Մարդեղացյալ Աստվածորդու հիշյալ խոսքերն արդեն շուրջ երկու հազար եւ ավելի տարիներ հնչում են Սուրբ Գրքի խորախորհուրդ էջերից` հասցեագրված աշխարհ եկող յուրաքանչյուր մարդու. «Ահավասիկ Ես դռան առաջ եմ եւ բախում եմ. եթե մեկը ականջ դնի Իմ ձայնին եւ բաց անի դուռը, կմտնեմ նրա մոտ եւ կընթրեմ նրա հետ, եւ նա` Ինձ հետ» (Հայտն. Գ 20): Հայտնության գրքում արձանագրված Տիրոջ խոսքերը, սակայն, պետք չէ բառացիորեն ընկալել: Տերն ամեն վայրկյան, առանց «հոգնելու» բախում է յուրաքանչյուր մարդու «սրտի դուռը», մինչեւ վերջինս ականջ դնի Նրա ձայնին եւ բաց անի իր սիրտը Տիրոջ առջեւ: Քրիստոսի մարդեղությամբ եւ փրկագործության խորհրդով աստվածապատկեր մարդու առջեւ վերստին բացվեցին դրախտի դռները. Քրիստոսն Իր հրաշափառ հարությամբ հաղթեց մահվանը` մեզ հարության հույսը պարգեւելով: Այլեւ խոստացավ. «Ուր Ես եմ, այնտեղ կլինի եւ Իմ պաշտոնյան», այսինքն` մենք` քրիստոնյաներս, որ կոչված ենք Քրիստոսի հետ լինելու Իր փառքի եւ արքայության մեջ, որովհետեւ «Աստված մեզ կոչել է Իր արքայությանն ու փառքին` Քրիստոս Հիսուսի միջոցով, Որին մի փոքր ժամանակ չարչարակից պիտի լինենք» (հմմտ. Ա Պետրոս Ե 10): Քրիստոսի փրկագործությամբ մարդը կոչվեց Աստծո որդի, Սուրբ Հոգու տաճար եւ բնակարան, «համաքաղաքացի սրբերին եւ ընտանի Աստծուն»… Տերը մեզ նաեւ Իր բարեկամներն է կոչում` ասելով. «Դուք Իմ բարեկամներն եք, եթե անեք այն, ինչ Ես ձեզ պատվիրում եմ: Այլեւս ձեզ ծառաներ չեմ կոչում, որովհետեւ ծառան չգիտե, թե տերն ինչ է անում, այլ ձեզ բարեկամներ կոչեցի, որովհետեւ այն բոլորը, ինչ Իմ Հորից լսեցի, հայտնեցի ձեզ» (Հովհ. ԺԵ 14-15): Իսկ սուրբ Եղիշե վարդապետն իր «Հայր մեր»-ի մեկնության մեջ գրում է. «Տես, թե ինչպիսի պատվով մեծարվեցիր` մինչեւ իսկ Աստծուն քեզ Հայր անվանելու իշխանություն ստացար»: Ավելին՝  մեր երկնավոր Հայրը մեզ համար երկնքում պատրաստել է «անմահ կենդանություն, անխոնարհելի փառք եւ անտրտում հանգիստ, միայն թե մարդը կամենա եւ ըստ արժանվույն խնդրի դրանք»(Պողոս Ադրիանուպոլսեցի):

