Սկիզբը՝ թիվ 15-20 (2010 Օգոստ. Ա — Հոկտ. Բ)

Թուրք-պարսկական պատերազմի ժամանակ՝ 1638-ին, Մասում անունով մի պարսիկ սուտ լուրերով փախուստի է մատնում թաթարական գունդը, որն ասպատակում էր Կոտեից կամ Երեւանի նահանգը։ Փախչելիս նրանք իրենց հետ են վերցնում երկու գեղեցիկ կոտեացի պատանու՝ իրենց հեշտասիրությանը հագուրդ տալու համար։ Արծնի գյուղում՝ Դժվարադեմ կոչված քարաժայռի մոտ, նրանք արձակում են պատանիների կապերը, եւ վերջիններս անառակության եւ մահմեդականացման չդատապարտվելու համար իրենց վայր են նետում քարաժայռից։

Թաթարներն իրենց փախուստի ժամանակ Նորագավիթ գյուղից բռնում են նաեւ Ղըզլար անունով մի մանկամարդ կնոջ, որը վաճառական Սեւ Զաքարիայի կողակիցն էր։ Նա մի քանի անգամ փորձում է փախչել։ Թաթարները, տեսնելով, որ պարսիկները մոտենում են, նրան սրախողխող են անում։ Նա կիսամեռ է մնում եւ վախճանվում 7 օր անց՝ օրինավոր հաղորդվելուց հետո։ Նա եւս, անշուշտ, մահացավ հանուն հավատի։

Նահատակներից էր Գալուստ Արախսացին, որը քահանա էր Երեւանի գավառի Արախսա գյուղում։ Նա մկրտում է Բասենից գաղթած մի չքավորի նորածնին եւ խղճալով աղքատին՝ 12 լիտր ցորեն է տալիս՝ որպես ողորմություն։ Մի օր անց գաղթական կնոջ հայրն ու եղբայրը գալիս են ու մեղադրում, թե իրենց աղջկան առեւանգել է եւ ինչքը գողացել։ Գործը հասնում է դատավորին, որ նա պահանջի գողացածը վերադարձնել։ Այդ մարդիկ տալու ոչինչ չունեին եւ ազատվելու համար որոշում են մահմեդականանալ եւ մեղադրում են Գալուստ քահանային, թե իրենք մահմեդականանալու մտքով էին եկել, բայց քահանան իրենց ստիպեց, որ նորածնին մկրտեն, եւ դրա համար նույնիսկ կաշառք է տվել։ Գալուստին քարշ են տալիս Երեւանի դատարան, սակայն նրա բացատրությունները չեն ընդունում. թե նրանք քրիստոնյաներ էին, որ իրենք են ուզել մկրտել, եւ ինքը ցորենը տվել է իբրեւ ողորմություն։ Նրան առջարկում են ուրացություն, որին նա հակառակվում է։ Որոշում են նրան քարկոծել։ Ըստ որում՝ ստիպում են, որ քարկոծեն բոշաները եւ քրիստոնյաները։ Նրանք ընդդիմանում են եւ փախչում, իսկ մահմեդականներն սպանում են նրան եւ թաղում քարերի տակ։ Նա նահատակվեց 1640 թվին։ Նրա մարմինը հողին հանձնվեց Սբ Անանիայի անապատում։

Նահատակվեց Նիկողայոս Տիգրանակերտցին, որը 15 տարեկան գեղեցիկ պատանի էր։ Իրեն գգվել կամեցող տաճիկին նա ընդդիմանում է եւ իբրեւ մահմեդականությունը հայհոյող՝ բերվում դատարան։ Ստիպում են մահմեդականանալ։ Պատանին հերքում է մեղադրանքը, սակայն 2 սուտ վկա են բերում։ Տեսնելով, որ նա զիջելու միտք չունի, մահվան վճիռ են կայացնում։ Նույնիսկ փաշան է ուզում նրան համոզել եւ հաջողության չհասնելով՝ կարգադրում է վճիռը կյանքի կոչել։ Մարտիրոս քահանան կարողանում է արմավի հատի մեջ նրան հաղորդ փոխանցել ու փախչել։ Ջախջախում են նրա ձեռքերը եւ ոտքերը եւ այդպես թողնում մինչեւ երեկո։ Մյուս օրը տուն են փոխադրում եւ երրորդ օրը՝ 1642 թվի ապրիլի 15-ին, նա մահանում է։ Դավրիժեցու ասելով՝ մի վարդապետ նրա աջը եւ տանջանքի քարը զետեղում է նորաշեն եկեղեցու հիմքում։ Մի 15 տարեկան տղա էլ նահատակվում է 1652-ին Կ. Պոլսում։

