Հովսեփ Կարալյան


«Երբ արվեստի գավաթը մինչեւ վերջ լցվում է հմտությամբ ու արհեստի փայլատակումով, անհրաժեշտ է թափել պարունակությունը եւ կրկին լցնել նախաստեղծով, անաղարտով ու անպաճույճով։ Սրանում է արվեստի բարեշրջության փրկությունն ու հավիտենությունը»։

 

Այս խոսքերը պատկանում են հայ կերպարվեստի չափազանց ինքնատիպ ներկայացուցիչներից մեկին՝ գեղանկարիչ Հովսեփ Կարալյանին, արվեստագետ, ում թողած ողջ ժառանգությունը հենց լավագույն ապացույցն ու հաստատումն է իր իսկ խոսքերի։

Ծնվել է 1897 թ. Թիֆլիսում, 1914-1916 թթ.սովորել Թիֆլիսի գեղեցիկ արվեստները խրախուսող կովկասյան նկարչական դպրոցում, 1917-ից, երբ ընդամենը 20 տարեկան էր, սկսում է պարբերաբար մասնակցել թբիլիսյան գեղարվեստական ցուցահանդեսներին։ 922-936 թթ. զբաղվում է մանկավարժական աշխատանքով, սկզբում՝ Թբիլիսիի հանրակրթական դպրոցներում, ապա՝ Մոսկվա տեղափոխվելուց հետո (1927 թ.), այստեղ գործողՀայաստանի մշակույթի տան գեղարվեստական ստուդիայում։ Հայկական պետական դրամատիկական ստուդիայում ձեւավորում է Գ. Սունդուկյանի «Քանդած օջախ» պիեսը (ռեժ. Ռ. Սիմոնով)։ 1936 թ. մասնագիտական կրթությունը շարունակում է Մոսկվայի բարձրագույն գեղարվեստա-տեխնիկական ինստիտուտի գրաֆիկայի բաժնում։ Ինստիտուտն ավարտելուց երկու տարի անց արդեն նկարիչների միության անդամ էր։ 1947 թ. տեղափոխվում է Բաքու եւ Աշխաբադի՝ այստեղ տարհանված գեղարվեստի ուսումնարանում դասավանդում գծանկար ու գեղանկար։ 1953 թ. նա վերջապես հաստատվում է մայր հայրենիքում՝ ակտիվորեն մասնակցելով Հայաստանի նկարիչների միության կազմակերպած բոլոր ցուցահանդեսներին եւ իր անուրանալի ներդրումը բերում Հայաստանի մշակութային կյանքի զարգացմանը։ 1969 թ. էկրան բարձրացած Ս. Փարաջանովի «Նռան գույնը» կինոնկարի զգեստների էսքիզների հեղինակն է։ Նա զբաղվել է նաեւ գրքի գրաֆիկայով եւ պլակատով։ Հանրապետական, համամիութենական ու արտասահմանյան ցուցահանդեսներին մասնակցելուց զատ, ունեցել է նաեւ անհատական ցուցահանդեսներ Երեւանում, Մոսկվայում, Նովոսիբիրսկում։ Մահացել 1981 թվականին։

Նրա ստեղծագործությունները պահպանվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Մոսկվայի Տրետյակովյան պետական պատկերասրահում, Արեւելքի ժողովուրդների արվեստի պետական թանգարանում, Երեւանի ժամանակակից արվեստի թանգարանում, Թումանյանի տուն-թանգարանում եւ բազմաթիվ մասնավոր հավաքածուներում։

Կարալյան նկարիչն առավելապես հայտնի է որպես «հուշագրական»կոմպոզիցիաների նկարիչ, կոմպոզիցիաներ, որոնցում ար­դեն ապր­ված, ան­ցած-գնա­ցած օրերի, պատկերների ու պա­հի զգա­ցո­ղու­թյունները տարիների հեռվից վերաիմաստավորվում են, դառնում ապրեցնող կարոտի, խոհականության, յուրաքանչյուրիս մեջ անվերջ տրոփող մանկության, դարերից փոխանցված հնավանդ կենցաղի՝ նորովի գտնված մի աշխարհ, որում թագավորում են կարոտաբույր լույսն ու անսահման բարու խաղաղաշունչ արտացոլումները։

