Փիլիպոս կաթողիկոսի թաղումը 6 օրով ուշացավ, եւ դրա հետեւանքով մեծ թիվ կազմեցին Էջմիածին ժամանած արքեպիսկոպոսները եւ վարդապետները։ Հուղարկավորությանը ներկայացած հայ հոգեւոր գործիչները նպատակահարմար գտան լուծել նաեւ նոր կաթողիկոսի ձեռնադրության խնդիրը։ Փիլիպոսի թաղումը եղավ մարտի 31-ին՝ Սբ Լուսավորչի տոնի օրը։ Որպեսզի գործը չհասնի Զատիկին, նրանք 1655 թվի ապրիլի 8-ին կաթողիկոս օծեցին Հակոբ Դ Ջուղայեցուն։ Դա կատարվեց Ծաղկազարդի կիրակի օրը։ Ծաղկազարդի նախորդ օրը, Ղազարի հարության հիշատակության հետ, Ավետման օրն էլ էր, եւ շատ հնարավոր է, որ Հակոբ Ջուղայեցու ընտրության ժողովը եղավ այդ օրը։ Ամեն ինչից դատելով՝ նրա ընտրությունը կատարվեց առանց հայ աշխարհիկ գործիչների մասնակցության։ Նրա ընտրությունը, չնայած աշխարհիկների բացակայությանը, ամենուրեք արժանացավ հավանության։ Նա եղել էր Փլիպոսի տեղապահը, եւ հավանաբար Փիլիպոսը մահվանից առաջ, որպես իր հաջորդ, առաջադրել էր նրա թեկնածությունը։ Սակայն, այնուամենայնիվ, նրան մեծ հեղինակություն էր բերել նրա տեղապահությունը Փիլիպոսի երկամյա բացակայության շրջանում։ Ծնունդով Հին Ջուղայից էր. ծնվել էր 1598 թվի մարտին եւ 1605 թվի բռնագաղթի ժամանակ արդեն յոթ տարեկան էր։ Հետագա կյանքն անցել էր Նոր Ջուղայում կամ Սպահանում, հետո Էջմիածնում աշակերտել էր Մելքիսեդեկին եւ Սիմոնին։ Կաթողիկոս ձեռնադրվեց 57 տարեկանում։ Շնորհիվ իր անուրանալի ունակությունների՝ սկզբում դառնում է կաթողիկոսի տեղապահ։ Նա նշանավոր եղավ՝ ձեռնարկելով Դարշամբի Սբ Ստեփանոս Նախավկայի նորոգությանը։ Կաթողիկոսական իր երկարամյա գործունեությամբ մեծապես պայծառացրեց Հայ Առաքելական Եկեղեցին։

Հակոբի կաթողիկոսության հենց սկզբում տեղի ունեցավ Նոր Ջուղայի ընդարձակումը։ Հայ գաղթականությունը, 1605 թվից հաստատվելով Սպահանում, մի շարք թաղեր էր կազմել։ Հինջուղայեցիներն առանձին թաղով բնակվում էին Զենտեհրուտ գետի հարավային կողմում, իսկ մյուսները՝ տարբեր թաղերի մեջ՝ մահմեդական բնակչության հետ խառը։ Գողթն գավառի Դաշտ գյուղի եւ նրա շրջակայքի բնակչությունը, որն առհասարակ դաշտեցի էր կոչվում, զետեղված էր Շամշապատ թաղում, Երեւանի եւ շրջակայքի բնակչությունը՝ Թաղթիխարաջա եւ Բաղաթ թաղերում, իսկ Հայաստանի տարբեր մասերից՝ Դիարբեքիրից, Բաղեշից, Մուշից, Կարինից, Երզնկայից եւ այլն, բերվածները հաստատվել էին Շախշաբան եւ Թորոսկան թաղերում։ Շահ-Աբաս Բ-ի օրոք շահական հրամանով բռնագաղթվածները կենտրոնացվեցին Նոր Ջուղայում։ Դա կատարվեց բռնի ճանապարհով։

