Սկիզբը՝ թիվ 15-18 (2010 Օգոստ. Ա — Սեպտ. Բ)

 
Բանաստեղծը հայ ժողովրդի այս ճակատագրական փորձությունը համարում է «մոխիրներու եւ մահերու դանթեական ճանապարհ» («Թթենին»):

Շարքն ավարտվում է «Հաղթանակ մը» բանաստեղծությամբ: Մահվան դանտեական ճանապարհով քայլում է հայ գաղթականների եղեռնազարկ թափորը. «Ա՜հ, ի՜նչ աղիողորմ ու ցավագին կարավան, // Մարմիններ կան, որ թեւ չունին… // Եվ իրաններ, առանց ծունկի, փորի վրա զարհուրանքով մը կը սողան… // Եվ ջախջախված ծնոտներով ծերունիներ «օգնությո՜ւն մեզ» կ’աղաղակեն…»:

Սա վերջն է, բայց ժողովրդի կորովի ոգին անգամ այս իրադրությունների մեջ կոչ է անում դիմադրության: Բավակա՛ն է խեղճությունը, թեեւ՝ «Ինչ որ տեսանք այս օրերուս, դարերն իսկ չեն տեսած»: «Վշտերով սպառազեն» պիտի ոտքի կանգնեն հայ երիտասարդները. «Կրակեցե՛ք, կրակեցե՛ք, հեռուներեն Հույսը մեզի կը նայի… // Ես իմ սրտես զարնվեցա… իմ մարմինս ձեզի պատնեշ… // Հաղթանակը մեզի է, կրակեցե՛ք, Աստեղաբիբ Եղբայրներ…»:

Ինչպես Դանտեն «Դժոխքի» մուտքում մոլորվում է մութ անտառի մեջ, եւ թվում է, թե այլեւս չկա փրկության ճար, բայց հանկարծ անտառի խորքում լույս է երեւում, այդպես էլ Յարճանյանը հայոց բախտի մութ ու անթափանց գիշերվա մեջ տեսնում է Հույսը, որը զինված ինքնապաշտպանությունն է եւ Ոգու ամրությունը:

«Հայրենի հրավեր: Տասներկու կոչ տարագիր հայության», 1910: Շարքը ներշնչված է հայրենիքի փրկության հույսով: Այս դեպքում նրա հույսը որոշակի է՝ կոչ հայրենիքից հեռացած հայորդիներին՝ վերադառնալու հայրենի եզերք, այն շենացնելու՝ որպես մի նոր կյանքի սկիզբ:

Հոգեվարքի մեջ գտնվող հայրը դիմում է ընտանիքի անդամներին. «Վերջին նամակն ինծի տվեք, որ արցունքներս սրբեմ…»: Եվ ապա վերջում. «Եթե դիակս ալ ըլլա, պետք է որդիս այս իրիկուն աչքերս բա՜ց տեսնեմ»: Զառանցանքի մեջ գտնվող ծերունու միակ հույսը որդու վերադարձն է («Հայրը հոգեվարք»): Նույն կերպ՝ կինն է կարոտով երազում ամուսնու վերադարձը. կին, որն անգամ դեռ չի հասցրել մայրանալ («Հարսին երազը»): Ասես կրկնվում է Գ. Զոհրապի «Այրին» նորավեպի դիպաշարը:

Գրում է եղբայրը եղբորը, հայտնում. «Մեր մայրը մեռավ այս իրիկուն»՝ աչքը քո ճանապարհին: Իսկ ինքը մորը հուղարկավորելուց հետո պիտի մեկուսանա իրենց թափուր տնակի մեջ՝ «Երկու դռներն իբր դագաղ» ինքն իր վրա փակելով:

Հաջորդում են «Մոր մը երազը», «Մայրը իր զավակին», «Որդին իր հորը», «Հայ դաշտերուն պաղատանքը» եւ մի քանի այլ գործեր: Որդին մեծացել է առանց հորը տեսնելու: Շատ ծանր ու հանդիսավոր է հնչում հայոց դաշտերի խոսքը. «Արարատյան աշխարհներեն մինչ հովիտներն Եփրատյան // Մեր ընդերքներեն բարձրացող պաղատանքն ու պարսավը ձե՛զ կ’ուղղենք, // Կյանքին հանդեպ դրուժաննե՛ր, հեռացողնե՛ր կամ երկչոտնե՛ր. // Հալածական կամ աքսորյալ, դո՛ւն վտարանդի կամ տարագիր, // Ո՞ւր եք եւ ո՛ւր են ձեր բազուկները, որ մեր կողերը կ’արորեին…»:

