Սկիզբը՝ թիվ 22 (2010 Նոյ. Բ)

 Կ. Պոլսի Աստածատուր պատրիարքը, հուսահատված պատրիարքարանի ձեռնտվությունից, համաձայնության եկավ Եղիազար Այնթապցու հետ՝ վստահելով նրա վարչական եւ դրամական կարողություններին, եւ խոստացավ նրան հանձնել Երուսաղեմի Աթոռը՝ փոխանորդի իրավունքով, եթե գործերը հաջող գնան։ Նրանք Ռուհիջան Վանեցու միջնորդությամբ ուղղակի դիմում են մեծ վեզիր Բոյնուեյրիին եւ ստանում հրովարտակ՝ հաբեշների սեփականությունները հայերին հանձնելու վերաբերյալ։ Եղիազար Այնթապցին այդ հրովարտակով վերադառնում է Երուսաղեմ եւ տիրանում այդ կալվածքներին ու վերահաստատում հայոց իրավունքը Բեթղեհեմի տաճարի վրա։ Այդ կապակցությամբ պատմվում է, որ Եղիազարը հայոց վանքում գտնում է 200000 դահեկանի արժողությամբ ոսկի եւ արծաթ դրամներ, որոնք պահել էր Գրիգոր Պարոնտերը։

Եղիազարը դրանով խիստ ուժեղացավ, գումարների մի մասն սկսեց գործածել, իսկ մյուս մասը գաղտնի տեղերում պահեց։ Սակայն այս կացությունը երկար չտեւեց։ Բոյնուեյրիի տեղը գրաված մեծ վեզիր Քյոփրյուլի Մեհմեդ փաշան հնարավորություն տվեց հույներին՝ հատուկ հրովարտակով տիրելու հաբեշների կալվածքներին, իսկ Եղիազարը ձերբակալվեց՝ իբրեւ հանցապարտ։ Աստվածատուրը ոչինչ անել չկարողացավ, եւ հույները նոր հրովարտակ ստացան՝ Սբ Հակոբը գրավելու համար։ Եղիազարը թաքնվեց, Աստվածատուրն էլ հուսահատ վերադարձավ Երուսաղեմ։ Երուսաղեմի կուսակալ Հասանը եւ Գազայի կուսակալ Հուսեյնը հապաղեցին կիրառել հրովարտակը, քանի որ շահագրգռվեցին Ասատուրի եւ Եղիազարի կողմից։ Դրանից հետո նրանք հիշյալ փաշաների միջոցով կարողացան շահագրգռել Դամասկոսի մեծ կողմնակալ Թիյարօղլուին, որն սկսզբում բանտարկել էր Եղիազարին, բայց հետո արձակել էր՝ նրանից վերցնելով Սբ Հակոբ մայրավանքի բանալիները՝ որպես ավանդ։ Դամասկոսի մեծ կուսակալը հայանպաստ նամակ ուղարկեց Քյոփրյուլիին։ Դրանից էլ առաջ Աստվածատուրը եւ Եղիազարը Դավիթ Բերիացի եպիսկոպոսին մեծ գումարով ուղարկել էին Ռուհիջան Վանեցու մոտ, որը Երուսաղեմի փոխանորդությունն էր ստանձնել։ Այս ամենը, սակայն, առանձին օգուտ չտվեց, եւ Քյոփրյուլին կրկնեց իր հրովարտակը՝ վանքը հույներին հանձնելու մասին, եւ Եղիազարին կարգարդրեց գալ Կ. Պոլիս՝ որպես գլխապարտ։ Հայերը հեռացվեցին վանքից, իսկ Եղիազարը չբռնվելու համար այս ու այն կողմերում էր դեգերում։ Այսպես շարունակվեց մինչեւ հաջորդ տարի՝ 1657-ի Զատիկը, այսինքն՝ մարտի 29-ը։ Թիյարօղլուն առժամանակ ներեց հայերին, թույլ տվեց Զատիկը կատարել Սբ Հակոբի վանքում՝ պայմանով, սակայն, որ բանալիները ետ են վերադարձվելու, եւ վանքը կնքվելու է։ Քյոփրյուլին զայրացավ դրա վրա եւ կրկնեց իր հրամանը։ Այնպես որ՝ շփոթ կացությունը շարունակվեց։

