Վերջերս ադրբեջանական լրատվամիջոցներն ու էլեկտրոնային կայքերը  հրապարակեցին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւի հերթական հակահայկական ծավալուն հոդվածը՝ համեմված պատմագիտական «գլուխգործոցներով»։  Ադրբեջանի գիտությունների  ակադեմիայի իսկական անդամ, ակադեմիկոս Մեհթիեւի երեւակայությունը սահման չի ճանաչում։ Փորձելով սրբագրել Հայ Եկեղեցու պատմությունը՝ ադրբեջանցի ակադեմիկոսն այս անգամ սեփականաշնորհել է նույնիսկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։

«Հարավային Կովկասում մինչեւ 15-րդ դարի կեսերը հայեր չեն բնակվել։ 1441 թվականին թուրք-ադրբեջանական պետության տիրակալ կարա-կոյունլու Ջհանշահը կիլիկյան Սիս քաղաքից հայկական կաթողիկոսության կենտրոնը տեղափոխեց ամբողջովին թուրքաբնակ Իրեւանին մերձակա  Ուչ-Քիլիսա վանքը (կամ՝ Ուչ-Մուազին), որ հնում եղել է ալբանական վանք»,- գրում է ադրբեջանցի ակադեմիկոսը՝ կրկին ու կրկին անգամ փորձելով ընթերցողին համոզել, որ այն ամենը, ինչը գտնվում է հայկական տարածքներում, ալբանական է։ Իսկ ալբանականից մինչեւ ադրբեջանական ակադեմիկոսի համար մեկ քայլ է։

Ինչպե՞ս է հակազդում հայ պատմագիտությունն այս հերյուրանքներին։ Այս մասին է պատմական գիտ.  թեկնածու, Գեւորգյան հոգեւոր ճեմարանի դասախոս Պետրոս Հովհաննիսյանի հետ հարցազրույցը։  

— Պարո՛ն Հովհաննիսյան, ադրբեջանական հակահայ քարոզչության թիրախում են հայտնվել նաեւ Հայ Եկեղեցին եւ նրա հոգեւոր կենտրոնը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։ Ի՞նչ կարող եք ասել այս մասին։

— Ես չէի էլ ցանկանա անդրադառնալ այդ տխմար հայտարարություններին։ Բայց կարծում եմ, որ ճիշտ չէ նաեւ լռելը։ Չպետք է լռել  այն պատճառով, որ անսասան սրբություններին դիպչելը ոչ միայն սրբապղծություն է, այլեւ՝ աններելի հանցագործություն։ Մեհթիեւի հայտարարությունը հիմնազուրկ է եւ որեւէ առնչություն չունի պատմագիտության հետ։  Պատմական փաստ է, որ Վաղարշապատը  մինչեւ  հայոց Արշակունյաց թագավորության անկումը՝ 428 թվականը, եղել է Հայաստանի մայրաքաղաքը։

Ի՞նչ են ասում հին պատմիչները Վաղարշապատի մասին։ Ըստ Մովսես Խորենացու՝ դեռ Ք. ա. VI դարում Էջմիածնի տարածքում Վարդգես Մանուկը կառուցեց ավան՝  կոչելով այն Վարդգեսավան։  Հայոց թագավոր Վաղարշ Ա-ն (117-140թթ.) կառուցապատելով Վարդգեսավանը՝ վերանվանեց այն Վաղարշապատ։ Խորենացուց շատ ավելի վաղ Վաղարշապատի մասին վկայություններ է բերել հռոմեացի պատմիչ Դիոն Կասսիոսը։ Ըստ այդմ՝ հռոմեական զորավար Պրիսկոսի Հայաստան արշավանքից հետո, երբ ավերվեց Արտաշատ մայրաքաղաքը, Պրիսկոսի հաջորդը՝ Մարտիոս Վերոսը 164 թվականին Վաղարշապատը հայտարարեց Հայաստանի գլխավոր քաղաք։

Այս ամենն անտեսելով՝ ազերի նորօրյա պատմաբանները հայտարարում են, թե Դիոն Կասսիոսն ու հռոմեացի մյուս պատմագիրներն, օգտագործելով «Արմենիա» երկրանունը,  «ցավալիորեն սխալվել են, քանզի խոսքը Աղվանքի (ըստ իրենց՝  Ադրբեջանի) մասին է»։ Մեզ մնում է միայն բացականչել՝ խե՜ղճ Դիոն։

