Վասպուրականն Արեւմտյան Հայաստանի հոծ հայաբնակ նահանգներից էր: Իր աշխարհագրական դիրքով նա սահմանակից էր Արեւելյան Հայաստանի, Պարսկաստանի եւ նրա միջոցով Արեւմտյան Հայաստանի տարբեր նահանգներին: 19-րդ դարի II կեսին հայությունը թվական գերակշռություն եւ հարաբերական մեծամասնություն էր կազմում Վասպուրականում: Այնտեղ գոյություն ունեին երեք հիմնական ազգեր` հայեր, քրդեր, թուրքեր: Երկրի բնիկ ազգը հայերն էին, ովքեր պատմական հայրենիքում դարերի ընթացքում ստեղծել էին իրենց բարձր մշակույթը: Հայերի հետ կողք կողքի ապրում էր նաեւ նրա խաշնարած ու վաչկատուն հարեւանը` ցեղային կյանքով ապրող քուրդը, ռազմի բնազդով եւ ավարառուի ոգով. նրանք աստիճանաբար գրավում էին հայերի հողերը, հայ ավատատերին փոխարինելու էր գալիս քուրդ ցեղապետը: Թուրքերն իշխում էին քաղաքականապես` իրենց ձեռքում ունենալով պետական, վարչական ապարատը, դատարանը: Դիպուկ բնորոշում է տվել ուսումնասիրողներից մեկը. «Թուրքը երկրի իրավական տերն էր, քուրդը` իրական տերը, հայը` հայրենիք ունեցողը եւ իրավազուրկը»(Գ. Գիւզալեան, Խրիմեան Հայրիկ, Գաղափարների աշխարհը, Պեյրութ, 1954, էջ 6): Չնայած տնտեսական ու քաղաքական անկայուն վիճակին՝ 19-րդ դարի երկրորդ կեսից աստիճանաբար սկսում է զարգանալ մշակութային կրթական կյանքը: Դարի առաջին կեսին՝ մինչեւ 1830-ական թթ., Վանում չկային կանոնավոր դպրոցներ: Քաղաքի հայկական թաղամասերում գտնվող եկեղեցիներին կից աստիճանաբար բացվում են փոքրիկ վարժարաններ, որոնք հաճախ կարճ կյանք էին ունենում: Դրանցից կարելի է հիշատակել Վանի Այգեստան թաղամասի Ավետիս Սահառունու եւ Նորաշենի եկեղեցուն կից Հովհաննես Քոլոզ վարժապետի բացած դպրոցները: Վերջինս սովորել էր Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանում, 1839 թ. վերադարձել հայրենի Վան եւ դպրոց բացել, որտեղ ուսուցումն ընթանում էր գրաբարով: Մոտավորապես հարյուր աշակերտ ունեցող դպրոցն աչքի չէր ընկնում իր նորություններով: Ժամանակակից գործիչները բարձր էին գնահատում Հովհաննես Քոլոզի գիտելիքների մակարդակը, սակայն երկակի վերաբերմումք էին ցուցաբերում նրա մշակութային եւ հասարակական գործունեության նկատմամբ: 1850-ականների ընթացքում Կ. Պոլսում ծավալված սահմանադրական եւ հակասահմանադրական պայքարի ալեբախումներն աստիճանաբար հասնում էին նաեւ հայկական նահանգներ: Վասպուրականի հայտնի գործիչներից մեկի` Երեմիա Տեւկանցի արտահայտությամբ՝ հայ հասարակությունը` հոգեւորականությունն ու մտավորականությունը, բաժանվեց երկու մասի` սահմանադրականներ եւ հակասահմանադրականներ. ըստ նրա՝ նորի կողմնակիցները կոչվեցին «լուսավորյալք», իսկ հնի գաղափարակիցները` «խավարյալք»: Հենց այդ չափանիշներով էլ գնահատվում է Հովհաննես Քոլոզը, որն իր «Տեսարանք Վասպուրական աշխարհին»(Մատենադարան, ձեռագիր 94249) աշխատության մեջ հարձակվում է 1858-ին Վարագա վանքում Ժառանգավորաց վարժարան բացած Մկրտիչ Խրիմյանի վրա՝ պաշտպանելով Վանի հոգեւոր առաջնորդ Պողոս Մելիքյանին եւ նրա արբանյակներին: Կարելի է մեծ հոդված գրել Վարագա Ժառանգավորաց վարժարանի, նրա ուսուցիչների ու սաների, ամենահայտնիների մասին: Բավական է նշել, որ Վարագա վանահայրը մեծ փոփոխություն առաջացրեց Վասպուրականի կրթական ասպարեզում՝ իր սաներին տալով նաեւ աշխատանքային դաստիարակություն, նրանցից պատրաստելով բանվորներ, տպագրիչներ, երկրագործներ, նաեւ արժանավոր հոգեւոր եւ մտավորական գործիչներ, նրանց օժանդակությամբ հրատարակեց Հայաստանի տարածքի առաջին պարբերականը` «Արծուի Վասպուրական» ամսագիրը: Խրիմյանն իր գործունեությամբ իրար կապեց Արեւմտյան Հայաստանի ամենամեծ հայկական նահանգները` Վասպուրականն ու Տարոնը. ժողովրդանվեր գործունեության համար 42-ամյա Խրիմյանը տարոնահայության կողմից արժանացավ Հայրիկ պատվանունին: Նա առաջին գավառահայն էր, որ ընտրվեց Կ. Պոլսի հայոց