Վիճակը բարվոք չէր նաեւ Կ. Պոլսում, որտեղ պատրիարքությունը կառավարվում էր տեղակալության ձեւով, ինչը լոկ անկարգությունների պատճառ էր դառնում։ Քաղաքի վեց եկեղեցիների ավագները գործում էին ինչպես կամենան եւ հաճախ կռվում էին իրար հետ։ Կաֆացին, որ փոխանորդ էր, ուժ չուներ նրանց կարգի հրավիրելու։ Դրանից օգտվեց սեբաստացի աբեղա Ղազարը, որն Էջմիածնում չկարողանալով վարդապետության հասնել՝ վերադարձավ Կ. Պոլիս եւ ձեռնադրվեց Կաֆացու կողմից։ Երկուսով սկսեցին չարախոսել Էջմիածնի հասցեին՝ վատաբանելով նախորդ պատրիարք Մուղնեցուն, որը զրկվելով պատրիարքությունից՝ վերադարձել էր Էջմիածին։ Կ. Պոլսի Սբ Նիկողայոսի եւ Սբ Աստվածածնի թաղերը դարձան նրանց կենտրոնները, սակայն նրանց շաղակրատությունները լոկ առաջ բերին ժողովրդի զայրույթը, հատկապես՝ Ղազարի վրա։ Վերջինս ստիպված եղավ թաքնվել։ Այդ ժամանակ Կ. Պոլսում էր գտնվում Կիլիկիայի կաթողիկոս Թորոսը, որը 1653-ին հաջորդել էր Ներսես Սեբաստացուն։ Ասենք, որ սեբաստացի էր նաեւ Թորոսը։ Սա մահացավ 1657 թվի ապրիլի 29-ին՝ Կ. Պոլսում։ Մարտիրոս Կաֆացին, որ 1657 թվի փետրվարին Երուսաղեմ էր գնացել, վերադառնում է եւ Խաչատուր Սեբաստացու հետ Սամաթիայի Սբ Գեւորգ եկեղեցում մասնակցում Թորոսի հուղարկավորությանը։ Նա թաղվեց Բալըքլուի գերեզմանատանը։ Դրանից օգտվում է Խաչատուր Սեբաստացին՝ գրավելով Թորոսի տեղը։ Ստանալով հրովարտակը՝ նա գնում է Սիս եւ 1657 թվի հունիսի 17-ին օծվում կաթողիկոս։ Ղազարն էլ, հարելով Խաչատուրին, Տիվրիկի վիճակում ձեռնադրվում է եպիսկոպոս՝ անշուշտ կաթողիկոսության հարցում նրան օգնած լինելու համար։ Սակայն շատ չանցած՝ նա կրկին գալիս է Կ. Պոլիս՝ նոր բանադրություններ եւ ոտնձգություններ սկսելու։ Կաֆացին էլ գնացել էր իր քաղաքը՝ այնտեղից միջնորդություն ստանալու հույսով։ Թիյարօղլուն, տեսնելով հայերի թուլանալը եւ կորցնելով նրանցից շահ ստանալու ակնկալիքները, ինչպես նաեւ հաշվի առնելով Քյոփրյուլի վեզիրի՝ իր վրա զայրանալը, 1657 թվի մայիսի 17-ին Սբ Հակոբի բանալիները հանձնեց հույներին, որոնք տիրացան վանքին եւ նրա հարստություններին եւ մեծ դուռը փակեցին հայերի առաջ՝ թույլ տալով նրանց մտնել միայն կողմնակի մուտքից։ Ուժեղացան հայերի դեմ նախատինքները եւ հոխորտանքները։ Թվում էր, թե հույների հաղթանակը վերջնական է, երբ մի պատահար փոխեց կացությունը։ Մեծ դավաճանություն բացվեց Կ. Պոլսում, որի պատճառով 4000 մարդ սպանվեց, եւ նրանց դիակները նետվեցին ծովը։ Իշխանությունների ձեռքն ընկան հույների պատրիարքի նամակները, որոնք նրան հանցապարտ էին դարձնում։ Նրան կախեցին Փարմաքքաբուում՝ իր պաշտոնական տարազով, իսկ հետո դիակը նետեցին ծովը։ Շատ հույներ էլ հետապնդվեցին, եւ անգամ Երուսաղեմի հույն պատրիարքը ստիպված եղավ փախչել եւ թաքնվել։