Շամշապատ թաղի մահմեդական բնակչությունը կամենում էր հայերին հեռացնել եւ նրանց տեղը գրավել։ Դրա համար պատեհ առիթ ծառայեց շահական հրամանը, որով մահմեդականներին արգելվում էր գինու օգտագործումը։ Չնայած սարսափելի պատիժներին՝ ձեռք ու ոտք, քիթ ու ականջ կտրելուն եւ անգամ մահվան դատապարտելուն, հարբեցողությունը պարսիկների շրջանում սովորական իրողություն էր, ինչը շահին անգամ զարմանք պատճառեց։ Վիճակը քննելու համար Սպահան ուղարկվեց Նաջաֆղուլի բեկը, որին տեղի մահմեդական բնակիչները հայտնեցին, թե պատճառը հայերի եւ պարսիկների խառը բնակությունն է, թե պղծված է գետի ջուրը, քանի որ հայերը նրա մեջ լվանում են իրենց գինու կարասները եւ թափում քաղցուից ավելացած կնճիռը եւ օղուց մնացած մրուրը։ Նաջաֆղուլին ուրախ էր, որ գտել է գաղտնիքը, եւ լուրը հասցվեց թագավորին։ Դրան էլ հետեւեց շահի՝ 1655 թ. հրամանը, որով դաշտեցիներին կարգադրվում էր դուրս գալ Շամշապատից եւ հաստատվել Նոր Ջուղայում կամ Գավառապատ թաղում։ Հայերն սկզբում ընդդիմացան, բայց ստիպված եղան տեղի տալ բռնի բիրտ ուժին։

Համարելով, որ արդյունքը դրական է՝ 1656 թվին շահական արքունիքը նման հրաման արձակեց նաեւ երեւանցիների համար, եւ չնայած նրանց ընդդիմանալուն եւ շահին դիմելուն՝ նրանք նույնպես բիրտ ուժով դուրս հանվեցին։ Հայերն ստիպված եղան հողամաս խնդրել, որը նրանց տրվեց։ Նույն բախտը վիճակվեց նաեւ շախշաբանցի հայերին։ Տեղափոխությունն ավարտվեց միայն 1659 թվին։ Այդ քաղաքականության հետեւանքով Սպահանում այլեւս հայեր չմնացին, իսկ Նոր Ջուղան վերածվեց մի ընդարձակ հայաքաղաքի։ Նոր Ջուղան զորացավ եւ հաճելի եղավ հայերի համար։ Դադարեցին խառը բնակություն ունեցող թաղերին հատուկ՝ հայերին մահմեդականության մղելու փորձերը։ Դա, փաստորեն, վերացրեց երիտասարդների շրջանում խառն ամուսնությունների վտանգը։ Եթե հայերն սկզբում դժգոհում էին տեղափոխությունից, ապա հետագայում գոհունակություն ապրեցին։

Հակոբ կաթողիկոսի աթոռակալության սկզբում ավարտվեց զանգակատան կառուցումը, որի շինարարությունն սկսել էր դեռեւս Փիլիպոս կաթողիկոսը։ Զանգակատան կառուցմանը մինչեւ վերջ հակառակ էր Մահմադղուլի խանը՝ մշտապես սպառնալով քանդել այն։ Զանգակատունը կառուցվեց, իսկ խանը, որին ախոյաններն ամենամռայլ գույներով էին ներկայացրել շահին, պաշտոնանկ արվեց, եւ նրա հաջորդ նշանակվեց Նաջաֆղուլի բեկը, որի հետ բարեկամական հարաբերություններ հաստատեց Հակոբ կաթողիկոսը։ Նա, չխնայելով արծաթն ու ոսկին, կարողացավ Փիլիպոսի մահվանից երկու տարի անց՝ 1657-ին, զանգակատունն ավարտելու թույլտվության հրաման ստանալ։ Մեկ տարվա ընթացքում զանգակատան կառուցումն ավարտվեց։ Այն զարդարված էր զանազան գեղեցիկ քանդակներով։ Մեջը սեղան էլ կանգնեցվեց, եւ անվանվեց Սուրբ Հրեշտակապետ։ 1658 թվին՝ Խաչվերացի օրը, այսինքն՝ սեպտեմբերի 12-ին օրհնեցին զանգակատան խաչը եւ քանդեցին շինության համար սարքած տախտակառույցները։

