ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԱՌԱԿՆԵՐ

 Մեր հյուրն է Բյուրավանի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Ղազար քհն. ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

 Սկիզբը՝ թիվ 22 (Նոյ. Բ)

— «Դարձյալ՝ Երկնքի արքայությունը նման է արտի մեջ թաքցված գանձի, որ մի մարդ, գտնելով, նորից թաքցնում է. եւ ուրախությունից գնում վաճառում է իր ամբողջ ունեցածը եւ այդ արտը գնում է» (Մատթ. ԺԳ 44)։ Ինչո՞ւ է Տերն Արքայությունը գանձի նմանեցնում, այն էլ՝ թաքցված գանձի։

— Դարձյալ ըստ Օրմանյան պատրիարքի՝ Տերն այս առակով Ավետարանին տրվելիք պատվի մեծությունն է բացատրում։ Ավետարանը (տվյալ դեպքում՝ Երկնքի արքայության ճանապարհը, հավիտենական կյանքի հույսը) մի այնպիսի մեծ գանձ է եւ այնպիսի ապագա հարստություն է ապահովում, որ արժե ամեն բան թողնել, ամբողջ ունեցածն անտեսել (նյութական կարողություն, աշխարհի վայելքներ) եւ այդ ամենի փոխարեն Ավետարա՛նը ստանալ, որը ստույգ երջանկության եւ ճշմարիտ երանության գրավականն է։ Մարդու համար չի կարող լինել ավելի մեծ գանձ, քան հոգու փրկությունը։ Եվ այդ գանձը թաքցված է աշխարհի արտի մեջ, մեր մտքի ու սրտի հեռավոր ծալքերում։ Եվ ահա երբ գտնում ենք այդ Գանձը՝ Քրիստոսին, մնացած բոլոր արժեքները ստորադասվում են։ Ուրեմն, հանուն մեր հոգու փրկության, մենք պիտի կարողանանք անտեսել մեր ամբողջ ինչքը եւ մեր ամբողջ հոգով, սրտով ու էությամբ հետեւել Քրիստոսին։ Որովհետեւ մեր Տերն ասաց. «Ով իր խաչը չի վերցնում եւ Իմ ետեւից չի գալիս, Ինձ արժանի չէ» (Մատթ. Ժ 38)։ Այսինքն՝ շատ խիստ դրվեց Քրիստոսին հետեւելու հանգամանքը, որովհետեւ Քրիստոսին հետեւել, Քրիստոսին ունենալ՝ նշանակում է մեծագույն գանձին տիրել։ Իսկ ո՞վ կարող է այդ գանձին տիրել՝ առանց վճարելու։ Տաթեւացին էլ գրեթե նույնն է ասում, թե Աստված այս կյանքը մեզ ձրի տվեց, սակայն Արքայության համար պիտի վճարենք բազում աշխատությամբ։ Եվ չպետք է տրտմել Ավետարանի հարուստ երիտասարդի նման, որն իր «մանկությունից ի վեր» պահել էր բոլոր պատվիրանները, սակայն Տիրոջ խոստացած գանձի դիմաց քաջություն չունեցավ վաճառելու իր ունեցվածքը եւ բաժանելու աղքատներին…

— Հինգերորդ առակը շատ նման է իր նախորդին. «Երկնքի արքայությունը նման է մի վաճառականի, որ գեղեցիկ մարգարիտներ էր որոնում. եւ գտնելով մի թանկարժեք մարգարիտ՝ գնաց վաճառեց իր ամբողջ ունեցածը եւ այդ մարգարիտը գնեց» (Մատթ. ԺԳ 45-46)։

 

— Անկասկած նման է՝ փոքրիկ տարբերությամբ. մի դեպքում հողագործն է, մյուսում՝ վաճառականը, որը, ի դեպ, հենց «մարգարիտներ էր որոնում»։ Գեղեցիկ մարգարիտներ փնտրող վաճառականն իր արհեստավարժության շնորհիվ անմիջապես ճանաչեց գեղեցկությունը եւ հասկացավ, որ դրանից հարյուրապատիկ օգուտ է ստանալու, ինչի համար «վաճառեց իր ամբողջ ունեցածը եւ այդ մարգարիտը գնեց»։ Որոշ վարդապետներ այս առակն այլ կերպ են մեկնում, որը նույնպես հետաքրքիր է. Քրիստոսը, գտնելով մարդկային հոգու թանկարժեք մարգարիտը, Իր իսկ սրբազան կյանքը զոհաբերեց եւ Իր արյամբ գնեց այդ մարգարիտը՝ մարդկության փրկության համար։

