Սկիզբը՝ թիվ 20-22 (2010 Նոյ.Ա-Բ)

Անցյալին հառած Վարուժանի հայացքը Մովսես Խորենացու «Հայոց պատմության» մեջ հայտնաբերում է մի գեղեցիկ դրվագ ազատ սիրո, մարդկային անմիջական ոգեւորության մասին եւ այդ նյութով ստեղծում իր «Հարճը» պոեմը: Խորենացին գրում է. «Բագրատունյաց ցեղից կար մի ոմն Տրդատ, քաջ Սմբատի Սմբատուհի դստեր որդին, մի սրտոտ եւ ուժեղ մարդ, կարճ հասակով եւ տգեղ կերպարանքով: Նրան Տիրան թագավորը իրեն փեսայացրեց՝ իր Երանյակ դստերը նրան կնության տալով: Կինը չսիրեց իր ամուսին Տրդատին, արհամարհում էր նրան, հոնքերը կիտում, շարունակ իրեն վայ էր տալիս, որ իր նման չքնաղ ու ազնվական կինն ստիպված է մի տգեղ եւ հասարակ ծագումով մարդու հետ ապրել: Սրա վրա զայրանալով՝ Տրդատը մի օր սաստիկ ծեծում է նրան, կտրում է նրա շեկ մազերը, փետում է խոպոպիքները եւ հրամայում է քաշեքաշ նրան սենյակից դուրս գցել: Իսկ ինքն ապստամբելով գնում է Մարաստանի ամուր կողմերը: Երբ նա հասավ Սյունիք, այդտեղ նրան հասավ Տիրանի մահվան լուրը, ուստի այդտեղ էլ մնաց:

Մի օր Սյունյաց Բակուր նահապետը նրան ընթրիքի հրավիրեց: Երբ գինով ուրախություն էին անում, Տրդատը տեսավ մի կին, որ շատ գեղեցիկ էր եւ նվագում էր ձեռներով՝ անունը Նազինիկ: Տրդատը նրան ցանկացավ եւ ասաց Բակուրին. «Այդ վարձակն (հարճ) ինձ տուր»: Նա պատասխանում է.«Չեմ տա, որովհետեւ իմ հարճն է»: Իսկ Տրդատը բռնեց այդ կնոջը, իր մոտ քաշելով՝ սեղանակիցների առաջ գգվում համբուրում էր նրան սիրահարված անզուսպ երիտասարդի նման: Բակուրը խանդելով վեր կացավ, որ կնոջը նրա ձեռքից խլի: Բայց Տրդատը, ոտքի ելնելով, ծաղկամանն իբրեւ զենք գործածեց, սեղանակիցներին էլ սեղանից վանեց: Կարծես մի նոր Ոդիսեւս էր առաջ եկել, որ կոտորում էր Պենելոպեի սիրեկաններին, կամ ղապիթաների եւ հուշկապարիկների կռիվ էր տեղի ունենում Պերիթոսի հարսանիքում: Այսպես իր կացարանը հասնելով՝ իսկույն ձի հեծավ եւ հարճի հետ միասին Սպեր գնաց»(Մովսես Խորենացի, Հայոց պատմություն, գիրք Բ, գլուխ ԿԳ):

Այստեղից է ընտրված պոեմի բնաբանը՝ «…. զի յոյժ գեղեցիկ էր եւ երգէր ձեռամբ»: «Երգէր ձեռամբ» գրաբար արտահայտության աշխարհաբար իմաստը կլինի՝ ձեռքերով նվագել: Այսինքն՝ աղջիկը ձեռքերով նվագել է լարային որեւէ գործիք: Այս «երգէր ձեռամբ» արտահայտության ակունքը Աստվածաշունչն է. «Գիրք թագաւորաց»-ի մեջ Դավիթ թագավորի մասին ասվում է. «Դաւիթ երգէր ձեռամբ իւրով»: Իսկ «ձեռամբ երգել» նշանակում է ձեռքով նվագել (տե՛ս Գ. Աբգարյան, Մի հոդվածի առթիվ, «Գրական թերթ», 1986, թիվ 50):

Վարուժանի պոեմից մի հատված 1911-ին տպագրվել է «Ասպետական կենցաղին» վերնագրով: Այստեղ կարեւորը «ասպետական» բառն է, որի կորած էությունը նոր ժամանակներում բանաստեղծը փորձում էր վերականգնել: Այնուհետեւ պոեմը հայտնի է դարձել «Հարճը» վերնագրով:

Պոեմն սկսվում է պատմողական հանդարտ նկարագրությամբ.