Այժմ՝ Էջմիածնի մասին։ Թվում է՝ ապացուցման կարիք չունի նաեւ այն, որ Վաղարշապատում է 301 թվականին պետական կրոն հռչակվել քրիստոնեությունը եւ այստեղ է կառուցվել առաջին եկեղեցին՝ Մայր Աթոռ Սբ Էջմիածինը։

Ըստ Մեհթիեւի՝ հայերենով «Էջմիածին»  տեղանունը ոչ մի միտք չի արտահայտում։ Ավելի զավեշտալի բան ադրբեջանցի ակադեմիկոսը չէր կարող հորինել։ Մեհթիեւին կարող ենք միայն հիշեցնել, որ  «Էջմիածին» տեղանվան բացատրությանը (Միածնի էջք)  կարող է հանդիպել ոչ միայն Ագաթանգեղոսի հայերեն բնագրում (V դար), այլեւ հունարեն (VI դար),  վրացերեն (XI),  լատիներեն (XII), ինչպես նաեւ հաբեշերեն եւ արաբերեն խմբագրություններում։ V-XV դարերի 23 հայ մատենագիրներ Էջմիածինը հիշատակել են որպես հայոց հոգեւոր, մշակութային եւ կրոնական նշանավոր կենտրոն։ Շատերի համար էլ այս անունը դարձել է բանաստեղծական ներշնչման աղբյուր։  Այսօր էլ մեր եկեղեցիներում հնչում է 7-րդ դարի կաթողիկոս Սահակ Գ Ձորոփորեցու Էջմիածնին նվիրված շարականը։  Այս բոլորից հետո պնդել, թե «Էջմիածին» տեղանունը ոչինչ չի նշանակում, անհեթեթություն է։

-Ադրբեջանցի պատմաբանը վիճարկում է նաեւ  Հայաստանն իբրեւ առաջին քրիստոնյա պետություն լինելու փաստը՝ առաջնահերթությունը տալով Եդեսիայի Աբգար բար Մանու անունով թագավորին, ով, ըստ նրա, քրիստոնեությունը  ընդունել է դեռ 165 թվականին։ Ի՞նչ շփոթ է փորձում ստեղծել Մեհթիեւը։

-Ադրբեջանցի պատմաբաններին զայրացնում է այն հանգամանքը, որ Հայաստանը աշխարհի առաջին քրիստոնյա պետությունն է։ Սա անհերքելի մի փաստ է, որն  ընդունում է ողջ քրիստոնյա աշխարհը։

Հիմա դառնանք  Աբգարին։ Այստեղ ադրբեջանցի «գիտնականները» միտումնավոր շփոթ են ստեղծում՝ չկոնկրետացնելով անգամ, թե հատկապես որ Աբգարի մասին է խոսքը։  Ասորի պատմագիր  Ղեբուբնայից եւ նաեւ Մովսես Խորենացուց  հայտնի է Աբգար անունով թագավորի նամակը Հիսուս Քրիստոսին եւ Քրիստոսի պատասխանը։ Այո՛, Եդեսիայի թագավոր Աբգարը  բուժվելուց հետո դարձել է  Քրիստոսի հետեւորդ։ Բայց խոսքն այս դեպքում  անհատի   մասին է։ Աբգարի քրիստոնյա դառնալով՝ Եդեսիայում քրիստոնեությունը պետական կրոն չդարձավ։ Մինչեւ 301 թվականը Հայաստանում չկայի՞ն մարդիկ, որ քրիստոնեություն էին ընդունել։ Բայց Հայաստանը չէր կարող քրիստոնեական համարվել, քանի դեռ այն չէր հռչակվել  իբրեւ պետական կրոն։ Անհատականացնելով հարցը՝ Մեհթիեւը եզրահանգում է. եթե թագավորը քրիստոնյա է՝ պետությունն էլ քրիստոնյա է։ Այդպես չէ։  Այս փաստը շահարկելով՝  ասել, թե Եդեսիան առաջին քրիստոնյա պետությունն է, առնվազն համաշխարհային պատմագիտությունը առասպելի վերածելու փորձ է։


— Ադրբեջանական պատմագիտության առանցքը Կովկասյան Ալբանիայի մասին պնդումներն են, որի ժառանգորդն են փորձում ներկայանալ իրենք։ Որքանո՞վ են հիմնավոր այդ պնդումները։ 

