Սկիզբը՝ թիվ 22 (2010 Նոյ. Բ)

 Իրանը մեր միակ հարեւանն է, որ պատմությունն ընկալում է որպես գիտություն, եւ ոչ` բանահյուսության ենթաճյուղ: Իրանը համեմատելի չէ իր հարեւանների հետ: Միակ հարեւան երկիրն է, ուր հարգալից վերաբերմունք կա այլոց մշակութային ժառանգության նկատմամբ, ուր ոչ միայն չեն ոչնչացնում կամ յուրացնում ուրիշի ստեղծած արժեքները, այլեւ, ինչպես տեսնում ենք, նպաստում են դրանց պահպանությանը: Մեծ մշակույթի ու մեծ պատմության տեր լինելով` չեն կարող մտածել ուրիշինը յուրացնելու կամ մանավանդ ոչնչացնելու մասին: Ընդհակառակն, անցյալ դարի 60-ական թվականներին Թեհրանում կար 6 հայկական եկեղեցի, այժմ գործում է 12 առաքելական եւ երկու հայ կաթոլիկ եկեղեցի:

Իրանի հանդուրժողական վերաբերմունքը ոչ մահմեդական, քրիստոնեական, մասնավորապես հայկական մշակութային արժեքների նկատմամբ ակամա հիշեցնում է հավատակից հարեւաններին:

Առաջին աշխարհամարտի ժամանակ պատահածը՝ իբրեւ պատգամ թե արյան կանչով, փոխանցվել է հայոց Նախիջեւանի նորօրյա տերերին: Ահա Ջուղայի խաչքարերի ջարդը, որի դեմ առաջին ընդվզողներից մեկը Նիկողայոս Մառն էր: Դարատեւ հակամշակութային այդ կռիվը «հաղթական» ավարտի հասցրեց «ադրբեջանական» բանակը: Ընդ որում, «Ադրբեջանում» հայության դեմ պայքարել են բոլոր ճակատներով: Հիշենք միայն 1926 թ. մարդահամարը, որի հրահանգիչներին կարգադրված էր իբրեւ առանձին ազգ նշել զոկերին. նպատակն ավելի քան պարզ էր. նվազեցնել հայերի իրական թիվը: (տե՛ս «Մարտակոչ», Թիֆլիս, 1927 հունվար 13): Ուրեմն, այդ քաղաքականությունը հին է եւ շարունակական…

Երկու դեպք, եւ երկուսի դերակատարը թուրք բանակն է: Առաջին աշխարհամարտից քիչ անց Թուրքիայում կոտորածներին հաջորդում է սպիտակ ջարդը. «Պաշչավուշը» ոգեւորված` հորդորում է իր զինվորներին. «Դուք այսօր սրբազան պարտականութիւն մը կատարելու կոչուած էք: Պետութեան հրամանով` հայերուն եկեղեցիները, դպրոցները, վանքերը եւ տուները, որոնք հայ անունը կը յիշեցնեն, պէտք է քանդուին, անհետացուին» (Հայկազ Գինոյեան, Տաճարի մը քանդումը. «Հայրենիք», 1966, թ. 1, էջ 66): Սրան հետեւում է շնական բացատրությունը. «Պէտք է որ քանդուին կեաւուրները յիշեցնող բոլոր շէնքերը, գերեզման եւ վանք, որպէսզի մեր յաջորդները մեր ըրածներուն տեղեակ չըլլան… որպէսզի պատերազմէն յետոյ, եթէ հայկական հարց մը մէջտեղ նետուի, մերինները ըսեն, թէ մեր երկրին մէջ հայ գոյութիւն ունեցած չէ» (անդ, էջ 67):

 

