Սկիզբը՝ թիվ 20 (2010 Հոկտ. Բ)

 

Վարուժանը գաղափարի բանաստեղծ էր: Այդ գաղափարի միջուկը հայրենիքն էր: Նամակներից մեկում, դեռեւս ուսանող, 1907-ին գրում էր. «Միակ նպատակս է հայրենիքիս օգտակար դառնալ. ահա գաղափարականը, որ զիս կ’ոգեւորե եւ կը կանգնե. արդ, միայն իրմով կ’ապրիմ, իրմով եմ հաղթական»:

Գրողի ստեղծագործության ընդհանուր ակնարկը ենթադրում է ամբողջական պատկերացում նրա ժառանգության մասին՝ ժողովածուների ցայտուն հատկանիշերի բացահայտումով: Հետեւենք նրա ստեղծագործական կյանքի ճանապարհին:

«Սարսուռներ» (1906) գրքում զետեղված 18 քնարական բանաստեղծություններն ուրվագծում են հեղինակի գրական հասունությունը եւ ուղղվածությունը: «Երգե՜լ կ’ուզեմ…»,- ավետում է նա «Մուսային» քերթվածի մեջ: Թե ի՞նչ երգել եւ ո՞ւմ համար երգել, պարզվում է հաջորդ տողերից. «Բա՛ռ ունի աստղն. երգել, երգե՛լ կ’ուզեմ ես, // Զի կը խոսին երգով Բնությունն ու Աստված»: Նա իրեն հռչակում է գաղափարի բանաստեղծ, ըստ որի՝ իր տողերում «գաղափարն պիտի բնակի զերդ Աստված»: Իր երգը նա պատկերացնում է որպես ժողովրդի ոգու արտահայտություն, իսկ «Երգերն անոր պիտի պատմեն Սարսուռներ»: Ահա այս պատրաստակամությամբ էլ նա դիմում է սուրբ մուսային. «Դո՛ւ, ժողովուրդին խոստացված… քնարդ տո՜ւր»: Այսպես բանաստեղծի հոգում տրոփում է «երգերու սաղմը…», որ ոգու արգավանդ դաշտերում ցանել էին Աբովյանը, Պեշիկթաշլյանը, Դուրյանը: Որքա՜ն էլ դժվար էր ժողովրդի ցավի երգը շարունակել, այնուամենայնիվ բանաստեղծն անհողդողդ ասում է մուսային. «Ըլլա՛, տո՜ւր…» այդ քնարը…

Հյուսվում է կյանք մտնող հոգու երգը, որը պատանությունից աչքերը բացում է կյանքի լարված օրերի մեջ: Աղքատություն, գթության կարոտ, հուսահատ մարդիկ, ներողամտություն, որ պակասում է մարդկանց, թշվառություն, մուրացկանություն,- ահա այն, ինչ տեսել եւ պատկերել է բանաստեղծը: Շարքի լավագույն բանաստեղծություններից մեկը վերնագրված է «Հիվանդ է», որի մեջ վանեցի երիտասարդ պանդուխտի ողբերգությունն է: Նա մեռնում է անկարեկից ու միայնակ, Պոլսի միջավայրն անհաղորդ է նրան, հարազատները տանը նրան են սպասում.

 

Եվ ինքն իրեն մըտերիմներ կը ստեղծե

Ցընորքներուն մեջ ջերմին.

Իր վիճակին կարեկցող մեկը չունի

Բացի մամուկը որմին:

 

Մըթնշաղին մեջ կը մարմրի, կը հյուծի

Մթնշաղի մը նման.