 

Գարնանամուտ երեկո մ’իր պալատին մեջ մարմար,

 

Բակուր, Սյունյաց Նահապետ, շքեղ հանդես մը կուտար,

 

Երբ Ուղեւոր մը հանկարծ մըրըրկարշավ կը հասնի

 

Լուսընկափայլ ճամբայեն՝ մեծ դրան քով արքենի:

 

 

Խորենացու ասածից պարզվում է՝ Սյունյաց նահապետ Բակուրին հյուր էր եկել իշխան Տրդատ Բագրատունին, որն ամուսնացել էր Տիրան Արշակունի արքայի դստեր, Արշակ Բ-ի քրոջ՝ Երանյակի հետ: Սակայն Երանյակը հաշտ չէր ամուսնու հետ եւ հաճախ էր երեսով տալիս նրա հասարակ ծագումը: Զայրացած Տրդատը մի օր սաստիկ ծեծում է կնոջը, որպես անարգանքի նշան՝ կտրում մազերը, հեռանում ընտանիքից եւ փախչում Մարաստան: Ճանապարհին Սյունիքում լսում է Տիրանի մահվան լուրը եւ մնում: Այստեղ էլ հյուրընկալվում է Բակուր նահապետին եւ մասնակցում նրա կազմակերպած խրախճանքին: Հավաքվել են բդեշխներ, սեպուհներ, ամբողջ ազատանին:

20 սյուներով կառուցված հսկայական սրահում ծիծաղի եւ լույսի ծով է, ամենուր խնդություն է, ուրախություն: Մատռվակները գինի են լցնում, սպասավորները որսի խորտիկներ են մատուցում սեղանին: Կողքի սրահում խրախճանում են կանայք: Տրդատը կենաց է ասում: Ըստ պոեմի՝ այդ բուռն եռուզեռի ժամանակ էլ մեկը գուժում է Տրդատի մահվան լուրը: Այդ լուրը Տրդատի սիրտն արբեցնում է «բերկրանքներով անպատում»: Եվ հենց այդ պահին էլ նրա աչքերը գամվում են մի հայացքի. «Կին մը իրեն կը նայեր…»: Կինը հիանում է նրա առնական գեղեցկությամբ: Հավաքվածներն աղմկում են, որ սրահի մեջ պարուհու համար տեղ բացեն, եւ ասպարեզ է մտնում նա, որի աչքերի մեջ Տրդատը նայել էր, եւ որը հիացել էր Տրդատով.

 

Հազիվ Տրդատ սեղանին դըրավ գավաթը թափուր՝

 

Լույսերու հոծ ծովան մեջ թնդաց սըրահն ընդհանուր.

 

— Վարձա՜կն ահա, տեղ բացեք, վարձա՜կը, վարդ տեղացեք,

 

Մազերուն մեջ, ոտքին տակ մարգարիտնե՜ր լեցուցեք:

 

Սանդուխներեն վերնատան վար կ’իջներ կին մը խաժակ,

 

Կը թըրվռային գըլխուն շուրջ աղավնիները սպիտակ:

 

Ճաճանչավուխտ քողին մեջ աստըղ մ’էր ան՝ որուն մեծ

 

Աչքերուն մեջ սեւեռուն Տըրդատ գինին իր խըմեց:

 

 

Սրահ են մտնում նաեւ հինգ գուսաններ, լարում իրենց փառագոչ փանդիռները, որոտում է դափը («Նըման արծաթ կարկուտի երգ ջաղբեց դա՛փը դողդոջ»): Մրրկում է նվագի ծովը: Նրանք երգում են հին աստվածներին նվիրված երգեր, փառաբանում աստղահմա քուրմերին, դյուցազուն ասպետներին, հնչեցնում մեհենական պարեղանակներ: Գուսանները նվագում են, եւ այդ շիկացած մթնոլորտում իր պարն է պարում դեղձան մազերով վարձակը, որը Նազենիկն էր՝ «նազելագեղ անունով» (Խորենացու պատմության մեջ Նազինիկ ձեւն է), եւ որի «Հասակն ամբողջ կը թըրթռար բարտիի պես հողմախռով»: Նրա մարմնի շարժումներն ու նվագի մեղեդիները շատ ներդաշնակ են եւ միասին ասես մի հարաճուն համանվագ լինեն: Նազենիկը համակ գեղեցկության մարմնացում է: Հավաքվածները նայում են նրան, հիանում նրա անզուգական գեղեցկությամբ.

