ՀԱՅԱՍՏԱՆԸ 15-17-ՐԴ ԴԱՐԵՐՈՒՄ

Սկիզբը՝ թիվ 15-17(2010 Օգոստ. Ա — Սեպտ. Ա)

ը) Թուրք-պարսկական պատերազմների հետեւանքները Հայաստանի համար: Ինչպես տեսանք, 16-17-րդ դդ. Հայաստանը գտնվում էր Օսմանյան կայսրության եւ Սեֆյան Պարսկաստանի միջեւ մշտական պատերազմների թատերաբեմում: Ինչպիսի՞ հետեւանքներ ունեցան թուրք-պարսկական պատերազմները Հայաստանի համար: Ինչպե՞ս դրանք ազդեցին Հայաստանի եւ, ընդհանրապես, հայ ժողովրդի պատմության հետագա ընթացքի վրա:

Թուրք-պարսկական պատերազմների հետեւանքները սոսկալի էին Հայաստանի համար: Դրանք իրենց ազդեցությունը թողեցին Հայաստանի թե՛ տնտեսության, թե՛ բնակչության էթնիկ պատկերի վրա: Արդյունքում հայ բնակչության արտագաղթի համար ստեղծվել էին բոլոր երեք պատճառները` քաղաքական, մշակութային-կրոնական եւ սոցիալ-տնտեսական: Ստորեւ դիտարկենք այդ պատճառներից յուրաքանչյուրը.

·            Ինչպես տեսանք, պատերազմներն ընթանում էին փոխնիփոխ հաջողություններով, եւ հայկական տարածքները շարունակաբար անցնում էին կա՛մ պարսիկներին, կա՛մ թուրքերին: Անգամ մի փոքր տարածք կորցնելիս նրանք ամբողջովին ամայացնում էին դրա` տնտեսական նշանակություն ունեցող տարածքները (ցանքատարածություններ եւն), որպեսզի դրանք չհայտնվեին հակառակ կողմի ձեռքում (պարենավորման արգելակում եւն): Արդյունքում ճգնաժամային վիճակում հայտնվեց Հայաստանի տնտեսությունը: Այսպիսով, ստեղծվել էր սոցիալ-տնտեսական անմխիթար դրություն, ինչը լուրջ պատճառ դարձավ հայերի արտագաղթի եւ գաղթաշխարհի ստվարացման համար:

·            Արտագաղթի սոցիալ-տնտեսական պատճառից զատ, շատ մեծ դեր ուներ նաեւ քաղաքական պատճառը, որն առկա էր դեռեւս 11-15-րդ դդ., բայց առավել մեծ ազդեցություն ունեցավ 16-17-րդ դդ. սկսած, քանի որ նախ անվերջ պատերազմները, այնուհետեւ թուրք-պարսկական երկարատեւ տիրապետությունը սաստկացնում էին հայերի արտագաղթի գործընթացը:

·            Եթե 15-րդ դ. օսմանյան ղեկավարությունը հանդուրժողական քաղաքականություն էր վարում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետեւորդների նկատմամբ, ապա 16-րդ դ. առաջին կեսի վերջերին նրանց վերաբերմունքը փոխվեց: Հայերիս համար չափազանց բացասական հետեւանքներ ունեցավ ենիչերական զորամասերի կազմավորումը, ինչն սկսվեց սուլթան Սուլեյման 1-ինի (1520-1556) օրոք: Ենիչերական զորամասերը կազմավորելու նպատակով քրիստոնյաներից (այդ թվում եւ հայերից) բռնի հավաքագրում էին երկուսից հինգ տարեկան արու զավակների, որոնք դաստիարակվում էին մահմեդական մոլեռանդության ու ռազմական ինքնազոհողության ոգով եւ, չափահասության տարիքին հասնելով, վերածվում մահապարտ զինվորների: Այս զորամասերը շուտով դարձան Օսմանյան կայսրության ռազմական հաջողությունների գրավականներից մեկը: Այսպիսով՝ ենիչերական զորամասերի կազմավորումը վկայում է Օսմանյան կայսրությունում կրոնական անհանդուրժողականության ծաղկման մասին:

Երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական եւ քաղաքական անբարենպաստ պայմանների հետեւանքով արգելակվում էր հայկական մշակույթի հետագա զարգացումը:

Փաստորեն, հայ բնակչության արտագաղթի համար առկա էին ե՛ւ սոցիալ-տնտեսական, ե՛ւ մշակութային-կրոնական, ե՛ւ քաղաքական պատճառները, ուստի Հայաստանից սկսվեց ահռելի ծավալների հասնող արտագաղթ, ինչի հետեւանքով ստվարացան Արեւմտյան Եվրոպայի, Հնդկաստանի եւ այլ երկրների ու տարածաշրջանների հայ համայնքները:

Ինչպես արդեն նշել ենք, պարսից շահ Աբաս 1-ինը կազմակերպեց ավելի քան 350 հազար հայերի բռնագաղթ, ինչի հետեւանքով ստվարացավ Պարսկաստանի հայ համայնքը, սակայն Հայաստանը (հատկապես` Երեւանի եւ Նախիջեւանի ապագա խանությունները) զրկվեց իր բնիկ բնակչության մի մասից: Սրան էլ կարող ենք գումարել թուրք-պարսկական երկարատեւ պատերազմների ընթացքում զոհված հազարավոր հայերին, եւ, ի վերջո, կտեսնենք, որ ռազմական գործողությունների հետեւանքով (սպանություններ, սով, հիվանդություններ եւն) մահացությունների, բռնագաղթի եւ արտագաղթի հետեւանքով ընդամենը մեկուկես հարյուրամյակի ընթացքում հարյուր հազարներով նվազեց Հայաստանի տեղաբնիկ` հայ բնակչությունը: Փոխարենը թուրք-պարսկական պատերազմների ընթացքում Հայաստանի տարբեր հատվածներում հաստատվեց օտար` թյուրքական եւ իրանական (քրդական) էթնիկ տարր: Այսպիսով՝ պատմական շատ կարճ ժամանակամիջոցում զգալի փոփոխություններ կրեց Հայաստանի բնակչության էթնիկ պատկերը, ինչն իր խիստ բացասական հետեւանքներն ունեցավ հայերի սոցիալ-տնտեսական, մշակութային եւ քաղաքական կյանքի հետագա զարգացման վրա:

Օտար պետությունների դաժան տիրապետությունն ստիպում էր հայերին` կազմելու ազգային-ազատագրական պայքարի ծրագրեր, սակայն այդ ծրագրերում հստակորեն նշվում էր, որ Հայաստանի ազատագրությունը կարող է կատարվել միայն եւ միմիայն օտարերկրյա ռազմական միջամտությամբ: Փաստորեն, ազգային-ազատագրական պայքարի` ընտրված մարտավարությունը, որը չէր հենվում սեփական հնարավոր ռազմական ուժի վրա, հենց սկզբից ուտոպիական բնույթ էր կրում եւ, ըստ էության, ձախողված էր:

Այսպիսով՝ թուրք-պարսկական պատերազմների եւ դարավոր տիրապետության հետեւանքներն էին Հայաստանի տնտեսության ու մշակույթի` ճգնաժամային վիճակում հայտնվելը, բնակչության էթնիկ պատկերի խեղաթյուրումը (հայ բնակչության բռնագաղթի ու արտագաղթի, այլ էթնոսների ներգաղթի հետեւանքով) եւն: Ամենաբացասական հետեւանքն այն էր, որ Հայաստանը, երկատված լինելով երկու հզոր տերությունների միջեւ, զրկվեց պետականության վերականգնման հնարավորությունից: Ընդ որում, Հայաստանի քաղաքական, տնտեսական ու մշակութային սիրտը` Արարատյան դաշտը, զրկվել էր սեփական բնիկ էթնիկ տարրի` հայ բնակչության մեծ մասից, ինչն ամենամեծ բարդությունն էր (մարդկային ռեսուրսի սակավություն) հանդիսանում հայոց պետականության վերականգնման ճանապարհին:

Միքայել ՄԱԼԽԱՍՅԱՆ

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s