Սկիզբը՝ թիվ 20-21 (2010 Հոկտ. Բ — Նոյ. Ա)

 
Ա. Յարճանյանին կանխելով՝ Վարուժանը եւս հայրենի հրավեր է կարդում երկրից հեռացած տարագիր որդիներին: 1908-ի սահմանադրությունը դեռեւս հույս էր ներշնչում…

Այս շարքում Վարուժանը զետեղել է նաեւ «Ջարդ» քերթվածը, որի մեջ պատկերված են 1894-1896 թթ. ջարդերը: Այն գրվել է 1906-ին՝ համիդյան ջարդերի 10-րդ տարելիցի կապակցությամբ, 1907-ին տպագրել է «Անահիտ» հանդեսում, 1908-ին՝ առանձին գրքով: Հայաստանը պատկերվում է ավերակների վրա նստած հերարձակ ողբացող կնոջ կերպարով.

Լա՛ց, Հայաստա՜ն. ո՛վ թըշվառ կին, ու փետե՛

Վարսերըդ սեւ. այդ գըլխուդ վրա դըրժըված

Ցանե տաք-տաք մոխիրներ:

Միջանկյալ ավելացնենք, որ այս երկը տարածվել է նաեւ ասմունքով. ասմունքողների մեջ էր նաեւ Վարուժանի դասընկեր Վահրամ Փափազյանը:

Հաջորդում է «Կիլիկյան մոխիրներուն» բանաստեղծությունը՝ արդեն աչքի առջեւ ունենալով Ադանայի կոտորածները… Կյանքի ու սիրո երգը երգելու համար ծնված բանաստեղծն ակամա դառնում է հոգեհանգստի մասնակից եւ թաղման հուղարկավոր. «Պետք է կերտեմ շիրիմներ, հուշարձանները կանգնեմ, // Եվ մարմարին վրա երգերս տապանագիր քանդակեմ»:

«Կրկեսին մե շարքում շարունակվում է հայրենիքի նույն գերխնդիրը: Հիշատակելի են «Կռվի երթ», «Հայկակներուն օրորանը», «Հայրենի լեռներ», «Վահագն», «Վիրավորը» գործերը:

Իր պոեմները Վարուժանը բնորոշել է որպես դյուցազնավեպեր: Դրանք երեքն են՝ «Հովիվը», «Արմենուհին», «Եիկիտ Տոնել», որոնց մեջ փառաբանվում է հայ հովիվը («…. որ պապս էր թիկնեղ»), հայ գեղեցկուհին, քաջարի Տոնելը (եիկիտ թուրքերեն է, նշանակում է՝ իգիթ, քաջ, իսկ Տոնելը Դանիել անվան փաղաքշական ձեւն է, որը եղել է Վարուժանի մոր պապը): Նրանց բոլորին էլ բնորոշ է հայրենասիրական նկարագիրը: Երեքն էլ պատումով պատմողական, ոգով հերոսական երկեր են, ունեն գործողություն եւ դիպաշար: Եվ դյուցազնավեպ բնորոշումը միանգամայն տեղին է:

Հետաքրքրական է 1907-ի վերջին գրած «Արմենուհին» պոեմի ստեղծագործական պատմությունը: Վարուժանն այն սկզբում գրել է անհանգ, որովհետեւ այն կարծիքի էր, թե հանգը բանաստեղծի մտածողությունը կաշկանդող հատկություն ունի: Բայց Չոպանյանի ցուցումով պոեմը դարձնում է հանգավոր, եւ ինքն էլ գոհ է մնում իր արածից: «Այդպես իրավցնե շատ սիրուն եղավ կամ ավելի լավ՝ քան առանց հանգի…»: Ի պատասխան՝ Չոպանյանը գրում է. «Տպավորությունը այս անգամ զմայլելի եղավ վրաս: Հոյակապ կտոր մըն է»:

«Հեթանոս երգեր» (1912) ժողովածուն բաղկացած է երեք բաժնից՝ «Հեթանոս երգեր», «Հարճը» եւ «Գողգոթայի ծաղիկներ»:

Վարուժանի հեթանոսական կողմնորոշումը հակադրված էր նաեւ ժամանակին տարածված ապագայապաշտությանը, որին ի պատասխան եւ ի հակադրություն՝ նա ստեղծեց «անցյալապաշտ» ուղղություն՝ ապավինելով անցյալի դասականներին՝ 5-րդ դարի հայ մատենագիրներին, հատկապես Խորենացուն եւ հռոմեական պոեզիայի մեծագույն ներկայացուցիչ Վերգիլիուսին: Այս կապակցությամբ 1914-ին գրում է. «Անցյալը կը պաշտեմ եւ ի հեճուկս ապագայապաշտներու՝ անցյալապաշտ դպրոց պիտի հիմնեմ»: Այդ ծրագիրը նա պետք է իրականացներ գեղարվեստական ստեղծագործությամբ եւ «Նավասարդ» տարեգրքով, որի նպատակն էր «ցեղին հանճարը արթնցնել մինչեւ նավասարդյան տոների վերականգնման հույսերը»:

Այս անցյալապաշտ դպրոցը 20-րդ դարասկզբի համաշխարհային գրականության մեջ հարում է նորդասականապաշտությանը (նեոկլասիցիզմ):

Նոր դասականապաշտությունը 20-րդ դարասկզբին ձեւավորված գրական ուղղություն էր, որը կոչված էր նոր ժամանակներում նորոգելու դասականապաշտության (կլասիցիզմ) սկզբունքները: Հայ իրականության մեջ դա արտահայտվեց հեթանոսական դարձով եւ հռոմեացի բանաստեղծ Վերգիլիուսի ավանդույթների նորոգմամբ, որ ի հայտ եկավ «Հացին երգը» գրքում: Ի տարբերություն ժամանակին տարածված ապագայապաշտ ուղղության, որ երգում էր դարի տեխնիկական առաջընթացը, աշխարհի գալիք օրը, Վարուժանն, ահա, խորացավ դարերի մեջ, դեպի անցյալը, դեպի հին աստվածները, որոնց միեւնույն ժամանակ ոգեկոչում էր նաեւ Լեւոն Շանթը: Այդ մտայնությամբ են գրված նաեւ Ատոմ Յարճանյանի «Նավասարդյան աղոթք առ դիցուհին Անահիտ» քերթվածը, Վահան Թեքեյանի որոշ երկեր եւ Ե. Չարենցի «Աստղիկ» բանաստեղծությունը:

«Հեթանոս երգեր» բաժինը, որ նաեւ շարք է, բացվում է «Գեղեցկության արձանին» հնչյակով (սոնետ), բնույթով՝ ձոն, որի մեջ ասում է. «Կ’ուզեմ ըլլա քու մարմարիո՛նդ պեղված»Օլիմպոսի ամենախորքերից: Այսինքն՝ որքան հին, այնքան լավ:

Հին աստվածներից նա, նախ, ոգեկոչում է Վանատուրին, որը հայ դիցաբանության մեջ եղել է այգեգործության, պտղաբերության եւ հյուրընկալության աստվածը: Հաջորդում են երեք քույրերի խորհրդանշական կերպարները, որոնք խոսք են ուղղում երեք աստվածների՝ կայծակի աստծուն, որը Վահագնն էր, սիրո աստվածուհի Աստղիկին եւ հունական դիցաբանության մեջ ամուսնության աստված Հիմենեսին: Առանձին բանաստեղծություններ են նվիրված նաեւ Անահիտին («Անահիտ»), հունական դիցաբանության մեջ երջանկության եւ ուրախության բաշխիչ Սադուռնին («Սադուռնական»), ապա եւ՝ բոլորին միասին («Մեռած աստվածներուն»):

«Ես Արքա մ’եմ այս գիշեր Արեւելքի ճոխությանց»: Նա երանության մեջ է, նրա առջեւ պարում է չքնաղ չերքեզուհին, պարում է «հողմնասարսուռ եղեգնի»պես: Վարուժանը հրաշալի է նկարագրում պարի տեսարանը, որը պիտի մարմնավորվեր նաեւ «Հարճը» պոեմում: Ընդհանրությունը ցույց տալու նպատակով մեջ բերենք մի քանի տող «Հեթանոսական» վերնագրված այս բանաստեղծությունից.

Ու կը պարե՜, կը պարե՜, հորձանապտույտ կը պարե՜…

…Մերթ դեպի ետեւ կը թեքի, մերթ ալ դեպի ընդառաջ.