 

Կոչնականները լըռիկ հիացումով քարացած,

 

Մարմնակարկառ, ապշոպյալ, աչուներով լայնաբաց

 

Կը դիտեն զինք: Նազենիկ նախ կ’օրորե մեղմորեն

 

Ալապաստրե ուսերուն վըրա գըլուխն հըրեղեն՝

 

Ներկաներուն շըրջելով զույգ մը աչքերը աղվոր՝

 

Ուր կ’ընկղմի մարդ հեշտին, բայց դուրս կ’ելլե վիրավոր:

 

 

Նազենիկը իրական է, բայց ասես անէություն լինի, որ ուր որ է կանհայտանա, «Ինչպես երկնի մեջ կորսվող լուսադայլայլ մեղեդի»: Դա Աստղիկին՝ սիրո հավերժակյանք աստվածուհուն ձոնված պար է, «գեղեցկության աղոթք», որ շարունակում է ներկայանալ մեկը մյուսից տպավորիչ պատկերներով. «Ան կը լողա մատերուն երգերուն մեջ ներդաշնակ»: Նրա մազերի ցանցի մեջ ասես տատրակներ են թեւաբախում. «Ան կը ճախրե՜, կը ճախրե՜, կատաղորեն կը ճախրե՜… // Ան կը ճախրե՜, կը ճախրե՜, սանձակոտոր կը ճախրե՜…,»,— ոգեշունչ բացականչում է բանաստեղծը՝ նրան հիմա էլ նմանեցնելով Աստղիկ դիցուհուն, որի շուրջը թեւածում են լուսեղ աղավնիներ: Նա բռնկված է կարմիր վարդերի պես, նա ասես կրակի պար լինի ու կնոջ տեսքով մարմնացած հրեղեն մրրիկ:

Նազենիկի վերջին ճախրի պահին Տրդատը բռնում է նրա բազուկից, նստեցնում ծնկին, փաղաքշում ոսկեհեր գլուխը, համբուրում մատները եւ հարցնում Բակուր իշխանին՝ «Նահապե՛տ, ո՞վ է,- ըսավ,- վարձակը այս լուսաստինք»: Տրդատը, որ չէր տեսել իր կնոջ սերն ու գուրքուրանքը, դեռ ավելին՝ պատժել, անարգել էր նրան ու հեռացել էր տնից, հիմա արդեն սիրահարված էր: Գինին, պարը, երաժշտությունը, հոգեկան բռնկումը, խանդավառությունը, ոգեւորությունը ձուլվել էին իրար եւ դարձել համակ տարվածություն, որի անունն է սեր, կայծակնային սեր, եւ հանուն որի մարդը պատրաստ է ամեն ինչի: Տրդատն այսպես է շարունակում Բակուր նահապետին ուղղված խոսքը. «Այս կինն ինձ տուր, եթե չէ օրեն՝ որ մենք ընենք վեճ. // Արշալույսին թող մեկնիմ արշալույսն այս գրկիս մեջ»:

Գեղեցկության համար սրվում է ասպետների վեճը: Սյունյաց նահապետն ասում է, որ Նազենիկն իր հարճն է, որին ինքը կռվով է նվաճել եւ չի զիջի նրան: Տրդատը ոչ միայն չի լսում նահապետի խոսքը, այլեւ գինի է խմեցնում Նազենիկն եւ համբուրում նրան: Նահապետի ընդվզմանն ի պատասխան՝ Տրդատը հրեղեն սյունի նման կանգնում է դահլիճի մեջ. «Ձախ թեւով հարճը գրկեց, հետո «Հա՜, հա՜,- քրքըջաց,- // Էգ վագրին հոտն ըմբոշխնել արու վագրի՜ն է տրված…»:

Նրա աչքին այլեւս ոչինչ չի երեւում, եւ պղնձե սկուտղը նետում է Բակուրի ուղղությամբ, որը վրիպում է՝ վնասելով միայն նրա ականջը: Տեսնելով դա՝ Նազենիկը փաթաթվում է Տրդատին՝ ասելով, որ նրա թափած արյունն ինքը պիտի քավի՝ ենթարկվելով գանահարման ու ծեծի, ուստի թող փրկի իրեն եւ փախցնի այստեղից. «Զիս հեռացուր այս երկրեն, եթե չէ գործ մ’արքենի, // Որ ասպետի մը վրիպած հարվածը կին մ’ընդունի»:

Նրանք պայմանավորվում են, Տրդատն առերեւույթ հեռանում է՝ առավոտյան աղջկան փախցնելու պայմանով:

Այստեղ պոեմը կիսվում է. 314–րդ տողով ավարտվում է առաջին մասը, եւ սկսվում են հաջորդ մասերը (Բ-Ե)՝ որպես, ըստ էության, երկրորդ մաս: Վարուժանը դասականորեն ներդաշնակ է նաեւ պոեմի կառուցվածքի հարցում:

Տրդատը Նազենիկին փրկում է «Բակուրի նախանձեն» եւ փախցնում «Հանդերձներովը պարի, բամբիռներն ալ՝ մատերուն», եւ մազերի մեջ՝ վարդերի բուրող թերթեր:

Այստեղ Վարուժանը միջարկում է գործողությունները եւ պատասխանում այն հարցին, թե ինչո՞ւ է գրել այս պոեմը: Նա փառք է տալիս այն ասպետական ժամանակներին, երբ գնահատում էին գեղեցիկը եւ հանուն այդ գեղեցիկի՝ մեծանուն մարդիկ կարող էին բախվել իրար.

 

Փա՜ռք մեծազոր կենցաղին ասպետական դարերուն՝

 

Ուր պաշտվեցավ Գեղեցիկն ու Զորությունը արբուն,

 

Եվ խորհրդանիշը անմահ Գեղեցիկին, Զորության՝

 

Փըրփուրներու Դիցուհին ըստինքներով ռոշնական:

 

Փա՜ռք ձեզի միշտ, գանգրահեր ո՛վ ասպետներ արդընկեց,

 

Որոնց զրահով վերտըված լանջքերուն տակ բաբախեց

 

Սիրտ մը հավետ անձնըվեր՝ տըկարներուն, ընկճվածին,

 

Եվ գեղանի կիներուն, անոնց մարմնույն բյուր գանձին:

 

 

Վարուժանը շարունակում է փառաբանել ասպետական ժամանակների սովորությունները, առյուծասիրտ մարդկանց քաջությունները՝ ընդդեմ աճուրդի հանված սիրո, ընդդեմ մանր հաշվենկատության: Դարերն այսպես մարդկանց տանում են անկումից անկում.

 

Փա՜ռք ձեզի միշտ, ո՛վ դարեր ասպետական կենցաղին,

 

Ուր մարդիկ հզոր եւ անկեղծ էին նըման գինիին:

 

Առաքինի քաջության տեղ նենգն այսօր կը տիրե

 

Փոխան տեգին հոլանի՝ պատյանի մեջ դաշույն է…

 

…Սեր վաճառվա՜ծ, ոչ նվիրված՝ ինչպես պըսակ սարդենի

 

Զոր հերոսին համար սուրն աստվածներեն կ’ընդունի:

 

Եվ այժըմ մարդն այս դարուն, մարդն ըղեղին տակ կըքած,

 

Ո՛վ ասպետներ հեթանոս, եթե բաղխե ոտքն հանկարծ

 

Ձեր բազուկի մեկ ոսկրին՝ որ հողին տակ ճերմակած է,

 

Անոր հըսկա զանգվածեն կը սարսափի, կը կարծե

 

Ձեզ առասպել դարերու, առասպելյալ գազաններ,

 

Ո՜վ ասպետներ հեթանոս, ո՜վ ասպետի ոսկորներ:

 

 

