Կոստան Զարյանի

ծննդյան 125-ամյակի առթիվ 

 
Հայ գրականության մեծերից մեկը` Կոստան Զարյանը (Կոստանդին Եղիազարյան), թեեւ իր կյանքի մեծ մասն ապրեց հայրենիքից դուրս ու իր գրական մուտքը սկսեց օտար լեզվով (ռուսերեն, ֆրանսերեն), սակայն շուտով վերադարձավ իր մայր լեզվին եւ գրեց արեւելահայերենով, որը արդյունք էր այն համոզման, որ հայրենի իրական հողն ու նրա վրա ինքնուրույն պետականության ստեղծման հեռանկարները արեւելահայ լեզվին ավելի մեծ հնարավորություններ են տալիս: «Լեզուն,- գրել է Զարյանը,- բույսի նման ծաղկում եւ աճում է հայրենի հողի վրա» («Հայրենիք» ամսագիր, Բոստոն, 1948, հ. 11, էջ 11): Երկարատեւ դեգերումներից հետո գրողն իր կյանքի վերջին տասնամյակն անցկացրեց հենց երազած այդ մայր հայրենիքում, սակայն նրա կյանքը հանդարտ չանցավ եւ ոչ մի տեղ:

Զարյանը գրել է գրական գրեթե բոլոր ժանրերով` բանաստեղծություն, ասք, պոեմ, թատերապոեմ, էսսե, նոթեր, հուշագրություն, ուղեգրություն, պատկեր, պատմվածք, վեպ, օրագրություն, որոնց պետք է ավելացնել նրա գրաքննադատական, լեզվաբանական, թատերագիտական, արվեստաբանական, խոհափիլիսոփայական հոդվածները, նամակներն ու զանազան այլ գրությունները, որոնց մեծ մասի վերաբերյալ տասնամյակներ ու տասնամյակներ հայ գրականագիտությունը լռել է, իսկ նրա գրությունների մի ահագին մասն էլ ցայսօր մնում է անհայտության մեջ կամ չի տպագրվել:

Հայ գրողների մեջ դժվար է նշել մի երկրորդ անձի, ինչպիսին Կոստան Զարյանն է, որն այնպիսի աստանդական կյանքով ապրած լինի եւ այնքան շատ լեզուներով (ֆրանսերեն, ռուսերեն, իտալերեն, անգլերեն, իսպաներեն) ստեղծագործած լինի, որ այնքան փոփոխական հարած լինի գրական այս կամ այն ուղղությանը, այնքան իրարամերժ եղած լինի իր դավանանքներում ու գաղափարներում: Իր բարդ բնավորության, աշխարհաքաղաքացու իր կեցվածքի ու նաեւ մերժողական իր որոշ հայացքների պատճառով Զարյանը եղավ ու իր ողջ կյանքի ընթացքում մնաց քիչ ցանկալի մարդ թե՛ օտարների եւ թե՛ յուրայինների համար: Այստեղից էլ այն ծայրահեղ գնահատումները, որոնք ցուցաբերվել են նրա նկատմամբ` մե՛րթ նրան դասական գրող համարելով, մե՛րթ ավելորդ աղմուկ հանող, մե՛րթ շռնդալից ու մեծ, շողարձակ մտքերի հեղինակ, մե՛րթ էլ մտքի պսակից հրաժարվող ու հավատափոխ:

Կոստան Զարյանը նույնքան արեւելահայ էր, որքան սփյուռքահայ: Նրա գրականությունն էլ մայր երկրի ու տարաշխարհի հայության ոգու բացահայտման մի ամփոփ պատմություն եղավ, հայ մարդու մտքերի ու ոգորումների դրսեւորում, առհասարակ «Բաղձալի Բացակայի»` Ազատ Հայաստանի որոնում:

Արեւմտահայ իրականությունը, մինչխորհրդային ու խորհրդային հայ կյանքը, սփյուռքահայ իրականությունը, Իսպանիայի, Միացյալ Նահանգների, եվրոպական մի շարք երկրների բարքերին, քաղաքական կառույցներին ու մշակութային արժեքներին վերաբերող զարյանական էջերն անփոխարինելի վավերաթղթի արժեք ունեն եւ իրենց գեղարվեստական ու դատողական-վերլուծական ընդգրկումներով հայ գրականության լավագույն էջերից են:

Ազատապաշտական բաղձանքները Կոստան Զարյանին հակել էին դեպի տարբեր գաղափարախոսություններ ու դիրքորոշումներ: Բոլշեւիկյան «Ռադուգա» ամսաթերթում նրա տպագրած բանաստեղծությունները, հեղափոխական նպատակների համար դրամների ու ռումբերի փոխադրումները ի վերջո հանգեցրին ձերբակալության, ու մեկ տարուց ավելի Մյունխենի բանտում անցկացնելուց հետո Զարյանը վերջնականապես համոզվեց, որ կյանքը լի է ցավերով, օրվա հացը լեղի է, որ մարդիկ զբաղված են միայն «գարեջուր եւ ձիու միս» հայթայթելով, իսկ հեղափոխականներն օրերով վիճում են, քանի որ չգիտեն` ինչ անեն իրենց «անոթի ստամոքները» լցնելու համար:

Կոստան Զարյանի գրական բուն կյանքը սկսվել էր Բելգիայում, որտեղ կյանքը տառացիորեն բուռն էր ու եռուն՝ հագեցած Ռուբենսի ու Ջորդանոյի հրաշակերտ նկարներով, Էմիլ Վերհարնի կենսունակ բանաստեղծություններով: Հենց վերջինիս հետ ունեցած մի զրույցի ժամանակ էլ բելգիական բանաստեղծության «միակ կենդանի ձայնը» օտար լեզվով ստեղծագործող Զարյանին հորդորել է գրել մայրենի լեզվով՝ աղոթելու նման. «…. ի՞նչ է բանաստեղծությունը, եթե ոչ մշտապես աղոթք»: Հետագայում իր «Հռոմեական հուշատետրում» Զարյանը կգրի. «…. օտար լեզվով գրելը նշանակում է ուրիշների մտայնությանը հարմարվել, հոգով եւ մտքով ծռվել …. նմանություն անել» («Հայրենիք» ամսագիր, Բոստոն, 1948, հ. 11, էջ 12):

Զարյանի համար 20-րդ դարի տասական թվականները գործունեության բուռն տարիներ եղան. Պոլսի մամուլում նա տպագրում է մի շարք բանաստեղծություններ, դասավանդում դպրոցներում, հանդիպումներ ունենում արեւմտահայ մտքի ու մշակույթի մեծերի հետ, մասնակցում «Աստեղատուն» միության (հիմնադիրներից էր Կոմիտասը) աշխատանքներին, իր հիմնած «Մեհյան» հանդեսում հրատարակում նորարարական ու «մերժողական» հոդվածներ (ավելի ուշ` 1922-ին, նա ակտիվ մասնակցություն է ունեցել Պոլսի «Հայարտան» աշխատանքներին, որի կազմակերպիչն ու ոգեշնչողը Հովհաննես Թումանյանն էր): Ստեղծագործական ու ազգային գործունեության ծրագրերը շատ էին, սակայն սկսված աշխարհամարտը եւ ազգային մեծ աղետը ստիպում են կիսատ թողնել ամեն ինչ: Զարյանը հրաշքով է կարողանում հեռանալ թուրքական սահմաններից` այս անգամ թափառելով երկրից երկիր, քաղաքից քաղաք, միշտ մնալով օտարական՝ օտարների մեջ:

Առհասարակ, Զարյանի կյանքին բնորոշ մնացին հակասական իրավիճակներն ու հակասական գաղափարադրույթները, ազգային տխուր կացության արդյունք` ցավի մորմոքներն ու ստեղծագործական անսանձ թռիչքները, մարդկային կյանքի միաժամանակյա մերժումն ու պանծացումը: Անկանգ որոնման տենչանքը Զարյանին տարել է ոչ միայն տեղից տեղ, այլեւ մտքից միտք, գաղափարից գաղափար, ասելիքից ասելիք` միշտ ծարավի հոգեկան երազված սեղանին, միշտ երազված կյանքը նախընտրելով իրական կյանքից: Սա հավասարապես վերաբերում է Զարյանի կյանքի նաեւ խորհրդային շրջանին (1922-1924), երբ սոցիալիստական «մեծ գաղափարները» իրականության դաժանության մեջ սկսել էին նեխել, երբ հալածվում էին ազգային գաղափարները, երբ գրականության թեմաները պարտադրվում էին կուսակցական որոշումներով: Զարյանն իր իսկ երկրում ապրում էր օտարի նման: Իր ապրած այդ օրերի համար նա գրել է. «Մայր իմ, եկել եմ: …. Եկա ավելի որբ, քան երբեք: Ուրախ չէ աշխարհը: Գիտես, անցորդ տարագիրը ամեն տեղ էլ դժբախտ է» («Հայրենիք» ամսագիր, Բոստոն, 1928, հ. 3, էջ 51):