Հազիվ եղած շամբ ճըկուն, կ’ըլլա բարտի մ’աննըվաճ

Եվ մերթ ցընցուն ոստումով՝ կարծես իրանն հրաշագեղ

Հանկարծակի կը փըշրե փոշիաբար զերդ բյուրեղ…

…Ու կը պարե՜, կը պարե՜, կատաղորեն կը պարե՜…

 

Այս լի ու թովչական պահին, որ համակ կյանք է, նա իրեն զգում է որպես աշխարհի տեր, առինքնող գեղեցկությամբ շրջապատված, որովհետեւ հրաշագեղ չերքեզուհին ասես ամոթխած հավերժահարս լինի, որից Հնդկաստանի համեմունքներն ու Արաբիայի խունկերն են բուրում…

Գեղեցիկ մի պատկեր, հերթական գեղեցկության քանդակ:

Սկսվում է տոնահանդեսը, եւ գեղեցկության քանդակները հաջորդում են իրար:

Ահա Կլեոպատրան («Կղեոպատրա»)՝ հին աշխարհի առեղծվածային գեղեցկուհին, Եգիպտոսի թագուհին (Ք. ծ. ա. 68-30), հռոմեական զորավար Մարկոս Անտոնիոսի կինը, որը նավակի մեջ լողում է Նեղոսի ջրերի վրա.

Սահե՛, ո՛վ նավ, վիհին վրան

Բաբելոնյան կախ պարտեզ՝

Ուր Շամիրամն է՝ շուշան,

Կղեոպատրան՝ վարդ մը վես:

Այստեղ եւս բանաստեղծը խոսում է քնարի լարերը փոխելու մասին. «Պետք է փոխեմ լարերս հին…», որպեսզի կարողանա անթերի ու ամբողջական երգել հին աշխարհի գեղեցկությունների գովքը:

Հին աստվածներին եւ աստվածների սերը վայելող թագուհիներին հաջորդում են առօրյայի տարերքի մեջ նետված գեղեցկուհիները՝ հեթանոսորեն բաց եւ հուռթի, կենսականորեն անհրաժեշտ ու գրավիչ: Այս տրամադրությամբ են գրված «Ո՜, Տալիթա», «Գրգանք», «…Ո՛վ, Լալագե» եւ մի քանի այլ բանաստեղծություններ:

Թանձր ու ճոխ պատկերների մարմնացում է «Արեւելյան թաղանիք» խայտանկար քերթվածը: Ասես թանձր յուղաներկով արված գեղանկար լինի կամ իրական քանդակաշար, որ բերում է Արեւելքի հեշտանքն ու տապը: Կանանց թարմացած կերպարանքը արեւելյան քաղաքի փողոցների մեջ, ասես, մայիսյան գարուն լինի. «Պիտի ըզգան թե Մայիսն հետքերնուդ վրա կը ծաղկի // Եվ թարմացած մայթերեն Գարո՜ւն, Գարո՜ւնը կ’անցնի…»:

Շարքն ամփոփվում է բանաստեղծների ներշնչանքի աղբյուր թեւավոր ձիու՝ Պեգասի պատկերով («Բեգաս»), որը մեռնող կյանքից թռչում է դեպի վեր, դեպի բարձունքներ, ուր աճում է լեռնային գեղեցկուհին՝ էտլվայս ծաղիկը, որին այլ կերպ ասում են նաեւ ալպիական մանուշակ.

Բեգա՜ս, Բեգա՜ս, այժըմ երբ ես կը պարզեմ

Առագաստները Մըտքիս լույսին վըրա ծովացած

Եվ քընարիս լարերով՝ քու բաշերովըդ հյուսված՝

Կ’երգեմ

Արեգդեմ

Ազատությունը մարդու եւ գերությունն Աստուծո,

Բեգա՛սդ իմ հաճո

…Փորե՛ ընդթափ կույս ձյունը կույս բարձունքին.

Փորե՛, Բեգա՛ս, փորե՛ մինչեւ որ գտնես

Լուսածաղիկ Էտըլվայսները անտես…

…Հոս, ձյուներուն ու լույսին

Մեջ թաթախված՝ խաղաղորեն կը ծաղկին

Էտըլվայսներն Երազին:

«Հեթանոս երգեր» շարքում Վարուժանը երգում է հոգու ազատության երգը, Մարդու երգը, Մարդո՛ւ, որն ավելի ազատ, ամբողջական էր: Այդ շունչը շարունակվում է «Հարճը» (1910) պոեմի մեջ:

Շարունակելի

 

Դավիթ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Բանասիրական գիտ. դոկտոր, պրոֆեսոր

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s