Հակոբ կաթողիկոսը մեծ նպաստ բերեց հայ տպագրությանը։ Սկզբում հայերը տպագրությունը կազմակերպում էին գլխավորապես Իտալիայում։ Արեւելքում առաջին փորձերը կատարվեցին Խաչատուր Կեսարացու կողմից՝ 1640 թվին, սակայն արդյունքը գոհացուցիչ չէր։ Կաթողիկոսը կամենում էր կատարելագործել տպագրության գործը։ Եվ երբ 1637-ին Հովհաննես Անկյուրացին Եվրոպա էր մեկնում՝ տպագրության գործն Իտալիայում ծավալելու համար, հայոց կաթողիկոսը ձգտում էր այն զարգացնել Հայաստանում։ Այդ նպատակով նա իր աթոռակալության սկզբում Եվրոպա ուղարկեց Մատթեոս Ծարեցի սարկավագին։ Վերջինս Վենետիկ հասավ 1656-ին, սակայն ստիպված էր 14 ամիս անօգուտ դեգերել։ Հետո նա անցավ Հռոմ, որտեղ էլ մնաց 8 ամիս, սակայն իշխանական արգելքների պատճառով հաջողության չհասավ։ Դրանից նա չընկճվեց եւ 1658-ին մեկնեց Հոլանդիայի Ամստերդամ քաղաքը։ Այստեղ նա պատրաստել է տալիս հայկական տառերի նոր կաղապարներ, սակայն առանձին օգնություն չի ստանում, բացի երեւանցի վաճառական Ավետիս Ղլջենից, որը նրան օգնում է դրամով եւ խորհուրդներով, եւ 1660-ին հրատարակում են «Յիսուս Որդի»-ն, սակայն գործը չավարտած՝ 1661 թվի հունվարի 22-ին, մահանում է Ծարեցին, եւ այն շարունակում է Ավետիսը։ Նա ավարտում է տպագրությունը եւ հրատարակում այլ գործեր եւս՝ ընկերակցությամբ Կարապետ Անդրիանեցի վարդապետի, որն ուղարկված էր Եվրոպա՝ Ծարեցու մահվանից հետո։ Ավետիսը խնդրել էր կաթողիկոսից, որ իր եղբայր Ոսկան Երեւանցին, որը նորոգել էր Ուշիի Սբ Սարգիսը, կանգնի տպագրության գործի գլուխ։ Իսկ վերջինս իր աշակերտ Կարապետ վարդապետին էր շտապեցրել Եվրոպա մեկնել։ Նա այդ ընթացքում զանազան վայրերում նպաստներ էր հանգանակում։ Այդ գործը մշտապես հովանավորում էր Հակոբ կաթողիկոսը, որի նպատակն Աստվածաշունչ հրատարակելն էր։

Հակոբ կաթողիկոսը նորոգեց երեք վկայարանները, Դարաշամբի կամ Շամբիձորի Սբ Ստեփանոս Նախավկայի վանքը եւ շատ ու շատ հոգեւոր այլ շինություններ։ Նա իր հոգածության գլխավոր առարկան դարձրեց աթոռապատկան գյուղերի ետ վերադարձնելը եւ նրանց տիրույթների ընդարձակումը։ Գահակալության սկզբում նա գնաց Սպահան եւ շահի կողմից արժանացավ պատվավոր ընդունելության, նույնիսկ քրիստոնեության խորհուրդներն ազատորեն բացատրեց շատին։ Նա արքունի հրովարտակով ապահովեց Էջմիածին գյուղի տասանորդի հանձնումը վանքին։ Սիրված լինելով շահից՝ կարողացավ հրովարտակով հաստատել տալ Սբ Աթոռի իրավունքները։ Նրա օրոք վանքապատկան գյուղերի թվին ավելացան Ամիրին՝ Գեղարքունի գավառում, Յայջին՝ Ծաղկունի գավառում, Բոխենիսը՝ Ամբերդի մերձակայքում, Ղարաղոյունլուն՝ Արագածի լանջերին, Մելիքգյուղը՝ Ապարանի գավառում, Օշականը՝ Արագածի փեշերին, Նորագյուղը՝ Երեւանի մոտ։ Զաքարիան հիշում է նաեւ Քասաղը, Թեղենյացը, Սանդոն, Սեւավերը, Բաղռինճը եւ Բյուրականը։ Կաթողիկոսը ջրանցքներ անցկացրեց եւ ոռոգեց Նորագյուղի արտերը, ինչպես նաեւ բավարարեց Մայր Աթոռի ներքին կարիքները։ Դրանց վրա ջրաղացներ կառուցվեցին, եւ հարեւանությամբ ծառեր տնկվեցին։ Նա երեք ջրամբար շինեց՝ Մոլլադուրան գյուղում, Ղռի այգում եւ Մանկասար ագարակում, որոնք նույնպես լուծում էին այգիներն ու արտերը ջրելու հարցը։

