Սկիզբը՝ թիվ 15-19 (2010 Օգոստ. Ա- Հոկտ. Ա)

Թե ինչ ճանապարհով Փիլիպոսը վերադարձավ Էջմիածին, հայտնի չէ։ Նրա առաջին ձեռնարկումներից մեկը եղավ կատարված գործերին ծանոթանալը, ինչպես նաեւ հոգալ նորոգությունների վերջին պետքերը։ Երբ ցրտերն անցան, նա ձեռնամուխ եղավ զանգակատան շինությանը, ինչը տեղի ունեցավ 1654 թվին՝ «աղուհացի օրերին»։ Նա օր առաջ ուզում էր ավարտել շինությունը, որին խանգարեց Մահմադղուլի խանը, որը վատ էր տրամադրված քրիստոնյաների նկատմամբ։ Կաթողիկոսը փորձեց նրան կաշառել եւ համոզել, սակայն նա սպառնում էր, թե քանդելու է այն։ Փիլիպոսը շարունակում էր շինությունը։ Կապվել էին ներքին կամարները, երբ հայոց հայրապետը մահացավ։

Կաթողիկոսը մահացավ 63 տարեկան հասակում։ Նա 1654 թվի մարտի 18-ին իջնում է եկեղեցի, նստում է աթոռին եւ սկսում քարոզը։ Դա տեղի է ունենում կիրակի օրը, սակայն երկուշաբթի անկողին է ընկնում։ Վիճակը գնալով վատանում է։ Նա մահացավ 1655 թվի մարտի 25-ին՝ մի ինչ-որ ներքին հիվանդությունից։ Կաթողիկոսների շարքում եղել է առավել արդյունավորներից մեկը. նրա օրոք վերականգնվեցին վանքի հարստությունները եւ հասույթները։

Մայր Աթոռի միաբանությունը կամեցավ նրան թաղել վանքի զանգակատան ներսում։ Մահմադղուլի խանը, շարունակելով իր հակառակություններն անգամ նրա մահից հետո, արգելում է նրան թաղել զանգակատան ներսում, քանի որ այն շինվել էր առանց իր համաձայնության, եւ միշտ սպառնում էր, թե դա քանդելու է։ Կաթողիկոսի մարմինը երկար անթաղ մնաց, մինչեւ միջոցներ էին ձեռք առնվում՝ նրան զանգակատանը թաղելու համար։ Խանն իր համաձայնությունն ի վերջո չտվեց, եւ միաբանները 6 օր անց՝ մարտի 31-ին, նրա մարմինը մեծահանդես թափորով հողին հանձնեցին Ս. Հռիփսիմեի տաճարում՝ հյուսիսային խորանի կողմում։

Մովսես Տաթեւացուց սկսած, ինչպես նաեւ Փիլիպոս Աղբակեցու օրոք աստիճանաբար վերականգնվում են ուսումնական կենտրոնները։ Արդեն ավելի վաղ ժամանակներից մեծ հռչակ էր բերել Բաղեշ քաղաքի մոտ գտնվող Ամրդոլու վանքի դպրոցը։ Նրա սկզբնավորությունը տարվում է մինչեւ Գրիգոր Տաթեւացու ժամանակները, քանի որ նրա աշակերտներից Դանիել վարդապետ Ճգնավորը համարվում է իբրեւ գլուխ Ամրդոլու վարդապետական գավազանի։ Որպես հաջորդներ՝ հիշվում են Հովհաննես Համշենցին, Գրիգոր Արճիշեցին, որի մականունն էր Չորթան, Ներսես Մատաղը, Ներսես Բաղիշեցին, Ներսես Ամկեցին, Հովհաննես Ոստանցին՝ Բրդուտ մականունով, Բարսեղ Գավառցին եւ Ներսես Մոկացին՝ Բեղլու մականունով, որը հիշվում է Մեծ անապատի կապակցությամբ։ Ամրդոլու վանքին մեծ զարկ հաղորդեց Բարսեղ Գավառցին, որը բացի Սուրբ Գիրքն ուսումնասիրելուց, խորացավ նաեւ իմաստասիրության եւ տրամաբանության մեջ, ինչը պատճառ դարձավ ուսունասիրելու արտաքին գիտությունները, այսինքն՝ հեթանոսության շրջանի գիտությունները։

