Դանիել Վարուժանը հայ պոեզիայի կորովի ու առնական ներկայացուցիչներից մեկն է, որն իր կյանքը նվիրեց մարդկային եւ ազգային ամենաբարձր արժեքները բանաստեղծությամբ վերակերտելու արվեստին: Նա ասպարեզ եկավ շարունակելու հայ պոեզիայի դասական ավանդույթները եւ գեղարվեստական որոնումներից խելահեղ 20-րդ դարասկզբին՝ հայացք ուղղելու մեր մտավոր գոյության ամենաառաջին դրսեւորումներին, ոգեկոչելու Գողթան երգերն ու մատենագրական գանձերը եւ դառնալու նոր դասականապաշտության երեւելի դեմքերից մեկը:

Դանիել Վարուժանը ծնվել է Սեբաստիայի գավառի Բրգնիկ գյուղում: Նրա անունը հայրը դրել է Դանիել մարգարեի պատվին։  Նրանց տոհմական ազգանունը Չպուգքյարյան էր՝ «չուպուգքյար» բառից, որ նշանակում է չիբուխ կրող:

Սեբաստացիները 1021 թվականին վասպուրականից բռնի վերաբնակեցված հայեր էին: Գյուղի Բրգնիկ (Բրգնիք) անունը նախկին Բագրատունիք անվան սեղմ ձեւն էր: Բյուզանդական հալածանքների պայմաններում ամբողջ գյուղին պարտադրվել էր կաթոլիկությունը:

Հայրը՝ Գրիգորը, մայրը՝ Թագուհին, դժվարությամբ հաց վաստակող պարզ ու հասարակ մարդիկ էին: Այստեղ՝ գյուղի ուռենիների տխուր հովանու ներքո էլ անցնում են ապագա բանաստեղծի մանկության տարիները:

Ընտանիքի ապահովությունը հոգալու ակնկալիքով հայրը 1887-ին մեկնում է Կոստանդնուպոլիս, դառնում իջեւանատան ծառայող: 1896-ին մոր հետ հոր մոտ է մեկնում նաեւ Դանիելը, որը 1894-1895-ին արդեն տառաճանաչ էր դարձել գյուղի դպրոցում: Մինչ նրանք հասնում են Կոստանդնուպոլիս, հայկական ջարդերի օրերին հայրն ամբաստանվում եւ ձերբակալում է: Այս պահը բանաստեղծը նկարագրել է «Հորս բանտին մեջ» քերթվածում. «Դեռ փոքր էի. եկա քեզի մենավոր // Մութ զընդանիդ մեջ այցի…»:

1896-ին հաճախում է Մխիթարյան դպրոցներից մեկը (նախակրթարան), ուր սովորում է երկու տարի: Այստեղ նրա դասընկերն էր ապագա մեծանուն արտիստ Վահրամ Փափազյանը, որը եւ իր «Հետադարձ հայացք» գրառումների մեջ մտաբերել է այդ օրերը եւ Վարուժանին, ում լռակյաց կերպարը շարունակվող հայկական ջարդերի անմիջական ազդեցությամբ դարձել էր անզուսպ եւ կռվազան:

1898-ին ուսումը շարունակում է Քաղկեդոնի՝ Վենետիկի Մխիթարյանց վարժարանում՝ որպես ձրիավարժ աշակերտ: Այստեղ էլ 1901 թ. սկսում է գրել եւ ձեռագիր թերթում հրապարակել առաջին քերթվածները՝ «Հրաժեշտ», «Սիրերգ» եւ այլն, ունենում է առաջին ելույթները: Կազմում է բանաստեղծությունների ձեռագիր ժողովածուն՝ «Ծաղկեփունջ կամ Բրգնիկցիի մը նվագները» (1902) վերնագրով, որը, սակայն, չի տպագրվել:

1902-ից ուսումը շարունակում է Մխիթարյան միաբանության՝ Վենետիկում գտնվող Մուրատ-Ռափայելյան վարժարանում: Այստեղ խորքից ուսումնասիրում է հայ եւ եվրոպական գրականություն: Շարունակում է գրել բանաստեղծություններ: «Բազմավեպում» 1904-ին տպագրում է «Եիկիտ Տոնել»-ը եւ Ալիշանին նվիրված մի բանաստեղծություն: Ուշ աշնանը կազմում է քերթվածների «Մրրկահույզ կայծոռիկներ» (վերավերնագրված «Փուշի ակոսներ») ձեռագիր ժողովածուն:

