(ձեւավորումից մինչեւ մեր օրերը)

 
Ավստրալիայում հայերն սկսել են հաստատվել 1850-ական թթ.: Այդ ժամանակաշրջանում եվրոպական վաճառականները, մասնավորապես` անգլիացիները, դուրս էին մղել հայերին Հարավային եւ Հարավարեւելյան Ասիայում կատարվող առեւտրից, ինչի պատճառով էլ տեղի հայերը նոր հանգրվան էին փնտրում: Այդ հանգրվանը դարձավ Ավստրալիան, որը հրապուրում էր Հարավարեւելյան Ասիայի երկրներում ապրող հայերին` իր օգտակար հանածոների, մասնավորապես` ոսկու հանքերով:

Հայերի առաջին սակավաթիվ խմբերն Ավստրալիա էին մեկնում հիմնականում Ինդոնեզիայից, Սինգապուրից, Հնդկաստանից, Հարավարեւելյան Ասիայի այլ երկրներից, Կոստանդնուպոլսից եւ Արեւմտյան Հայաստանից: Ավստրալիայում հաստատված հայերի վիճակը շատ ծանր էր: Նրանք աշխատում էին հանքավայրերում` ենթարկվելով անսանձ շահագործման: Սա է պատճառը, որ շուրջ կես հարյուրամյակի ընթացքում ավստրալահայերի թվաքանակը գրեթե անփոփոխ էր մնում:

19-րդ դ. վերջին Ավստրալիայում ապրում էր մի քանի տասնյակ հայ, եւ սա այն դեպքում, երբ 19-րդ դ. երկրորդ կեսին հարյուրավոր հայեր էին մեկնել Ավստրալիա: 19-րդ դ. վերջին ավստրալահայերը կենտրոնացած էին Մելբուռն, Բրենգթոն, Սիդնեյ, Բրիսբեն, Բրոքեն Հիլլ քաղաքներում:

20-րդ դարի սկիզբն ավստրալահայերի կյանքում նշանավորվեց նոր տեղաշարժերով: Անհաջողություն կրելով հանքավայրերում` հայերն աստիճանաբար սկսեցին կենտրոնանալ խոշոր քաղաքներում, առավելապես` Մելբուռնում եւ Ադելաիդայում, որտեղ նրանք զբաղվում էին հիմնականում մանր առեւտրով եւ արհեստներով, իսկ երբեմն էլ աշխատանք էին գտնում նավերի վրա:

Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած փոքրաթիվ հայեր, ավստրալահայ բարերարների միջոցներով, 1918 թ. հաստատվում են Ավստրալիայի Սիդնեյ եւ Մելբուռն քաղաքներում, ինչպես նաեւ Ավստրալիայի այլ մասերում: Նրանք այստեղ զբաղվում են արհեստներով, մանր առեւտրով, ընդգրկվում արդյունաբերության մեջ: Ավելի փոքր թիվ էին կազմում երկրագործությամբ զբաղվող հայերը: Աստիճանաբար ի հայտ են գալիս մեծահարուստ գործարարներ եւ պրոֆեսորներ: Սակայն հայկական համայքնը դեռեւս ձեւավորված չէր:

1920-ական թթ. սկզբներին Ավստրալիայում փոքրաքանակ հայեր են հաստատվել Ռուսաստանից եւ Հունաստանից: Սակայն այդ տարիներին Ավստրալիայում չէր խրախուսվում ամեն մի էթնիկ հանրության ներկայացուցիչների ներգաղթը, ինչի պատճառով էլ հայերի մուտքն այդ երկիր խիստ բարդանում էր:

Վիճակը փոխվեց Երկրորդ աշխարհամարտից հետո, երբ Ավստրալիայում վերանայվեց ներգաղթի քաղաքականությունը` կապված տնտեսության զարգացման քաղաքականության հետ: Այստեղ սկսեցին հաստատվել հայեր Չինաստանից, Սինգապուրից, Ինդոնեզիայից, Հարավարեւելյան Ասիայի այլ երկրներից: Նրանք զգալիորեն տարբերվում էին մինչ այդ Ավստրալիայում հաստատված հայերից, քանի որ տիրապետում էին մի քանի լեզուների եւ ունեին մասնագիտական բարձր որակավորում:

1950-ական թթ. սկզբներին Ավստրալիայում են հաստատվում հայեր Սիրիայից, Լիբանանից, Կիպրոսից, Եգիպտոսից, Հնդկաստանից, Ինդոնեզիայից, Չինաստանից եւ այլ երկրներից, եւ հայերի թվաքանակը, տարբեր տվյալներով, կազմում էր 500-1500 մարդ, որոնք կենտրոնացած էին Մելբուռն, Սիդնեյ եւ Ադելաիդա քաղաքներում:

1950-ական թթ. վերջերին սկսում է ձեւավորվել ավստրալահայ համայնքը: Նախեւառաջ կազմավորվում է Սիդնեյի, իսկ մի քանի տարի անց` Մելբուռնի հայ համայնքը: 1957 թ. Սիդնեյում օծվել է Ս. Հարություն հայկական եկեղեցին, իսկ 1962 թ. Մելբուռնում` Ս. Աստվածածին եկեղեցին:

1960 թ. Սիդնեյում հիմնվում է ավստրալահայոց առաջին դպրոցը:

1960-ական թթ. սկզբներին Ավստրալիայում արդեն գոյություն ուներ կազմավորված հայ համայնք (առնվազն` 1000 մարդ): Սկսում են գործել հայկական առաջին հասարակական-քաղաքական կազմակերպությունները` Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Սիդնեյի մասնաճյուղը (1962 թ.), ՀՅԴ կազմակերպական կառույցները Սիդնեյում եւ Մելբուռնում (1964 թ.), Համազգային մշակութային միության Ավստրալիայի մասնաճյուղը (1964 թ.), Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) Ավստրալիայի մասնաճյուղը (1965 թ.), Հայ օգնության միության (ՀՕՄ) Ավստրալիայի մասնաճյուղը (1965 թ.): Սկսում է գործել հայ պարբերական մամուլը:

1960-ական թթ. առաջին կեսին Ավստրալիայում են հաստատվում հայեր Եգիպտոսից, Իրանից, Կիպրոսից, Սիրիայից, Լիբանանից եւ այլ երկրներից, եւ հայերի թվաքանակը (ըստ մարդահամարի տվյալների) 1966 թ. հասնում է 6000-ի (Ավստրալիայի բնակչության ավելի քան 0,05 %-ը), որոնք կենտրոնացած էին Մելբուռն (1500 հայ, այսինքն` Մելբուռնի բնակչության 0,07 %-ը) եւ Սիդնեյ (ավ. 4 000 հայ, այսինքն` Սիդնեյի բնակչության 0,16 %-ը) քաղաքներում:

1960-ական թթ. հայ համայնքի ամբողջացման բարձրակետը դարձավ Հայոց Եկեղեցու թեմի ստեղծումը: 1968 թ. Վազգեն Ա-ի կոնդակով կազմավորվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի թեմը, որի առաջնորդանիստն է Սիդնեյի Ս. Աստվածածին եկեղեցին:

Հաջորդ տասը տարիների ընթացքում հայերի թիվն աճում է` հասնելով 15000-ի (Ավստրալիայի բնակչության 0,12 %-ը): 1960-1980-ական թթ. Ավստրալիայում են հաստատվում հայեր Սիրիայից, Լիբանանից, Կիպրոսից, Իրաքից, Սուդանից, Եթովպիայից, Իրանից, Հունաստանից, Թուրքիայից, Ֆրանսիայից, Բուլղարիայից, Ռումինիայից եւ այլ երկրներից: Շարունակում են ստեղծվել հայկական հասարակական-քաղաքական կազմակերպություններ (Հայ դատի հանձնախմբի, ՌԱԿ-ի եւ ՍԴՀԿ-ի մասնաճյուղերը Ավստրալիայում, Ավստրալահայ միացյալ ընկերակցությունը, Ավստրալահայերի պատմական միությունը, «Նոր սերունդ» եւ «Թեքեյան» մշակութային միությունների Սիդնեյի մասնաճյուղերը եւ այլն):

1980-1987 թթ. ընթացքում ավստրալահայերի թվաքանակը հասնում է 25000-ի (Ավստրալիայի բնակչության 0,16 %-ը):