Լռությունն հոն կարծես դագաղ մը կ’երկարե,

Օրոցք՝ տունեն գերեզման:

 

Հստակվում է բանաստեղծի ոճը՝ ավելի պատմողական-վիպական, քան քնարական, թեեւ քնարականությունը եւս նրա քերթության անբաժան բաղադրիչներից է: Յուրաքանչյուր քերթվածի մեջ Վարուժանը ինչ-որ մի բան է պատմում, որն ունի գործողություն, դիպաշար: Նման հատվածներում նրա խոսքը նկարագրական-պատմողական է: Միեւնույն ժամանակ անպակաս են քնարական նուրբ անցումները, որոնք երբեմն վերածվում են պատկերային գյուտերի, ինչպես այս տողերի մեջ. «Հոս տեղ թռչուն մ’ուրվագծված է, լըռի՛կ, // Որուն երգեն իր շըրթունքներն են գողցեր…» («Չորս տարեկանի մը նամակը»):

«Սարսուռները» Վարուժանի գրական մուտքի նախերգանքն էր՝ տեղ-տեղ ազդված Ալիշանի, Պեշիկթաշլյանի ու Դուրյանի նվագներից: Նրա ինքնուրույն, հզոր բանաստեղծական ձայնը պիտի հնչեր հաջորդ գրքում:

«Ցեղին սիրտը» (1909) ժողովածուն ունի Խորենացուց բնաբան՝ «Ընդ եղեգան փող բոց ելաներ»: Դա հայրենասիրության բոցն էր, որ պետք է բոցավառվեր առաջին իսկ բանաստեղծության մեջ՝ վերնագրված «Ձոն», որն այլ կերպ կարող է հնչել գովք կամ ներբող: Ամբողջ բանաստեղծությունը ձոն է հայրենիքին:

«Ձոնը» բաղկացած է հինգ տնից: Յուրաքանչյուր տուն ունի վեց տող (վեցյակ): Բանաստեղծության մեջ կան արտահայտություններ, որոնք գրված են ընդհանուր բնագրից առանձնացող թավ տառերով: Դրանք տվյալ տան պատկերի միջուկն են կամ բանալի բառերը: Ամբողջ շարադրանքն ունի ներքին շարժում եւ զարգացում, որն ունի այսպիսի ընթացք:

Բանաստեղծն օգտագործում է «եղեգնյա գրիչ» արտահայտությունը, որպեսզի խոսքը հնչի դարերի խորքից, ժողովրդի ամբողջ պատմության ընդգրկումով, այն պահից սկսած, երբ Խորենացին եւ մյուսները եղեգնյա գրիչներով գրում էին իրենց «Հայոց պատմություն»-ները: Այս «Ձոնը» իր հերթին եւս մի «Հայոց պատմություն» է: «Եղեգնյա» բառը նաեւ «Վահագնի ծնունդը» առասպելի հետ է կապվում, քանի որ Վահագնը եւս ծնվեց եղեգան փողից: Ահա այդ եղեգան փող — եղեգնյա գրիչն է Վարուժանի ձեռքին, որով ոգում է մեր նոր պատմությունը:

Եղեգնյա գրչով բանաստեղծը երգում է «փառքեր» եւ ասում. «Քեզի ընծա՜, իմ հայրենիք»: «Սոսյաց անտառ» արտահայտությունը եւս տանում է պատմության գիրկը, քանզի դեռեւս 5-րդ դարի մատենագիրներից գիտենք, որ սոսին հայոց մեջ համարվել է սուրբ ծառ: Տերյանը հետո պիտի գրեր. «Սոսի սուրբ ծառ տեսա», իսկ Ն. Զարյանը «Արա Գեղեցիկ» դիցապատմական ողբերգության մեջ պետք է հերոսին բնորոշեր «Սոսանվեր» արտահայտությամբ: «Սոսյանց անտառեն էի զայն կըտրեր» տողն իսկ հուշում է, թե որքան որ սուրբ է սոսին, նույնքան սուրբ է նաեւ եղեգնյա գրիչը: Չորորդ տողում վերստին կրկնում է «Քեզի ընծա՜, հին հայրենիք» տողը: Երկու դեպքում էլ «հին հայրենիք» արտահայտությունը նա առանձնացրել է: 5-րդ տողը մեզ ամբողջովին տանում է հեթանոսական ժամանակները. «Եղեգնյա գըրչով երգեցի քուրմեր»: Քուրմը հեթանոսական կրոնի սպասավորն է ու նվիրյալը: Ուրեմն, բանաստեղծը փառաբանում է հեթանոսական ժամանակները: Դրա հաստատումն է եզրափակիչ տողը, որի մեջ ասում է. «Ընդ եղեգան փող լո՛ւյս ելաներ»:

Հայոց հայրենիքի ողբերգությունը դեռեւս 10-րդ դարից եղել է պանդխտությունը, ինչն ավելի ուժեղացավ հետագա բոլոր ժամանակներում: Ահա «Ձոնի» երկրորդ տան մեջ Վարուժանը երգում է կարոտ: Չմոռանանք, որ պանդուխտ է եղել Վարուժանի հայրը, ուսման տարիներին պանդուխտ է եղել նաեւ ինքը եւ շատ խորքից գիտեր հայրենիքի կարոտի այրող ցավը: Եվ ահա նա երգում է կարոտ եւ այն ընծայում «հայ պանդուխտներին», «հեգ պանդուխտներին»՝ այս անգամ արդեն թավ ու առաձնացող տառերով գրելով այս արտահայտությունները:

«Քուրմեր»-ին այստեղ հաջորդում են «հարսերը». «Եղեգնյա գրչով երգեցի հարսեր», որովհետեւ պանդխտության է մեկնում տան տղամարդը, իսկ տան կանայք՝ հարսները, սպասում էին նրանց ու կարոտից հալումաշ լինում: Այս դեպքում արդեն եղեգան փողից ողբ է դուրս գալիս, որովհետեւ պանդխտությունն ու կարոտը ամբողջությամբ ողբ են:

Եթե առաջին տան մեջ եղեգնյա գրիչը կտրված էր սոսյաց անտառից, ապա պանդխտության ու կարոտի մասին գրելիս այն դառնում է տարաշխարհիկ, այսինքն՝ օտար աշխարհի բույսի ծղոտ:

Երրորդ տան մեջ բանաստեղծը «եղեգնյա գրչով» երգում է արյուն, դա անմեղ հայորդիների արյունն է, որ հոսել-լցվել է պատմության գետերի մեջ: Այս անգամ նա առանձնացնում է «սուրի զոհեր»-ին եւ «կրակի զոհեր»-ին, նրա՛նց, ովքեր ընկել են սուր ու կրակից: Եվ բնական է, որ այս ցավը կրողը պիտի ասեր. «Ընդ եղեգան փող սի՛րտս ելաներ»:

Այս դեպքում եղեգնյա գրիչը, ըստ նրա, ծլել էր մոխիրի մեջ՝ իբրեւ կնյուն: Կնյունը ճահճային ամուր խոտաբույս է, որին նաեւ ճիլ են ասում: Հիմա, ինչպե՞ս կարող է ճահճային խոտաբույսը ծլել մոխիրի մեջ, եւ ի՞նչ մոխիր է դա: Դա սրի եւ կրակի զոհերի մոխիրն է կամ աճյունը, որից էլ ահա աճում է ամուր եղեգնյա փողը:

Չորրորդ տան մեջ ծնողների հիշատակն է եւ լքված հայրական տան պատկերը, որ ավերվող հայրենիքի մի տեսարան է: Այս դեպքում ձոնը հասցեագրվում է հորն ու մորը, եւ առանձնանում ու թավ գրվում են «հայր ալեհեր», «մայր կարեվեր» արտահայտությունները: Բանաստեղծը երգում է հայրենի օջախը, իսկ եղեգան փողից ծուխ է ելնում: Ծուխն այս դեպքում օջախի շարունակականության նշանն է:

Այստեղ եղեգնյա գրիչը նա կտրում է «ցամքած աղբյուրեն մեր», այսինքն՝ այդ եղեգան փողը պիտի որ չորոցած լիներ, քանի որ տան առուն ցամաքել էր:

Վերջին տան մեջ բանաստեղծը «պայքա՜ր, պայքա՜ր, պայքա՜ր» է երգում՝ որպես ընծա «հայ մարտիկներին», «քաջ մարտիկներին»: Այստեղ առանձնացված են ու թավ գրված այս արտահայտությունները:

Իր գրիչն այստեղ նա նմանեցնում է անթրոցի՝ երկաթե երկար ձողի, որով թոնրի կրակն են խառնում: Այստեղ էլ նա իր գրիչով, իր խոսքով հայ քաջ մարտիկների սրտերն է խառնում, որ նրանց մեջ բոցկլտա հայրենիքի ոգին, եւ նրանք արդար վրեժի ցասումով մարտի նետվեն: Այստեղ արդեն եղեգան փողից բո՛ց է ելնում: Սա հայրենասիրության բոցն է, որ պետք է բոցավառի բոլորի սրտերը եւ ոտքի հանի նրանց:

Ամբողջ բանաստեղծությունն ունի արտակարգ ներդաշնակ կառուցվածք: Դա վերաբերում է յուրաքանչյուր տան մեջ տողերի դասավորությանը, միանման հերթականությանը, պատկերների նույնանման, բայցեւ փոխվող հաջորդականությունն ընդգծող բառերին, ինչպես նաեւ չափական ու հնչյունական կշռույթին:

«Ձոնի» յուրաքանչյուր տան մեջ 1-ին, 3-րդ, 5-րդ եւ 6-րդ տողերը բաղկացած են 10 վանկից, որոնք իրենց հերթին բաժանվում են 5 վանկանի կիսատողերի: Իսկ 2-րդ եւ 4-րդ առանձնացվող տողերը բաղկացած են 8 վանկից եւ բաժանվում է 4 վանկանի հավասար մասերի: 10 եւ 8 վանկանի տողերի այսպիսի ներդաշնակ զուգակցում, այն էլ վեցյակի մեջ, դժվար է ստեղծել: Բարդ է նաեւ տողերի հանգավորման համակարգը:

«Ձոնին» հաջորդում է գրքի «Նախերգանքը» («Նեմեսիս»), այնուհետեւ երեք շարքերն են՝ «Բագինին վրա», «Կրկեսին մեջ», «Դյուցազնավեպեր»:

Նեմեսիսը հունական դիցաբանության մեջ վրեժի աստվածուհին էր: Եվ ահա դարեր տեւած ստորացման եւ ստրկության ցավից բանաստեղծը վրեժի է կոչում իր ժողովրդին, ուզում է արթնացնել պարտությունից հուսահատ նրա ոգին եւ մղել հաղթանակների: Քերթողը կերտում է Նեմեսիսի արձանը, քանդակում է այն մարդկանց հոգիների մեջ:

«Բագինին վրա» շարքը շարունակում է հայրենասիրական շունչը: Բագին զոհասեղանի վրա է դրվում անմնացորդ սերը հայրենիքի հանդեպ: Շարքը բացվում է «Հայրենիքի ոգին» քերթվածով: Որպես հերոսական անցյալի փլատակված մնացորդ՝ հաջորդում է Անիի ավերակների պատկերը, որի տեր ու տիրականը օձերն են միայն: Ավերակված մայրաքաղաքի պես այժմ էլ մարել են շեն ու լի օջախները, մայրը նամակ է գրում որդուն՝ կարոտի նամակ, եւ ապսպրում.

Եկո՜ւր, որդյա՛կ, հայրենի տունդ շենցուր.

Դուռն են կոտրեր, մառաններն ողջ դատարկեր.

Կը մըտնեն ներս լուսամուտեն ջարդուփշուր

 Գարնան ամբողջ ծիծառներ:

Շարունակելի

Դավիթ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Բանասիրական գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s