Այս միջարկումը պոեմի միջին մասում, գործողության լարվածության պահին, մտածված ձեւով մի պահ կարծես հանդարտեցնում է լարումը, ընթերցողին ներգրավում այդ ժամանակների մեջ եւ ընդհատված տեղից շարունակում պատումը:

Սյունիքից Տրդատը արշավում է դեպի Շիրակ: Նազենիկը շտապում է, որ պահ առաջ թողնեն Սյունյաց սահմանը, քանի որ վտանգի զգացողությունն ուղեկցում է նրան: Նա չէր սխալվում: Նրանց ետեւից, գետինը դոփելով, սուրում են «Ձիավորներ զինավառ մըրրկարշավ ու դաժան»: Երեկ գինովացած հյուրերն այսօր, հանուն Բակուր իշխանի պատվի, արշավում են՝ լուծելու առեւանգված գեղեցկուհու վրեժը: Վարուժանը նույնքան լարված ու շարժուն է նկարագրում հետապնդումի պահը, որքան պարի տեսարանը.

 

Այն ժամանակ Տրդատես գլուխն իր դարձուց մըրրկահեր

 

Եվ հեգնորեն մըռնչեց. «Հալածեցե՛ք, դե՛հ, գայլե՜ր,

 

Մինչեւ շընչատ վար կախվին ձեր լեզուները դողդոջ.

 

Արձակեցե՜ք կըռնակիս ձեր ասեղները կընոջ»:

 

Ըսավ եւ նժույգն այս անգամ խթեց այնքան ուժգնալի՝

 

Որ արշավանքն եղավ շտապ մըտածումեն ավելի:

 

 

Հետապնդումը նկարագրված է քայլ առ քայլ, պահի տեսանելիությամբ եւ իրական ընթացքով: Տրդատն անցնում է Շիրակի սահմանը, Բակուրը յուրայինների հետ դադար է տալիս եւ արձակում վերջին նետը, որը Տրդատի թեւի տակից սուրալով՝ մխրճվում է Նազենիկի ծոծրակի մեջ: Այդ պահը ո՛չ Բակուրն է նկատում, ո՛չ Տրդատը. «Բնավ չըտեսան թե ի՛նչպես կը փըշրվեր ու կ’իյնար // Դաշնակության ու գեղի աստվածակերտը գոհար…»:

Տրդատը դադար է տալիս Շիրակի ճանապարհին կառուցված իջեւանատանը (այդ կառույցը պահպանվել է եւ հիմա էլ կա) եւ «մարմարի պես ջարդուփշուր»Նազենիկի մարմինը, որ «լուսարձան» ասես լիներ, իջեցնում ձիուց: Նա նոր է տեսնում ծոծրակի վերքը եւ արյան հետքը, «Որ հոսած է ծոծրակեն ժապավենի պես կարմիր»: Եվ առաջին անգամ իր կյանքում Տրդատը՝ այդ «ապառաժ մարդը», լաց է լինում: Դրանք սիրո մաքուր արցունքներ էին՝ ծնված զգացմունքների հրեղեն բռնկումից եւ իր գրկում ամփոփված չքնաղ երազի ողբերգական ավարտից:

Տրդատը Նազենիկին թաղում է մի բարդու տակ: Քուրմերը Աստղիկի երգն են երգում: Չորացող բարդին նոր կյանք է ստանում, Նազենիկի հոգին բնակվում է նրա տերեւների մեջ եւ հովերի հետ պար գալիս՝ հնչեցնելով իր բամբիռները:

Այս պոեմը գրելիս Վարուժանի համար ներշնչանքի աղբյուր կարող էր լինել Հոմերոսի «Իլիական»-ը: Ինչպես առաջին վարպետը ծանրալար քնարով, հանուն Հեղինեի աստվածային գեղեցկության, ոգեց «Իլիական»-ը՝ Մենելայոսի եւ Ալեքսանդր-Պարիսի սիրով ու խանդով, այդպես էլ իր կոփածո քնարով Վարուժանը փառաբանեց Նազենիկին եւ բորբոքեց Բակուր իշխանի եւ Տրդատ իշխանի սիրո տարերքը: Հեթանոսությունը կյանք առավ հեթանոս անցյալի ավանդույթներով:

Շարունակելի

 

Դավիթ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Բանասիրական գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s