— Այս ամենի ակունքները գնում են դեպի խորհրդային ժամանակները, երբ Ստալինի պատվերով ստեղծվում էին խորհրդային ժողովուրդների պատմությունները։ 1950-ականներին Խորհրդային Միությունում առաջ եկավ Կովկասյան Ալբանիայի մասին տեսություն,  որից մեծապես «օգտվեց» Ադրբեջանը։  Այս գաղափարը ադրբեջանցի  ու Ադրբեջանին ծառայող այլազգի պատմաբանների թեթեւ ձեռքով իր տարածումը գտավ նաեւ բուն հայկական մի շարք տարածքների վրա։ Իսկ այսօր արդեն  ադրբեջանցի պատմագետը իրեն թույլ է տալիս հայտարարելու, թե այս տարածաշրջանում Հայաստան երկիր ընդհանրապես գոյություն չի ունեցել.  այստեղ ամեն ինչ աղվանական է, իսկ հայերն էլ  եկվորներ են։

Այո՛, Կուր գետից հյուսիս, ինչպես նշում են եւ՛ հայկական, եւ՛ օտար  աղբյուրները, կար մի երկրամաս, ուր Քրիստոսից առաջ 1-ին դարում ձեւավորվեց Ալբանիա պետությունը, որտեղ միավորվեցին  20-ից ավելի ցեղեր, որոնց թվում՝ աղվաններ կամ ալբաններ։

Ադրբեջանցիները, սակայն,  հետեւողականորեն փորձում են նույնացնել  աղվաններին եւ ադրբեջանցիներին։ Ամենաանհեթեթն այն է, որ այժմ էլ, ուզում են գծել Կովկասյան Աղվանքի նոր՝ իրենց համար առավել հաճո սահմաններ՝ շարժվելով Կուրից դեպի հարավ, եւ այս նոր սահմանների մեջ պարփակելով հայկական Ուտիքը, Արցախն ու Սյունիքը։

Բայց չէ՞ որ պատմագիտության հենքը նախեւառաջ հին հույն, լատին պատմիչների վկայություններն են։ Կարո՞ղ էին հին պատմիչները ենթադրել, որ 2000 տարի անց իրենց գրվածքները պետք է խեղաթյուրվեն։ Կարո՞ղ էր, օրինակ, Պտղոմեոսը երեւակայել, որ մի օր իր կազմած  աշխարհի քարտեզը կաղավաղվի։ Ադրբեջանական այսօրվա նկրտումներից անտեղյակ Պտղոմեոսը, որին  չես կարող մեղադրել կողմնապահության մեջ, գրում է, որ Կուրը  սահմանային գետ է  Վիրքի, Ալբանիայի եւ Հայաստանի միջեւ։ Պտղոմեոսը նշում է նաեւ Հայաստանի 20 նահանգները, որոնց թվում՝ Ուտիքն ու Արցախը։ Ծանո՞թ է Պտղոմեոսի քարտեզը ադրբեջանցիներին։ Անշուշտ, ծանոթ է։

Այս ամենից հետո արժե՞ շարունակել եւ վկայություններ բերել, ասենք՝  Ստրաբոնից կամ Պլինիոսից, երբ 21-րդ դարի ադրբեջանական պատմագիտությունը զբաղված է սեփական պատմության հորինմամբ ու դրա գունազարդմամբ։ 

Բերեմ եւս մի օրինակ։ Ադրբեջանի պատմագրության համաձայն՝ աղվանական են ոչ միայն բուն հայկական տարածքները, այլեւ այդ տարածքներում ստեղծված քրիստոնեական հուշարձանները։ Մահմեդական Ադրբեջան եւ քրիստոնեական ժառանգություն. հակասությունն ակնհայտ է։ Սակայն ադրբեջանցիներն այս խնդիրն էլ են «հարթում»՝ հրապարակ նետելով ադրբեջանական ժողովրդի  քրիստոնյա նախնիների մասին մերկապարանոց հորինվածքը։ Պարզվում է՝ ադրբեջանական ժողովուրդը կազմավորվել է թյուրք սելջուկ եւ քրիստոնյա աղվան ժողովուրդների խաչասերումից։  Սակայն չգիտես ինչ տրամաբանությամբ ՝ այս նույն ադրբեջանցիները բարբարոսաբար ոչնչացնում են իրենց «հայրերի» ժառանգությունը, օրինակ, պատմական Ջուղայի հազարավոր խաչքարերը։ 