Վերադարձը, համախմբումը հայրենիքի փրկության երաշխիք են: Հայրենիքում պիտի ապրես, որպեսզի հայրենիքը ժառանգի պես չորբանա կամ ծնողի պես չանտերանա, որպեսզի այն դառնա քո՛ հայրենիքը եւ ոչ թե ուրիշի.
Ամեն բարիք եւ մարդկային չարիքներու ամեն դարման,

Մեր խորհուրդեն, մեր խավարեն, մեր օրենքեն պետք է հուսալ…

 

Ու այսպես՝ Ձիթենիին ոստերուն հետ աստվածաբույս,

 

Սուրն ալ մեզմե կը ծնան, սրբությունն ալ Ցորյանին…

 

 

Յարճանյանն ունի նաեւ բազմաթիվ բանաստեղծություններ, որոնք կա՛մ ի մի չեն բերվել շարքերի մեջ, կա՛մ մնացել են անտիպ: Դրանցից առանձնացնենք «Չարչարանքի տեսիլները» (1911), որն արձագանքում է «Մահվան տեսիլքին» եւ «Նավասարդյան աղոթք առ դիցուհին Անահիտ»-ը (1914), որը տպագրվել է Դ. Վարուժանի խմբագրած «Նավասարդ» տարեգրքում եւ ձայնակցում է վերջինիս գլխավորած հեթանոսական շարժման գաղափարներին:

 

«Սուրբ Մեսրոպ», 1913: 1913 թ. հոկտեմբերին հայ ժողովուրդը նշում է հայոց գրերի ստեղծման 1500 եւ հայոց տպագրության սկզբնավորման 400-ամյակները: Այդ կապակցությամբ գրվեցին բազմաթիվ բանաստեղծություններ եւ պոեմներ: Դրանցից է Յարճանյանի «Սուրբ Մեսրոպ» պոեմը, որը գրվեց 1912-ին, լույս տեսավ 1913-ին Թիֆլիսում: Բնույթով այն քնարական է: Բաղկացած է չորս մասից՝ «Ներբողական», «Սուրբին աղոթքը», «Տեսիլքը», «Գյուտին փառքը»: Բանաստեղծը փառաբանում, մեծարում եւ գնահատում է հայոց գրերն ստեղծող Մեսրոպ Մաշտոցին՝ ամբողջ գործը հեղեղելով բազմաթիվ տպավորիչ բնութագրություններով:

«Ներբողականը» նախերգանքի բնույթ ունի, որի մեջ բանաստեղծը ներկայացնում-բնութագրում է Մաշտոցին. 

Օշականի անհո՜ւն մեռյալ,

 

Դուն բյուրավոր ճյուղերով

 

Ոսկեհոս գետ գիտության,

 

Մտքի Փրկիչ, հույսի Հսկա, կյանքի Կեդրոն,

 

Դուն անվախճա՜ն փոշիացյալ,

 

Դուն ջահերուն անմարելի շտեմարան,

 

Ուրկեց ուղեղս, մանկությանս օրերուն,

 

Ես՝ աղքատորեն եկա վառել…

 

Այս անընդհատ թվարկում-բնութագրությունների մեջ կերպավորվում է Մաշտոցը՝ որպես ազգային գոյության բարձրագույն եւ եզակի խորհրդանշան:

Ըստ ավանդության, որ մեզ են հասցրել մեր մատենագիրները՝ Կորյունը, Խորենացին, Փարպեցին, հայոց գրերի պատկերը Մաշտոցին տրվել է տեսիլքի մեջ: Նա ջերմեռանդ աղոթք է անում: Ահա «Սուրբին աղոթքը» գլխում Մաշտոցը մտովի խոսում է Աստծու հետ. «Լույս տուր ինծի, Աստվա՜ծ անհերքելի…, // Օգնե՛ ինծի, մեծապարգե՛ւ իմաստություն…»: Այսպես նա դիմում է «Տարրերու հայր» Աստծուն, «անծի՜ր աստծուն», «անբաղդատ Օրենք» Աստծուն եւ հայցում օգնություն: Այս ընթացքում իր մեծ նախորդի՝ Գրիգոր Նարեկացու նման նա մի կողմից մեծարում է Աստծուն, մյուս կողմից՝ ստորադասում իրեն: Նա իրեն համարում է անվավեր վարդապետ, անարժան օրհնաբան, «սահմանափակ պատուհան եւ փակյալ դուռ»: Այնուհետեւ.