Քյոփրյուլի վեզիրը դրանից քիչ առաջ կամենում էր հայերի գործերը կարգադրել, ուստի մտածում էր պատրիարք կարգել եւ այդ պատճառով բանտարկել էր տվել տեղակալներին։ Սրանք, 10000 դահեկան տուգանք վճարելով, ազատվեցին եւ պատրիարքարանի համար տարեկան 100000-ի դրամը բարձրացնելով 140000-ի՝ հույս ունեին, որ պատրիարքի ընտրությունը հետաձգված է։ Սակայն Թովմաս Բերիացին Ադրիանապոլսում ներկայացավ մեծ վեզիրին եւ պատրիարքարանի տուրքը 400000-ի բարձրացնելով՝ ստացավ պատրիարք կոչվելու հրովարտակ։ Նա սկզբում, իբրեւ փոխանորդներ, ուղարկում է Նիկողայոս Թլկուրանցի եւ Դավիթ Բերիացի վարդապետներին եւ Աստվածատուր Վանեցի երեցին։ Նրանցից անմիջապես հետո՝ 1657-ի մայիսի 13-ին, փոխվեզիր Սինան փաշայի հետ ինքն էլ գալիս է Կ. Պոլիս։ Մ. Օրմանյանը, թվականները համադրելով, ցույց է տալիս, որ դա եղել է Սբ Հակոբի գրավման օրերին։ Աստվածատուր երեցը, որը հայտնի է նաեւ Թըլթըլ (այսինքն՝ թոթովախոս) մականունով, ձեռներեց քահանա էր, որի անունով անգամ խմբակցություն ձեւավորվեց։ Նա հարեց Թովմաս Բերիացուն, լատինասիրության կեցվածք ընդունեց, չնայած շարժառիթը խմբակցության պառակտումն էր։

Հատկապես խռովյալ եղավ 1657 թվի երկրորդ կեսը։ Հույների դավաճանության բացահայտումը կարող էր հայերի համար նպաստավոր կացություն ստեղծել, բայց Թովմասի բռնած գիծը լոկ ուժեղացրել էր ներքին պառակտումը։ Տեղակալների խումբը հասավ 24 հոգու՝ հովանավոր ունենալով Ռուհիջան Վանեցուն։ Պատմությունը պահպանել է դրանցից 15-ի անունները։ Միաժամանակ ապստամբեցին փոքրասիական 18 կուսակալներ՝ Հասան փաշայի գլխավորությամբ, որոնք պահանջում էին Քյոփրյուլիի հրաժարականը։ Ապստամբների մեջ էր նաեւ Թիյարօղլուն, որին միացել էր Եղիազար Այնթապցին՝ կամենալով նրա միջոցով հույներից ազատել Սբ Հակոբի վանքը։ Թիյարօղլուն հարելն էլ ավելի ատելի դարձրեց նրան կառավարության աչքում, ու նաեւ այդ պատճառով հայերի գործերը դրական ընթացք չէին ստանում։ Իր հերթին Ռուհիջանը եւ մի քանի տեղակալներ Ադրիանապոլսում բողոքեցին Թովմասի պատրիարքության դեմ։ Նրանց քշեցին, իսկ Թովմասն իր պատրիարքությունը հաստատող նոր հրովարտակ ստացավ։ Սակայն ժողովուրդը չընդունեց նրա պատրիարքությունը։ Թովմասն անգամ Գումգաբուի պատրիարքարան մտնել չկարողացավ։ Նա հաստատվեց Սամաթիայի Սբ Գեւորգ եկեղեցում՝ շրջապատված Բոստանջի գնդի պահակներով, որոնց վճարում էին 20 քսակ։ Այս վիճակը շարունակվեց մինչեւ 1658 թ. առաջին կեսը։

