Թեոդոսիայում՝ հռչակավոր ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու տուն-թանգարանում, ցուցադրվում է մի կտավ՝ «Խրիմյան Հայրիկը Էջմիածնի շրջակայքում»։ Հովվի կերպարով պատկերված Կաթողիկոսը նկարված է Արարատի ֆոնին։ Հայտնի է, որ այս կտավը մեծանուն նկարիչը ստեղծել է 1895-ի հունիսին, երբ իր տանը հյուրընկալում էր Պետերբուրգից Մայր Աթոռ վերադարձող Ամենայն Հայոց Կաթողիկոսին։

Խրիմյան Հայրիկը, թերեւս, այն ամենաերջանիկ հայրապետն էր, ում նկատմամբ անկաշառ սիրով էին լցված ե՛ւ ժողովուրդը, ե՛ւ ժամանակի մտավորականությունն ու արվեստագետները։ Նրանց շարքում էր նաեւ Հովհաննես Այվազովսկին։ Շատերի նման Այվազովսկին եւս ողջունեց Խրիմյանի ընտրությունը։ 1893 թ. օգոստոսին ափսոսանք հայտնելով, որ չի կարող անձամբ այցելել ազգընտիր Կաթողիկոսին, Թեոդոսիայից հղած շնորհավորական նամակում, իբրեւ «Վեհափառ տէրութեանդ հարազատ որդի եւ ամենախոնարհ ծառայ», Այվազովսկին գրում էր.

«Աստուածարեալ Հայրապետ.

Լուր ընտրութեան վեհափառութեանդ յաթոռ սրբոյն լուսաւորչի հրճուանօք եւ ցնծութեամբ լեցուցին սիրտ իմ որեւէս եւս բոլոր աշխարհի ազգայնոցս, որոնց համակրանքը եւ սէրը ի վաղուց հետէ ըստ արժանւոյն վայելած է սրբութիւնդ բազմամեայ եւ բազմարդիւն գործունէութեամբ յօգուտ ազգիս եւ եկեղեցւոյ»։

Խրիմյան Հայրիկն ու Այվազովսկին հանդիպեցին երկու տարի անց։ 1895 թ. ապրիլին Խրիմյանը Նոր Նախիջեւանում սպասում էր Պետերբուրգ այցի կայսերական հրավերին։ Այս օրերին էլ Այվազովսկին մեկնեց Նոր Նախիջեւան։ Մինչ այդ Պետերբուրգից Կաթողիկոսին հղած հայերեն նամակում Այվազովսկին գրում էր. «… Իմանալով ցնծութեամբ, որ Ձեր սրբութիւնը ժամանակաւոր եկած էք Նախիջեւան քաղաքը, ես մտադիր եմ անձամբ ներկայանալու Ձեզ…»։

Ավելի ուշ իր բարեկամին՝ հայտնի արեւելագետ, պետական- հասարակական գործիչ Գերասիմ Էզովին (Կարապետ Եզյան) հղած նամակում Այվազովսկին իր տպավորությունն էր հայտնում այդ հանդիպումից. «Մի քանի անգամ եղա Պատրիարքի մոտ, նույնիսկ ճաշեցինք միասին՝ նրա ժողովրդի հետ։ Նա հաճելի տպավորություն է թողնում, չունի չնչին իսկ կեղծ բարեպաշտություն։ Օժտված է բնատուր մեծ խելքով, խոսքը բավական աշխույժ է, եթե երբեմն եւ անտեղի խոսք է հնչում, ապա պատճառը տեղի ռուսաց, եւ ընդհանրապես եւրոպական լեզուն չհասկանալուց է»։

Նույն թվականի ամռանն արդեն, Պետերբուրգից վերադարձի ճանապարհին, Այվազովսկու հրավերով Խրիմյանն ինքն այցելեց Թեոդոսիա։

Կաթողիկոսի այս այցի ընթացքում էլ Այվազովսկին ստեղծել է Խրիմյանին պատկերող կտավը՝ բարի, հոգատար ու առինքնող։