պատրիարք, առաջին պատրիարքն էր, որ Ազգային ժողովի քննարկման առարկա դարձրեց գավառական հարստահարությունների խնդիրը, որը դարձավ հայկական հարցի ներքին բովանդակությունը: Հավատալով մեծ տերությունների մարդասիրական գործունեությանը՝ Բեռլինի վեհաժողովում նա ներկայացրեց արեւմտահայության խնդրագիրը, ապա հիասթափվելով նրանց` հավերժական շահերին հավատարիմ քաղաքականությունից՝ Կ. Պոլսում պանդուխտ հայությանը քարոզեց վերադառնալ հայրենի երկիր եւ հարազատներին մի-մի հրացան տանել նվեր, հույսը դնել սեփական բազկի վրա. «Մարդ ինքն իրմեն պետք է աշխատի, որ փրկուի»: Այդ գաղափարը դարձավ ազատագրական գաղտնի խմբակների եւ նոր ստեղծված ազգային կուսակցությունների կարգախոսը: Նա առաջին կաթողիկոսն էր, որ համարձակվեց դեմ գնալ ռուսական ցարի պահանջին, հայությունից պահանջեց պաշտպանել իր Եկեղեցու իրավունքները, կառավարությանը չհանձնել նրա ունեցվածքը, որովհետեւ դրանով էին պահպանվում հայկական դպրոցներն ու բարեգործական հաստատությունները: Նրա գործունեությանն արտակարգ բարձր գնահատական են տվել նույնիսկ ժամանակակից ռուս պատմաբանները` Երեմեեւը եւ Շերեմետը, Գոլոբորոդկոն եւ Ամֆիտեատրովը, եվրոպացի Ֆրեդերիկ Դեւիս Գրինը, ֆրանսիացի Ալբեր Վանդալը, նաեւ իռլանդացի Լինչը Արեւմտյան եւ Արեւելյան Հայաստանին նվիրած իր աշխատություններում: Կարելի է քննարկել նաեւ Խրիմյանի հոգեւոր-իմաստասիրական թեմաներով գրված աշխատությունները, բայց դրանց մասին գրվել են գիտական աշխատություններ եւ հոդվածներ, այդ թվում նաեւ՝ տողերիս հեղինակի գրչի արդյունքները: Սակայն առավել կարեւոր է բացահայտել Խրիմյան մանկավարժի գործունեությունը, վերլուծել նրա Ժառանգավորաց եւ Երկրագործական վարժարանների սաների համահայկական, նաեւ համամարդկային գործունեության շառավիղները, նրա զինակից ընկեր հոգեւորականների արեւմտահայ գավառներում ծավալած աշխատանքները: Ժառանգավորացի նրա աշակերտներից, նրա «արժանընտիր ձագերից», Վասպուրականի Արծուի ձագուկ` Տարոնի Արծուիկի թռիչքները եւ գիտական գործունեությունը առանձին ուսումնասիրությունների առարկա է: Գարեգին Սրվանձտյանցը եպիսկոպոսության աստիճանի հասած ազգընտիր հոգեւորական էր, Արեւմտյան Հայաստանի տարբեր նահանգների հոգեւոր առաջնորդ, իր ազգանվեր եւ ժողովրդանվեր գործունեության համար Բարձր Դռան կողմից քաղաքականապես անբարեհույս համարված եւ Կ. Պոլիս աքսորված, իր հասարակական-հոգեւոր գործունեության ընթացքում հաճույքի համար զբաղվեց նաեւ ազգագրությամբ, հայ բանահյուսական մեծարժեք գործերի հայտնագործությամբ: «Գրոց-բրոց», «Հնոց-նորոց», «Մանանա», «Համով-հոտով» բանահյուսական ազգագրական ժողովածուները, «Թորոս աղբար ճամփորդ Հայաստանի» ուղեգրական երկհատոր աշխատությունը մեծ հռչակ բերին ոչ միայն նրան, այլեւ ամբողջ հայ մշակույթին, իսկ «Գրոց-բրոցում» տեղ գտած հայ ժողովրդական էպոսի` Սասունցի Դավթի առաջին պատումը` «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ» խորագրով, հրաշք հայտնագործություն համարվեց համաշխարհային `էպոսագիտության պատմության մեջ: Գիտնականներն այն որակեցին իբրեւ հայ ժողովրդի «ազնվության վկայական» (В. Брюсов, Поэзия Армении, Москва, 1916 г., стр. 44)։ Նրա կատարած գործը շատ բարձր է գնահատել նաեւ Ռուսաստանի Կայսերական հնագիտական ակադեմիան` նրան շնորհելով ակադեմիկոսի պատվավոր կոչում: Կովկասի Հնագրագիտական հանձնաժողովը, որը հրատարակել էր «Акты кавказской археографической комиссии»12 հատորը, ծրագրել էր թարգմանել եւ պատրաստել հրատարակության նրա 13-րդ հատորը, որը ինչ-ինչ պատճառներով չիրականացավ: Այդ փաստին մենք տեղեկացել ենք Վրաստանի Կենտրոնական պետական պատմական արխիվում աշխատելու ժամանակ, երբ հանդիպեցինք Սրվանձտյանցի ժողովածուների եւ ուղեգրական աշխատության թարգմանությանը եւ ծանոթագրություններին(Վրաստանի ԿՊՊԱ, ֆ. 416, ց. 4, գ.27)։