Այդուհետ Հայաստանը Զարյանի համար երկար պիտի մնար հեռավոր մի վայր, անորոշություններով լեցուն բարոյական մի անդունդ: Ուրիշ էր գրողի խառնվածքը, ուրիշ` պարտադրվող իրականությունը, որը ողբերգությունների մի անլուծելի շղթա էր պարզում նրա առջեւ: Նորից ու նորից նրա առջեւ ծառացել էր ամեն գնով իր հոգեկան աշխարհն ու արվեստագետի իր ազատությունը փրկելու հարցը: Հայաստանից հեռանալուց հետո Զարյանը երբեք երջանիկ չի զգացել իրեն (այդ մասին նա խոստովանել է Վիկտոր Համբարձումյանին), բայց եւ երբեք իրեն երջանիկ չզգաց նաեւ Մայր Հայաստանում:

Այսպես նրան մերժեցին ու քննադատեցին՝ միշտ «մեր» ու «ձեր» համարելով, մերժեցին ու քննադատեցին արեւմտահայ գրչակիցները «Մեհյան» հանդեսի (1914 թ.) հրատարակման համար, 1920-ական թվականների սկզբներին նրան մերժում էին բոլշեւիկյան իշխանություններն ու պրոլետ գրողները, համալսարանի կոմերիտ բջջի աղջիկները, 30-ականներին` Փարիզի □Մենք□-ականները եւ □Յառաջ□-ականները, 40-50-ականներին` սփյուռքահայ մամուլն ու ազգային կուսակցությունները, 60-ականներից մինչեւ իր մահը (1969 թ.) նրան անտեսում էին Հայաստանի գրողների միության շատ անդամներ, կուսակցական շրջանակները` չտպագրելով նրա գրքերն ու հատորյակները: Զարյանին, մանավանդ, հաճախ են հանդիպել գրականության շուրջը պտտվող, այս կամ այն նեղլիկ փողոցներից դուրս պրծած «շիլ, կաղ, խորթ գրականագետներ», որոնք թույն են տարածել նրա շրջապատում: Գրողը ստիպված է եղել անգամ արդարանալ իր հաջողությունների համար, պատճառաբանել սրան ու նրան, թե ինչու ինքը եղեռնի զոհ չդարձավ, ինչու խորհրդային կարգերի ժամանակ չձերբակալեցին, ինչու սփյուռքում չմահացավ:

«Չսիրված լինելու» իր այդ հանգամանքի վերաբերյալ Զարյանն իր վաղ մանկությանը, իրենց տանն ունեցած իր դերի մասին խոսելիս օգտագործում է «եկվոր» բառը: Դառը ճակատագրի բերումով այդ բառը դարձավ նրա ողջ կյանքի բնութագիրը: Ամենուր եկվոր եղավ նա` Եվրոպայում, Ամերիկայում, Մերձավոր Արեւելքի երկրներում: Այդպես ապրեց մի ողջ կյանք` միշտ դրկից բաժանմանը. հրաժեշտի խոսքին, մեկնող նավերին ու… աշխարհի փոթորկուն ծովերին, որ նշանակում էր տեւական եկվոր ու տեւական մեկնող: Անհանգիստ ծովը նրա անբաժան ընկերը պիտի դառնար, նրա անհանգիստ կյանքի խորհրդանիշը. «Նա փռվեց իմ մեջ, տարածեց մարմնիս ամեն մասում իր փոթորիկները: Նա շտապեցրեց իմ աճման շրջանը եւ արագացրեց իմ անհատական այլափոխումը» (Նավատոմար, Երեւան, 1999, էջ 578)։ «Քամիի տակ այրվող խարույկի» պիտի նմանվեր Զարյանի կյանքը: Ինքը` Զարյանը եւս համակերպումների ու հաշտությունների մարդը չեղավ երբեք: Նրա մեջ ասես ապրել են մի քանի մարդ, որոնք դրսեւորել են ոչ միայն տարբեր մտածողություններ, այլեւ հակոտնյա գաղափարներ ու գործունեություններ: Մտածումների ու գործունեության այդ սկզբունքը նա գրեթե միշտ բխեցրեց հերակլիտյան այն գաղափարադրույթից, որ ամեն ինչի հայրը պայքարն է, պայքարը յուրայինների ու հակառակորդների դեմ, պայքարը գրական ու մշակութային խոտանի դեմ, պայքարը սուտ ու սին գաղափարախոսությունների դեմ` միշտ մինչեւ վերջ, մինչեւ ինքնազոհում: Իր այդ ընդվզուն կերտվածքը նկատի ունենալով էլ գրեց. «Եթե ոչ ես, հապա ուրիշ ո՞վ»: Եվ հենց այդ պատճառով չէ՞ր, որ նա աշխարհի եւ ոչ մի անկյունում հանգիստ չունեցող մարդը եղավ:

Շարունակելի

Արծրուն ԱՎԱԳՅԱՆ

Բանասիրական գիտ. դոկտոր, պրոֆեսոր

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s