ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԱՌԱԿՆԵՐ

Մեր հյուրն է Բյուրավանի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Ղազար քհն. ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

— Համատես Ավետարաններում «Սերմնացանի առակին» հաջորդում են վեց փոքր առակներ, որ Քրիստոսը խոսեց Իր աշակերտներին եւ ժողովրդի բազմությանը։ Ի տարբերություն «Սերմնացանի առակի»՝ մեր Տերը պատմելուց հետո չի մեկնում այս առակները՝ թերեւս այն պատճառով, որ դրանք ասված էին առավել «բաց տեքստով»։ Առաջինը «Սերմերի առակն» է, որը հիշվում է միայն Մարկոս ավետարանչի մոտ։ Եվ ասում է. «Այսպես է Աստծու արքայությունը. որպես թե մարդ հողի մեջ սերմեր ցանի, եւ նա ննջի թե վեր կենա, գիշեր եւ ցերեկ, սերմերը կբուսնեն ու կաճեն, եւ նա չի իմանա, թե հողը ինքն իրենից բերք է տալիս… Սակայն երբ սերմը իր պտուղը տա, իսկույն մանգաղ է ուղարկում, որովհետեւ հնձի ժամանակը հասել է» (Մարկ. Դ 26-29)։ Այս է ամբողջ առակը։ Օրմանյան պատրիարքն ասում է՝ այս առակն Ավետարանի առաջընթացի օրինակն է. բավական է, որ սերմերը (իմա՝ քարոզները) ցանվեն, դրանք մի օր անպայման կծլեն, կհասնեն եւ կպտղաբերեն։ Տե՛ր հայր, արդյո՞ք միայն ցանելը բավական է, հնարավո՞ր է պտղաբերում՝ առանց մշակելու, խնամելու…

— Ինչպես մեր նախորդ զրույցի ընթացքում ասվեց, Քրիստոսի պատմած առակների մեծ մասը, որոշակի այլաբանություններով համեմված, կյանքի եւ կենցաղի ամենապարզ ու առօրեական օրինակների եւ համեմատությունների միջոցով միտված էր ցույց տալու Երկնքի արքայությանն ու հավիտենական երանավետ կյանքին հասնելու ճանապարհները։ Վեց փոքր առակները, որ Ավետարաններում ներկայացվում են «Այլ առակներ» խորագրի ներքո, հիմնականում հենց այդ բառերով էլ սկսվում են. «Ինչի՞ նմանեցնենք Աստծու արքայությունը», «Ի՞նչ օրինակով ներկայացնենք այն», «Երկնքի արքայությունը նման է….» եւ այլն։

Սերմերի առակի պարագայում գաղտնիք չէ, որ երբ մարդը, ասենք, ցորեն է սերմանում, այնուհետեւ մինչեւ ծլելը, աճելը եւ պտղաբերելը առանձնակի մեծ խնամք չի տանում (դրա կարիքն էլ չկա)։ Եվ ահա մեր Տերը Երկնքի թագավորությունը նմանեցնում է սերմանելուն, ինչի օրինակով Քրիստոսը երկնքից երկիր իջավ՝ Իր վարդապետության սերմնահատիկը, փրկության լույսը, ճշմարտության շնորհը դրեց Եկեղեցու հիմքում, առաքյալների սրտի մեջ, այնուհետեւ Ինքը համբարձվելով՝ երկինք գնաց։ Եվ իբրեւ ցորենի հատիկ՝ սուրբ Եկեղեցին սկսեց ծլարձակել,  աճել, մեծանալ, միլիոնավոր հոգիների փրկության պատճառ դառնալ։ Ինչ խոսք, այս ընթացքի մեջ, որն Օրմանյան պատրիարքը շատ դիպուկ անվանում է Ավետարանի առաջընթաց, ինչ-որ չափով կարեւորվում է մարդկային հանրության դերը, կոնկրետ մարդու դերը. մարդը պիտի նախ ընդուներ հավատքը, այն քարոզեր ուրիշներին՝ այդպիսով մասնակիցը դառնալով փրկագործության։ Սակայն մյուս կողմից այդ առաջընթացը նույնքան եւ առավել կախված չէ մարդկանցից, որովհետեւ եթե մարդկանցով լիներ, թերեւս, վաղուց քրիստոնեությունը վերացած լիներ երկրի երեսից. պատմությանը ծանոթ քանի՜քանի բռնակալներ, աշխարհակալ կայսրեր կամեցել են ոչնչացնել  քրիստոնեությունը, միլիոնավոր մարդկանց արյուն են հեղել, գլխիվայր շուռ են տվել դպրոցը,  կրթությունը՝ համատարած անաստվածության սերմեր շաղ տալով, եւ դրանցից մեկն էլ (հուսանք՝ վերջինը) անաստվածության ամրոց ԽՍՀՄ-ն էր, որտեղ դա արվում էր պետական մակարդակով եւ ամենաբիրտ միջոցներով։ Եվ  սակայն չհաջողվեց։ Ու ոչ էլ կարող էր հաջողվել, որովհետեւ այն կենսունակությունը, որ Աստծու սրբազան զորությամբ դրված էր սերմնահատիկի մեջ, պիտի աճեր ու պտղաբերեր, որքան էլ մարդը փորձեր այն կործանել։ Այսինքն՝ «երկիրն ինքնին բերե» եզրը, որ նշանակում է՝ «հողը ինքն իրենից բերք է տալիս», մեկնաբանելով որպես գործերի բնական ընթացք, չի բացառում աստվածային միջամտության հանգամանքը։ Ինչպես որ ցանած սերմն առանց խոնավության (անձրեւ) եւ ջերմության (արեւ) չի պտղաբերում, Ավետարանն էլ առանց աստվածային օգնության չէր կարող տարածվել եւ առաջընթաց ապրել։

