Սկիզբը՝ թիվ 15-18 (2010 Օգոստ. Ա — Սեպտ. Բ)

Այս ընթացքում Դավիթ Արեւելցին, զրկվելով պատրիարքությունից, վտարվել էր Կիպրոս։ Լսելով Թովմասի անհաջողության մասին՝ նա անմիջապես վերադառնում է Կ. Պոլիս եւ կրկին տիրում պատրիարքությանը։ Սակայն պայքարը դրանով չի վերջանում։ Կ. Պոլսում ավելի վաղ եւ ավելի ուշ հաստատվածների մրցակցությունն էր այն սրում։ Վերջիններն օգտվում էին գավառների իրենց մտերիմ փաշաների՝ Կ. Պոլսում պաշտոններ զբաղեցնելուց, որը եւ նպաստում էր նրանց ազդեցության մեծացմանը։ Դա շարժում էր հնաբնակների նախանձը, որոնք նորեկներին մարդու տեղ չէին դնում՝ համարելով գռեհիկներ։ Նրանց թույլ չէին տալիս անգամ ազգային գործերին մասնակցել։ Նորեկներից նշանավոր էին վանեցի խոջա Ռուհիջանը եւ դիարբեքիրցի խոջա Երեմիան։

Այդ պայքարն արտահայտվեց անգամ լատինամետ շարժումների ժամանակ։ Պայքարն ավելի էր բորբոքվում պատրիարքների հաճախակի փոփոխության պատճառով, որի ընթացքում թուրք պաշտոնյաներին իրենց կողմն էին գրավում կաշառքներով։ Դրա հետեւանքով շուտով պատրիարքարանը հայտնվեց 40000 ղուռուշ պարտքի տակ, որը ծանրացավ ողջ ազգի վրա, սակայն ոչ մեկը չէր ուզում այն վճարել։ Դավիթ Արեւելցին դարձել էր պատրիարք, սակայն չէր կարողանում դրության տերը դառնալ։ Դրա համար խնդրում են Փիլիպոս կաթողիկոսի միջամտությունը, որ նա կնճիռը հարթի։ Դրությունն ավելի բարդացավ, երբ Դավիթը 1649-ին՝ 5 տարվա անհանգիստ պատրիարքությունից հետո, նորից պաշտոնազրկվեց։ Բայց նրա հակառակորդները տեղը հարմար մեկին չգտան, եւ պատրիարքությունը մնաց առանց պատրիարքի, եւ մի քանիսը, տեղակալի անվան տակ, վարեցին պատրիարքարանի գործերը։ Փիլիպոսը փորձեց հեռվից դրան միջամտել՝ նամակ կամ իր ներկայացուցչին ուղարկելով, սակայն առանձին արդյունքի չհասավ։ Ի վերջո նա Երուսաղեմից հետո Կ. Պոլիս մեկնեց։

Դեռեւս Դավթի պատրիարքության օրոք՝ 1645-ին, տեղի էր ունեցել Գումգափուի հրդեհը, որին զոհ էին գնացել Մայր եկեղեցին եւ հարակից պատրիարքարանը։ Դրանք վերաշինվեցին 1646 թվին՝ Պողոս Տիվրիկցի վարդապետի գլխավորությամբ։ 1648 թվին սոսկալի երկրաշարժ եղավ Վան-Վասպուրականում։ Երկրամասը վերածվեց ավերակների. շատ քաղաքներ, գյուղեր ու վանքեր քարուքանդ եղան։ Դրանց վերանորոգությանը նպաստեց Ռուհիջան Վանեցին։

Տեղակալության հաստատությունը ծնունդ առավ 1649 թվին։ Մի պահ Դավիթը կարողացավ տեղակալներին գոհացնել, որ իրեն կրկին ընդունեն պատրիարք, ինչը եւ եղավ 1650-ին, սակայն չորս ամիս անց նրան կրկին պաշտոնանկ արեցին եւ սկսեցին կառավարել տեղակալության ձեւով։ Դավթի վերջին պաշտոնանկությունը եղավ 1651-ին, եւ նա, հույսը կորցնելով, հեռացավ Բերիա, որտեղ հիշվում է 1651 թվի դեկտեմբերի 10-ին։