1988 -2003 թթ. Ավստրալիայի հայ համայնքի կյանքում լուրջ փոփոխություններ են տեղի ունենում: Շարունակվում է հայերի ներգաղթը Ավստրալիա մի կողմից Մերձավոր Արեւելքի երկրներից, իսկ մյուս կողմից տեղի է ունենում մեծաթիվ հայերի ներհոսք ՀՀ-ից եւ ԱՊՀ-ի երկրներից: Արդյունքում՝ արդեն 1990-ական թթ. սկզբներին հայերի թվաքանակն Ավստրալիայում հատում է 30000-ի սահմանը (Ավստրալիայի բնակչության 0,18 %-ը):

2003 թ. Ավստրալիայում բնակվում էր մոտ 40000 հայ: Նրանք կենտրոնացած էին հիմնականում Սիդնեյ ( 25000 հայ, այսինքն` Սիդնեյի բնակչության 0,7 %-ը) եւ Մելբուռն (10000 հայ, այսինքն` Մելբուռնի բնակչության 0,32 %-ը) քաղաքներում: Ավելի քան 1000 հայեր էլ տեղաբաշխված էին Պերտ (500), Բրիզբեն (300), Ադելաիդա (200), Հոբարտ (50), Կանբեռա (40) քաղաքներում` միասին վերցրած:

2003-2010 թթ. շարունակվել է հայերի ներգաղթն Ավստրալիա Մերձավոր Արեւելքի երկրներից, ՀՀ-ից եւ այլ երկրներից: Ներկայումս (2010 թ.) Ավստրալիայում ապրում է շուրջ 45000 հայ (Ավստրալիայի բնակչության 0,23 %-ը): Նրանք կենտրոնացած են Սիդնեյում (շուրջ 30000 հայ) եւ Մելբուռնում (շուրջ 12000), իսկ Ավստրալիայի մյուս քաղաքներում հայերի թիվը 2003 թ. համեմատ գրեթե անփոփոխ է մնացել: Նրանք հիմնականում հայախոս են, կան փոքր թվով անգլիախոսներ:

Ավստրալահայերի 90 %-ից ավելին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետեւորդներ են, մոտ 7 %-ը` կաթոլիկներ (Մելբուռնում եւ Սիդնեյում կան հայ կաթոլիկական եկեղեցիներ): Ավստրալիայում ապրում են նաեւ փոքր թվով ավետարանական հայեր, որոնք իրենց եկեղեցին ունեն Սիդնեյում:

Ավստրալահայերի 1/3 մասը բանվոր է: Մեծ թիվ են կազմում արհեստավորները (հատկապես` ոսկերիչները), առեւտրականները, պետական ծառայողները, խոշոր ու միջին արդյունաբերողները, իրավաբանները, բժիշկները:

Այժմ Ավստրալիայում գործում է 3 ամենօրյա եւ 6 մեկօրյա վարժարան, ինչպես եւ կաթոլիկ եկեղեցիներին կից 2 մեկօրյա վարժարան: Հրատարակվում է հայկական 6 պարբերական (Սիդնեյում` «Արմենիա», «Գարուն», «Զանգ», «Լույս», «Միություն», Մելբուռնում` «Հույս»): Մելբուռնում եւ Սիդնեյում գործում են հայկական ռադիոժամեր:

Ավստրալահայ համայնքի ազգային, հոգեւոր եւ կրթական գործը ղեկավարում է թեմի առաջնորդի նախագահությամբ գործող թեմական խորհուրդը` բաղկացած 7 հոգուց, որոնցից 4-ը Սիդնեյից են, իսկ 3-ը` Մելբուռնից:

Եկեղեցիներին կից գործում են մեկօրյա վարժարաններ, թատերախմբեր, մարզական խմբեր, երիտասարդական միություններ եւ ներհամայնքային այլ հաստատություններ:

Այսպիսով, Ավստրալիայի հայ համայնքն ամենաակտիվ հասարակական կյանքով ապրող հայկական համայնքներից է Սփյուռքում եւ կարող է կազմակերպված գոյակցության հոյակապ օրինակ ծառայել այլ երկրների հայկական համայնքների համար:

 

Միքայել ՄԱԼԽԱՍՅԱՆ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s