Օգնե ինձ համագումար Սկզբունք,

 

Մկրտության ես անմյուռոն ավազան,

 

Ես աղոթքի կիսակործան գավիթ,

 

Ես արորազուրկ հողագործ, անգերանդի հնձող,

 

Ես անբույր ծաղիկ եւ դառնահամ յուղ

 

…Ես մենության մեջ մխացող անկարավան անապատ,

 

Այցելությո՜ւն տուր ինծի…

 

…Աստվա՜ծ անհեղլի, Աստվա՜ծ անափունք,

 

Արարչագործ ձեռքդ իմ ուղեղիս երկարե,

 

Հոն իմ գյուտս խմորելու…

 

Տրվում է տեսիլքը. Աստծու հրեշտակներից մի քերովբե Մաշտոցի «Մենաստանին որմի վրա // Հայկազնյան Այբբենարանը տառագրեց»: Հրաշքը կատարվում է, որին եւ հաջորդում է գյուտի փառաբանությունը: Հիմա արդեն հեղինակն է փառաբանում Մաշտոցին ճիշտ այնպես, ինչպես «Սուրբ աղոթքի» մեջ Մաշտոցը՝ Աստծուն: Մաշտոցը դառնում է սուրբ, եւ արժանի խոսքերն այսպես են ուղղվում նրան. «Մեսրո՛պ, հայ դարերուն դիմացը կեցող // Դուն ադամանդյա ապառաժ… // …Դուն աննինջ հսկող, դուն տիտանյան Տեսանող… // …Դուն բարբառի արարիչ, Բանի իշխան… // …Դուն անվատնելի ցորյանի դաշտ, դուն ձրի՜ հաց, // Դուն հունձք հարուստ… // …Դուն մեծաթափանց նայվածքներով առաքյալ… // …Դուն երկրո՛րդ Աստված, // Եվ մտածման Դուն առաջին արարիչ…»:

Աստծու առջեւ Մաշտոցն էր, Մաշտոցի առջեւ նրա գործը շարունակող բանաստեղծն է, որը, իրեն համարելով «ապաժաման քնարահար // Եվ անվճար ու անարժան երախտագետ», խոսքն ավարտում է այսպես.

Եվ թույլ տուր այսօր, ո՜վ Մեսրոպ

 

Որ Հայոց հողեն մինչեւ աստղերը հասնող

 

Քու ոսկե սանդուխեդ վե՛ր բարձրանամ

 

Եվ հաստատաքայլ, աստիճանե աստիճան

 

Ու պսակե ի պսակ եւ լույսե ի լույս,

 

Իբրեւ զավակ մը մտածումիդ,

 

Ես ի քե՛զ գամ, իմ այս երգս երգելու…

 

Ատոմ Յարճանյանը հայ պոեզիան նորոգեց ու թարմացրեց իր բոցավառ տաղանդով: Նրա հիրավի անսանձ երեւակայությունն ստեղծում է ծավալվող երկարաձիգ ու հուսանուտ պատկերներ: Նրա բանաստեղծական յուրաքանչյուր տող ինքնին գյուտ է: Այստեղ տեղ ունեն ե՛ւ բանաստեղծի փոխաբերական մտածողությունը, ե՛ւ համեմատությունների ու մակդիրների անսովոր կիրառությունը, ե՛ւ բառապաշարի հարստությունը՝ լի նոր բառաձեւերով ու նորաբանություններով (դժոխահայաց, մահակարոտ, չարախաբյալ, արյունաբիբ, արյունկզակ խուժան, սարսափը երկաթեցնել, «Արեգակն իր մահովը հորիզոններն եղեռնորեն է կը ներկեր», անլույծ խորհուրդ, աստղածորան գիշերներ, ահեղավազ Եփրատ, աշտարակվել, արշալույսվել, սրբավեմ, հորդահոսան, մեռելաստվեր):