Կ. Պոլսում սկսեցին հանդես գալ նոր դեմքեր։ Եղիազար Այնթապցին, որը վարդապետ էր դարձել Հովհաննես Չնքուշցի վարդապետի կողմից, 1647-ին եղել էր Արզնիի առաջնորդը եւ Փիլիպոսից ձեռնադրվել էր եպիսկոպոս, պայծառացրել էր Բարձրահայաց Ս. Աստվածածին վանքը, որից հետո գնացել էր Երուսաղեմ, որտեղ գահընկեց անելով Աստվածատուր պատրիարքին՝ ընտրվել էր նրա տեղը։ Սակայն մեկ տարի անց Աստվածատուրը տիրացավ իր պաշտոնին, իսկ Եղիազարը 1651-ին եկավ Կ. Պոլիս։ Այդ ժամանակ տեղակալություն էր տիրում Կ. Պոլսի պատրիարքարանում։ Փիլիպոսը Կ. Պոլիս եկավ արքունի հրովարտակով, երբ այնտեղ պատրիարք չկար։ Խելացի եւ ճարտար Եղիազարը կարողանում է գոհացնել տեղակալներին, որոնք նրան 1651-ի վերջերին պատրիարք են ճանաչում։

Գալով Կ. Պոլիս՝ Փիլիպոս կաթողիկոսն իր քարոզչությամբ շուտով շահեց բոլորի համակրանքը։ Նա կարողացավ հետաքրքրություն առաջ բերել գործի նկատմամբ, որի արդյունքում թշնամությունները պակասեցին, եւ հնարավոր եղավ քիչ թե շատ կայուն համաձայնության գալ։ Պետք էր ընտրել անկողմնակալ պատրիարքի, իսկ Եղիազար Այնթապցին շատերին հաճելի չէր։ Թերեւս կաթողիկոսի հորդորներով Եղիազար Այնթապցին 1652-ի վերջին հրաժարվեց պատրիարքությունից եւ քաշվեց Արզնիի վիճակը՝ Բարձրահայաց վանքը։ Պատրիարք ընտրվեց Հովհաննես Մուղնեցի եպիսկոպոսը։ Հարկավոր էր ազատվել 40000 ղուռուշի պարտքից։ Կաթողիկոսի հովանավորությամբ այդ գործն իրականացվեց 8 ամսվա ընթացքում, եւ պարտքերը վճարվեցին։ Կայսերական հրովարտակով ճանաչվեց Փիլիպոսի իրավունքը Օսմանյան կայսրության հայերի վրա։ Կաթողիկոսն այցելեց նաեւ Պրուսա՝ Երեմիա Քյումուրճյանի ուղեկցությամբ, եւ Սիվրի-Ադայում պատարագեց՝ Ներսես կաթողիկոսի աքսորի ավանդական հիշատակին։ Մեկ տարի շարունակ նա կարգավորեց գործերը Կ. Պոլսում՝ նպաստելով նաեւ լեհահայերին։

