Ծննդոց Գիրքը փաստում է, որ ցավն ու տառապանքը, հիվանդությունն ու մահը ուղղակի հետեւանք են արարչադիր պատվիրանի նկատմամբ մարդու ոտնձգության։ Սրանով խաթարվեց նաեւ Աստծո եւ մարդու, ապա` բնության եւ մարդու միջեւ ներդաշնակ հարաբերությունը: Բնության ամենից հրաշալի երեւույթը` կնոջ որդեծնության աստվածադիր օրենքը, վերածվեց ցավագին երկունքի, մարդու ամենից բնական եւ հաճելի զբաղմունքը` աշխատանքը, վերածվեց տանջանքի… Մարդն ընկավ մահվան ու ապականության լծի տակ: Ու թեեւ Քրիստոսի փրկագործությամբ եւ Մկրտության սուրբ Խորհրդով մարդը ձերբազատվում է սկզբնական մեղքից եւ որդեգրվում Աստծուն, սակայն մարդու մեղանչական բնությունը չի փոխվում. մարդն իր ազատ կամքով ընտրում է կա՛մ բարին, կա՛մ չարը: Ուստի հաճախ է ընկնում սատանայի որոգայթները` գործելով Աստծուն անհաճո արարքներ, ապրելով մեղսալից ու անօրեն կյանքով, իսկ մեղքի հետեւանքը, ինչպես արդեն ասվեց, ցավն ու տառապանքն են:

Մարդը կարող է տառապել տարբեր պատճառներով` հանկարծահաս դժբախտություն, անբուժելի հիվանդություն, հարազատի անժամանակ մահ, ընտանեկան անհաշտություններ եւ այլն: Նման իրավիճակներում մարդը հաճախ է կորցնում ինքնատիրապետումը` անմտորեն մեղադրելով Աստծուն:

Սակայն քրիստոնեական ընկալում ունեցող մարդու համար տառապանքն այլ արժեք, այլ իմաստ ունի: Համբերատարությամբ ու հնազանդությամբ կրելով իրեն բաժին հասած դժբախտությունը, փորձությունը` քրիստոնյա մարդը փորձում է դաս քաղել դրանից, անդրադառնալ ապրած իր կյանքին, վերլուծել ու տեսնել, թե արդյոք ինչ-որ տեղ չի՞ սայթաքել, մեղանչել, Աստծուն անհաճո գործեր կատարել` չզգալով այդ: Եվ փորձությունների մեջ սթափվելով ու զգաստանալով` ուղղում է իր ընթացքը: Խոնարհվելով Աստծուն եւ ապավինելով Նրա ամենակարողությանը` մարդը հաղթահարում է անհաղթահարելի թվացող ամեն դժվարություն։