Մկրտիչ Խրիմյանի մասին Սփյուռքում լույս են տեսել բազմաթիվ աշխատություններ, որոնք զուրկ են արխիվային հենքից: Նախկին Խորհրդային Միության տարածքում եւ այսօրվա ՀՀ անկախ հանրապետությունում արխիվային հարուստ հենքի եւ ձեռագիր սկզբնաղբյուրների վրա հենված ուսումնասիրությունը իմ գիրքն է, իսկ Սրվանձտյանցի մասին չնայած գրվել են բազմաթիվ հոդվածներ, սակայն առ այսօր միակ համապարփակ հետազոտությունը իմ աշխատությունն է, մանավանդ երկրորդ հրատարակությունը, որը հարստացել է երկու մեծ հոդված-զեկուցումներով: Այդ բոլորի շարքում ամենաբարձրը արժեւորում եմ Սրվանձտյանցի գործունեությանը տված հետազոտող Արշակ Ալպոյաճյանի գնահատականը, «Իր ազգին կեանքը հայտնաբերեց իր կեանքով» (Էջեր հայ գրականութեան, հ. Ա, Գահիրէ, էջ 8):

 

 

Շարունակելի

 

Էմմա ԿՈՍՏԱՆԴՅԱՆ

Պատմ. գիտ. դոկտոր

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s