Դեռ 1640-ին Փիլիպոսը գրել էր, որ լեհահայերն իրեն խոհեմ եւ հմուտ անձինք հղեն, որպեսզի նա պետք եղածն իմանա եւ կատարի։ Նիկոլը մնացել էր իր պաշտոնում, իսկ ժողովուրդը 12 տարի շարունակ ընդդիմացել էր նրան։ Հաջողության չհասնելով՝ ժողովուրդն անցել էր անուղղակի մեթոդների՝ չհրաժարվելով իր մտքից։ Լեհահայերը հատուկ հանգանակ են ներկայացնում Լեհաստանի թագավոր Յան Կազիմիրին, եւ նա առաջարկն ընդունելու համար պահանջում է հայոց կաթողիկոսի հաստատումը։ Երբ Փիլիպոսը հայտնվում է Կ. Պոլսում, նրա մոտ պատվիրակներ են գալիս լեհահայերից։ Նրանք բացատրում են իրենց բուն միտքը, որ նա իրենց հանգանակը հաստատի։ Փիլիպոսը դրան չի համաձայնում, բայց հանուն ժողովրդին հայադավան պահելու եւ գիտակցելով, որ դա միակ միջոցն է եկեղեցիները փրկելու, հաստատում է հանգանակը, սակայն գիրը լեհահայերին չի տալիս, այլ՝ Հովհաննես Արզնեցի վարդապետին, որը որպես նվիրակ՝ 1653 թվի նոյեմբերի 5-ին գրված կոնդակով ուղարկվում է Լեհաստան։ Նրան հանձնարարված էր թուղթն օգտագործել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։

Նիկոլը հասկանում էր, որ վիճակը ծանր է, ուստի որոշում է անձամբ այցելել կաթողիկոսին։ Նա, հետը վերցնելով 2000 ղուռուշ գումար, Բաղդադի ճանապարհով ուղեւորվում է Կ. Պոլիս եւ ճանապարհին հանդիպում Հովհաննես Արզնեցուն, որը պատվիրակների հետ գնում էր Լվով։ Նա գալիս է Կ. Պոլիս եւ ներկայանում կաթողիկոսին։ Լեհահայերը, որպեսզի չթողնեն, որ Նիկոլն իր ուզած ձեւով իրեն պահի կաթողիկոսի մոտ, նոր պատվիրակություն են ուղարկում, որի գլուխ էր Խաչիկը՝ հայ դատավորներից։ Խաչիկը կամ Խաչկոն Նիկոլի ետեւից ժամանում է Կ. Պոլիս։ Կաթողիկոսը մտածում է, որ Նիկոլի գալով վիճակը փոխվում է, իսկ վերջինս էլ սատանայի լեզու է թափում, որ նրա համակրանքը ձեռք բերի։ Խոստանում է ճանաչել հայ ավանդությունը եւ Հայաստանյայց Եկեղեցու արարողությունը, ինչպես նաեւ այն, որ նրա հաջորդն օծվելու է Էջմիածնի կաթողիկոսի կողմից։ Պապի անունը Նիկոլը կարող էր տալ միայն պատարագի ժամանակ։ Նիկոլն այս բոլորին համաձայնեց իր կամքով եւ հաստատեց իր կնիքով։ Կաթողիկոսն էլ այդ գիրը հանձնեց Խաչիկին, որ հանձնի Լվովի ժողովրդին, եւ պահեն այն մեծ զգուշությամբ։ Նիկոլին կաթողիկոսն այլ խրատներ եւս տվեց եւ ազատեց բանադրանքից, որը դրել էր Մովսես Տաթեւացի կաթողիկոսը։ Նա նոր կոնդակ տվեց 1654 թվի ապրիլի 15-ի թվով եւ Նիկոլին ուղարկեց Լեհաստան։

Հովհաննես Արզնեցին, հասնելով Լվով, սկսում է հաշտության եւ սիրո քարոզներ խոսել։ Դրան ժողովուրդն ընդդիմանում է եւ չի ուզում ենթարկվել Նիկոլին։ Վերադառնում է Նիկոլը՝ կաթողիկոսի օրհնության կոնդակով եւ Հայոց Եկեղեցուն ենթարկվելու հանձնառությամբ։ Դա հանգստացրեց ժողովրդին, որը մտածում էր, թե Նիկոլը զղջացել է։ Պետական իշխանությունները, որ սկզբում ընդունել էին հայերի կրոնական ազատությունը, չեն ընդդիմանում, երբ եպիսկոպոսը եւ ժողովուրդը կամենում են հաշտվել։ Եվ ժողովուրդը, որ 23 տարի առաջ հանվել էր եկեղեցուց, կրկին մտնում է եկեղեցի։ Հովհաննես Արզնեցու գործունեությունից գոհ Կազիմիր թագավորը, գալով Լվով, շնորհակալություն է հայտնում նրան՝ եպիսկոպոսին ու ժողովրդին հաշտեցնելու համար։ Դրանից հետո որոշեցին նշել հաշտությունը՝ որպես միության տոն։ Առաջին անգամ դա արվեց 1652 թվի օգոստոսի 8-ին։ Այդ տոնի համար օր սահմանվեց Հոգեգալստից հետո տասնմեկերորդ կիրակին։ Այդ օրն էլ կայացավ հաշտությունը։ Սա եւս ցույց է տալիս Փիլիպոսի ջատագովությունը հայադավանության հարցում։ Հայերի հաշտությունը մեծ վիշտ պատճառեց Լատին Եկեղեցուն։