Նիկողայոսի նման պարգաներում նահատակվեց Խաչատուր անունով մեկ ուրիշ Տիգրանակերտցի եւս (իմա՛ Ամիդ կամ Դիարբեքիր քաղաք)։ Նա քսան տարեկան գեղեցիկ երիտասարդ էր՝ հույժ եկեղեցասեր։ Դարբնությամբ էր զբաղվում քաղաքի մեծ մզկիթի մոտ։ Մի օր մզկիթի մոտ լվացվում էր մի թուրք ամիրա, որը նրան վռնդում է, ինչին Խաչատուրն ընդդիմանում է։ Նրան մեղադրում են իսլամը հայհոյելու մեջ եւ սուտ վկաներով գործը տանում դատարան։ Կուսակալը փորձում է նրան ազատել իսլամացնելով։ Սակայն Խաչատուրը վճռականապես հրաժարվում է՝ ասելով, որ եթե իրեն քերթեն էլ, ինչը չի հրաժարվի քրիստոնեությունից։ Նրան տանջում են, մեջքի կաշին քերթում են եւ պտտեցնում քաղաքով մեկ։ Հետո բերում են քաղաքի հրապարակ եւ ջախջախում նախ բազուկները, հետո՝ սրունքները։ Նա մահանում է 1659 թվի օգոստոսի 20-ի գիշերը՝ հաղորդվելուց հետո։ Մարմինը տանում են եկեղեցի եւ բարեպաշտությամբ հանձնում հողին։ Փաշան կամենում է քսուների դրդմամբ պատժել Խաչատուրին փառավորողներին, սակայն չի կարողանում, քանի որ նրա դեմ են դուրս գալիս ենիչերիները եւ նրան մեկ շաբաթ բանտարկում են բերդում։ □Յայսմաւուրք□-ը պահել է Խաչատուրի հիշատակը։

Նահատակվեց նաեւ Սիրուն Գնունին կամ Ալյուրցին։ Վանում, կարիքի պատճառով, ծառայության  մեջ է մտնում մի մահմեդականի մոտ։ Օրերից մի օր նա Խլաթից իր տիրոջ համար մի բեռ կեռաս է բերում, եւ Վանում թուրք տղաները կամենում են կեռասը հափշտակել։ Նա դիմադրում է, եւ նրա նետած քարերից մի տղա գլխից վիրավորվում ու երկու ամսից մահանում է։ Սիրունի տերը նրան ուղարկում է Ալյուր, բայց գյուղի մահմեդականները նրան ձերբակալում են, իսկ տղայի ծնողներն էլ վրեժխնդրություն են պահանջում։ Սակայն դատավորն ու մուֆթին նրան անմեղ են ճանաչում, եւ Սիրունը կրկին վերադառնում է Ալյուր։ Այս անգամ վանեցի մահմեդականները գալիս են Ալյուր, ձերբակալում ու Վան են բերում Սիրունին՝ սպառնալով, որ եթե նա իրենց կրոնը չընդունի, ապա կսպանեն։ Նա հանձն չառավ եւ տանջանքների ենթարկվեց։ 20 օր շարունակ նրան ձաղկում էին՝ պտտեցնելով քաղաքի փողոցներով։ Նույնիսկ Սիրունի ծնողները նրան առաջարկում են առերես մահմեդականանալ, բայց նա չի համաձայնում։ Տաճիկները, որպես բողոքի նշան, երեք օր աղոթք չարեցին, սակայն դատավորը մահվան վճիռ չընդունեց։ Երբ նրան հերթական անգամ տանջելով՝ պտտեցնում էին քաղաքում, մի մահմեդական նրան դաշունահարեց, իսկ մեկ ուրիշն էլ գլուխը քարերով ջախջախեց։ Նա նահատակվեց 1655 թվի օգոստոսի 5-ին՝ Վերափոխման բարեկենդանի կիրակի օրը։ Նրա մարմինը քաղաքից դուրս բերեցին, քարկոծեցին, եւ միայն դրանից հետո քրիստոնյաները կարողացան դիակը վերցնել եւ թաղել ընդհանուր գերեզմանոցում։ «Յայսմաւուրք»-ը եւս պահպանել է Սիրունի նահատակության հիշատակը։