Ցեղասպանության ամենածանրակշիռ փաստերից է այն, որ Բ աշխարհամարտից (կարմիր ջարդից) առաջ՝ 1913 թ., ընդունվել է «Գաղթականների բնակեցման կանոնադրություն», իսկ 1916-ին Էնվերի հրամանը պարտադրում էր «Օսմանյան երկրում հայկական, հունական, բուլղարական եւ այլ ոչ մահմեդական ժողովուրդներին պատկանող նահանգի, գավառի, գյուղաքաղաքի, գյուղի, սարի, գետի… եւ այլ բոլոր անունների վերածումը թուրքերենի» («Ազգ», 20 նոյ., 2009. Լուսինե Սահակյան):

Թրքականության այս «տեսությունը» հաջողությամբ կիրառում են նրանց կրտսեր եղբայրները` նույն անպատկառությամբ «հիմնավորելով» բարբարոս արարքը եւ նույն հաջողությամբ օգտվելով Արեւմուտքի դավադիր լռությունից:

Պարսկաստանը մեր միակ հարեւանն է, ուրեմն, որ գիտե ստեղծագործ աշխատանքի արժեքը, հարգում է ուրիշ, թեկուզ այլադավան ժողովրդի մշակութային ժառանգությունը: (Աղթամարի վերանորոգությունը քաղաքական, քարոզչական մի քայլ էր մարդկության աչքերին փոշի մաղելու նպատակով):

Մեզ հետաքրքրում էր Իրանի նաեւ այլ հարանվանությունների վիճակը:

Օգոստոսի 1-ին՝ ժ. 1-ին, այցելեցինք Զարադուշտա (զրադաշտական) եկեղեցի, որ գտնվում է Ս. Աստվածածին եկեղեցու հանդիպակաց մայթին:

Մոգպետը սիրալիր ընդունեց եւ երկար բացատրություններ տվեց, հանգամանորեն պատասխանեց մեր հարցերին: Սրանք պահլավ-փեհլեւի են, ունեն 48 գիր, որ, ինչպես հավաստում է կրոնապետը, թույլ է տալիս գրանցել թռչունների ձայները:

Զրադաշտի երեք սկզբունքներն են` բարի կամք, բարի խոսք, աղոթք՝ առանց սակարկության: Խնդրում են առողջություն, խաղաղություն… Մատաղ չեն անում, աղքատներ չունեն. իրար օգնում են ամեն կերպ: Թեհրանում նրանց թիվը մոտավորապես 20.000 է: Տանը խոսում են իրենց մայրենի լեզվով, Ս. Գիրքը Ավեստան է: Արարողությունները տեղի են ունենում շաբաթ եւ կիրակի օրերին, կողմնակի մարդիկ կարող են այցելել եւ հետեւել ծիսակատարությանը: Ցավոք, չհաջողվեց ներկա գտնվել պաշտոներգության:

Հին ու Նոր աշխարհի տարբեր գաղթավայրերում հայն ստեղծել է իր քաղաքները` հայաքաղաքներ, որոնք ծաղկել, նշանավոր են եղել իրենց մշակույթով, սեփական դիմագծով: Բախտ չեմ ունեցել տեսնելու մեծահռչակ Նոր Նախիջեւանը: Ինձ վիճակվել է լինել, օրինակ, հայ-ճենովական Կաֆայում, որ Ղրիմի` երբեմնի «Ծովային Հայաստանի» ոստանն էր, միջնադարյան հայ մշակույթի կենտրոններից մեկը, որ, սակայն, այսօր լավագույն դեպքում լոկ պատմական հուշարձան է: Ըստ ամենայնի՝ բացառիկ է Նոր Ջուղան, որովհետեւ ապրո՛ղ, հարատեւող պատմություն է: «Աստուծոյ օրհնած ու շէն» Սպահանը` Թեհրանից հարավ 450 կմ:

 

Հիրավի, լավ է տեսնել մեկ անգամ, քան տասն անգամ լսել: Որքան եւ գրականությունից ծանոթ ես այս քաղաքին, դա անբավարար է ճանաչելու երեւույթը: Մեծ գաղթի պատմությունը հայտնի է: Շահ-Աբասը Հին Ջուղայի հայերին տեղավորել է իր աթոռանիստ Սպահանի հարավային մասում՝ Սոֆի լեռան եւ Զայանդերուդ գետի միջեւ: Այս գետը ճակատագրականորեն մեծ դեր է կատարել քաղաքի բարգավաճման գործում, եղել է նրա կյանքի աղբյուրը:

Քաղաքին, նրա պատմությանը ծանոթանալուն նպաստեցին տ. Զոյան եւ պ. Վազգենը. 3-4 օր առաջնորդեցին մեզ՝ փողոց առ փողոց ծանոթացնելով մեծահռչակ քաղաքի անցյալին ու ներկային: Թանգարանում մանրամասն բացատրություններ տվեց պ. Ժոզեֆը՝ Մադրասի Մարդասիրականի շրջանավարտ, նկարիչ: Այս ճանաչողությանն իրենց նպաստը բերին թեմական խորհրդի ատենապետ պ. Վրեժ Տեր-Մարտիրոսյանը, անշուշտ, նաեւ Նոր Ջուղայի պատմության ու մշակույթի նվիրյալ հետազոտող Լեւոն Մինասյանը:

Լինելով տնտեսապես բավական հզոր եւ ստեղծագործ համայնք` հայերն անմիջապես ծավալել են շինարարական աշխատանքներ, ծաղկեցրել հսկայական ամայի տարածքը, կարճ ժամանակում շենացրել այն, կառուցել երկուսուկես տասնյակ եկեղեցի (այժմ դրանցից գործող են տասներեքը), որոնք նոր խոսք են հայ եկեղեցաշինության ասպարեզում: Դրանց նախաձեռնողները Ջուղայի մեծահարուստ, աշխարհատես խոջաներն էին, որ տպավորված այս կամ այն երկրի ճարտարապետությամբ, արվեստով` աշխատում էին օգտագործել ուրիշների, այդ թվում եւ տեղացիների փորձը, ստեղծել ինքնատիպ կառույցներ: Հնագույններից է Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի եկեղեցին, իսկ ամենաշքեղը, թերեւս, Ս. Ամենափրկիչն է, հետո` Ս. Բեթղեհեմը, Ս. Աստվածածինը, Ս. Մինասը: Գեղարվեստական արդարանքն ապահովել են ԺԷ դարակեսի նկարիչները` վարպետաց վարպետ Մինասը, Հովհաննես Մրքուզ Ջուղայեցի վարդապետը, Հակոբջանը, տեր Ստեփանոսը, Ավետը, Մարտիրոսը, Կիրակոսը, Բարսեղը, Կարապետը… Դատելով նկարազարդումներից՝ կարելի է ենթադրել, որ նկարիչներից ոմանք նույնպես եղել են տարբեր երկրներում, մասնավորաբար Իտալիայում, կենտրոնական Եվրոպայում, եւ համապատասխան «սրբագրումներ» են արել որմնապատկերներ ստեղծելիս: Թերեւս ամենանշանակալից նորույթն այն է, որ հայ եկեղեցուն բնորոշ՝ ավանդական որմնանկարներին այստեղ փոխարինել է յուղաներկը:

Ս. Ամենափրկիչի պատերը երեք շերտի, երեք գոտու են բաժանել: Վերին երկու շարքն աստվածաշնչական պատմություններին է նվիրված: Առաջինը վերաբերում է Հին Կտակարանին, միջինը` Նորին: Ներքեւում այլեւայլ զարդանախշեր են: Ընդ որում, Հնի եւ Նորի զուգադրելի ավանդությունները պատկերված են զուգահեռաբար: Հին Կտարարանի ավանդության պատկերի տակ զուգադրված են Նոր Կտակարանի համանման դրվագները. ասենք` մի կողմից Դանիել մարգարեի եռօրյա կեցությունը կետի փորում ու ելնելը, մյուս կողմից` Քրիստոսի թաղումը եւ հարությունը երեք օր անց: Համանման պատկերազարդում ունի Ս. Բեթղեհեմը. այստեղ հատկապես խնամված է բեմի գեղարվեստական արդարանքը:

Առանձին հետաքրքրություն ունեն եկեղեցիների այն որմնանկարները, որոնք հայկական նյութ են արծարծում: Հովհաննես վարդապետ Ջուղայեցին (Քռթեշենց) ԺԷ դարի կեսերին եվրոպական ուղեւորությունից վերադառնում է Հայոց դարձին վերաբերող նկարների տպագրական կաղապարներով, որոնք, ինչպես գրում է Կորյուն արք. Պապյանը, մնացել են անտիպ, բայց նախօրինակ են ծառայել եկեղեցու որմնանկարներին: Վերոհիշյալ նկարիչները հարազատ են մնացել այդ նկարների մտահղացմանը, հորինվածքին՝ բնականաբար հայկականություն մուծելով, ավելի ճիշտ` հնարավորին չափ մեղմելով օտարաշունչ տարրերը պատկերների մեջ: Դա ակնհայտորեն երեւում է հատկապես բնաշխարհի եւ գործող անձանց տարազի մեջ: Սկզբնագրի եվրոպական հագուստը փոխարինված է տեղականով: Որմնանկարներից այս առումով եւս հատկապես հետաքրքիր են Հայոց դարձի պատմությանը նվիրվածները: Այս պատկերների ետնախորքն է, որ ամբողջովին մուծել են հայ նկարիչները: Մասնավորապես Գրիգոր Լուսավորչին նվիրված դրվագներում պատկերված են Մասիսը, Վաղարշապատի եկեղեցիները։ Մեկ շրջանակի մեջ ի ցույց է հանված դարձի պատմությունը. տոկալով անասելի չարչարանքներին` Գրիգոր Լուսավորիչն ապահովել է իր գործի հետագա ընթացքը, եւ դիտողը տեսնում է հաջորդ փուլը` եկեղեցաշինությունը, որ վկայությունն է Լուսավորչի հաղթանակի: Մանավանդ որ նա առաջին հերթին դարձի է բերում հենց իրեն չարչարողներին:

Ամենամեծը Ս. Բեթղեհեմ եկեղեցու գմբեթն է: Սա ունի իր պատմությունը. Կտրում են շահի մզկիթի հոյակապ գմբեթը կառուցող վարպետի աջը, որպեսզի այլեւս նորը չկառուցի, բայց նա մեկ ձեռքով կառուցում է այս գմբեթը` առավել սքանչելի: Խոջա Նազարի պողոտայով հազարավոր ծանր բեռնատարների անցուդարձի պատճառով՝ հոյակապ գմբեթը ճաքեր է տվել, եւ 1970 թ. Իրանի «Մշակույթ եւ արվեստ» հնագիտական հիմնարկությունը նորոգել է, հուսալիորեն գոտեւորել երկաթով:

Հայ եկեղեցաշինության ակնառու նորամուծություն է հախճապակու լայն կիրառությունը։ Ս. Գեորգի հախճապակին ներկայացնում է Ավետումը, Հիսուսի ծնունդը, Մոգերի երկրպագությունը եւն: Երկու սալիկ պատկերում են Ս. Գեորգին: Այսպես եւ` մյուսները:

Եկեղեցիների մեջ հախճապակու առատ կիրառությունը, աստվածաշնչական ավանդապատումների պատկերազարդումը դրանցով, հայերեն մակագրությունները թույլ են տալիս ենթադրել, որ դրանք արտադրվել են հենց Նոր Ջուղայում` եկեղեցաշինության բուռն վերելքի տարիներին:

Հանրահայտ է, որ Աբասը խրախուսել է հայերի բոլոր ձեռնարկումները, այդ թվում` եկեղեցաշինությունը, հետաքրքրվել ծիսակատարություններով: Պատմում են, որ Ս. Աստվածածին եկեղեցու գմբեթի տակ, փայտամած պատշգամբին նստած, նա հետեւել է Ջրօրհնյաց արարողությանը: Շահը, ինչպես հայտնի է, տեսել է, որ հայերը կարոտում են իրենց հայրենիքը: Եվ որպեսզի նրանք չմտածեն վերադառնալու մասին, որոշում է իր մայրաքաղաք տեղափոխել Ս. Էջմիածնի վանքը: Հայ խոջաներին հաջողվում է ետ պահել նրան այդ աղետալի գաղափարից: Այնուամենայնիվ, մեկուկես տասնյակ քար բերում են Մայր տաճարից, եւ այժմ դրանցից մի քանիսը կարելի է տեսնել Ս. Գեորգ եկեղեցում: Երեք կիսասյուն տեղադրված են Ս. Գեորգի սեղանի տակ, մի քանի քար (7) մոմավառության սրահում են:

Ս. Ամենափրկիչ Մայր տաճարը Նոր Ջուղայի կարեւորագույն տեսարժաններից է, եւ ոչ լոկ այն պատճառով, որ նրա նկարազարդումները բարձր արվեստի նմուշներ են: Այստեղ կան եւ խորհրդանիշ դարձած նորակերտ հուշարձաններ: Մեսրոպ Մաշտոցի, Խաչատուր Կեսարացու, Պարույր Սեւակի, Հովհաննես Շիրազի կիսանդրիները զարդարում են եկեղեցու բակը: Առաջին երեք քանդակի հեղինակը Զավեն Այվազյանն է, իսկ չորրորդինը` պարսիկ քանդակագործ Ջաֆար Նաջիբին:

Պարսկահայերը գերեզմանոց բառը հաճախ չեն գործածում: Նախընտրում են, այսպես ասած, քնարական այլասություն` էֆֆեմիզմ: Նոր Ջուղայի գերեզմանոցը հանգստարան է, Թեհրանինը` բուրաստան կամ նոր բուրաստան: Ավելի քան չորս հարյուրամյա մեծարժեք Հանգստարանն զբաղեցնում է Նոր Ջուղայի եւ Սոֆի լեռան միջակա տարածությունը` շուրջ 300.000 քառակուսի մետր: Այստեղ հաշվվում է մոտավորապես 50.000 տապանաքար. թաղված են նշանավոր տոհմեր (ինչպես` Աղազարյան-Լազարյաններ), խոջաներ (Խոջա Պետրոս Վելիջանյան), հոգեւորականներ, գիտնականներ ու մշակույթի գործիչներ (Հովհաննես Մրքուզ Ջուղայեցի), աշուղներ (Ղուլ Էգազ): Երկու հարյուրից ավելի օտարերկրացիներ եւս իրենց վերջին հանգրվանը գտել են այդտեղ. կաթոլիկներ, բողոքականներ, հուդայականներ, ֆրանսիացի, հոլանդացի, ռուս, լեհ, հրեա, անգլիացի, գերմանացի, ասորի, համապատասխանաբար կան տապանագրեր` հունարեն, լատիներեն, լեհերեն…

Կան չափածո տապանագրեր, այդ թվում` հայրենի չափով: Ահավասիկ Խոջա Նազարի (+ 1636) տապանագիրը, որ հիշեցնում է Պղնձե քաղաքի կաֆաները.

 

Ա՜ իմ աննման խոջայ, որ չկար յաշխարհս քեզ նման,

Դու էիր իշխան բարի եւ քո փառքդ` յոյժ զանազան,

Ամէն թագաւորք երկրի, պարոնայք եւ սուլթան ու խան

Սիրով պատուէին զքեզ, մանաւանդ Շահ Աբաս արքայն…

 

Պայազատ Խոջա Ավետիքը (+ 1670) եղել է բոլորի սիրելին, բանիբուն գիտնական.