Կտավը Մայր Աթոռ չի բերվել։ Տեսե՞լ է արդյոք Խրիմյանն իր այս նկարի բնօրինակը, դժվար է ասել։ Սակայն նկարչի հանճարը հիացնում էր նաեւ Կաթողիկոսին։ «Հա, դուն վատ բան չես քաշիլ, նայելու արժանի է»,- ինչպես արձանագրել է ժամանակի մամուլը, այսպես է արձագանքել Կաթողիկոսը՝ դիտելով Թեոդոսիայի Սբ Սարգիս եկեղեցու սրբապատկերները՝ արված Այվազովսկու ձեռքով։ Նույն մամուլը արձանագրել է նաեւ Կաթողիկոսի համագործակցության առաջարկը՝ ուղղված նկարչին։

«…Դու հանճարեղ նկարիչ, քո վրձնով աշխարհ զարմացրած ես, ես ալ Խրիմյան Հայրիկ մըն եմ, մեկ ձեռքիս խաչ, մյուս ձեռքիս՝ Ավետարան, պիտի աղոթեմ քեզի համար եւ իմ խեղճուկ հայ գյուղական ժողովրդի համար։ Ինձմեն դուն երկու տարով մեծ ես, դու 77 տարեկան ես, իսկ ես՝ 75 տարեկան, դուն ալ ապրիս, ես ալ. դեռեւս մեռնելու միտք չունիմ, որովհետեւ իմ ազգիս հատուցանելու շատ պարտքեր ունիմ։ Երբ որ պարտքերս կվճարեմ ազգիս, ան ժամանակ թող Աստծու կամքն օրհնյալ լինի։ Ուրեմն լավ մտիկ ըրե ինձի. արի ես ու դու իրարու ձեռք ձեռքի տանք եւ մեր մնացած օրերը մեր խեղճ ազգին համար աշխատինք»։

Թեոդոսիա այցից մեկ տարի անց՝ 1896-ին, երբ Տաճկահայաստանում շարունակվում էին հայկական ջարդերը, Խրիմյանը հավանաբար նամակով դիմել է Այվազովսկուն՝ նկարելու «վշտահար Հայրիկին աւերակաց վերայ»։ Ամեն դեպքում Այվազովսկին իր պատասխան նամակում, որ հրապարակված է նկարչի նամակների ժողովածուում, գրել է. «Վեհափառ Տէր, ի վաղուց սրտիս փափագն է այցելութիւն անել Մայր Աթոռոյդ եւ դորա վեհափառ գահակալիդ եւ կցանկանամ, որ Տէրը յաջողէ միջոց գտնելու փափագս կատարելու։

Ձեր օծութիւնը շատ զգայուն եւ գեղեցիկ առաջարկութիւն կանէք ինձ նկարել կարմիր գունով հայոց կոտորածի պատկեր, արեան դաշտեր եւ լեռներ եւ վշտահար Հայոց Հայրիկին աւերակաց վերայ։ Եթե Տէրը կհաճի ինձ դեռ եւս կեանք պարգեւել, կուգա օր, որ կկատարեմ այդ սրտաշարժ առաջարկութիւնը…»։

Կաթողիկոսի «սրտաշարժ առաջարկությունը» ծերունի եւ արդեն վատառողջ նկարիչն այդպես էլ չի կարողացել իրականացնել։ Սակայն Այվազովսկու չնկարած կտավից կարծես երեւում է վշտահար Կաթողիկոսը։

