Գալանոսի աշակերտն էր։ Նա շարունակում է նախորդի երկդիմի ընթացքը։ Նրան շնորհավորում է Ֆրանսիայի դեսպանը, իսկ պատրիարքը շնորհակալությունը փոխանցում է նրան՝ իր որդու ձեռքով, քանի որ ձեռնադրվել էր այրիությունից հետո։ Քարոզչության պետը Հռոմից 1642 թվի նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 6-ն ընկած շրջանում՝ Հովհաննես Ուռհայեցու տեղապահության ժամանակներում, նրան 2 նամակ է ուղարկում։ Խաչատուր Սեբաստացին 16 տարի հետո դառնում է Կիլիկիո կաթողիկոս։ Սակայն Խաչատուրի պատրիարք դառնալով՝ լատինասերների ուրախությունը կարճ տեւեց։ Դավիթ Արեւելցին շտապ գալիս է Հալեպ, որտեղից նրան վտարել էին Կիրակոսի օրոք։ Նա կարողացավ անհրաժեշտ մուծումներն անել եւ կրկին տիրանալ պատրիարքությանը, ինչը նշանակում էր հայադավանության հաղթանակ։ Հենց նա մտնում է պատրիարքարան, Ուռհայեցին եւ Գալանոսը քաշվում են իրենց ունեցվածքները։ Հովհաննես Ուռհայեցին շուտով հանկարծամահ է լինում եւ թաղվում Բալըքլուում։ Գալանոսը, Թովմաս Բերիացու հետ, քաշվում է լատինասերներից մեկի՝ Իսքենդեր Չելեբիի տունը։ Սակայն Դավիթը նրանց հանգիստ չի տալիս։ Եվ Գալանոսն ստիպված է լինում վերադառնալ Ղալաթիայի կողմը՝ հանելով, անշուշտ, հայ վարդապետի տարազը։ Այս պարագայում Թովմասը գրում է հռոմեադավանության հայտարարությունը, որն ուղարկում է Հռոմ 1643 թվի փետրվարի 12-ին, որից պարզվում է, որ Խաչատուրի պատրիարքությունը տեւել է ընդամենը մի քանի ամիս։ Հռոմից Խաչատուրին եւ Հովհաննեսին ուղղված նամակների անհետեւանք մնալու հետ կապված՝ նոր հանձնարարություն է գրվում Թովմասին 1643 թվի հունիսի 3-13-ը թվականով, որ հռոմեադավանությանը ծառայի, բայց, անշուշտ, գաղտնի, քանի որ Թովմասը պաշտոնապես չէր խզել իր կապերը Հայոց Եկեղեցուց։

Լատինասերների նպատակն էր ուժեղանալ, տիրել պատրիարքությանը եւ իրագործել իրենց ծրագրերը։

Խաչատուրը, մի պահ հեռանալով Կ. Պոլսից, գաղտնի վերադառնում է եւ ապավինում Գալանոսի մոտ, ուր նրանց են միանում Թովմաս Բերիացին եւ Պողոս Տիվրիկցին։ Նրանք խորհրդակցում են, թե ինչ ձեւով Դավթին զրկեն պատրիարքությունից։ Դավիթը, իմանալով այդ մասին եւ լավ հասկանալով, թե դա որքան վատ է ընդունվելու իշխանությունների կողմից, թուրքական պաշտոնյաների միջոցով տունը պաշարել է տալիս, որպեսզի չորսին էլ ձերբակալեն։ Սակայն տանը միայն Գալանոսն էր, որը եւ ձերբակալվեց, իսկ մյուսները կարողացան խույս տալ։ Ֆրանսիայի դեսպանը, լուր առնելով այդ մասին, կաշառքով կարողացավ գոհացնել թուրք պաշտոնյաներին, որոնք թույլ տվեցին, որ Գալանոսը փախչի։ Այսպես թե այնպես Գալանոսի դիրքը խախտվում էր Կ. Պոլսում, եւ դեսպանը դա լավ էր հասկանում։ Նա այլեւս չէր կարող օգտակար լինել ո՛չ Հռոմին եւ ո՛չ էլ Եվրոպային։ Ֆրանսիայի եւ Վենետիկի դեսպանները նրան դարձնում են Հռոմ, ուր, սակայն, նա հասնում է երկու ամսից՝ անցնելով Զմյուռնիայով եւ ափ դուրս գալով Լիվոռնոյում։ Նրա հետ մեկնում են Կիրակոս պատրիարքի հայր Հովհաննեսը, Զաքարիա դպիրը եւ էլի երեք հայ։ Հավանաբար նա Իտալիա հասավ 1643 թվի աշնան կողմը։ Գալանոսի գնալուց հետո այլեւս Խաչատուր Սեբաստացու անունը չի լսվում, ինչը, թերեւս, հավաստում է նրա՝ գործից քաշված լինելու մասին։ Ինչ վերաբերում է Թովմաս Բերիացուն, ապա նա շարունակեց պայքարը Դավիթ պատրիարքի դեմ եւ նրան գահընկեց անելով՝ տիրացավ աթոռին։ Պատրիարք դառնալու համար նա մեծ գումարներ էր խոստացել, սակայն ո՛չ նա եւ ո՛չ էլ նրա կողմնակիցները դրանք վճարել չկարողացան։ Դա էլ ստիպեց նրան Հռոմ գնալ՝ նյութական միջոցներ հայթայթելու համար։ Հռոմ են գնում նաեւ Կիրակոս պատրիարքի եղբայր Կարապետը եւ Հովհաննես վարդապետը, որը եղել էր միջնորդ՝ Գալանոսի եւ Կիրակոսի միջեւ։ Թովմասն անվանական պատրիարք եղավ 1644-ին։ Գալանոսը նույնպես գնացել էր Հռոմ՝ որպես հայերի եւ արեւելցիների ուսուցիչ։ Գալանոսն աշխատություններ է գրում հայերեն եւ լատիներեն։ Դրանցից գլխավորը «Միաբանութիւն Հայոց Սուրբ Եկեղեցւոյն ընդ Մեծի Սուրբ Եկեղեցւոյն Հռոմայ» եռահատոր աշխատությունն է, որը նա ավարտել է 1651 թվի ապրիլ-մայիս ամիսներին եւ հրատարակված է։ Գործը միակողմանի բնույթ ունի, եւ անգամ հռոմեադավաններն են այն քննադատել։

Շարունակելի

 

Բաբկեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s