Հայերի համար, անշուշտ, մեծ նվաստացում ու փորձանք էր Սբ Հակոբի վանքի գրավումը հույների կողմից, սակայն դա մի տեսակ մղվում էր երկրորդ պլան՝ Թովմասի բռնակալ պատրիարքության պատճառով։ Վիճակն էլ ավելի սրվեց, երբ Թովմասը հրովարտակ ձեռք ձգեց, որով Երուսաղեմն էլ ներառվում էր նրա ենթակայության ներքո։ Տեսնելով, որ չեն կարող Թովմասի՝ կաշառք տալու դեմն առնել, նրա հակառակորդները կառավարության առաջ նրան մեղադրեցին տասը տարի Հռոմում մնալու, ֆրանկների հետ համագործակցելու եւ նրանց տարազն ու կենցաղը ընդունած լինելու մեջ։ Այս հաստատելու համար վկայներ էլ ներկայացրին կառավարությանը։ Փոխվեզիր Սինանը դատ բացեց Թովմասի դեմ եւ 1658 թվի հուլիսի 3-ին նրան, իր փոքրավոր Մելիտոն աբեղայի հետ, բանտարկեց մահապարտների՝ Քանլըկույու բանտում։ Հայ ազգային գործիչները, սակայն, պահանջում էին նրան վերացնել կամ էլ աքսորել պետության հեռավոր վայրերը, քանի որ վախենում էին, որ կաշառքի միջոցով կարող է ազատվել։ Վեց թաղերի հոգեւորականները եւ ազգային գործիչները միացան, մուրհակ կնքեցին՝ առաջիկա ծախքերը հոգալու, Թովմասի՝ պահակներին վճարելիքն առավել մեծ գումարով փոխարինելու եւ պետական պաշտոնյաներին հարկ եղած հատուցումները տալու մասին։ Նրանք իրենց կողմը գրավեցին Աստվածատուր պատրիարքին, որը Սբ Հակոբի վանքի գրավումից հետո եկել էր Կ. Պոլիս։ Նա հույս ուներ կառավարության հրովարտակով վանքը ետ վերադարձնել։ Աստվածատուրը, իհարկե, չէր կամենում խառնվել Պոլսի պատրիարքարանի խնդիրներին, սակայն, չնայած Եղիազար Այնթապցու նամակին, թե գլխավորը Սբ Հակոբի վանքի խնդիրն է, մայրաքաղաքում նրան համոզեցին այն հարցում, որ Երուսաղեմի գործը երբեք հաջող լուծում չի ունենա, քանի դեռ Թովմասը պատրիարք է։ Հետո կարողացան նրանից Թովմասին նզովելու եւ դատապարտելու գիր վերցնել։ Դա հնարավորություն տվեց մեղադրանքները Թովմասի դեմ ուժեղացնել, եւ Սինան փաշան որոշեց նրան մահապատժի ենթարկել, բայց ոչ հրապարակավ։ Նրան բանտում թունավորեցին, իբրեւ թե ինքն է մահացել՝ 1658 թվի օգոստոսի 1-ին, իսկ երկու օր անց նրա մարմինը ծովը նետեցին։ Անշուշտ, տգեղ էին կատարված իրադարձությունները, սակայն նրա փառասիրության առաջն առնելու այլ ճանապարհ չկար։ Ըստ էության՝ հայ ազգայինների պայքարը պայքար էր հռոմեադավանության դեմ։ Այլ խոսքով՝ մայրաքաղաքի հայությունը հռոմեասեր եւ լատինասեր չի եղել, ինչպես փորձել են ներկայացնել Մ. Չամչյանը եւ ուրիշներ։

Շարունակելի

 

Բաբկեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր

 

 

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s