— Հաջորդը «Մանանեխի հատիկի» առակն է։ Քրիստոսը Երկնքի արքայությունը համեմատում է մանանեխի հատիկի հետ, որը շատ փոքր է, «սակայն երբ աճում է, բոլոր բանջարներից ավելի է մեծանում ու ծառ է լինում, այն աստիճան, որ երկնքի թռչունները գալիս են ու նրա ճյուղերի վրա հանգստանում» (Մատթ. ԺԳ 32)։

 

— Սքանչելի համեմատություն է։ Եվ որքա՜ն դիպուկ։ Այո՛, Քրիստոսին հետեւողները, Նրա բերած մեծ ավետիսին հավատացողները նույնպես սկզբում շատ քիչ էին, փոքր էր մարդկանց այդ խումբը՝ ընդամենը «մանանեխի հատիկի չափ»։ Իր երկրային կյանքի ընթացում քանի՞ մարդ ճանաչեց Քրիստոսին. մի քանի հարյուր մարդ, ոչ ավելի։ Իսկ Նրան հետեւողների թիվը հազիվ մեկ հարյուրյակի հասավ՝ 12 առաքյալ, գումարած եւս 72-ը եւ էլի մի քանիսը։ Մինչդեռ սրա կողքին մենք տեսնում ենք Ալեքսանդր Մակեդոնացի, Չինգիզ-խան, Կալիգուլա եւ բազում ուրիշ աշխարհակալ արքաներ ու զորավարներ, որոնց իրենց ժամանակին միլիոնավոր մարդիկ են ճանաչել, ծունր են դրել նրանց առաջ ու խոնարհվել։ Սակայն այդ հսկաներից եւ ոչ մեկն այդպես էլ երբեւէ չունեցավ այն զորությունը, որով օժտված էր Քրիստոսի փոքրիկ սերմնահատիկը՝ առաքյալների եւ Իրեն հետեւողների՝ մանանեխի հատիկի չափ փոքրիկ խումբը։ Մարդկանց այդ փոքրիկ խումբը հիմնելուց հետո մեր Տերը երկրից հեռացավ։ Ի՞նչ էր Իսրայելն այն ժամանակ. Հռոմեական հզոր կայսրությանը կցորդ մի փոքր երկիր։ Եվ անգամ այդ «պստլիկ» երկրում մեր Տերը ոչ միայն չթագավորեց, այլ, ընդհակառակը, հալածվեց ու խաչվեց՝ այդ իսկ երկրի բնակիչների կողմից։ Սակայն այդ երկրի հողի մեջ Քրիստոս Աստվածորդին դրեց այն աստվածային սերմնահատիկը, որը մի հսկա ծառ պիտի դառնար։

Երուսաղեմում այն ժամանակ քրիստոնեությունը նազովրեցիների աղանդ էին կոչում։ Իսկ հիմա գնացեք Երուսեղեմ եւ կտեսնեք, որ մնացած ամեն ինչը կարելի է աղանդ կոչել, բայց ոչ քրիստոնեությունը։ Ինչո՞ւ. որովհետեւ քրիստոնեությունն ամենահզոր ծառն է դարձել, որի հովանու տակ, որպես երկնքի թռչուններ, ժողովուրդներ ու ազգեր են պատսպարվում։ Ի դեպ, երկնքի թռչուններն այս առակում հեթանոս ազգերին են խորհրդանշում։ Եվ առաջին թռչունը, թերեւս, հենց հայ ազգն էր, որ այդ ծառի ճյուղերի վրա իր բույնը հյուսեց եւ շարունակում է բնակվել այդ սուրբ ծառի վրա, որն է քրիստոնեությունը։

— Նա մեկ ուրիշ առակ էլ պատմեց նրանց ու ասաց. «Երկնքի արքայությունը նման է թթխմորի, որ մի կին, առնելով, դրեց երեք չափ ալյուրի մեջ, մինչեւ որ ամբողջը խմորվեց» (Մատթ. ԺԳ 33)։ Ինչո՞ւ թթխմորի…

 

— Թթխմորի բնությունը քաջ ծանոթ է բոլոր մարդկանց. բոլորն էլ  հաց էին թխում, իսկ հաց պատրաստելու եղանակը վաղնջական ժամանակներից հենց այդպիսին էր. որակյալ հաց ստանալու համար թթխմորի մի փոքր կտոր դրվում էր ալյուրի շաղախի մեծ զանգվածի մեջ, եւ ամբողջը խմորվում էր, այսինքն՝ դառնում էր նույն որակի։ Այս առակը խորհրդանշում է Աստծու պաշտոնի իրագործումը, որով Հայրը խաչ բարձրացրեց Իր Սրբազան Որդուն՝ իբրեւ թթխմոր, որպեսզի Նա Իր աստվածային որակը փոխանցեր ողջ մարդկությանը՝ խմորելով ամբողջ աշխարհը։ Եկեղեցու հայրերը մեկ այլ մեկնություն էլ են տալիս այս առակին. երբ մարդ նոր-նոր դառնում է դեպի Աստված, դեպի ճշմարտության գիտությունը, այդ ճշմարտությունը դեռ փոքրիկ թթխմորի է նման, որը դրվել է նրա ներաշխարհում։ Բայց այդ փոքրիկ թթխմորն աստիճանաբար սկսում է խմորել մնացածին, որովհետեւ մարդը օր օրի համոզվում է, որ ճշմարտությունը Քրիստոսն է։ Այսպես մի գեղեցիկ հեղաշրջում է տեղի ունենում մարդու մեջ, եւ նա դառնում է աստվածապաշտ ու սրբություն կրող։

Շարունակելի

 

Հյուրընկալեց Հայկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ

 

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s