Հետաքրքիր է Վարագա սբ Նշանի գերության ու վերադարձի պատմությունը, որի մասին հավաստում է Առաքել Դավրիժեցին։ Խոշաբի բերդի տերը Սուլեյման անունով մի բռնապետ էր, որի մոտ ապաստան էր գտել Չոմար անունով նախկին կուսակալը, որն ավազակապետ էր դարձել։ Վանում էլ նշանավոր էր դարձել Հուսեյն անունով մի իշխանավոր, որն իրեն էր ենթարկել տեղի կուսակալ փաշային։ Նրանք երկուսով ընդդիմացան նոր ուղարկված փաշային, եւ նրանց դեմ ուղարկվեց Սինան աղա զորավարը։ Սա էլ Հուսեյնի եւ կուսակալի վրա ճնշում գործադրելու համար դիմեց Սուլեյմանի եւ Չոմարի օգնությանը, որոնք եկան եւ Վանի շրջակայքն ու Հուսեյնի կալվածքներն ավերելով՝ արշավեցին նաեւ Վարագի վրա՝ հույս ունենալով հարուստ ավար ձեռք ձգել։ Միաբանները, բացի երեք ծերերից, ցրվեցին։ Իսկ հիշյալ երեք ծերերը նրանց կողմից ահավոր տանջանքների ենթարկվեցին, որ հայտնեն վանքի գանձերի տեղը։ Նրանք էլ դիմացան խոշտանգումներին՝ ասելով, որ չգիտեն։ Այդ ժամանակ ավարառուները, պատերը ծեծելով, գտան պղնձե սպասքը, հետո՝ արծաթյա գանձերը, որոնց մեջ էր Վարագա սբ Նշանը։ Այդ ամենը նրանք տեղափոխեցին Խոշաբ 1651 թվի մարտի 14-ին։ Սուլեյմանը կամեցավ սբ Նշանը դնել Հոգվոց կամ Հոգյաց վանքում, սակայն Պետրոս եպիսկոպոսը հանձն չառավ՝ պատճառաբանելով, որ այն պետք է վերադարձնել իր տեղը։ Եվ այն մնաց Սուլեյմանի ապարանքում։ Վանի հայ առաջնորդներից Մարխաս Չելեբին, որ խոջա Թումայի որդին էր, անձամբ եկավ Խոշաբ՝ սբ Նշանը փրկելու, եւ 700 ղուռուշ խոստացավ, սակայն Սուլեյմանը չհամաձայնեց։ Եվ աղետաբեր աղավ հետեւանքը։ Չոմարը շատ փորձանքների հանդիպեց՝ Հուսեյնին հետապնդելու համար, եւ վերջո ձերբակալվելով՝ սպանվեց։ Սուլեյմանն իր դեմ ծագած դավաճանությունը պատժելու համար իր մեծամեծներից երեքին բանտարկեց, սակայն սրանց հավատարիմները կանացի հագուստով նրա մոտ գնացին եւ նրան սպանեցին։ Դա տեղի ունեցավ 1652 թվի ապրիլի 2-ին։ Նրան հաջորդեց Սուլեյմանի եղբայր Իբրահիմ բեկը։ Բայց սրա օրոք էլ Խոշաբի վիճակը գնալով վատացավ։ Սաստիկ ձյուն եկավ 1653 թվի Լուսավորչի պահքին, որի բարեկենդանն ընկնում էր հունիսի 19-ին, եւ ամբողջ բերքը փչացավ։ Հիվանդացավ Իբրահիմ բեկը եւ ուզեց սբ Նշանն ուղարկել Հոգյաց վանք, սակայն Պետրոս եպիսկոպոսը կրկին չհամաձայնեց ընդունել եւ հասկացրեց, որ այն պետք է իր տեղը վերադարձնել։ Վանեցիները դրանից քաջալերվեցին եւ Մարխաս Խանենց իշխանավորին կրկին ուղարկեցին Խոշաբ։ Նա էլ 2000 ղուռուշ փրկագնով կարողացավ սբ Նշանը եւ կողոպտված իրերը, ինչ մնացել էր, ետ վերադարձնել եւ Վան բերել։ Վանեցիները վախեցան այն նորից Վարագ տանել, ուստի պահեցին քաղաքի Սբ Տիրամայր եկեղեցում, որը դրանից հետո ավելի շատ հայտնի է Սբ Նշան անունով։ Սբ Նշանը վերադարձվեց 1655 թվին, այսինքն՝ Փիլիպոսի մահվան տարում. օրը հայտնի չէ։ Իսկ այն երեք ծեր կրոնավորները՝ Հովհաննեսը, Սահակը եւ Մովսեսը, որ խոշտանգումների էին ենթարկվել սբ Նշանի համար, դրա վերադարձը չտեսան, քանի որ բոլորն էլ մահացան 1652 թվականին։ Հայտնի չէ, թե ով է եղել այդ ժամանակ Վարագա առաջնորդը։ Մ. Օրմանյանն իրավացիորեն ենթադրում է, որ ասպատակության ժամանակ առաջին փախչողներից մեկն է եղել։