Ակնհայտ է, որ նրա ուսուցիչը հայոց բանաստեղծության անմրցելի մեծություն Գրիգոր Նարեկացին է: Նարեկացուց նա յուրացրել է գեղարվեստական մտածողության այնպիսի ձեւեր, որպիսիք են պատկերների թվարկումը, հակադրությունները պատկերային շարքի մեջ, մակդիրների կուտակումը: Իսկ խոսքի ներքին մենախոսական բնույթը Յարճանյանի ստեղծագործության մեջ ընդունում է կոչի ու պատգամի բնույթ, դառնում երգ ու օրհնանք, ձայն ու շարժում: Թվարկումները, ինչպես Նարեկացու «Մատյան…»-ում, այնպես եւ այստեղ, ունեն խոսքը ներքուստ պարուրաձեւ զարգացնող բնույթ, պարույրները, որպես խոսքային կառույց, նման են իրար, բայց միշտ մի շարք առաջ են: Այստեղից էլ խոսքի ներքին շարժուն զարգացումը:

Ավելացնենք, որ Յարճանյանի տողերը լեցուն են խիտ ու զորավոր ուժով, ինչը պայմանավորված է ե՛ւ ներքին խորությամբ եւ ընդգրկման լայնությամբ: Դա համազգային եւ համամարդկային ընդգրկում ունեցող ծավալվող մտածողություն է, որ հնչում է ողբերգության ու սգերգի վեհացնող ձայներով:

Յարճանյանը դիմում է նաեւ պատկերների խորացման՝ ներգործությունն ավելի ազդեցիկ դարձնելու համար, ինչպես՝ «Մեռելներ կան, որ պե՛տք է անգամ մը եւս մեռցնել…», «Մոխիրները պետք է դեռ անգամ մըն ալ մոխրացնել»:

Շատ յուրահատուկ է նրա խոսքի կշռույթը:

Յարճանյանի օգտագործած բանաստեղծական ձեւը կամ այլ կերպ՝ տաղաչափական համակարգը ազատաչափն է (ազատ բանաստեղծություն, վերլիբր), որը տաղաչափական հինգ համակարգերից մեկն է: Ազատաչափի մեջ չկա ոչ վանկերի, ոչ շեշտերի հավասարություն: Բացակայում է նաեւ հանգը: Ազատաչափի մեջ տողերի միջեւ առաջանում է տողի արտասանական-հնչերանգային ավարտվածության տրամաբանական ամփոփվածության կշռույթ: Տողը պետքը արտասանել ոչ թե ներքին դադարներով կամ հատածներով, ինչպես վանկական եւ վանկաշեշտական բանաստեղծության մեջ է, այլ իմաստին համապատասխան հնչերանգով:

Պետք տարբերակել ազատ բանաստեղծությունը արձակ բանաստեղծությունից: Ազատ բանաստեղծությունը բանաստեղծություն է, իսկ արձակ բանաստեղծությունը՝ արձակ, որը, սակայն, ունի քնարական, խոհական ապրումներով լեցուն բանաստեղծական շունչ: Արձակ բանաստեղծություններ գրել են Մեծարենցը, Արազին, Տուրգենեւը, Թագորը եւ ուրիշներ: Ազատաչափով գրել են մեր նախկին բանաստեղծները: Այդպես են ստեղծված Գողթան երգերը, այդպես են իրենց ապաշխարանքի երգերը հյուսել Սահակ Պարթեւը, Մեսրոպ Մաշտոցը, Մովսես Խորենացին: Այդպես են գրված Գրիգոր Նարեկացու տաղերն ու «Մատյան…»-ը: Ներսես Շնորհալուց սկսած՝ հայոց բանաստեղծությունն ընդունեց վանկական, հանգային բնույթ:

Այնպես որ Յարճանյանը եզակի է իր օգտագործած ազատաչափով, որի մեծագույն ներկայացուցիչներից մեկը 19-րդ դարի ամերիկյան բանաստեղծ Ուոլթ Ուիթմենն է՝ իր «Խոտի տերեւները» (1855) գրքով, այնուհետեւ՝ էմիլ Վերհարնը:

Ազատաչափն այնքան բարդ համակարգ է, որին թեեւ փորձել են դիմել Դ. Վարուժանը, Ե. Չարենցը, Պ. Սեւակը, բայց այդ ձեւը նրանց ստեղծագործության մեջ չի ստացվել, որովհետեւ ունեին կշռույթի իրենց յուրահատուկ զգացողությունը:

Մի բան ակնհայտ է՝ Յարճանյանի ազատ, ներքուստ հարաճուն ու ճյուղավորվող պատկերային մտածողությունը չէր կարող տեղավորվել ներդաշնակ հանգ ու չափի մեջ: Եվ բնական է, որ նրա ծանր ու ընդլայնվող տարերքը գտել է դրսեւորման համապատասխան ձեւ:

Դավիթ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Բանասիրական գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s