Մարդասեր է Աստված, անասելի մարդասեր եւ ինչպես «ժամանակների լրումին», հաղթվելով Իր անբավ մարդասիրությունից, մարդկային կերպարանք առավ, մարդացավ, խաչի անարգ մահը հանձն առավ՝ մեղավոր մարդկության փրկության համար, այնպես էլ Իր հարությունից եւ երկինք համբարձվելուց հետո ամեն պահ սպասում է յուրաքանչյուր մեղավորի դարձին եւ ապաշխարությանը, քանզի Իր պատվական արյամբ գնված էակին մշտապես փրկում է կորստաբեր ճանապարհներից, ուղղության բերում, հայրաբար խրատում, զգոնության կոչում… Իսկ մա՞րդը, աստվածապատկեր մարդն արդյո՞ք ականջալուր է լինում Իր Փրկչի ձայնին` բացելով Նրա առջեւ իր սրտի դուռը: Ցավոք, հատկապես մերօրյա մարդը, ում առօրյան այնքան հագեցած է տարաբնույթ հոգսերով եւ զբաղումներով, կա՛մ բնավ չի լսում Փրկչի խոսքը, կա՛մ էլ լսում է, բայց «ժամանակ չի ունենում» Նրա առջեւ դուռը բացելու, որովհետեւ «շատ զբաղված է ավելի կարեւոր գործերով»: Թերեւս արժե հիշել Ղուկասի Ավետարանում արձանագրված «Մեծ խնջույքի» առակը (տե՛ս Ղուկ. ԺԴ 15-24): Խիստ ուսանելի այս առակում Տերը պատմում է, որ մի մարդ ընթրիք սարքեց եւ հրավիրեց շատերին: Սակայն հրավիրվածները հրաժարվեցին գալ՝ տարբեր պատճառներով. մեկը պատճառաբանեց, որ ագարակ է գնել, ուստի չի կարող գալ, մյուսը թե՝ հինգ լուծ եզ, երրորդը պատճառաբանեց, որ կին է առել եւ, բնականաբար, զբաղված է: Ի վերջո, ընթրիքի տիրոջ հրահանգով ծառաները հրավիրում են աղքատներին, խեղանդամներին, կաղերին ու կույրերին, որոնք եւ մասնացում են փառավոր ընթրիքին, իսկ «հրավիրվածներից ոչ ոք ընթրիքից չի ճաշակում»: Պարզ է, որ առակում հիշվող «մարդը» մեր երկնավոր Հայրն է, ով հրավիրում է Իր պատկերակցին հավիտենական կյանքի փառավոր ու մշտնջենական բարիքներին հաղորդ լինել, ժառանգել դեռ աշխարհի սկզբից իր համար պատրաստված արքայությունը, որին արժանանալու համար մարդը պիտի ընդունի Տիրոջ փրկության հրավերը, գնա Տիրոջն ընդառաջ` բացելով իր սիրտը Նրա առջեւ: Սակայն իր ինքնիշխան կամքով մարդը հաճախ մերժում է Աստծո փրկության հրավերը, աստվածային կանչը, մերժում է Նրան, Ով կամավորապես չարչարվեց ու խաչվեց իր մեղքերի թողության համար:

 

Քրիստոսի փրկության հրավերը կամովին մերժող մարդը, անշուշտ, չի գիտակցում փրկագործության խորին խորհուրդը, իր «վերստին անմահացումը» եւ չի էլ կարող հասկանալ, քանի դեռ չի բացել իր սիրտը Տիրոջ առջեւ, չի գնացել Տիրոջն ընդառաջ, առանց որի իր տկար մտքով չի կարող ըմբռնել փրկագործության վեհ խորհուրդը: Սակայն մարդասեր Աստված չի լքում Իր պատկերակցին, որքան էլ վերջինս համառի մեղքի մեջ: Ընդհանրական Եկեղեցու մեծագույն դեմքերից Օգոստինոս Երանելին, առ Աստված դարձից եւ ապաշխարությունից հետո գրելով իր հայտնի «Խոստովանությունները», ասում է. «Դու ինձ հետ էիր, սակայն ես Քեզ հետ չէի…»: Ըստ Եկեղեցու հայրերի մեկնությունների` Աստված սիրում է մեղավորին, բայց ոչ մեղքը, ուստի նրա կյանքի տարբեր ժամանակահատվածներում այցելում է նրան տարբեր կերպերով` փորձելով սթափեցնել եւ ուղղության բերել: Նա խոսում է մարդու հետ Իր «ընտրյալ անոթների»` քրիստոնյաների միջոցով, ինչպես դարձյալ Օգոստինոս Երանելին է խոստովանում. «Մորս միջոցով Դու դիմում էիր ինձ…»: Տեր Աստված մեղքի եւ անօրենության մեջ կարծրացած մարդուն այցելում է հիվանդությամբ, դժբախտությամբ, տարբեր փորձություններով` փորձելով սթափեցնել նրան: Մարդ էակի հանդեպ Աստծո տածած անսահման սերն ու ներողամտությունը լավագույնս ներկայացրել է սուրբ Գրիգոր Նարեկացին՝ իր Աղոթամատյանի հիշյալ հատվածում.

«Պաղատում ես միշտ իմ դարձը առ քեզ` եւ չես ձանձրանում

 

Ապերասանիս ետեւից վազում` չես լքում բնավ,

 

Ձայնում ես անվերջ քեզ չլսողիս` ու չես բարկանում,

 

Աճապարում ես մեղկիս հոգալու` առանց զլացման…» (Բան ԾԸ. Բ):