— Վերջապես՝ «Երկնքի արքայությունը նման է ծով նետված ուռկանի, որ ամեն տեսակ բան է հավաքել. երբ լցվել էր, այն ցամաք հանելով եւ նստելով՝ լավերը մի առ մի հավաքեցին ամանների մեջ, իսկ անպետքը դուրս գցեցին» (Մատթ. ժԳ 47-48)։

 

Ո՞րն է ա՛յս առակի առանձնահատկությունը։

 

— Այստեղ մի շատ կարեւոր հանգամանք կա, որը նախորդ առակների մեջ չի շեշտադրվում. դա ոմանց անարժանության գաղափարն է։ Այս դեպքում մեկնությունն Ինքը Հիսուսն է ավելացնում՝ առակը պատմելուց անմիջապես հետո. ուռկանների՝ ջրից հանվելն աշխարհի վախճանն է, ձկնորսները հրեշտակներն են, լավ ձկները՝ արդարները, անպետք ձկները՝ չար քրիստոնյաները, ամաններից դուրս գցվելը կամ որ նույնն է՝ ետ նետվելը՝ դժոխքի կրակին դատապարտվելն է եւ այլն։ Այս գաղափարը եւս Ավետարաններում զանազան առիթներով արծարծվում է շատ անգամ, ինչպես ոչխարների եւ այծերի, Տիրոջ խոսքը եւ պատգամները բազմապատկված (տոկոսով) հատուցողների եւ ծուլացողների եւ այլ օրինակներով։ Եվ իսկապես. Քրիստոսին հետեւող յուրաքանչյուր անձ նույն չափով ընդունելի չի կարող համարվել։ Իսկապես որ ուռկանի մեջ լինում են անպետք ձկներ, սրանց մեջ էլ կան անպիտաններ, կեղծավորությամբ հետեւողներ, որոնք, երբ ժամանակը գա, պիտի զատվեն լավերից, այսինքն՝ ճշմարիտ հավատացյալներից։ Օրինակները բազում են. սուրբ ավազանում կնքվողների մեջ արդյո՞ք բոլորն են մինչեւ վերջ պահում մկրտությամբ ստացած հավատքն ու շնորհը։ Կամ, ասենք, երեխա ժամանակ մկրտվում են, բայց մեծանալով՝ ինչ-ինչ պատճառներով իսպառ հեռու են մնում սրբությունից, հավատքից, աստվածպաշտությունից։ Էլ չեմ խոսում այն մկրտվածների մասին, որոնք հայտնվել են աղանդավորական ծուղակներում։ Անշուշտ, մեզ չէ, որ տրված է դատելու եւ լավը վատից զատելու իրավունքը, այլ միայն՝ տիեզերքի Արարչին, ամենատես Աստծուն։ Եվ որքան էլ հավատքի կյանքով չապրած մեկն ինքն իրեն համոզի, որ լավ քրիստոնյա է, ահեղ դատաստանի ժամանակ դա չի օգնելու։ Աստված շատ լավ է ճանաչում նրանց, ինչպես այն մարդկանց, որոնք սրտանց պաշտել եւ իրենց կյանքից առավել են սիրել Աստծուն, որոնք հանապազ լաց են եղել իրենց մեղքերի համար եւ շարունակ աճեցրել են իրենց առաքինության գործերը։

Ուրեմն՝ եթե մենք տկար ենք եւ իրավունք չունենք զանազանելու մարդկանց, ապա Աստված շատ լավ գիտի ամեն ինչ եւ ահեղ դատաստանին ամենայն արդարությամբ դատելու է բոլորիս։ Նրան փառք եւ երկրպագություն։ Ամեն։

Հյուրընկալեց Հայկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s