Սկիզբը՝ թիվ 20-23 (2010 Հոկտ. Բ — Դեկտ. Ա) 

Արտակարգ հարուստ է «Հարճը» պոեմի բառապաշարը: Օգտագործված են ե՛ւ նորաբանություններ, ե՛ւ հնաբանություններ: Ահավասիկ՝ մարմնակարկառ (մարմինը առաջ ձգած), ապշոպյալ (այստեղ՝ հուզված, շփոթված, իրարանցման մեջ ընկած), ճաճանչավուխտ (ճաճանչավառ, երփներանգ), մախանք (նախանձ), քանասար (կատաղի գայլ, գիշատիչ), վարազանալ (մոլեգնել), խոպալ (միանգամից հարձակվել), հափափում (հափշտակել, առեւանգել), տարփ (տարփանք, սեր), շրուշակ (սանձ), հակամետ (համամիտ), համբարտակել (խոյանալ, բարձրանալ ամբարտակի վրայով), խեռ (չար), զգենալ քեմուխտ (հագնել ողորկ բարակ կաշի):

«Հեթանոս երգեր» ժողովածուի հաջորդ բաժինը «Գողգոթայի ծաղիկներ» շարքն է: Ինչո՞ւ Գողգոթա: Գողգոթան այն սարն է, որտեղ խաչեցին Քրիստոսին. նշանակում է՝ չարչարանքի ճանապարհ: Գողգոթայի ծաղիկներ՝ չարչարանքի, տառապանքի ծաղիկներ, որ նույնն է՝ արյունոտ ծաղիկներ:

Այս մտայնությունն առկա է «Ճանապարհ խաչի» բանաստեղծության մեջ: Նա խոսք է ուղղում Հիսուսին, ասում, որ իրեն պաշարում են «Իշամեղուներն ամբարշտության», «Բիբերս են ինկեր վիշտի հորի՛ն մեջ», «Սիրտս սափոր մ’է, աճյունս՝ անոր մեջ»: Այս տառապանքով նա գնում է դեպի լույսի աղբյուրը.

Կ’երթամ աղբյո՜ւրը լույսին…

Լույսը մարմարն է երկնային հանքերուն,

Որով Արվեստն, անմահական երազով,

Կը քանդակե ձյունամարմին աստվածներ:

Իր ծոցին մեջ կը ծնին

Մռայլ Տանդեներն ու Հոմերները հըսկա,

Իր ծոցին մեջ իմաստությունը երգ մ’է՝

Զոր գիշերվան մեջ խորին

Բանաստեղծները կը խմեն աստղերեն՝

Որ նըվագեն ցերեկվան մեջ Մարդերուն:

 

Այստեղ է զետեղված Վարուժանի «Առկայծ ճրագը»: Սա նրա՝ ծավալով համեմատաբար փոքր բանաստեղծություններից է՝ երեք քառատող, բայց ունի շատ խոր ու տարողունակ բովանդակություն՝ ողբերգական ծանր շեշտադրումներով.

Հաղթանակի գիշերն է այս տոնական.

Հա՛րս, եղ լեցուր ճրագին:

Պիտի դառնա կռիվեն տըղաս հաղթական.

Հա՛րս, քիթը ա՛ռ պատրույգին:

 

Սայլ մը կեցավ դըրան առջեւ, հորին քով

Հա՛րս, վառե՛ լույսը ճրագին:

Տըղաս կու գա ճակատն հըպարտ դափնիով.

Հա՛րս, բե՛ր ճըրագը շեմին:

 

Բայց… սայլին վրա արյո՞ւն եւ սո՞ւգ բեռցեր են…

Հա՛րս, ճրագդ ասդի՛ն երկարե:

Հերոս տըղաս հոն զարնըվա՜ծ է սըրտեն.