Հ. Գ. Հայտնի է, որ Խրիմյան Հայրիկի Թեոդոսիա այցի ընթացքում Այվազովսկին Խրիմյանին նվիրել է մեծադիր մի կտավ։ Պահպանված է Խրիմյանի կոնդակը, որով Մայր Աթոռից Ամենայն Հայոց Հայրիկը շնորհակալություն է հայտնում նկարչին՝ հյուրընկալության եւ Էջմիածնի նորակառույց թանգարանին արված նվիրատվության համար։ «Ցնծութիւն բազում եղեն հոգւոյ մերոյ, տեսեալ զհարազատիդ սրտաբուխ նուէրն, որ ի զարդ նորակառոյց թանգարանի Մայր Աթոռոյս, որ հասեալ մեզ անեղծ եւ ապահով. պատկեր չքնաղ եւ հոյատիպ, յորում արտահայտեն ի տես ողորմութիւն Աստուածային առ ստեղծագործեալն մերմէ աշխարհէ»։ Կոնդակում նկարագրվում է նաեւ նկարի բովանդակությունը՝ «Ինքն Աստուած սքանչացեալ կայ իջանելով բազմութեամբ հրեշտակեաց տարածեալ զամենահզօր բազուկս իւր ի վերայ նորոյ երկնի…»։

Ի՞նչ կտավ է Այվազովսկին նվիրել Էջմիածնի թանգարանին, որի պահոցներում այն այլեւս չկա։ Նկարի վերատպությունը հաջողվեց տեսնել միայն 1897-ի պետերբուրգյան հայալեզու «Արաքս» հանդեսում, ինչպես նաեւ 1901-ին՝ կրկին Պետերբուրգում հրատարակված «Այվազովսկին եւ նրա ստեղծագործությունը» հատորում։ Միակ տարբերությունը՝ «Արաքսում» այն կոչվում է «Տիեզերք», իսկ ռուսական հրատարակչության մեջ՝ «Աշխարհի արարչագործությունը»։ Պատկերը նույնն է. հրեշտակներով շրջապատված Արարիչը սլանում է երկնակամարով։

Ահա այս վերատպությունները համեմատելով՝ արվեստաբան Շահեն Խաչատրյանը ճանաչեց տարիներ առաջ՝ 1989-ին, ՀՀ հանրային գրադարանից (այժմ՝ Ազգային գրադարան) հափշտակված՝ Այվազովսկու կտավը։ 2X3 չափերի այս կտավը, որի տեղն առ այսօր անհայտ է, փաստորեն եղել է Այվազովսկու նվերը Խրիմյանին ու նրա կառուցած թանգարանին։

«Ոչ այնքան ընդ պատկերն կամք հիացեալ, որքան ընդ ջերմեռանդութիւն նկարողիդ եւ նուիրողիդ եմք զգացեալ, որ իբրեւ որդի հաւատարիմ եւ հարազատ, գիտացիր երախտահատոյց լինել առ Մայր Աթոռն պանծալի…»,- իր կոնդակում գրել է Խրիմյան Հայրիկը։

Այվազովսկու այս կտավի մասին հետաքրքիր տեղեկություն է հաղորդում նաեւ «Արաքսը»։ Հանդեսը նշում է, որ երբ այն ցուցադրվել է Պետերբուրգում, աշխույժ քննարկման նյութ է դարձել այն, որ նկարիչը ճիշտ չի պատկերել մոլորակների եւ Երկրի դիրքը։ Իսկ ժամանակի հայտնի մի աստղագետ՝ Գլազենապ անունով, բացականչել է. «Իրոք, որ մենք աստղաբաշխներս այլ կերպ ենք պատկերացնում տիեզերքը, քան այն, ինչ ներկայացված է պատկերում։ Բայց այն, ինչ որ գիտության համար համարվում է ենթադրություն, նկարչի հանճարը ավելի ճիշտ վճռում է իր երեւակայության ուժով»։

«Այս նշանաւոր յոյժ մեծ դիրքով պատկերը, պատկառելի նկարիչը նուիրել է ս. Էջմիածնի թանգարանին՝ ի յիշատակ Ամենայն հայոց կաթողիկոսի, Մկրտիչ Ա.-ոյ նորան արած այցելութեանը Թէոդոսիայում»,- ավարտում է նկարի պատմությունը «Արաքսը»։

Այսօր Մայր Աթոռի թանգարաններում պահվում են Այվազովսկու մի քանի կտավներ, որոնց մեջ, սակայն, բացակայում են Խրիմյանին պատկերող ու Խրիմյանին նվիրված մեծադիր կտավները։

Հեղինե ՄԿՐՏՉՅԱՆ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s