Թե­պետ նկարչի ողջ կյանքն անցել է հիմնականում եվրոպական քաղաքային մշակույթի խառնարանում, սակայն հո­գով ու էու­թյամբ մնաց հավատարիմ իր մանկության տարիների արեւելակովկասյան հնավանդ կենսակերպի նա­խա­ստեղծ պո­ե­զի­ա­յին։ Այդ պոեզիան կարմիր թելի պես անցնում է նրա բոլոր գործերով, միահյուսվում դարեսկզբյան թիֆլիսյան կոլորիտին, կինտոների, փողոցային մանրավաճառների, պարզ ու հասարակ մարդկանց դժվարին առօրյային, դրանց հանդեպ նկարչի ունեցած կարոտածին խոհ ու ապրումին։

Ասե­լի­քը հիմնականում կեն­տ­րո­նաց­նե­լով մարդ­կա­յին ֆի­գու­րների, կենցաղային պարզ դրվագների վրա՝ նկա­րի­չը հմտորեն ընդ­հան­րաց­նում է պատ­կեր­վա­ծն ու երե­ւույ­թը եւ նրբորեն ան­հա­տա­կա­նաց­նում՝ եր­կու դեպ­քում էլ մնա­լով մի­ան­գա­մայն հա­մո­զիչ ու ան­կեղծ։ Ան­գամ այն կտավնե­րը, որոնք թեմատիկ առումով համախումբ են, բազ­մա­ֆի­գուր, սակայն այդ ֆիգուրներից ամեն մեկն ու­նի իր մի­ան­գա­մայն ին­ք­նու­րույն հն­չե­ղու­թյունը, իր ասելիքը. յու­րա­քան­չյուրն իր ներ­սում ընդգծված անհատականության կրող է՝ ընկղմված սեփական հույզ ու ապրումի, սեփական մտորումների մեջ («Փողոցում», «Ընտանիք», «Ձվի վաճառք», «Այցելություն մորը», «Խնջույք անտառում»)։ Այս առումով, ինչպես նաեւ կոմպոզիցիոն ինքնատիպ լուծումով կարելի է առանձնացնել «Պարսկական ճաշարան»կտավը, որի դրվագներից ամեն մեկը մի աշխարհ է եւ այնքան ավարտուն, որ կարելի է այն որպես մեկ պաստառի վրա հավաքված չորս առանձին գործ դիտել։ Սա Կարալյան արվեստագետի կերպավորման սքանչելի հնարքներից մեկն է եւ ամենեւին էլ ոչ պատահական, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից։ Նկարչին ճանաչած յուրաքանչյուր անձ կարող է փաստել, որ իր ստեղծած կերպարներից ամեն մեկում ապրում էր հենց ինքը՝ նկարիչը՝ ներամփոփ, ասես մեկուսի, լռակյաց ու խոհուն աչքերով, որոնց ճոթերին մշտապես զգացվում էր դատարկված «գավաթից»մնացած տաք խոնավությունը՝ այն հուշը, որի թելերը ձգվում էին իր կարոտյալ անցյալը տանող արահետները։ Այդ հուշերի, այդ արահետների տիրակալները պարզ ու հասարակ մարդիկ են՝ իրենց հացն արդար քրտինքով վաստակող, իրենց երազի ճոթքերն առօրյա հոգս ու ապրումի մեջ թաթախած։ Նրանցից մեկը՝ պարզ մի շինական, ավանակին նստած քաղաք է գնում՝ իր ձեռքով ստեղծած բարիքը վաճառելու, մի գողտրիկ իջեւանատան մոտ ահա դադար են առնում ճամփա ելած կանայք ու տղամարդիկ, փոքրիկ մանչուկն ու նրանց «տրանսպորտը»՝ ձին, մեկ այլ կտավից մեզ են երեւում գյուղական հացթուխները, մյուսից՝ սուջուխ պատրաստողները, երրորդից՝ ճամփեզրին աքլորներ ու պտուղներ վաճառող կանայք։ Ապրվածի անդավաճան հմայքով են ստեղծվել նրա ալրաղացները, ածխավաճառները, քարտաշը, ջրկիրները, թութ թափ տվողներն ու «քեֆչի»կինտոները՝ պարելիս («Դեպի քաղաք», «Հաց են թխում», «Հանգիստ ճանապարհին», «Սուջուխ են կախում», «Գյուղական շուկա», «Ջաղացի մոտ», «Քարտաշը», «Շալախո»եւ այլն)։ Իր այս «հուշերում»Կարալյանը չի փորձում կեղծել, չի փորձում անցյալի իր «հեքիաթին»ո՛չ հակադրել առօրեական գորշությունը եւ ո՛չ էլ իր աշխարհը սքողել կեղծ պաճուճանքներով։ Նրա ստեղ­ծած ու մեզ ժառանգած գի­ծը, գույ­նը, երան­գը չեն ճչում, չեն աղմ­կում, այլ հան­դարտ ու մեղ­մա­շր­շյուն սա­հում են կտա­վի մա­կե­րե­սով եւ դի­տո­ղին ստի­պում ընկղ­մ­վել բա­նա­ստեղ­ծա­կա­նի՝ ներ­քին գունավորումներով հա­գեց­ված հա­րուստ աշ­խար­հը։Նրա գործերից ոչ մեկում չկա պա­հան­ջար­կա­յին մոտե­ցում­։ Նա եղել ու մնում է ազ­նիվ՝ ին­քն իր եւ իր հուշերի հան­դեպ, մնա­ցել որ­պես ան­կեղծ ներ­շն­չանք­նե­րի կրող։