Ա՜խ հարս, ճըրագըդ մարե՜…

Ճրագն այստեղ խորհրդանշական պատկեր է: Տան ճրագը տան որդին էր, որը պիտի կռվից վերադառնար եւ կյանքով լցներ օջախը: Վարուժանը դիմում է պատկերային ներքին զարգացում ունեցող հարակրկնության: Զույգ տողերի մեջ հոլովվում են «հարս» եւ «ճրագ» բառերը: Հարսը մե՛կ բորբոք պետք է պահի ճրագը, մե՛կ ճրագը մոտեցնի տան շեմին, մե՛կ ճրագը երկարի դեպի սայլը եւ վերջում ճրագը մարի: Էլ ի՜նչ ճրագ, երբ արդեն վերջնականապես մարել է իրական ճրագը: Բայց Վարուժանը բանաստեղծությունը վերնագրել է ոչ թե «Մարած ճրագ», այլ «Առկայծ ճրագ», որի մեջ թեեւ թույլ, բայց դեռ թրթռում է կյանքի հույսը: Սպասում եւ ողբերգություն՝ ահա այս բանաստեղծությունը խորհրդանշող երկու հիմնական բառերը…

Այս շարքի հաջորդ բանաստեղծություններից շատերի մեջ պատկերված են կյանքի ծանր հարվածներն իրենց վրա կրող մարդկային ճակատագրեր: Նրանց կյանքը եւս անցնում է տառապանքի միջով, եւ Գողգոթան հենց նրանց ամենօրյա կյանքն է: Այդ գործերից են «Բանվորուհին», «Սպասում», «Ընկեցիկը», «Մեռնող բանվոր», «Խաբված կույսեր», «Մեքենաները», «Մամուս աղոթքը», «Դադար», «Հրաշքին աղբյուրը»: Այս բանաստեղծությունների մեջ կա գութ, ցավ, կարեկցանք եւ սեր՝ կյանքի հատակն ընկած մարդկանց հանդեպ: Դարը մարդկանց հանել է վաճառքի, դարը զոհում է մարդկային թանկ արժեքները, բայց բանաստեղծը պահպանում է դրանք եւ իր հոգու ջերմությունը հաղորդում կարեկցանքի արժանի մարդկային հոգիներին:

«Հացին երգը» գրվել է 1913-1915 թթ., տպագրվել է 1921-ին: 1913-ից Վարուժանը լրջորեն մտորում էր «Հացին երգը» ժողովածուի մասին, որը բերում էր խաղաղ, ստեղծարար աշխատանքի վեհությունն ու գեղեցկությունը: Աշխատանքի բերկրանք. ահա այն երջանկությունը, որ ապրում է հողի մշակը ցորեն ցանելիս, մշակելիս, հնձելիս եւ հացի վերածելիս:

Իր այս գործով Վարուժանը յուրովի ձայնակցում է Հ. Թումանյանի «Դեպի ժողովուրդը» կոչին: Այդ կոչը 1913-ի «Գրական ասուլիս»-ներից մեկի ժամանակ հնչեցրեց նաեւ Կոմիտասը: Հացի արարման, բարիքի ստեղծման, բերքահավաքի տոնահանդեսի մեջ յուրովի մարմնավորվում են ժողովրդական կյանքը եւ ժողովրդական երգը: Իր այս գրքում Վարուժանը յուրովի իմաստավորում է ժողովրդական երգի այս տողերը. «Աշխարհքի շեն վըր գութնին էր, // Գութան չեղներ, աշխարհն ի՞նչ էր…»:

Ասացինք, որ այս գրքի ձեռագիրը 1915-ի ապրիլին թուրքերը բռնագրավել էին: Եվ ահա գրաքննության ասպարեզում ծառայող մի հայի «անմեկնելի պատրաստակամության» եւ «նյութական որոշ զոհողության» գնով հնարավոր է լինում փրկել ձեռագիրը եւ տպագրել Կոստանդնուպոլսում՝ «Նավասարդ» միության հրատարակությամբ: Ավելացնենք նաեւ, որ գիրքը դեռեւս անավարտ էր, պետք է լրացվեր նոր բանաստեղծություններով, որոնց վերնագրերը պահպանվել են նրա նոթատետրերից մեկի մեջ՝ «Ալյուր», «Ախոռը», «Թթխմոր», «Փուռը», «Հայրենի սեղան», «Հացին երգը»: Պահպանված չափով շարքը բաղկացած է 29 բանաստեղծությունից:

Ինքը՝ Վարուժանը, այդ գրքի մասին 1914 թ. մարտի 26-ի մի նամակում հետեւյալն է ասում. «Այժմ կը գրեմ «Հացին երգը», որ հուսամ տարիե մը լույս կը տեսնե. այդ հատորին մեջ երգված պիտի ըլլան հայրենի հողը, մշակներու աշխատությունը եւ գյուղական կյանքի խաղաղ մեծությունները»:

Շարունակելի

Դավիթ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Բանասիրական գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s