1905-ին, ավարտելով Մուրատ-Ռափայելյան վարժարանը, ցանկություն է հայտնում ուսումը շարունակել Ժնեւի կամ Լոզանի համալսարաններում: Միաժամանակ կազմում եւ տպագրության է պատրաստում «Սարսուռներ» ժողովածուն: Ժնեւի կամ Լոզանի փոխարեն նրան բարձրագույն կրթություն ստանալու են ուղարկում Բելգիայի Գենտ (Կանտ) քաղաքը: 1905-1909 թթ., թոշակավորվելով Մխիթարյան միաբանության կողմից, Վարուժանը դառնում է Գենտի համալսարանի գրական եւ փիլիսոփայական բաժինների ազատ ուսանող, որովհետեւ վարժարանում հունարեն եւ լատիներեն չէին սովորեցրել: Իսկ այստեղ համալսարանի առաջին քննությունը Կիկերոն թարգմանելն էր: Հաջորդ տարի նա դառնում է քաղաքական եւ հասարակական գիտությունների բաժնի ուսանող: Ուսուցումը տարվում էր ֆրանսերեն:

1905-ին «Գեղունի» հանդեսում, իսկ 1906-ին առանձին գրքով լույս է տեսնում «Սարսուռներ» վերնագրված բանաստեղծությունների շարքը: Առաջին ուրախությունը, բայց նաեւ առաջին հիասթափությունը հաջորդում են իրար: Վարուժանը դժգոհ էր գրքից, քանի որ իր ներկայացրած բանաստեղծությունների կեսը չէր զետեղվել ժողովածուի մեջ: Նամակներից մեկում այդ կապակցությամբ գրում է. «Վանքը քերթվածներուս հրատարակությունն այլանդակվեց»: Դրանով հանդերձ՝ նրա գրական առաջին քայլերը, ինչպես նաեւ ժողովածուն, ողջունում են Չոպանյանը, Թեքեյանը, Արփիարյանը եւ ուրիշներ: «Դուք մեր մեծագույն բանաստեղծներեն պիտի ըլլաք, տարակույս չունիմ», «Վարուժան հայ բանաստեղծության ամենեն ինքնատիպ եւ հզոր դեմքերեն մին ըլլալու կոչված է»,- ավետում է Չոպանյանը եւ ավելացնում. «Իր սկզբնավորություն մին է ամենեն շքեղներեն, որ հայոց մեջ հայտնված ըլլան»:

Այս տարիներին ընդլայնվում են նրա գրական, ընթերցողական շրջանակները: Նամակագրական կապերի մեջ էր ժամանակի արեւմտահայ մտավորականության հետ: Ժնեւում 1906-ի հունիսի կեսերին ծանոթանում է Ատոմ Յարճանյանի հետ եւ հետագայում սիրով պատմում այդ հանդիպման մասին: Շրջագայում է Իտալիայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Շվեյցարիայի քաղաքներում, այցելում թանգարաններ, ցուցահանդեսներ…

1908-ին Փարիզում առանձին գրքով լույս է տեսնում «Ջարդը» քերթվածը:

Հեշտ չէր Վարուժանի համար համատեղել ուսումն ու գրական աշխատանքը: Այդ կապակցությամբ 1908-ի մայիսին Ա. Չոպանյանին գրում է. «Տենդագին՝ քննություններուս կը պատրաստվիմ… որպեսզի երկու ամիս ազատ ըլլամ ոտանավորներս կարգի դնելու եւ ձմռան սկիզբը հրատարակելու ամբողջովին»:

1909-ի հուլիսին ավարտում է Գենտի համալսարանը՝ «քաղաքական գիտություններ» որակավորմամբ: Մեկնում է Վենետիկ, հրաժեշտ տալիս Սուրբ Ղազարին ու ընկերներին եւ ճանապարհվում Կոստանդնուպոլիս: Ծանոթանում է պոլսահայ մտավորականության հետ, այցելում խմբագրություններ, կարգավորում «Ցեղին սիրտը» ժողովածուի տպագրության հարցերը եւ մեկնում հայրենի գյուղ, ուր հարազատներն էին: Որպես ուսուցիչ աշխատանքի է անցնում Սեբաստիայի Արամյան վարժարանում: Գյուղից քաղաք ոտքի ճանապարհ էր:

Սեբաստիայում հայերենի եւ ֆրանսերենի դասեր է տալիս առեւտրական Միրիճան Թաշճյանի աղջկան՝ Արաքսիին, մտերմանում նրա հետ, սիրահարվում եւ, հակառակ աղջկա ծնողների դիմադրության (քանի որ լուսավորչական էին ու հարուստ), 1910-ին ամուսնանում է նրա հետ: Աղջկա ծնողները դժվարությամբ տալիս են իրենց համաձայնությունը:

Գարնանը (կազմի վրա գրված է 1910) լույս է տեսնում «Ցեղին սիրտը» ժողովածուն, որը լայն ընդունելության է արժանանում: Վարուժանը հռչակվում է որպես «գրական ֆիտայի» (Ահարոն Տատուրյան), «ազգային երգիչ» (Փայլակ): Ըստ հուշագիրների՝ հայ ազատամարտիկներն այն պահում էին իրենց մախաղների մեջ՝ փամփուշտների եւ մի կտոր հացի հետ մեկտեղ:

Այս գիրքը նրա անունը հռչակում է նաեւ արեւելահայ գրական միջավայրում: Նրա մասին գրում են գնահատող հոդվածներ, հրավիրում աշխատակցելու մամուլին:

1911-ին առանձին գրքով Սեբաստիայում տպագրվում է «Տրտունջք: Եղիա Տեմիրճիպաշյանին» բանաստեղծությունը՝ նվիրված արեւմտահայ գրական եւ իմաստասիրական շարժման այդ ինքնատիպ ներկայացուցչին, նոր սերունդի դաստիարակին, որը ինքնասպանությամբ կյանքին վերջ էր տվել 1908 թ.:

1911-1912 ուստարում դասավանդում է Եվդոկիայի Ազգային վարժարանում: Այնուհետեւ ընտանիքով տեղափոխվում է Կոստանդնուպոլիս՝ ստանձնելով Գրիգոր Լուսավորիչ վարժարանի տնօրենի պաշտոնը: Դասավանդել է նաեւ Դպրոցասիրաց աղջկանց եւ Նոր դպրոց կրթօջախներում: Թե՛ Կոստանդնուպոլսում, թե՛ գավառում հանդես է գալիս բանախոսություններով: Ըստ ականատեսների՝ Վարուժանը եղել է ճարտար հռետոր: Նրա մասին ժամանակակիցները գրում են. «Իբր բանաստեղծ անզուգական է եւ իբր բեմբասաց՝ աննման», «Առասպել կ’ուգար մեզի Վարուժանի բեմբասության նկատմամբ պատմվածները»:

Այս տարիներին գրում է բանաստեղծություններ, հոդվածներ եւ դրանք տպագրում ոչ միայն կենտրոնական նշանավոր թերթերում, այլեւ Սեբաստիայի «Անդրանիկ», Թոքատի «Իրիս», «Հող-Դար» պարբերականներում: Նրա բանաստեղծությունները զետեղվում են դասագրքերի մեջ: Օրըստօրե մեծանում է Վարուժանի գրական փառքը: Կազմակերպվում են նրան նվիրված գրական միջոցառումներ: Վարուժանը ճանաչվում է որպես ազգային հեղինակավոր գրող:

Վարուժանը բանաստեղծի այն տեսակն էր, որն անընդհատ ձգտում էր նոր հորիզոնների: Այդ կապակցությամբ 1908-ին գրում է. երբ «Այս հատորը՝ «Ցեղին սիրտը» լույս տեսնե, պիտ սկսիմ ասկե վերջ լոկ կյանքե գրել… Լարերս փոխելու վրա եմ…», այնուհետեւ դարձյալ 1908-ին մեկ այլ առիթով գրված նամակում ավելացնում է. «Ցեղին սիրտը» ժողովածուից անմիջապես հետո «…պիտի սկսիմ պատրաստել Գողգոթայի ծաղիկներուս շարքը, ուր միայն ճշգրիտ կայնքը պիտի վերլուծեմ եւ երգեմ»: Նույն միտքը հայտնում է 1910-ին գրված նամակների մեջ. «Հիմա նոր հատոր մը պատրաստելու ձեռնարկած եմ զուտ ապրած կյանքե, քիչ մը ավելի վերլուծող, ավելի խորիմաստ եւ հոգեբանական երգերով», «Այլեւ կը պատրաստվիմ ապրված կյանքեն միայն գրել եւ հյուսել նոր քերթվածներ՝ անվերապահ արվեստով մը, որոնք պետք է կազմեն «Հեթանոս երգերուն» մասը»: Այդ հատորը եղավ «Հեթանոս երգեր» ժողովածուն, որը լույս տեսավ 1912-ի վերջին:

1913-ի ապրիլին Կոստանդնուպոլսում կազմակերպվում է Վարուժանի «Հեթանոս երգեր»-ին նվիրված գրական ասուլիս: Ընթերցվում է Զոհրապի բացման խոսքը, զեկուցումներով հանդես են գալիս բանաստեղծներ եւ քննադատներ: Վարուժանն արժանիորեն մեծարվում է: Թերթերը նրան հռչակում են «հայ մեծագույն եւ կատարելագույն քերթող», «Տիտան քերթող», «Կյանքը կը բաբախե հոն ծայրեծայր», «ամեհի հսկա», որի ամբողջական ընդգրկումը ուժերից վեր է: «Վարուժան մեր ամենեն մեծ բանաստեղծն է»,- գրում է Օշականը: «Դ. Վարուժան մեր ժողովուրդին առջեւ տարածվող նոր դարագլուխ բանաստեղծն է… Դանիել Վարուժանը կրնաք դասել համաշխարհային գրականության մեծագույն դեմքերուն քով…»,- ավելացնում է Զարեհ Գազազյանը:

Այս ամենով հանդերձ՝ Վարուժանի «Հեթանոս երգեր»-ին դժկամությամբ էին վերաբերվում արեւելահայ իրականության մեջ (Շիրվանզադե, Սուրխաթյան, Աղբալյան, Տերյան): Ընդհանրապես, սա մի որոշակի միտում էր՝ ուղղված արեւմտահայ պոեզիայի դեմ, որին ձայնակցել է նաեւ Ա. Իսահակյանը: 1910 թ. ապրիլին Տերյանին հասցեագրված մի նամակում կարդում ենք. «Այժմ բոլոր նոր գրողները քեզ են հետեւում: Վերջապես մենք էլ ունեցանք մի իսկական «մոդեռն» բանաստեղծ. տասնյակ տարիներ թրքահայերը ամենայն անշնորհքությամբ կրկնում էին Վերլենի եւ Բոդլերի պատկերները. բայց դու եղար միակ տաղանդավոր աշակերտը այդ նոր արվեստագետների»(А. Макинцян, Штрихикпортрету, Е., 2006, “Нжар“, էջ 21):

Միաժամանակ ավելացնենք, որ Վարուժանի բաց տեսարանները հունից հանում էին հատկապես Պոլսի պահպանողական հոգեւորականությանը, որոնք «Հեթանոս երգեր»-ը համարեցին «աղետ» ու «ոճիր», «պիղծ» ու սրբություններից հեռացած եւ անգամ անհամատեղելի գտան նրա գործունեությունը մանկավարժության ասպարեզում:

1912-ին գրական ընկերների հետ (Հակոբ Սիրունի, Ահարոն Տատուրյան) Վարուժանը հիմնում է «Աստեղնատուն» գրական եղբայրությունը, որը, սակայն, նախատեսված չափով եռանդուն գործունեություն չի ծավալում: Այդ նպատակով 1913-ին արդեն միայն Հակոբ Սիրունու հետ հիմնում են «Նավասարդ» գրական, գեղարվեստական, գիտական միությունը, 1914-ի թվագրությամբ հրատարակում «Նավասարդ» տարեգրքի առաջին եւ միակ համարը: Երկրորդ համարը լույս չտեսավ 1915-ին վրա հասած արհավիրքի պատճառով:

1914-ի օգոստոսի 1-ին սկսվում է Առաջին համաշխարհային պատերազմը: Կասեցվում է հայ մտավոր կյանքի նախապատրաստված բարձր թռիչքը: Գերմանիայի եւ Թուրքիայի միջեւ կնքվում է գաղտնի դաշնագիր: Հոկտեմբերի 20-ին Ռուսաստանը պատերազմ է հայտարարում Թուրքիային: Այս արյունոտ պատերազմին, որը տանում է 20 միլիոն մարդու կյանք, զոհ է գնում ամբողջ Արեւմտյան Հայաստանը:

Մինչ այդ՝ 1914-ի օգոստոսի կեսերին, Վարուժանը մտադրվել էր Պարտիզակում կազմակերպել նավասարդյան տոներ, որը չի հաջողվում: Շարունակում է գրական-կազակերպական գործը: Գրում է «Հացին երգը» ժողովածուի բանաստեղծությունները, փորձում ամբողջացնել եւ պատրաստել տպագրության: Բայց… ժամանակը գաղտնի դավեր էր նյությում թե՛ նրա եւ թե՛ մի ամբողջ ժողովրդի դեմ:

Պոլսում եւ գավառներում օրըստօրե մթնոլորտը լարվում էր: Վարուժանին առաջարկում են ժամանակավորապես Թուրքիայից հեռանալ Իտալիա. մերժում է՝ ասելով, որ «չի կրնար ձգել ընտանիքը»: Մեկ այլ անգամ առաջարկում են մեկնել Բուլղարիա՝ ընտանիքն էլ իր մոտ հասցնելու պայմանով, դարձյալ մերժում է: Նույնը կրկնում է Անայիսը, որին ի պատասխան Վարուժանն ասում է. «Ինչո՞ւ կ’ուզեք, տիկի՛ն, որ ես Ձեզմե նվաստ արիասիրտ ըլլամ. ինչո՞ւ մեկնիմ: Ապահով եղեք, թե մեզի ոչինչ կ’սպառնա. պետք չէ ըլլալ հոռետես»:

1915 թ. ապրիլի 24-ի երեկոյան Վարուժանին ձերբակալում են, մեկուսացնում Պոլսի կենտրոնական բանտում: Այնուհետեւ նրան տեղափոխում են Էնկյուրի (Անկարա), այնտեղից աքսորում Չանղըրը, հսկողության տակ մեկուսացնում զորանոցում:

Թուրքական իշխանությունները կարգադրում են «վերջնական հաշվեհարդարի ենթարկել հայերին՝ բնաջնջելով անհարազատ այդ տարրը, քշելով զանոնք դեպի Արաբիո անապատները, համաձայն մեր տված գաղտնի հրահանգին»: Անգամ այս պայմաններում Վարուժանը շարունակում էր ստեղծագործել… Բանաստեղծի միամիտ ու մաքուր հոգի…

Կնոջ հուշերից. «Ուզած էր Հոմերոսի «Իլիականը», զոր ղրկած եմ իրեն: Գիտեմ, որ հոն իսկ կ’աշխատեր ու կը գրեր»: Արամ Անտոնյանի հուշերից. «Կը սիրեր աշխատել ընկուզենիի շուքին մտերմության մեջ եւ կը նախընտրեր միշտ առանձին մնալ այնտեղ»: Գրում էր հողի փառաբանության ու պտղավորումի, մշակների ժրաջան աշխատանքի մասին:

Վարուժանի հետ էր նաեւ բանաստեղծ Ռուբեն Սեւակը: Չանղըրըից նրանց կառքով տանում են Այաշի ուղղությամբ եւ Թյունեյ գյուղի մոտ օգոստոսի 26-ին, նախապես վարձված քրդերի միջոցով, հաշվեհարդար տեսնում: Հագուստները յուրացնելու համար նրանց մերկացնում են, կապում ծառերին եւ, դաշունահարելով, սպանում: Դիմադրություն ցույց տալու համար դաշույնով փորում են Վարուժանի ակնախոռոչները:

Բարբարոսաբար ընդհատվում է Վարուժանի կյանքը: Նա դեռեւս 31 տարեկան էր: Ժողովրդի գաղափարական առաջնորդները երկրի ազատության փոխարեն վճարում են իրենց կյանքով: Ցեղասպանության կազմակերպիչները նախ գլխատում են ժողովրդի միտքը…

Վարուժանի մահվան օրը ծնվում է նրա երրորդ երեխան՝ Հայկակը (Հայկ), որին նա ուզում էր Վարուժան անվանակոչել…

Թուրքերը բռնագրավեցին Վարուժանի ձեռագրերը, սակայն կինը՝ Արաքսի Թաշճյանը, կարողացավ 1919-ին փրկագնել դրանք եւ 1921 թ. լույս ընծայել «Հացին երգը» ժողովածուն:

Անկատար մնացին նրա շատ ծրագրեր. ասացողներից «Սասնա ծռերի» ասքն էր գրի առնում՝ «Սասմոնց տուն» վիպերգը հյուսելու համար, մտորում էր «Աչքերը» թատերգության եւ «Գինիի երգը» նոր ժողովածուի մասին:

Հետագայում՝ 1958 թ., Վարուժանին հիշեցին նաեւ Գենտ քաղաքի համալսարանում. մատենադարանի մեծ սրահում փակցվեց պղնձյա մի հուշատախտակ՝ հայ բանաստեղծի հարթաքանդակով, այդ համալսարանում նրա ուսանած տարիների հիշատակությամբ, ծննդյան ու մահվան թվականներով եւ «Նեմեսիս» քերթվածի այս տողերով. «Ո՛հ, ի՜նչ փույթ կյանքը մեռնող, // Երբոր երազը կ’ապրի, // Երբոր երազն անմա՜հ է»: Հետագայում դիմաքանդակի ներքեւում՝ ցուցափեղկի տակ, զետեղվել է նաեւ նրա կենսագրությունը:

Շարունակելի

 

Դավիթ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Բանասիրական գիտ. դոկտոր, պրոֆեսոր

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s