Սկիզբը՝ թիվ 21-22 (Նոյ. Ա-Բ)

Տեւկանց եղբայրներից կրտսերը` Սեդրակ Տեւկանցը (1853-1938 թթ.) դարձյալ սկզբնական կրթությունն ստացել է Վանում, ապա հաստատվել է Կ.Պոլսում, զբաղվել ուսուցչությամբ եւ գրական աշխատանքով: 1876 թ. հրատարակում է «Շահենն ի Սիպիր» վեպը: Այն հետաքրքիր է երկու առումով: Վեպի հերոսը` Շահենը, խույս տալով թուրքական հայահալած քաղաքականությունից հայտնվում է Արեւելյան Հայաստանում, սակայն այնտեղ էլ գրավում է ցարական իշխանությունների ուշադրությունն ու կասկածը, ապա աքսորվում Սիբիր: Փաստորեն երիտասարդ Տեւկանցը քննադատում է միաժամանակ թուրքական եւ ցարական իշխանություններին՝ իրենց ազգայնամոլ քաղաքականության համար: Զարմանալ կարելի է երիտասարդ հեղինակի հեռատեսության եւ իմաստուն կանխատեսումների վրա: Այդ վեպից բացի, Սեդրակ Տեւկանցը հրատարակել է բանաստեղծությունների ժողովածու՝ «Վառարանի մը կայծեր» խորագրով: Նա «Ասպետ» ծածկանունով ժողովրդական երգեր է հրատարակում Զմյուռնիայում լույս տեսնող «Արեւելյան մամուլում»:

Տեւկանցների նման հասարակական եւ հոգեւոր-մշակութային գործիչների մի ընտանիք էր Նաթանյանների ընտանիքը: 5 եղբայրները` Կարապետը (1834-1930 թթ.) Պողոսը (1856-1886 թթ.), Գաբրիելը (1862-1905 թթ.), Մարկոսը (1862-1927 թթ.), Միքայելը (1867-1954 թթ.), ուշագրավ եւ հայրենանվեր գործունեություն են ծավալել ոչ միայն Վանում, այլեւ Արեւմտյան Հայաստանի տարբեր նահանգներում: Գրականության եւ արվեստի թանգարանի արխիվի՝ Գ. Սրվանձտյանցի եւ Մ. Խրիմյանի ֆոնդերի մեջ կան բազմաթիվ նամակներ՝ գրված Կարապետ Նաթանյանի ձեռքով՝ ուղղված Մ. Խրիմյանին: Կարապետ Նաթանյանը, որ Վանում հասել էր քաղաքագլխի աստիճանի, 1880-ականների կեսին, ավելի ճիշտ` 1886-ին, Վանի պողոսյան-ապողոսյան պայքարում, Մելիքյանին հոգեւոր առաջնորդ չընտրելու համար, իր վրա գրավեց թուրքական կառավարության ուշադրությունը, անցավ Կ. Պոլիս եւ բռնվելով՝ Մկրտիչ Ավետիսյանի հետ բանտարկվեց Ելդըզում, աքսորվեց, ապա ազատվեց եւ շարունակեց ազգանվեր գործունեությունը. նա ջանքեր էր թափում հայ-քրդական դաշինք ստեղծելու ուղղությամբ: Իր մաշկի վրա նա զգաց նաեւ Մեծ եղեռնի սարսափները, մտավորականության հետ աքսորվեց, սակայն ողջ մնաց եւ 1918 թ. հաստատվեց Կ. Պոլսում:

Հետաքրքիր եւ ողբերգական է Պողոս Նաթանյանի կյանքը: Սկզբում վարդապետ, ապա ծայրագույն վարդապետ, մանկավարժական գործունեություն է ծավալում Համբարձում Երամյանի «Խնամատարի» դպրոցում: Որբանոցին օգնելու համար Վանի ուսուցիչների մեծ մասը մեկ տարի` 1882 թ., ձրի դասավանդում են այնտեղ: Այնուհետեւ նա հոգեւոր առաջնորդի պաշտոններ է վարում Արեւմտյան Հայաստանի տարբեր վայրերում` Բալու, Խարբերդ, Չարսանաջակ, Ճապաղջուր, Երզնկա: Այդ աշխատանքի արդյունքը եղավ «Արտօսր Հայաստանի կամ տեղեկագիր Բալուա, Քարբերդու, Չարսանջակի, Ճապաղջուրի եւ Երզնկայու» ուսումնասիրությունը, որը լույս տեսավ Կ. Պոլսում: Նշված վայրերի հայության ծանր վիճակը նկարագրելու հետ միաժամանակ՝ նվիրյալ հոգեւորականը համառ եւ անզիջում պայքար է մղում այդ վայրերի հայ մեծահարուստների (չորպաճիների) դեմ, ովքեր միացած թուրք վերնախավին եւ կառավարական պաշտոնյաներին՝ ծծում են ժողովրդի արյունը: Դաժան էր այդ անզիջում պայքարի արդյունքը. այդ մեծահարուստները, իրար միացած, Պողոսին մատնում են կառավարությանը՝ իբրեւ խռովարար, եւ նա շղթայակապ Պոլիս է տարվում, դատապարտվում բանտարկության: Կ. Պոլսի հայոց պատրիարքարանը չի միջամտում կառավարության առաջ՝ իր հոգեւոր առաջնորդի իրավասությունները ոտնատակ տալու համար, նաեւ խուսափում է հոգալ նրա հոգսերը: Կ.Պոլսի գաղտնի ազատագրական խմբակներից «Վարիչ մարմինը», որի անդամները հետագայում ամբողջովին մտան հնչակյան կուսակցության շարքերը, հաջողեցնում են գաղտնի տեսակցել նրա հետ, հայթայթել նրա ուտելիքն ու հանդերձը՝ այդ քայլի համար արժանանալով պատրիարքական փոխանորդ Գեւորգ Յութուճյանի նախատինքին: Բանտում էլ Պողոս Նաթանյանը կնքում է իր մահկանացուն:

Նաթանյան եղբայրներից նշանավոր էր նաեւ Մարկոս Նաթանյանը՝ իր մանկավարժական լուսավորական գործունեությամբ: Նա ակտիվ անդամակցում էր 1870-ականների վերջին, 80-ականների սկզբին ստեղծված լուսավորական Միացյալ ընկերության աշխատանքներին, որը մեծ գործունեություն էր ծավալել բուն Արեւմտյան Հայաստանում: Միացյալ ընկերության ընդհանուր տեսուչը Մկրտիչ Սարըյանն էր, իսկ տեղակալը` Մարկոս Նաթանյանը, որը միաժամանակ Տավրոսի շրջանակի փոխտեսուչն էր: Այդ ընկերության եռամյա տեղեկագիրը (1880-1882 թթ.) ցույց է տալիս, թե ինչ մեծ աշխատանք է ծավալվել Արեւմտյան Հայաստանի Տարոն-Տուրուբերանի, Վասպուրականի, Տավրոսի, Կիլիկիայի շրջանակներում՝ նշված վայրերի գյուղերում դպրոցներ բացելու ուղղությամբ: Սակայն թուրքական կառավարությունն աստիճանաբար սեղմում էր օղակը. 1885-87թթ., երբ Կ. Պոլսի Քաղաքական ժողովի ատենապետ էր ընտրվել Հովհաննես Նուրյանը` Բ. Դռան նվիրյալ պաշտոնյան, պարտադիր կանոնադրություն ստեղծեց բոլոր կրթական ընկերությունների համար, սեղմեց նրանց գործունեության շրջանակը, իսկ կառավարությունը  ուսուցիչներին եւ տեսուչներին ենթարկեց հարցաքննությունների՝ ստիպելով դադարեցնել իրենց աշխատանքը: 1886 թ. դեկտեմբերի 15-ին ձերբակալվեցին Միացյալ ընկերության ընդհանուր տեսուչ Մկրտիչ Սարըյանը` Ալաշկերտում, Մարկոս Նաթանյանը` Մուշում: Առանց հարցաքննության, չիմանալով իրենց դեմ եղած մեղադրանքը՝ նրանք երկար մնացին բանտում, հետո առանց դատական վճռի աքսորվեցին: Մ. Սարըյանը 1900-ին մեռավ Զմյուռնիայի հիվանդանոցում, իսկ Նաթանանը Երուսաղեմում (աքսորում) երկար մնալուց հետո ներման արժանացավ (Միացյալ ընկերության եռամյա տեղեկագիր, 1908-1911 թթ., Կ. Պոլիս, 1912 թ., էջ 13-16):