Հովհաննես Արզնեցին մի ամբողջ տարի մնաց Լվովում, որպեսզի կարգավորի բոլոր խնդիրները, կանոնների եւ ծեսերի գործադրումը։ Նա Էջմիածին վերադարձավ 1654 թվին եւ կաթողիկոսին հայտնեց իր առաքելության հաջողության մասին։

Փիլիպոսի բացակայության շրջանում նշանավոր եղավ Ս. Գայանեի եւ Ս. Հռիփսիմեի վկայարանների նորոգությունը։ Ս. Գայանեի վկայարանի վերանորոգությանը ձեռնամուխ էր եղել Փիլիպոսը՝ դեռ 1651-ին։ Նորոգությունն սկսում են կատարել հիմքից մինչեւ գմբեթ։ Հետո ձեռնամուխ են լինում նաեւ Ս. Հռիփսիմեի վկայարանի վերանորոգությանը։

Ս. Գայանեի վերանորոգության ժամանակ՝ 1652-ին, գործի կարգադրիչ Հովհաննես աբեղան կամենում է վկայարանի ներքեւում գտնել վկայուհիների գերեզմանները եւ մյուսներին ճանապարհելով՝ միայնակ ձեռնամուխ է լինում պեղումներին։ Մի գիշեր եւ ցերեկ աշխատելուց հետո նա բախտ է ունենում գտնել երեք վկայուհիների գերեզմանները։ Նա միայն մի ոսկոր է վերցնում եւ այնուհետեւ փակում է տապանները՝ ամրացնելով կրով եւ խճով, ինչպես առաջ էին։ Հետո այդ մասին հայտնում է միաբաններին եւ ցույց տալիս ոսկորը։ Դա կատարվում է 1652 թվի հոկտեմբերի 19-ին։ Այս ամենի միակ վկան աբեղան է, սակայն այն կասկածներ չի շարժում։

Թերեւս նույն Հովհաննես աբեղան նման պրպտումներ իրականացնում է նաեւ Ս. Հռիփսիմեի եկեղեցում։ Սակայն դա արվում է միաբանների մասնակցությամբ։ Հայտնաբերվում են 45 տարի առաջ նորից տեղը դրված նշխարները։

Վկայարանների նորոգումն ավարտվում է 1653 թվին՝ տեւելով երեք տարի։ Փիլիպոսի սկսած գործը հաջողությամբ ավարտել է Հակոբ Ջուղայեցին։

Իր երկարատեւ ճանապարհորդությունից հետո Էջմիածին վերադարձավ Փիլիպոս կաթողիկոսը։ Նա Մայր Աթոռի դատարկված գանձատան համար եկեղեցական երեւելի անոթներ եւ սպասներ հավաքեց, կաթողիկոսությունը ճոխացրեց «մարմնավոր կարասներով»։ Նա գումարներ բերեց՝ Մայր Աթոռի ժամատունը կառուցելու համար, որոնք ամբողջությամբ հոգաց Անտոն Ջելեբի անունով մի հարուստ պրուսացի վաճառական, որը վաճառատներ ուներ նաեւ Կ. Պոլսում եւ Զմյուռնիայում։

Շարունակելի

 

Բաբկեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s