— Պարո՛ն Հովհաննիսյան, Մեհթիեւը հաճախ վկայակոչում է արդի հայ հեղինակների։ Արդյո՞ք սա նշանակում է, որ հայ եւ համաշխարհային պատմագիտության համար ընդունելի են ադրբեջանական  տեսակետները։

— Սա ցավալի մի հարց է։ Այո՛, ադրբեջանական խեղաթյուրումների հիմքերից մեկը հայ պատմաբանների տեսակետներն են։ Ժամանակին ակադեմիկոս Սուրեն Երեմյանը գիտական  աշխատություն է գրել նաեւ Աղվանքի մասին։ Ինչպես արդեն նշեցինք,  դա այն շրջանն էր, երբ Ստալինի կարգադրությամբ «ստեղծվում» էր սովետական ժողովուրդների պատմությունը։ Երեմյանն առաջիններից մեկն էր, որ անդրադարձավ Աղվանքի հարցին՝ իր աշխատանքներում զարգացնելով նաեւ Կովկասյան Ալբանիայի աշխարհագրության վերաբերյալ տեսակետներ, որոնք էլ այսօր շատ հանգիստ օգտագործվում են ադրբեջանական պատմաբանների կողմից։ Մատնանշվում են նաեւ Հ. Օրբելու,   Ռոլանդ Սյունու եւ այլոց տեսակետները։ Դրանք սակայն գիտական տեսակետներ են, որ քաղաքականացվում, դառնում  են շահարկման առարկա։ Ցավոք, խորհրդային շրջանում պատմական փաստերը երբեմն հարմարեցվել են խորհրդային իրականության հետ։ Օրինակ, ժամանակի հայտնի պատմաբան Վարդան Պարսամյանը, բերելով 19-րդ դարի Արեւելյան Հայաստանի հայ բնակչության թվաքանակի մասին տվյալներ, ստիպված  սահմանափակվել է  միայն Երեւանի խանությամբ։ Խնդիրը քաղաքական էր. ցույց տալ, որ խորհրդային իշխանությունների կողմից Ադրբեջանին փոխանցված Ղարաբաղն ու Նախիջեւանը, Վրաստանին փոխանցված Ջավախքը եւս Արեւելյան Հայաստան են եղել,  խորհրդային գրաքննության կողմից խստորեն արգելված էր։ 

Ինչ վերաբերում է համաշխարհային պատմագիտության մեջ ադրբեջանական տեսակետներին, ապա դրանք գիտական հեղինակավոր հիմնարկներն ու ամսագրերը լուրջ են ընկալում։

— Ռամիզ Մեհթիեւը պատմաբան լինելուց զատ, նաեւ իր երկրի նախագահի աշխատակազմի ղեկավարն է, ով ելույթ ունենալով նաեւ միջազգային լսարաններում, գիտական զեղծարարությունը պատմագիտության  ոլորտից տեղափոխում է պետական մակարդակ՝ դարձնելով այն հակահայ քարոզչության կարեւոր մաս։ Արդյո՞ք այստեղ դեր չի կարող ունենալ մեր պետությունը։ 

Ես խորապես համոզված եմ, որ Մեհթիեւ ազգանունը միայն եւ միայն քող է։ Նրա ծանակագրերի հետեւում ադրբեջանական զավթողական քաղաքականությունն է։ Սա պետք է լուրջ մտահոգության առարկա դառնա մեզ համար։ Անհրաժեշտ է պետական ամենաբարձր մակարդակով ստեղծել ազգային պատմության պաշտպանության հայեցակարգ՝ ադրբեջանական ավազակային հարձակումներից պաշտպանվելու համար։  Թե ինչպես եւ ինչ եղանակներով, այս հարցերը պետք է մշակվեն, գտնվեն ճիշտ մեխանիզմներ։

Հարցազրույցը վարեց Հեղինե ՄԿՐՏՉՅԱՆԸ

Advertisements

2 responses

  1. pingback_botասում է՝

    ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՍՏԵՂԾԵԼ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ
    User referenced to your post from ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՍՏԵՂԾԵԼ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ saying: […] մեխանիզմներ։ Հարցազրույցը վարեց Հեղինե ՄԿՐՏՉՅԱՆԸ  kh-tert.livejournal.com/12937.html#cutid1 […]

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s