Նկարչի գործերի գե­ղար­վես­տա­կան ու գա­ղա­փա­րա­կան ուժն ու գրավչությու­նը թախծով պարուրված հու­զա­կանությունն է, խո­հը, զգացածի ու ապ­րա­ծի չմիջ­նոր­դա­վոր­ված, ան­կեղծ ու անա­չառ տպավորու­թյուն­նե­րը։ Այս իմաս­տով առա­վել հն­չեղ են նկար­չի՝ կանանց կերպարները։ Դրանց ասե­լի­քի ու­ղղ­վա­ծու­թյու­նը մայրության, գեղեցկության , մարդ­կու­թյան գո­յու­թյան ճշ­մա­րիտ իմաս­տի հավերժականությունն է, կնոջով հրճվելու, նրա մշտագո ընթացքին իրենը բերելու անսքող տենչը («Հանդերձարանում», «Կանանց բաղնիք», «Սպասում», «Մոր վիշտ», «Կնոջ դիմանկար»եւ այլն)։

Դի­մա­ն­կա­րի փոր­ձի նման սուղ հնա­րա­վո­րու­թյան շր­ջա­նա­կում դժ­վար է պատ­շա­ճո­րեն ներ­կա­յաց­նել Կարալյան նկար­չի ստեղ­ծա­գոր­ծա­կան որոնում­նե­րի ու ազ­դե­ցու­թյուն­նե­րի շր­ջա­նակ­նե­րը, ձե­ռա­գ­րի ու աշխարհա­յաց­քի ձե­ւա­վոր­ման խթա­նիչ գոր­ծոն­ներն ու ըն­թաց­քը։ Ասենք միայն, որ ինչպիսին էլ լինեն դրանք, արդյունքում նրա կտավները, որոնք այլե­ւս դա­սա­կա­նի ար­ժեք ու­նեն եւ իրենց ան­փո­խա­րի­նե­լի տե­ղը մեր կերպար­վես­տում, զերծ են ժա­մա­նա­կին տուրք տա­լու մի­տու­մից։ Դրանք առավելապես խոսում են այն մասին, որ արարման բանալին մարդու մանկության լուսավոր ու անեղծ տպավորություններով լեցուն փոքրիկ ու մեծ աշխարհի խնամված ու փայփայված ծալքերում է։

Աստղիկ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s