Բաղեշի կամ Ամրդոլու դպրոցը մեծ զարկ տվեց հայ դպրոցին, քանի որ նրա սաները սփռվում էին երկրով մեկ։ Օրինակ՝ դպրոցներ բացեցին Հովհաննես Համշենցին եւ Գրիգոր Արճիշեցին։ Դավրիժեցու ասելով՝ բոլոր արեւելյաններն էլ սերել են Չորթանից։ Սակայն նրա ուսուցումը դեռ սահմանափակ էր, իսկ արտաքին ուսուցմանց նախահայր պետք է ճանաչել Բարսեղ Գավառացուն, քանի որ նրանով դասագրքերը մուտք գործեցին վանքեր։ Օրինակ՝ Սահմանացն, Պորփյուրին, Ստորոգությանց, Պերիարմենիասին եւ ուրիշ գրքեր։ Բարսեղը մահացավ 1615-ին եւ թաղվեց Ամրդոլու վանքում։

Բարսեղի աշակերտներից նշանավոր եղան Հովսեփ Ոզմեցին, Հայրապետ Մոկացին եւ Ներսես Մոկացին։ Սրանցից վերջինը գերազանցեց բոլորին՝ թե՛ ընկերներին եւ թե՛ ուսուցիչ Բարսեղին։ Մեծ անապատի համբավը լսելով՝ նա Բաղեշից հեռացավ։ Իհարկե, այդ պատճառով Բաղեշի դպրոցը չխանգարվեց, եւ Բարսեղի մյուս աշակերտները գործը շարունակեցին։ Ներսես Մոկացուց ոչ շատ հետո նշանավոր էր Վարդան Բաղիշեցին։ Ներսես Մոկացին Մեծ անապատում դասախոսել է արտաքին ուսմանց գործը։ Մելքիսեդեկ Վժանեցին եղավ նրա առավել անձնանվեր աշակերտը եւ Ներսեսի հետ Լիմ էլ գնաց, երբ նա այնտեղ հաստատվել էր, եւ միասին ընդարձակեցին արտաքին ուսմանց շրջանակը։ Մելքիսեդեկը մնաց տոկուն աշխատող մինչեւ կյանքի վերջը եւ գերազանցեց թե՛ Բարսեղին եւ թե՛ Ներսեսին։ Նա իր գործունեությունը տեղափոխեց Էջմիածին, երբ Մովսես Տաթեւացին նրան Հովհաննավանքի դպրատան ուսուցիչ կարգեց։ Վժանեցին մահացավ 1631-ին։

Վժանեցու աշակերտներից նշանավոր էր Սիմեոն Ջուղայեցին, որին Փիլիպոս կաթողիկոսն ուսուցչության հրավիրեց դպրատունը Հովհաննավանքից Էջմիածին տեղափոխելիս։ Նա՝ որպես նվիրակ, Խաչատուր Կեսարացու ընկերակցությամբ ուղարկվեց Լեհաստան, որտեղ նեղվել էր ֆռանկների հետ բանավեճից եւ վերադարձին իրեն նվիրեց խոր ուսումնառության։ Երեք տարի դասավանդելով Էջմիածնում՝ գնաց Սպահան, որտեղ էլ շարունակեց իր գործը։

Սիմեոն Ջուղայեցին գնացել էր Սպահան՝ Խաչատուր Կեսարացու մոտ, որը վիճակի առաջնորդն էր եղել։ Այս Խաչատուրն է, որ 1640-ին Սպահանում տպարան բացեց՝ երբեւիցե տեսած չլինելով տպագրության արվեստը։ Հիշատակարաններից մեկում ասվում է, որ Սիմեոն Ջուղայեցին եւ Հովհաննես վարդապետը, շրջագայելով լատինացվոց երկրում, գալիս եւ տպագրության գործը հաստատում են Հայաստանում։ Մ. Օրմանյանն այս Հովհաննեսին նույնացնում է Հովհաննես Ջուղայեցի վարդապետի հետ։ 1651-ից նա հիշատակվում է իբրեւ Նոր Ջուղայի արքեպիսկոպոս։ Կյանքի վերջում ուզում է գնալ Հունաց աշխարհ, այսինքն՝ Օսմանյան կայսրություն, բայց Եվդոկիայում հիվանդանում է եւ 1657 թվի փետրվարի 27-ին մահանում։ Խաչատուր Կեսարացին մահացել էր մինչ այդ։