Այս ժամանակներում է ընկնում սբ Հովհաննու Կարապետի մասունքի հայտնությունը։ Երբ Շահ-Աբասը ջուղայեցիներին գաղթելու հրաման տվեց, ամեն ինչ իրենց հետ տանել չհաջողվեց, իսկ շատ կարեւոր բաներ էլ պարզապես մոռացվեցին եւ բնականաբար մնացին Ջուղայում։ Այդ պատճառով էլ հայտնվեցին բախտ որոնողներ, որոնցից մեկն էլ Մեհրամ անունով մի մահմեդական էր։ Նա խուզարկություն կատարեց Վերին Կաթան կոչված եկեղեցու ավերակների մեջ եւ խեցեղեն ամանի մեջ հայտնաբերեց տուփ, որի մեջ կային ոսկորներ եւ մագաղաթի մի կտոր։ Համարելով արժեքավոր՝ նա դրանք պահում է, մինչեւ որ պարզի, թե եղածն ինչ է։ Սակայն շուտով իր տնից բախտը երես է թեքում։ Սկզբում սատկում են անասունները, հետո մեռնում են երեխաները, ձախողվում են գործերը։ Դրանից ահաբեկված՝ այդ մասին հայտնում է Դարաշամբի Շմավոն եպիսկոպոսին, որը մագաղաթից իմանում է, որ Հովհաննու Կարապետի մասունքներն են, որ բերվել են Ջուղա, եւ Մեհրամի համաձայնությամբ մասունքները պահում է իր մոտ։ Լուրը տարածվում է, եւ ջուղայեցիները Սպահանի խոջա Նազարի գլխավորությամբ կամենում են տեր դառնալ դրան։ Շմավոնն ստիպված է լինում հանձնել մասունքները՝ մագաղաթի հետ։ Դրանք տարվում են Սպահան, սակայն Շմավոնը մի մեծ կտոր պահում է իրեն։ Մ. Օրմանյանն այդ գյուտը դնում է 1608-ին, իսկ դրանցից կրկին խոսվում է միայն 1654-ին։ Շմավոնը մասունքի մի մասը պահելու մասին լուր է տալիս Հակոբ Ջուղայեցի եպիսկոպոսին, որ Փիլիպոսի վերադարձից հետո ձեռնարկել էր Դարաշամբի Սբ Նախավկայի վանքը նորոգելուն, եւ փափագ հայտնում, որ այն զետեղվի խաչի մեջ եւ պահվի վանքում՝ որպես հիշատակ։ Սակայն Հակոբը մերժում է, թե կանոնների համաձայն՝ սրբերի նշխարները չի կարելի դնել խաչի մեջ։ Այնուհետեւ Հակոբ Ջուղայեցին հատուկ մասնատուփ է պատրաստել տալիս, որի մեջ զետեղվում է սբ Կարապետի մասունքը։ Մասնատուփի վրա էլ արձանագրվում են պատահած անցքերը։ Մ. Օրմանյանը ցավով հայտնում է, որ չգիտի, թե մասունքը Դարաշամբի Սբ Նախավկայի վանքո՞ւմ է պահվում, թե՞ ոչ, քանի որ վանքը, գտնվելով Պարսկաստանում, բազմիցս ենթարկվել է կողոպուտի։

Բաբկեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր

 

 

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s