Այսօր էլ մեր կողքին ապրում են մարդիկ, որոնք կյանքի հասցրած դժբախտությունների եւ հարվածների մեջ, չունենալով անգամ ճշմարիտ աստվածճանաչողություն, հենց Աստծու զորակցությամբ եւ օգնականությամբ հաղթահարել են կյանքի հասցրած բոլոր դառն հարվածները` սրբվելով ու թրծվելով տառապանքների մեջ: Այլ կերպ ասած` տառապանքը նրանց համար դարձել է մաքրագործում: Լինելով Կենդանի Աստծո պատկերն ու նմանությունը՝ այդպիսի մարդիկ տառապանքների ու փորձությունների բովում դարձել են ավելի մարդկային ու սրտացավ, գթասիրտ ու ողորմած, զգայուն՝ բոլոր դժբախտների ու տառապյալների նկատմամբ, լցվել բարությամբ ու կարեկցանքով դեպի ուրիշները` անկախ նրանց հարստությունից եւ հասարակության մեջ ունեցած դիրքից: Տառապանքների բովով անցած մարդը դառնում է նաեւ խոնարհ ու հանդուրժող` ընդունակ լինելով խոնարհվել իր նմանի առջեւ… Միով բանիվ՝ նա, ով իր սեփական փորձով է ճանաչում կյանքի հասցրած փորձություններն ու տառապանքները, ճաշակում դրանց ողջ դառնությունը եւ իր մեջ ուժ եւ կարողություն է գտնում հաղթահարել դրանք ու առաջ շարժվել` չկորցնելով իր մարդկային դիմագիծը, կերպարը, դառնում է մարդասեր եւ ողորմած, ինչպես իր երկնավոր Հայրը: Նեղությունների եւ դժվարությունների մի այլ՝ դրական կողմի մասին է խոսում Անտուան դը Սենտ Էքզյուպերին` ասելով. «Մարդն ինքն իրեն ճանաչում է խոչընդոտների դեմ պայքարելիս»: Իհարկե միշտ չէ, որ տառապանքը մաքրագործում է մարդուն եւ հասցնում նշված երանելի վիճակին: Ցավոք, շատ մարդիկ փորձությունների ու դժբախտությունների մեջ ըմբոստանում են Աստծու դեմ, ուրանում Նրան` չփորձելով դաս քաղել փորձությունից: Այս կերպ վարվող մարդիկ, մանուկ հասակում ստացած չլինելով քրիստոնեական կրթություն եւ դաստիարակություն ու ապրելով անհոգ ու փափուկ կյանքով, չեն դիմանում փորձությանը: Երանելի է այն մարդը, որի մատաղ հոգում մանկուց սերմանվում են հավատի մաքրամաքուր սերմերը՝ եթե ոչ ուղղակի, գոնե անուղղակի կերպով` բարոյականությամբ եւ մարդասիրությամբ, որոնք էլ ժամանակին պտուղ են տալիս` մարդուն պահելով քրիստոնեական ընթացքի մեջ: Ըստ Ֆ. Դոստոեւսկու` «պետք է մարդ լինել մարդկանց մեջ եւ միշտ մարդ մնալ բոլոր դժբախտությունների մեջ, չհուսալքվել ու չընկճվել` ա՛յս է ահա կյանքը, ա՛յս է կյանքի նպատակը»:

Եկեղեցու մեծանուն հայրերն ու Աստծուց իմաստնացած աշխարհահռչակ մտածողները միակարծիք են. դժբախտություններն ու տառապանքները մաքրագործում, թրծում, կոփում ու ազնվացնում են մարդուն, մոտեցնում Կյանքի Աղբյուրին: Իտալացի գրող Լուիջի Պիրանդելլոն ասում է, որ մարդը «երբեք այնքան մարդկային չէ, որքան այն ժամանակ, երբ տառապում է, որովհետեւ նա ձգտում է տեսնել դրա պատճառը, հասկանալ, թե ով է այդ տառապանքը տալիս իրեն… Մինչդեռ ուրախության մեջ նա ոչ մի հարց չի տալիս իրեն, իբրեւ թե այդ ուրախությունը վերապահված լիներ իրեն»: Իրապես, մարդն առօրյա բազմապիսի հոգսերի հորձանուտում հաճախ է ընկնում հոգեւոր թմբիրի մեջ` մոռանալով, որ Աստծու կնիքն է կրում եւ Աստծու պարգեւած կյանքն է վայելում: Եվ միայն դժվարություններն ու փորձություններն են «ստիպում» նրան հիշել իր աստվածային ծագման մասին։

