Առաջին տպավորությունը Թեհրանից տարօրինակ, անհավանական էր թվում: Խորհրդային՝ առավելապես քարոզչական գրականությունից, կինոնկարներից այնպես գիտեինք, թե դա սովորական արեւելյան հետամնաց քաղաք է՝ հատկանշական չեփլիկներով… Մեծ մասամբ աղյուսից, գորշ քարից ու երկաթբետոնից կառուցված շուրջ 15 միլիոնանոց քաղաքը, սակայն, համեմատաբար բարետես, մանավանդ բարեկարգ է՝ ժամանակակից ճարտարվեստի թերեւս բոլոր միջոցների առկայությամբ: Ապրում է լիարժեք քաղաքային կյանքով: Իսկ աղբը հավաքում են օրական երկու անգամ, եւ բավական մաքուր են փողոցները:

Օդակայանից քաղաք տանող ավելի քան քառասուն կիլոմետրանոց ճանապարհի առաջին տեսարժանը Այաթոլա Խոմեյնիի հսկա դամբարանն է, որ, ինչպես ասում են, կառուցվել է Փեհլեւի շահերի դամբարանի տեղում:

Գնալով երթեւեկությունը խտանում է, երբ մտնում ես քաղաք: Դժոխային աղմուկ է, դժոխային երթեւեկ, եւ իրո՛ք դժոխային վարորդներ, որ աշխատում են առաջ ընկնել մեկը մյուսից` ամեն գնով: Իսկ միլիոնավոր ավտոմեքենաների արանքով, ծայրահեղ լարումով, խճողված շարժման ընձեռած չնչին հնարավորության անցուղիներն օգտագործելով, մերթ բարձրանալով մայթ, ապա իջնելով, վերստին բարձրանալով` առաջ են շտապում մոտոցիկլետները, մշտական վտանգի ենթարկելով նախ իրենց, ապա եւ հետիոտնի կյանքը: Այս խճճված երթեւեկի համար օրական մեկ կամ երկու անզոհ պատահարը հաջողություն կարելի է համարել. կարող էր ավելին լինել… Այստեղ, մտածում եմ, պետք է որ ամենաշահաբեր աշխատանքը ինքնաշարժ վերանորոգելը լինի: Փրկությունը ընդգետնյա ճանապարհներ` փապուղի կառուցելն է. դրանով որոշակի չափով կթեթեւանա փողոցի երթեւեկությունը:

Կարծես լսել էի, բայց դարձյալ ինձ զարմացրեց այն, որ հասարակական փոխադրամիջոցների մեջ տղամարդիկ եւ կանայք մեկուսի, առանձին են նստում. վերջիններին հատկացվում է մեքենայի վերջնամասը: Հետաքրքիր է, որ ավտոբուսներն աշխատում են խիստ ծանրաբեռնվածությամբ: Եվ գրպանահատ կանայք մեծ ճարպկությամբ օգտվում են ուղեկիցների պայուսակներից՝ սայրով վարպետորեն կտրելով դրանց հատակը: Զարմանալի է. իսկ մենք լսել էինք, որ Իրանում գողություն չկա, որովհետեւ պայքարը դրա դեմ արմատական, անզիջում է` կտրում են զանցառուի բազուկը:

Չնայած փողոցների ծանրաբեռնվածությանն ու ավտոմեքենաների եւ ուրիշ փոխադրամիջոցների մեծ քանակությանը, փողոցներն ավելի հեշտ երթեւեկելի են, քան մեր մայրաքաղաքում: Քաղաքը համեմատաբար մաքուր է: Դժվար է լինել այսպիսի հսկայական զանգվածի քաղաքապետ… Միտքս հայրենիքում է, եւ հիշում եմ Գրիգոր Հասրաթյանի հոգեզավակ Երեւանը…

Տեղավորվում ենք Ս. Աստվածածին եկեղեցու հյուրատանը` եկեղեցու շրջափակում: Բակի մուտքի աջ ու ահյակ կողմերին Հավհաննես Մասեհյանի ու Եփրեմ Խան Դավթյանի կիսանդրիներն են (վերջինի հեղինակը քանդակագործուհի Լ. Տերյանն է):

Անմոռանալի են Թեհրանի մոծակները: Տնտեսուհին ասաց, որ «ճար» է գնել, որը, սակայն, անկարող էր պաշտպանելու մոծակների հարձակումներից:

Մոծակներից փրկություն չկար: Որոշ չափով մեղմանում էր վիճակը երեկոյան. կարելի էր դուրս գալ եկեղեցու բակ եւ զրուցել տեղացիների հետ, լսել զանազան պատմություններ, քննարկել այլեւայլ հարցեր, ծանոթանալ իրանահայոց ազգագրությանը, կենցաղին: Լինում էին նաեւ մանր հայտնություններ: Մասնավորապես տիրացու Գուրգենը բացատրեց, թե միրգը բանջարեղենից տարբերվում է այնու, որ վերջինս եփած են ճաշակում: Հետեւաբար վարունգը եւ այլ բանջարեղեններ միրգ են համարվում: Միրգ է եւ գետնախնձո՞րը:

Թեհրանի «Արարատ» մարզավանում հետաքրքիր հաղորդումով հանդես եկավ ճարտարապետ Վարուժան Առաքելյանը: Նա, կարծեմ, անդամ է իրանահայոց պատմական հուշարձանների պահպանության հանձնաժողովի: Առիթը ուրախալի էր: Իրանի կառավարության առաջարկությամբ՝ Ս. Թադեի եւ Ս. Ստեփանոս վանական համալիրները ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդգրկել է համաշխարհային պատվո ցանկի մեջ: Այսպիսով, Իրանի 9 հուշարձաններին ավելացան հայկականները: Ծործորի դիրքն այնպիսին էր, որ մնալու էր ստեղծվելիք արհեստական լճի տակ: Կառավարության հանձնարարությամբ այս ճարտարապետն իրագործում է վանքը ավելի վերեւ տեղափոխելու պատասխանատու եւ ոչ դյուրին գործը: Վ. Առաքելյանը ղեկավարել է նաեւ Ս. Թադեի վանքի վերանորոգման աշխատանքները: Թեհրանի թեմական խորհրդի ատենապետ դոկտոր Աիդա Հովհաննիսյանը նկատել տվեց, թե Ս. Թադեի եւ Մշո Ս. Կարապետի վանքերը երկվորյակ կառույց են. առաջինը վերանորոգվում է Իրանի իշխանությունների նախաձեռնությամբ, իսկ երկրորդը հիմնահատակ կործանել են թուրքերը՝ հավանաբար մտածելով, որ երկվորյակներից միայն մեկը բավական է: Երկու դրկից ու դավանակից երկիր. մեկը միայն ավերում է, մյուսը՝ հազարամյա մշակույթի տեր, գիտե պատմական-ճարտարապետական հուշարձանների արժեքը: Բայց արի տես, որ «ժողովրդավար» Արեւմուտքը սատարում է առաջինին եւ թշնամանում երկրորդին, անհամեմատ արժանավորին:

Իրանի բնակչության գրեթե կեսն այլազգիներն են, եւ կառավարությունը բավական հանդուրժող է ազգային փոքրամասնությունների մշակութային կյանքի նկատմամբ: Վերջիններն այստեղ թերիրավ չեն, ինչպես հարեւան երկրներում։

 

Տեսնելով Իրանում հայկական մշակույթի բարվոք վիճակը` ակամա հայացքդ ուղղում ես դեպի մյուս հարեւաններդ, եւ ամեն անգամ համեմատությունը հօգուտ Իրանի է:

Ողբերգական նահանջ.- Հայ Առաքելական Եկեղեցու Թեհրանի թեմը Սեպուհ արք. Սարգսյանի առաջնորդությամբ լավագույնս ծառայում է ազգապահպանման գործին: Հրատարակչական լայն գործունեություն է ծավալել: Լույս են ընծայվել աստվածաբանական, գեղարվեստական, պատմագիտական գրքեր, որ հոգեւոր սնունդ են մատակարարում ոչ միայն իրանահայությանը: Մասնավորաբար Հայոց գրերի գյուտի 1600-ամյակին նվիրված մատենաշարի տասնյակ գրքերը լուսաբանում են հայ մշակույթի պատմության շատ ու շատ ծալքեր: Մատենաշարի 8-րդ գիրքը վերնագրված է «Մշակութային եղեռն» (հեղինակ` Շահեն Հովսեփյան). հայերեն, պարսկերեն եւ անգլերեն բացատրություններով, գունավոր բազում լուսանկարներով զուգադրված են միեւնույն եկեղեցու, հուշարձանի երբեմնի կանգուն (կիսականգուն) եւ ներկայիս ավեր կամ նույնիսկ լիովին ոչնչացված վիճակները՝ ցուցադրելով թուրք եւ «ադրբեջանցի» զինվորականության մասնակցությամբ իրականացվող հետեւողական բնաջնջումը: Գերաշնորհ սրբազանի տարողունակ առաջաբանով՝ հակիրճ բնութագրություն է ստացել եվրոպական տերությունների թողտվությամբ թուրքերի կատարած անմարդկային ոճիրը: Նա հարեւանցի անդրադառնում է 1976 թ. Երկիր, մասնավորաբար Խարբերդ կատարած իր այցին. «Աւերակներ… աւերակներ ու անվերջ աւերակներ…: Նախորդ օրը Վարդավառ, Այլակերպութեան տօնն էր. երբ աւերակներն սկսեցինք նկարել…-Նկարեցէք, Հայր սուրբ, ասաց մեր հայրենակիցը, նկարեցէք այս քարերը, որովհետեւ մի ժամանակ յետոյ այս քարերն էլ չեն մնալու այստեղ»: Սրբազանը մեջբերել է Արտաշես Տ. Խաչատուրյանի «Հայ մշակութային եղեռնը» աշխատությունից մի հատված, որով հաստատվում է խարբերդաբնակ մեր հայրենակցի` Հայկ Ասլանյանի մտավախությունը. «Յուլիս ամսւայ կէսերուն Առաքելոց վանքին մէջ գտնուած զինուորները սկսած էին քանդել վանքին գմբէթները, պարիսպներն ու սենեակները: Ամէն օր, առաւօտէն մինչեւ երեկոյ հարիւրաւոր քիւրտ չէթէներ, բահ ու բրիչ ձեռներին, կ’աշխատէին քար ու քանդ ընելու դարերէ ի վեր կառուցուած այդ սրբավայրը: Մենք հեռուէն կը դիտէինք այդ նուիրական վայրին, նամանաւանդ երեսուն տարիներէ ի վեր, մեր հերոս մարտիկներուն ապաստան եւ պաշտպանութիւն շնորհող այդ հնամենի ամրոցին քանդումը, եւ սրտերնիս կ’արիւնէր, բայց ի՞նչ կրնայինք ընել: Կը զգայինք, որ բարբարոս իթթիհատի մէկ հրամանն էր, որ կը գործադրուէր` հայ ժողովուրդին հետ փճացնելով նաեւ անոր դարաւոր սրբավայրերը եւ հին յիշատակարանները, որպէսզի մեզմէ ետք եկող նոր սերունդներն եւ եւրոպացիները չտեսնեն, չգիտնան, թէ այս երկրամասը ժամանակին հայու հայրենիքն էր, անոր ժառանգութիւնը, անոր սեփականութիւնը»: Այնուամենայնիվ, հսկայական մշակութային ժառանգությունն իսպառ բնաջնջելու մեծամեծ ջանքերն այսօր տակավին չեն կարողացել վանդալին հասցնել իր վերջնական նպատակին: Բանակի անլուր այս գործառույթը թուրք հանճարի գյուտն է` զարմանալի եւ զարհուրելի. կռիվ` մշակույթի դեմ: Եվ դա արվել է հետեւողականորեն, շարունակաբար: 1950-ականներին Տարոնում «կառավարությունը մոտակա գետի վրա կամուրջ կառուցելու պատրվակով քրդերին խոստանում է հողահարկից ազատել, եթե Ս. Առաքելոց վանքը քանդեն, քարերը տեղափոխեն գետի ափը` կամրջաշինության մեջ օգտագործելու համար»: (Սեպուհ եպիսկոպոս Չուլջյան, Ուխտագնացություն Արեւմտյան Հայաստան, «Էջմիածին», 2009, թ. Զ, էջ 114):

Ինչպես կոտորածները, նույնպես եւ սպիտակ ջարդը նախապես էր ծրագրել «հեղափոխական» թրքությունը: Երկրորդ աշխարհամարտից առաջ՝ 1913 թ., հրատարակվեց «Գաղթականների բնակեցման կանոնադրությունը», իսկ 1916-ին՝ Էնվերի հրամանը. «Օսմանյան երկրում հայկական, հունական, բուլղարական եւ այլ ոչ մահմեդական ժողովուրդներին պատկանող նահանգի, գավառի, գյուղաքաղաքի, գյուղի, սարի, գետի… եւ այլ բոլոր անունների վերածումը թուրքերենի»(Լուսինե Սահակյան, «Ազգ», 20 հոկտեմբերի, 2009):

Շարունակելի

 

Արշակ ՄԱԴՈՅԱՆ

Բանասիրական գիտ. դոկտոր

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s