Փիլիպոս կաթողիկոսի մահից հետո խնդիրներ առաջացան Հայոց Եկեղեցու ներսում։ Երբ Փիլիպոսը 1653-ին Կ. Պոլսից վերադարձավ Էջմիածին, Կ. Պոլսում պատրիարք էր Հովհաննես Մուղնեցին, իսկ Երուսաղեմում՝ Աստվածատուր Տարոնեցին։ Ընդհանուր առմամբ՝ վիճակը հանգիստ էր, իսկ Բեթղեհեմի կալվածքի եւ Սբ Փրկչի վանքի շուրջ հարուցված խնդիրները հարթվել էին հայանպաստ լուծումով։ Կ. Պոլսում պայքարը պատրիարքական աթոռի համար գրեթե դադարել էր, քանի դեռ ողջ էր Փիլիպոսը։ Սակայն վերջինիս մահից հետո այն սրվեց։ Հատկապես ակտիվ էր գործում Եղիազար Այնթապցին, որին օգնում էր Մարտիրոս վարդապետ Կաֆացին։ Մուղնեցու դեմ խմբակ ձեւավորվեց, որին միացել էր Ռուհիջան Վանեցին։ Նրանք տապալեցին Մուղնեցուն, սակայն հաջորդ չձեռնադրվեց, քանի որ իշխանավորները հարմար գտան տեղակալության ձեւը։ Կաֆացուն ծառայեցրին իբրեւ փոխանորդ, որ իրենց հրահանգներով եկեղեցական գործերը վարի։ Այս ամենը տեղի ունեցավ 1655-ին։ Դրանից առաջ մահացել էր Գաբրիել վարդապետ Եթովպացին, որը հաջորդ չունեցավ, եւ եթովպացի կրոնավորները, վերադառնալով Հաբեշստան, սրբավայրերը եւ կալվածները հանձնեցին Հայոց պատրիարքությանը, որի հետնորդներն էին իրենք։ Սակայն հույները, որ Ծռազատիկի տարուց ի վեր սաստիկ հակառակված էին հայերին, գրավեցին հաբեշների մասերը։

Հայերին չհաջողվեց ո՛չ դատարանով եւ ո՛չ էլ Ալեքսանդրիայի ղպտի պատրիարքի վկայությամբ պաշտպանել իրենց իրավունքները։ Այդ պատճառով Աստվածատուր պատրիարքն ստիպված եղավ մեկնել Կոստանդնուպոլիս եւ տեղ հասավ 1656-ի սկզբներին, երբ մայրաքաղաքում տեղակալների իշխանությունն էր։ Այդ նույն ժամանակ Կ. Պոլիս էր վերադարձել Թովմաս Բերիացին, որը 1644 թվի անվանական պատրիարքությունից հետո փախել էր Հռոմ։ Այժմ վերադառնում էր՝ հուսալով պղտոր ջրում ձուկ որսալ եւ դեսպանատների ու նրանց ծառայող հայերի միջոցով տիրանալ պատրիարքությանը։ Վիճակը խառնակ էր նաեւ Օսմանյան սուլթանությունում, որտեղ ենիչերի եւ սիպահի զորամասերն իրենց ռոճիկի պատճառով ապստամբություն էին բարձրացրել։ Միայն 1656 թվի մարտի 8-ին մեծ վեզիր Չավուշ փաշան կարողացավ մի փոքր հանդարտեցնել երկիրը։ Սակայն մեկ ամիս անց նա մահացավ, եւ նրան փոխարինեց Մեհեմմեդ փաշան՝ տեղակալ ունենալով Յուսուֆ փաշային։ Սրանք իրենց ձեռքը գցեցին ապստամբներից չորս հոգու, որոնց գլխատեցին մայիսի 8-ին, եւ ապստամբությունը ճնշվեց։

Շարունակելի

Բաբկեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր

 

 

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s