Հիշյալ շրջանում վարդապետներից հատկապես աչքի ընկան Ստեփան Իլվովացին (Լվովցին), որը սերում էր հարուստ ընտանիքից, եւ Առաքել Դավրիժեցին։ Նրանցից առաջինը, կրթություն ստանալով տեղում, զզվում է Նիկոլի հալածանքներից ու գալիս Էջմիածին՝ ծնողների համաձայնությամբ։ Այստեղ նա աչքի է ընկնում լեզուների իմացությամբ եւ նշանակվում ուսուցիչ։ Թարգմանում է Հովսեպոսի, Արիսպագացու գրքերը, «Գիրք պատճառաց»-ը եւ «Բանք առակաւորք»-ը, ինչպես նաեւ «Հայելի վարուց»-ը, «Բուրաստան աղօթից»-ը, «Հրեշտակաբանութիւն»-ը եւ «Պատմութիւն Ղուրանի»-ն։ Նա գործել է ոչ միայն Փիլիպոսի, այլեւ նրա հաջորդի օրոք՝ մինչեւ նրա մահը։

Բարի խոսքի է արժանի Առաքել Դավրիժեցին։ Հասկանալի է, որ սերում էր Թավրիժ քաղաքից եւ աշակերտել էր Մայր Աթոռում։ Ամբողջ ժամանակ գտնվելով Էջմիածնում եւ ականատեսը լինելով բոլոր իրադարձությունների՝ նա մանրամասն դրանք գրի է առել։ 1651-ին ձեռնարկում է «Պատմութիւն»-ը գրելուն, այն էլ՝ Փիլիպոս կաթողիկոսի ստիպմամբ, երբ արդեն առաջացած տարիք ուներ, եւ վատացել էր տեսողությունը, թուլացել ձեռքերի ուժը։ Նա եղել է Փիլիպոսին հասակակից, հավանաբար աշակերտել է Վժանեցուն եւ Ջուղայեցուն, քանի որ վարժ է եղել արտաքին գիտությունների մեջ։ «Պատմութիւնը» գրել է 4 տարվա ընթացքում, բայց Փիլիպոսի մահից հետո աշխատանքները դադարեցրել է եւ միայն 1658 թվին, հաջորդ կաթողիկոսի խորհրդով, կրկին ձեռնարկել է դրան եւ ավարտել 1662 թվին, ավելի որոշակի՝ 1662 թվի հուլիսի 1-ին։ Նա մահացավ աշխատությունը վերջացնելուց շատ չանցած, քանի որ հիշում է հաջորդ կաթողիկոսի գործերից զանգակատան շինարարության ավարտը միայն, եւ ոչ մի խոսք՝ միջանկյալ 8 տարվա գործունեության վերաբերյալ։ Նա առաջին հեղինակն էր, որի աշխատությունը տպագրվեց իր կենդանության օրոք։

Այդ ժամանակաշրջանը ծնեց նաեւ շինարար վարդապետներ։

Եսայի վարդապետ Մեղրեցին, որ Երնջակի Ս. Կարապետ վանքի առաջնորդն էր, ավերված եկեղեցին, կից շենքերը, խցերը եւ պարիսպները համարյա թե լրիվ քանդելով, վերաշինում է՝ շատ ավելի ընդարձակ չափերով։ 1653 թվի հոտկեմբերի 17-ին կատարում է եկեղեցու նավակատիքը։

Աչքի ընկավ Հովհաննավանքի առաջնորդ Զաքարիա վարդապետ Վաղարշապատցին, որը դպրատունն Էջմիածին տեղափոխվելուց հետո ամեն ինչը նորից շինեց՝ ավելի ընդարձակ եւ վայելուչ։ 1652-ին նա ավարտեց այդ եւ Խաչվերացի օրը կատարեց օծումը։ Ծերության շրջանում քաշվեց Էջմիածին, որտեղ մահացավ 1659 թվի հուլիսի 10-ին՝ Վարդավառի օրը, եւ թաղվեց զանգակատան առջեւի սալահատակի մեջտեղում։ Նա հենց ինքն էլ տապանաքարը պատրաստել էր տվել։ Աչքի ընկավ Ս. Թադեոսի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Մակվեցին, որը ձառնամուխ եղավ վանքի վերանորոգությանը։ 1650-ին նա ավարտեց եկեղեցին եւ 1653-ին՝ ժամատունը, իսկ դրանից հետո՝ Ս. Սանդուխտի վկայարանը եւ Նահատակ կոչված եկեղեցին։