Կյանքում մեզ պատահած յուրաքանչյուր փորձություն եւ դժբախտություն Աստված թույլ է տալիս մեր իսկ օգուտի համար, որովհետեւ Նա մեր փրկությունն է կամենում, ուստի մեղքի մեջ կարծրացած անհավատին (նաեւ հոգեւոր թմբիրի մեջ հայտնված քրիստոնյային) փորձում է ուղղության բերել, Իրեն մոտեցնել, սրբել ու լուսավորել: Աստծու անսահման սիրո եւ անհուն ողորմածության արտահայտություն են դժվարություններն ու փորձությունները, որոնք ուղեկցում են մարդուն իր երկրավոր կյանքի ընթացքում: «Տրտմություններն ու փորձությունները, մեզ հետ պատահած տխրությունները ոչ պակաս, քան բարիքները, բացահայտում են մեր նկատմամբ Աստծու ունեցած խնամակալությունը» (ս. Հովհան Ոսկեբերան): Տառապանքն օգնում է մեզ վերագտնելու իսկական կապն Աստծու հետ: Շատ քրիստոնյաներ են վկայել ու վկայում, որ երբ փոքր ինչ հեռանում են աղոթական կյանքից ու Աստծուց, ենթարկվում են ինչ-որ փորձության, որը խթան է հանդիսանում, որ սթափվեն ու նորից դառնան իրենց նախկին նախանձադիր ընթացքին։ «Ոչ ոք իրեն այնպես չի գթում, ինչպես Աստված ամենքիս, Ով մեզնից ավելի շատ է ցանկանում, որ մեզ ոչ մի չարիք չպատահի»,- դարձյալ ասում է ս. Հովհան Ոսկեբերանը: Ուրեմն չմեղադրենք Աստծուն մեր տառապանքների մեջ, որովհետեւ մեր բոլոր դժբախտությունների պատճառն ու մեղավորը մենք ինքներս ենք, որ հակված լինելով դեպի մեղքն ու չարիքը՝ հաճախ ենք շարժում արդար Աստծու զայրույթը մեզ վրա, Ով Իր անբավ մարդասիրությունից ելնելով` մեզ ա՛յս կյանքում է խրատում փոքրիկ փորձություններով, որպեսզի այնտե՛ղ չդատապարտի: Ահա թե որքան է սիրում մեզ մեր երկնավոր Հայրը, Ով սպասում է յուրաքանչյուր մեղավորի դարձին եւ ապաշխարությանը:

Դժվարությունների ու նեղությունների մեջ չըմբոստանանք Աստծու դեմ, անմտորեն չմեղադրենք Նրան մեր դժբախտությունների համար, այլ համբերող լինենք եւ հնազանդվենք աստվածային սուրբ կամքին` գիտակցելով դրանց օգտակարությունը մեզ համար: Նաեւ հիշենք, որ «նեղ եւ անձուկ» է հավիտենական կյանք տանող ճանապարհը` լի տարատեսակ դժվարություններով ու փորձություններով: Քրիստոսը մեզ այստեղ փափուկ ու անհոգ կյանք չխոստացավ, այլ զգուշացրեց, որ Իր հետեւորդներն այստեղ` աշխարհում, անմասն չեն լինելու տառապանքներից ու փորձություններից, ինչպես եւ Իր` Աշխարհի Փրկչի կյանքը եղավ զրկանքներով ու տառապանքներով, անարգանքներով լի կյանք` մեղավոր մարդկության փրկության համար: Սակայն Քրիստոսն Իր հրաշափառ հարությամբ հաղթեց մահվանը, ցավին ու տառապանքին` մեզ քաջալերության կոչ անելով: Աստված հատուցում է յուրաքանչյուրին ըստ իր գործերի. փոքր վշտերի ու նեղությունների դիմաց Նա հարյուրապատիկ վարձատրում է մարդուն հանդերձյալում: Փոքր է փորձությունների ու նեղությունների ժամանակը, բայց մեծ է հանգիստը հավիտենության մեջ, ժամանակավոր է նեղությունների չարչարանքը, եւ հավիտյանս հավիտենից է հանգիստը փափուկ դրախտում, անբավ ու անճառելի են բարիքները, անհատնում` ցնծությունն ու երանելի հանգիստը, որը կժառանգեն Քրիստոսին չարչարանակից եղած բոլոր տառապյալները, ինչպես վկայում է Ս. Գիրքը. «Եթե Քրիստոսի չաչարանքներին կցորդ ենք, հաղորդակից ենք լինելու եւ փառքին» (տե՛ս Հռոմ. Ը 17):

Անժելա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s