 

Սա հաւատոյ էր ախոյեան,

Ի մէջ պարսից եւ հրէական,

Ընդ նախարարս խօսէր սա բան

Եւ յաղթելով առնէր կոխան…

 

Մոտ երեք մետրանոց տապանաքարի տակ հանգչում է Կարապետ Ձագահարույց վարդապետը՝ մահացած 1606-ին: Հայրենիքից բերած ավանդությունն ասում է, որ վանքում մի հորթ են մորթում, որի վշտացած մայրը տառապում է եւ կաթ չի տալիս: Վարդապետը հորդորում է փոքրավորներին` հավաքել հորթի անդամները նրա կաշվի մեջ, ապա ծունկի եկած աղոթում է՝ Աստծուց խնդրելով վերակենդանացնել: Կատարվում է հրաշքը, եւ մայր կովը խաղաղվում է: Այնուհետեւ Կարապետ վարդապետին անվանում են Ձագահարույց: Այս կոչումն ու հրաշքը հիշեցնում են սբ Գրիգոր Նարեկացուն վերաբերող ավանդությունը:

Կան տապանաքարեր` կոտրած անկյուններով: Այս հանգամանքն ունի իր պատմությունը. ԺԶ դարի վերջին եւ հաջորդ դարասկզբին շահ Սուլթան Հուսեինը շեղվում է իր նախորդների քաղաքականությունից, հալածանքներ սկսում հայերի նկատմամբ: Մասնավորապես հետեւողականորեն աշխատում է դավանափոխ անել նրանց, եւ երբ բոլոր փորձերը ձախողվում են, որոշում է գոնե «հավատափոխ անել»… հանգուցյալներին. նրա առաջադրանքով կոտրում են տապանաքարերի անկյունները` իբրեւ թլփատության նշան: Այսպիսի ավանդություններով հարուստ է Նոր Ջուղայի հանգստարանը…

Հայտնի է, որ շատ ճոխ եւ նշանավոր է Նոր Ջուղայի թանգարանը, որ դարերը շաղկապում է իրար, եւ որին, դժբախտաբար, չհաջողվեց ի մոտո ծանոթանալ: Այստեղ պահվում են վավերագրեր 11 լեզվով: Ձեռագրատունն ունի ավելի քան 750 մատյան: Մեզ առանձնապես հետաքրքրում էր թ. 72 գրչագիրը` «Ողբերգութիւն ի վերայ մահուանն Պիզարրոսին, սպարապետին Սպանիացւոց», որ 1833-ին թարգմանվել է իսպաներենից, «Ի Սէթ Սամ կրտսերէ օրինակեալ աշխատութեամբ Յովսէփոս Տատուր Փարսադանէ», Հնդկաստանի Պինանգ քաղաքում, եւ որ տեսնել չհաջողվեց:

Թանգարանն ունի Հովհաննես Խան Մասեհյանի, Գալուստ Շիրմազանյանի, Ալ. Շիրվանզադեի, Նար-Դոսի ինքնագրերը: Այստեղ պահվում է վերջինիս «Ողորմութիւն» բանաստեղծությունը:

Իրանահայերը երկաթե վարագույրի անկումից հետո աշխույժ երթուդարձ ունեն. շատերը ցանկանում են երկքաղաքացիություն ընդունել, Երեւանում ձեռք են բերում բնակարաններ, խանդավառ են հայրենիքով: Ոմանք դժգոհում են մեր մայրաքաղաքի փողոցների, հեռուստահաղորդումների աղտոտությունից: Իրանահայ երեք թեմերը նույնպես սերտորեն կապված են հայրենիքի հետ, ըստ հնարավորության՝ բարեգործական այցեր են կատարում: Մասնավորապես Թեհրանի թեմական խորհրդի ատենապետ դոկտ. Աիդա Հովհաննիսյանն այդպիսի առաքելությամբ եղել է գրեթե ամենուր` Մեղրիից մինչեւ Ջավախքի ամենահեռավոր գյուղերը:

Արշակ ՄԱԴՈՅԱՆ

Բանասիրական գիտ. դոկտոր

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s