Մարտիրոս եպիսկոպոս Մուղնեցին էլ վերաշինեց Մուղնու Ս. Գեւորգը եւ կից շինությունները՝ հիմքից սկսած։ Նա Փիլիպոսի օրոք եկեղեցին շրջապատեց պարսպով։ Իսկ Ոսկան վարդապետ Երեւանցին ձեռնամուխ եղավ Ուշիի Ս. Սարգիս վանքի նորոգությանը, կից սենյակների ու պարսպի շինությանը, սակայն չհասցրեց եկեղեցին ավարտել։ Օշականի Ս. Մեսրոպի տաճարը նորոգեց հենց ինքը՝ կաթողիկոս Փիլիպոսը՝ 1645-ին։

Փիլիպոս եպիսկոպոս Բջնեցին նորոգեց Բջնիի Ս. Աստվածածին եկեղեցին՝ Պետրոս Ջուղայեցի կամ Պետրոս Բգուզ անունով մի հարուստի տված գումարով, եւ ավարտեց 1643 թվին։ Նրա հաջորդ՝ Մովսես Բջնեցին էլ նորոգեց շուրջանակի վանքն ու պարիսպը։

Սրանցից բացի, վերանորոգչական ու շինարարական աշխատանքներ տարվեցին Շոռոթի եկեղեցում, Ագուլիսի վանքում եւ գյուղի չորս եկեղեցիներում, Թավրիզում, Դարաշամբում, Ցղնայում եւ ուրիշ շատ վայրերում, որոնց անունները Դավրիժեցին չի տալիս։ Դրանք արվեցին Փիլիպոս կաթողիկոսի աշակերտ վարդապետների կողմից։ 1664-ին Աշտարակի մոտ ավարտվեց Քասաղի վրայի կամուրջը, որն ամբողջությամբ կառուցվեց խոջա Գրիգոր Երեւանցու (մականունը՝ Մոծակենց) ծախքով։ Այս ամենը, անշուշտ, Փիլիպոս կաթողիկոսի եւ նրա աշակերտների մեծագործությունն էր, սակայն հարգանքի մեծ զգացումով հիշենք նաեւ հայ ազգային գործիչներին, որոնք կամովին գումարներ էին հատկացնում այդ նորոգչական ու շինարարական գործունեության համար՝ օգտվելով 1639 թվի հաշտության ընձեռած հնարավորություններից։

Հիշատակության արժանի է, անտարակույս, Գրիգոր Դարանեղեցի վարդապետը, որը 1624-ին կառուցել էր Պալաթի եկեղեցին եւ որի համար էլ՝ հալածվել։ Անդաստական կյանքից հոգնած՝ նա առաջացած տարիքում քաշվեց Ռոդոսթո, որը նրա վիճակն էր, եւ այլեւս այնտեղից չհեռացավ։ 1639 թվին նա դեռ Ռոդոսթոյի առաջնորդն էր, իսկ 1643 թվի սեպտեմբերին մահացավ՝ մեծ հասակում։ Անշուշտ, նա անկողմնակալ չէր, սակայն միայն ժամանակակից պատմություն գրելը հերիք է, որ նրան լավ հիշենք։

Հիշյալ ժամանակում նահատակվեց Սարուխան Խիզանցին։ Նա կոշկակար էր՝ վարժ երգեցողության եւ քնարահարության մեջ։ Խիզանից տեղափոխվում է Բաղեշ, ամուսնանում, երկու զավակ ունենալուց հետո՝ այրիանում։ Պատահական ծանոթանում է մի կնոջ հետ, որը հայտարարում է իր քրիստոնյա եւ այրի լինելը։ Ամուսնանում են եկեղեցում եւ քրիստոնեաբար ապրում երեք տարի։ Դրանից հետո կինը հայտնում է, որ ինքը քուրդ է եւ մահմեդական է եղել, բայց քրիստոնյա դարձած լինելու համար՝ լքել է իր ամուսնուն։ Սարուխանը հասկանում է, որ մեծ վհանգի մեջ է ընկել, բայց լռում է։ Այդ կնոջ քուրդ ամուսինը, Բաղեշ գալով, հայտնաբերում է կնոջը եւ աղմուկ բարձրացնում, թե քրիստոնյաներն իր կնոջը փախցրել են եւ բռնի քրիստոնեացրել։ Սարուխանը ձերբակալվում է. նրանից պահանջում են մահմեդականանալ։ Նա հրաժարվում է եւ դատապարտվում հրկիզման 1631 թվի փետրվարի 4-ին, երբ Փիլիպոս Աղբակեցին գտնվում էր Բաղեշում։

Շարունակելի

 

Բաբկեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s