Բազմաթիվ են Վանի մշակութային գործիչները. բոլորի մասին գրել հնարավոր չէ, սակայն չգրել Համբարձում Երամյանի մասին չի կարելի: 1857 թ. ծնված վանեցին 11 տարեկանում կուրանում է երկու աչքով: Գիտելիքներ է ձեռք բերում ինքնուսուցմամբ, 1874 թ. սկսում է աշխատել որպես ուսուցիչ:  Նրա գործունեության շառավիղներն ընդարձակվեցին ռուս-թուրքական պատերազմից հետո, երբ բազմաթիվ մանուկներ որբացան: 1878 թ. Վանում նրա նախաձեռնությամբ ստեղծվեց «Խամատար» ընկերությունը, որի նպատակն էր որբանոց ստեղծել արհավիրքներից որբացած հայ մանուկների համար: Վանում բռնկված ուժգին սովը ստիպեց ընկերությանը կոչով դիմել հայության բոլոր հատվածներին: Արեւելահայերն արձագանքեցին այդ կոչին: Գրիգոր Արծրունին «Մշակի» միջոցով հանգանակություն կազմակերպեց՝ հօգուտ Վանի սովյալների: Որբանոցի համար հավաքվեց պատկառելի մի գումար: Տուն վարձելու փոխարեն Վանի Սովելուց հանձնաժողովի նախագահ Մկրտիչ Խրիմյանը որբանոցի տրամադրության տակ դրեց Կարմրվոր Ս. Աստվածածին վանքը, որն ուներ բավականին մշակելի հողեր ու վայրեր, նրանց հանձնվեցին նաեւ Ս. Խաչի եւ Ս. Գրիգորի վանքերը  (Է. Կոստանդյան, Մկրտիչ Խրիմյան. հասարակական-քաղաքական գործունեությունը, Երեւան, 2000, էջ 304): 1880 թ. սեպտեմբերին Կարմրվոր վանքում բացվեց որբանոցը: Տասնամյակի կեսին որբանոցի գործերը դժվարացան, հանգանակությունները պակասեցին, իսկ որբանոց-վարժարանը նորից վերադարձավ Վան: Երամյանն աստիճանաբար բարձրացրեց վարժարանի հեղինակությունը, որտեղ սկսեցին ընդունվել նաեւ թոշակավոր աշակերտներ: Սկզբում իննամյա վարժարանը 1888-ից դարձավ 10-ամյա: Վարժարանի հեղինակությունն այնքան բարձրացավ, որ նրա շրջանավարտներն իրավունք ստացան կրթությունը շարունակելու եվրոպական համալսարաններում: Վանի ուսումնական խորհուրդը Պողոս Մելիքյանի առաջնորդության ժամանակ ցանկացավ արգելել ամառային արձակուրդները, սակայն Երամյանը չանսաց այդ հրամանին եւ տվեց արձակուրդներ: 37 տարի վարժարանը շարունակեց իր գոյությունը (1878-1915 թթ.) Հ. Երամյանի տնօրինությամբ: Այն սկզբում կոչվեց որբանոց, 1888 թ. հետո` որբանոցի վարժարան, իսկ 1904 թ. կոչվեց հիմնադրի` Երամյանի անունով: 1890-ականների սկզբին հայերի նկատմամբ թուրքական հալածանքներն ուժեղացան. նույնիսկ չափավոր հայացքների տեր Հ. Երամյանն ու իր վարժարանն ընկան կասկածանքի տակ: Նա բանտարկվեց եւ երկու ամիս շարունակ հարցաքննվում էր, որովհետեւ նրա՝ բռնագրավված իրերի մեջ գտել էին Ռ. Պատկանյանի «Ազատ երգերը»: 1915 թվից նա փոխադրվեց Ալեքսանդրիա: Այստեղ էլ լույս տեսավ նրա երկու հատորանոց «Հուշարձան Վան-Վասպուրականի» արժեքավոր աշխատությունը:

Բազմաթիվ են 19-րդ դարի II կեսի վանեցի մշակութային հասարակական գործիչները, նրանց մասին ոչ թե հոդված կարելի է գրել, այլ մի հսկա աշխատություն: Կարելի է հրատարակել նաեւ մեծ հանրագիտարան` նվիրված Վանի անվանի հոգեւորականներին, գրողներին, մշակույթի եւ մանկավարժական գործիչներին:

Էմմա ԿՈՍՏԱՆԴՅԱՆ

Պատմական գիտ. դոկտոր

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s