Անսահման են Աստծո սերն ու ներողամտությունը մարդ էակի հանդեպ: Տերը վկայում է, որ «Ուրախություն կլինի երկնքում մի մեղավորի համար, որն ապաշխարում է, քան իննսունինը արդարների համար, որոնց ապաշխարություն պետք չէ» (Ղուկ. ԺԵ 7): Եվ որքան է ափսոսում մարդն իր կյանքի այն տարիների համար, որոնք ապրել է առանց Աստծո՝ անիմաստ ու աննպատակ կյանք վարելով եւ միայն աստվածհայտնության քաղցրությունն ապրելուց հետո է գիտակցում, թե ինչից է իրեն զրկել կամովին: Աստված սիրում է մեզ, եւ երբ մարդը փոխադարձում է այդ սերը, այդժամ նրա մեջ մեծ փոփոխություն է կատարվում. մարդը ընդունակ է դառնում Աստծուն ընդունելու իր սրտի մեջ` այդ կերպ միավորվելով Նրա հետ: Մի՞թե ավելի երանելի ու քաղցր բան կա մարդու համար, քան իր Փրկչի երանավետ ներկայությունն իր կյանքում, աստվածային խաղաղության ճաշակումն ու վայելումը… «Ահավասիկ Ես դռան առաջ եմ եւ բախում եմ…»: Տիրոջ ձայնը լսելու եւ Նրա առաջ «սրտի դուռը» բացելու համար նախ անհրաժեշտ է վերարթնացնել մեր մեջ հավատը, որն Աստծու շնորհն է եւ ի վերուստ ուղարկվում է բոլոր մարդկանց՝ առանց բացառության: Տերն ուսուցանում է, որ առանց հավատի կատարյալ կյանքն անհնար է, քանզի փրկության պարտադիր պայմանը հավատն է. «Ով հավատում է, ունենում է հավիտենական կյանք» (Հովհ. Զ 47): Քրիստոսին հավատալով է մարդը բացում իր սիրտը Նրա առջեւ, ընդունում աստվածային փրկության հրավերը, իսկ Տիրոջը հավատալու եւ ճանաչելու համար պետք է կարդալ Նրա ավանդած պատգամներն ու ուսուցումները, որոնք ամփոփված են Աստվածաշունչ Մատյանում: Պողոս առաքյալն ասում է. «Կենդանի է Աստծո Խոսքը, ազդու եւ ավելի հատու, քան ամեն մի երկսայրի սուր. եւ կտրում-անցնում է մինչեւ ոգու եւ հոգու, հոդերի եւ ողնածուծի բաժանման սահմանը. նա քննում է սրտի մտածումներն ու խորհուրդները: Եվ նրա առաջ չկա անտեսանելի արարած…» (Եբր. Դ 12): Քրիստոսով ամեն ինչ նոր եղավ. Քրիստոսի փրկագործության ավետիսն ուղղված է ողջ մարդկությանը, որովհետեւ «այլեւս չկա հրեա, ոչ էլ հեթանոս, թլփատություն եւ անթլփատություն, բարբարոս, սկյութացի, ծառա, ազատ, այլ` Քրիստոս, որ ամեն ինչ է ամեն բանի մեջ» (Կողոս. Գ 10-12): Քրիստոսը չարչարվեց ու խաչվեց յուրաքանչյուրիս համար, սակայն նաեւ հարություն առավ եւ հայրենական փառքի մեջ է Հոր եւ Ս. Հոգու հետ: Այսօր Նա կանչում է մեզ Իր արքայությանն ու փառքին, երանական, հավիտենական կյանքին: Այսօ՛ր եւ ոչ վաղը, որովհետեւ «ահա հիմա է ընդունելի ժամանակը, ահա հիմա է փրկության օրը»,- ասում է սուրբ Պողոս առաքյալը (Բ Կորնթ. Զ 2), նաեւ` «Այսօր եթե Նրա ձայնը լսեք, մի կարծրացրեք ձեր սրտերը» (Եբր. Դ 7), չէ՞ որ վաղվա օրը մերը չէ, չգիտենք` կապրե՞նք մինչեւ վաղը, կհասցնե՞նք զղջալ եւ ապաշխարել մեր մեղքերի համար, ուղղել մեր մեղավոր ընթացքը, դառնալ Աստծուն… Այսօր բացենք մեր սիրտը Տիրոջ առջեւ, քանի դեռ Նա նստած է «Իր ողորմության ու շնորհի աթոռին»: Թույլ տանք Նրան մտնել մեր սիրտը, վերափոխել մեր կյանքը, հրաշագործել այն, Իր աստվածային լույսով լուսավորել մեր խավար հոգիներն ու մարմինները:

Սիրելի՛ ընթերցող, իսկ դու ականջալուր եղե՞լ ես Տիրոջ փրկության հրավերին, թե՞ տակավին շարունակում ես համառորեն մերժել Իր պատվական արյամբ քեզ մեղքի եւ մահվան իշխանությունից գնած Փրկչի քաղցրալուր հրավերը, որ ամեն օր ու վայրկյան ուղղակի կամ անուղղակի կերպով հնչում է մեր ականջներին. «Ահավասիկ Ես դռան առաջ եմ եւ բախում եմ. եթե մեկը ականջ դնի Իմ ձայնին եւ բաց անի դուռը, կմտնեմ նրա մոտ եւ կընթրեմ նրա հետ, եւ Նա` Ինձ հետ» (Հայտն. Գ 20):

Անժելա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s