Սկիզբը՝ թիվ 21 (2010 Նոյ. Ա)

Հեղինակը բացահայտում է թուրքական կառավարության` հայերին ոչնչացնելու ծրագիրը, Գարայնիի խան քուրդ Հուսերին աղայի զրույցի միջոցով հավաստիացնում, որ 1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմից, Սան Ստեֆանոյի պայմանագրից եւ Բեռլինի վեհաժողովից հետո Բարձր Դուռը որդեգրեց հայկական հարցին քրդականը հակադրելու եւ քրդերին իր ձեռքի գործիք դարձնելու քաղաքականությունը: Վերոհիշյալ խանը հավատացնում էր հեղինակին, որ հայությունն իր հույսը պետք է դնի ոչ թե եվրոպական մեծ տերությունների օգնության, այլ միայն հայ-քրդական եւ հայ-ասորական համագործակցության վրա: Քուրդ խանը հայկական խնդիրը համարում էր «քրդերի եւ ասորիների խնդիր, որքան որ հայերը քրդերի եւ ասորիների զարգացման համար աշխատեն, այնքան էլ յուրյանց գործին կօգնեն» (Ա. Թոխմախյան, Մասիս լեռների հարավային ստորոտները, Թիֆլիս, 1882 թ., էջ 57): Ցավոք, նրա նման մտածող քրդերը սակավաթիվ էին, եւ թուրքական կառավարությանը հաջողվեց քուրդ ցեղապետերին գործիք դարձնել հայերի ոչնչացման ծրագիրն իրականացնելու համար: Որպեսզի իր գործունեության ընթացքում հեշտությամբ անցնի ռուս-թուրքական սահմանը, 1883 թ. Թոխմանը Խրիմյանի կողմից Վարագում ձեռնադրվում է վարդապետ, մի տարի անց նշանակվում տեղի վարժարանի տեսուչ, տարբեր տարիներ վանահայր է կարգվել սահմանամերձ Ս. Բարթուղիմեոսի, Թադեւոսի, Դերիկի վանքերում՝ նոր սկիզբ առած հայդուկային շարժմանն օգնելու համար: Թուրքական կառավարությունն ուշիուշով հետեւում էր կասկածելի վարդապետի գործունեությանը: 1887 թ. Վանում նա բանտ նետվեց, այնտեղ ենթարկվեց ահավոր կտտանքների: Նրանից լուրեր ստանալու նպատակով բանտի ղեկավարությունը 4 օր շարունակ գլխիվայր խաչում է նրան, բայց այդ տանջանքները թուրքերին ոչ մի օգուտ չտվեցին. նա ոչ մի լուր կամ փաստ չհաղորդեց խոշտանգողներին: Բանտից ազատված Թոխմախյանը շարունակեց իր հայրենանվեր գործունեությունը, սակայն նրա կյանքը ունեցավ եղերական վախճան. կեղծ դավաճանության մեղադրանքով Ս. Նախավկայի վանքում հայտնի հայդուկապետ Հունոն այրվող թոնիրի մեջ նետեց Արսեն Թոխմախյանին: Դա 1891-ին էր: Դրանք Խրիմյանի աշակերտներից ամենանշանավորներն էին:

Անցնենք նրա մերձավոր ընկերների, ընդհանրապես ծագումով վանեցիների հոգեւոր-մշակութային գործունեությանը: Այդ շարքում ընդգծված տեղ են գրավում Տեւկանց կամ Տեր-Սարգսենց հայտնի գերդաստանի շառավիղները, որոնցից ամենանշանավորները երեք եղբայրներն են` Երեմիա, Արիստակես եւ Սեդրակ Տեւկանցները:

Ավագը` Երեմիան, (1829-1885) վարդապետ էր ձեռնադրվել Լիմ անապատում: Խրիմյանի պատրիարքության տարիներին եղել է Կ.Պոլսի հայոց պատրիարքության քարտուղարը: 1868-ին Մ. Խրիմյանի հետ միասին Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից օծվել են եպիսկոպոսներ եւ կոչվել կարգակից եղբայրներ: Առաջնորդական պաշտոններ է վարել Արեւմտյան Հայաստանի տարբեր նահանգներում` Վանում, Խարբերդում, Բաղեշում, Մուշում, Արաբկիրում եւ այլ վայրերում: Սակայն մեզ համար առավել կարեւորը նրա թողած հոգեւոր-գիտական ժառանգությունն է, Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում պահվող 11 ձեռագիր հատորները, որոնք ընդգրկում են 1850-1880 թթ: Հիշատակարանի այդ հատորները մեծ նշանակություն ունեն երեսուն տարվա հայոց պատմության համարյա բոլոր երեւույթները, իրադարձությունները մեկնաբանելու խնդրում: Նրա ձեռագրերից հավաստի տեղեկություններ կարող ենք ստանալ Խրիմյանի` Վարագում եւ Ս. Կարապետի վանքերում ծավալած վանական գործունեության մասին, հայ-քրդական հարաբերությունների, Կ. Պոլսի հայոց պատրիարքարանի, Վանում բացված դպրոցների, պողոսյան եւ ապողոսյան պայքարի, Ախթամարի կաթողիկոսության, հայ պահպանողական հոգեւորականների (Պողոս, Խաչատուր Շիրոյան եւ այլք) մասին: Լինելով հայոց պատրիարքարանի հոգեւոր քարտուղարը՝ նա իր մոտ է պահել զանազան փաստաթղթերի պատճեններ, որոնք այժմ կարող են սկզբնաղբյուրի դեր կատարել: Մի փոքրիկ փաստ. 1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո արեւմտահայության արտագաղթը խոչընդոտելու եւ մայր հայրենիքում պահելու նպատակով՝ Կ.Պոլսի պատրիարք Ներսես Վարժապետյանը երեք վարդապետի ուղարկեց Արեւմտյան Հայաստան. Գարեգին Սրվանձտյանց, Արիստակես Տեւկանց եւ Վահան Տեր-Մինասյան (Պարտիզակցի): Եթե առաջին երկուսի տեղեկագրերը մեզ են հասել նրանց աշխատությունների` Գ. Սրվանձտյանցի «Թորոս աղբարի» երկու հատորների եւ պատրիարքարանին ուղղած զեկույցի, Արիստակես Տեւկանցի «Այցելություն ի Հայաստան 1878 թ.» ուղեգրության միջոցով, ապա Պարտիզակցու զեկուցագիրը՝ Երեմիա Տեւկանցի հիշատակարանների II-րդ հատորի (ձեռագիր 4182, էջ 585 եւ հետագա շարադրանքը): Մեծ անհրաժեշտություն է ձեռագիր հատորների հրատարակությունը, այն կարող է ծառայել իբրեւ հավաստի սկզբնաղբյուր:

 Երկրորդ Տեւկանցը, ինչպես արդեն ասացինք, Արիստակեսն է (1849-1896)՝ բնիկ վանեցի, ավարտել է Վարագա Ժառանգավորացը: 1875 թ. Կ.Պոլսում հրատարակում է «Պանդուխտ վանեցին»` նամակների, երգերի մի ժողովածու, որի առաջաբանը գրել է Մ. Խրիմյանը: Եղել է նաեւ Վարագի վանահայր, 1878-ին կատարում է պատրիարքի հանձնարարությունը. մայիսին դուրս գալով Կ.Պոլսից՝ Տրապիզոնի վրայով մտնում է Բաբերդ, ապա Կարին, Խնուս, Վարդո։ Հունիսին արդեն Մշո դաշտում էր: Ճանապարհորդության ընթացքում տեղագրում է այդ վայրերը, մանրամասն նկարագրում տեղի վանքերը, նրանց եկամուտները՝ հավելյալ նշելով, թե որ վանքում ինչ վարժարան կարելի է բացել եւ քանի աշակերտ պահել: Արիստակեսը կազմում է իր եղած վայրերի ժողովրդագրական պատկերը: Պատրիարքարան ներկայացրած զեկուցագիր-տեղեկագրից բացի, իր տեսածն ու զգացածն ամփոփում է մի աշխատության մեջ՝ «Այցելություն ի Հայաստան 1878 թ.» խորագրով, որն իր մեջ ամփոփում էր Մշո, Սասունի, Բիթլիսի բոլոր վայրերի վիճակագրությունը: Արդիական հնչեղություն ունեն այդ վայրերի գյուղերի, նրանց բնակիչների մանրամասն ցուցակները: Գարեգին Սրվանձտյանցի «Թորոս աղբարի» երկու հատորի հետ այդ աշխատությունը լրացնում է Արեւմտյան Հայաստանի ժողովրդագրությունը եւ ապացուցում, որ ռուս-թուրքական պատերազմից հետո էլ հայությունը մեծամասնություն է կազմում իր բնիկ հայրենիքում: Տեւկանցի այս աշխատության ձեռագիրը գտնվում է Մատենադարանում, այն հրատարակության է պատրաստել, առաջաբանը եւ ծանոթությունները գրել վաղամեռիկ պատմաբան Հայկազ Պողոսյանը:

Շարունակելի

 

Էմմա ԿՈՍՏԱՆԴՅԱՆ

Պատմական գիտ. դոկտոր

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s