ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԱՌԱԿՆԵՐ

 «ՈՐՈՄՆԵՐԻ ԱՌԱԿԸ»

(Մատթ. ԺԳ 24-30, մեկն.՝ ԺԳ 36-43)

 
Մեր հյուրն է Բյուրավանի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Ղազար քհն. ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

 — Նա մեկ ուրիշ առակ էլ նրանց առաջ դրեց ու ասաց. «Երկնքի արքայությունը նմանվեց մի մարդու, որ իր արտի մեջ բարի սերմ սերմանեց։ Եվ երբ մարդիկ քնի մեջ էին, նրա թշնամին եկավ եւ ցանած ցորենի վրա որոմ ցանեց ու գնաց։ Եվ երբ ցորենը բուսավ ու պտուղ տվեց, ապա երեւաց եւ այն որոմը։ Տանտիրոջ ծառաները մոտեցան ու ասացին նրան. «Տե՛ր, չէ՞ որ քո արտի մեջ դու բարի սերմ սերմանեցիր, ուրեմն որտեղի՞ց է այդ որոմը»։ Եվ տերն ասաց նրանց. «Թշնամի մարդ է արել այդ»։ Ծառաները նրան ասացին. «Կամենո՞ւմ ես, որ գնանք ու քաղենք հանենք այն»։ Եվ տերը նրանց ասաց. «Ո՛չ, մի գուցե որոմը քաղելիս ցորենն էլ նրա հետ արմատախիլ անեք։ Թողե՛ք, որ երկուսն էլ միասին աճեն մինչեւ հունձը, եւ հնձի ժամանակ ես հնձողներին կասեմ՝ նախ այդ որոմը քաղե՛ք եւ դրանից խրձեր կապե՛ք՝ այրելու համար, իսկ ցորենը հավաքե՛ք իմ շտեմարանների մեջ» (Մատթ. ԺԳ 24-30)։

Տե՛ր հայր, ի՞նչ ընդհանրություն, եւ ի՞նչ տարբերություն կա այս եւ Ավետարաններում սրան նախորդող՝ «Սերմնացանի առակի» եւ «Վեց փոքր առակների» միջեւ։

— Ընդհանրությունն այն է, որ ինչպես Ձեր հիշատակած առակները, այս առակը նույնպես վերաբերում է Աստծու Խոսքին, Նրա փրկագործությանը, Ահեղ դատաստանին եւ հավիտենական կյանքին, ինչը որ մեր Տերը շարադրեց այլաբանորեն՝ մարդկանց հասկանալի պատկերներով ու առօրյա կյանքից վերցված տեսարաններով։ «Որոմների առակի» պարագայում, կարծես թե, հարցականներն ավելի շատ էին առաքյալների համար, քանի որ վերջիններս «մոտեցան նրան ու ասացին՝ մեկնի՛ր մեզ համար արտի որոմների առակը»։ Եվ Տերը մեկնեց։

Ըստ այդմ՝ արտը աշխարհն է, բարի սերմը արքայության որդիներն են, սերմանողը՝ մարդու Որդին, Ով, հասկանալի է, միմիայն բարի սերմեր սերմանեց։ Որոմը չարի որդիներն են, որ ցանեց թշնամին, այսինքն՝ սատանան, հունձը այս աշխարհի վախճանն է, հնձողները հրեշտակներն են եւ այլն։ Այստեղ մի հետաքրքիր հանգամանք կա։ Թշնամին ե՞րբ ցանեց որոմը. այն ժամանակ, երբ «մարդիկ քնի մեջ էին», այսինքն՝ արարչագործության ամբողջացումից հետո, երբ «Աստված վեցերորդ օրն ավարտեց արարչագործությունը եւ Իր կատարած բոլոր գործերից հետո՝ յոթերորդ օրը, հանգստացավ» (Ծննդ. Բ 2)։ Ուշադրություն դարձրեք «հանգստացավ» բառի վրա։ Աստվածաշնչում մեկ անգամ չէ, որ հանդիպում են Աստծու «հանգստանալու», «ննջելու» դրվագներ։ Հասկանալի է, որ դա սովորական իմաստով նինջ չէ, այլ, մի տեսակ, թողտվության, թերեւս խնամքի պակասի վիճակ, որը նույնպես ուղիղ իմաստով չպետք է հասկանալ. Աստված ամենախնամ է եւ երբեք չի նվազեցնում Իր սերն ու խնամքը մարդու հանդեպ։ Այլ հարց է, որ չարը միշտ արթուն է եւ իր որոգայթները լարում է մշտապես, բայց հատկապես այն ժամանակ, երբ Աստված «հանգստանում է»։ Այս դեպքում արտը փորված էր, սերմը՝ սերմանված, եւ պարզապես պետք էր սպասել, որ սերմը ծլարձակեր, եւ հենց այդ սպասելու, «հանգստանալու» պահին է հայտնվում «թշնամի մարդը» եւ բարի սերմերի վրա որոմ ցանում։ «Չէ՞ որ քո արտի մեջ դու բարի սերմ սերմանեցիր, ուրեմն որտեղի՞ց է այդ որոմը» (Մատթ. ԺԳ 27), զարմացած հարցնում են ծառաները, որ հրեշտակներ են։ Հրեշտակները մեծ նախանձախնդրությամբ ուզում են անմիջապես դատաստան տեսնել՝ չարն արմատախիլ անելով, եւ դրա համար Տիրոջ կամքն են հարցնում. «Կամենո՞ւմ ես, որ գնանք ու քաղենք հանենք այն» (Մատթ. ԺԳ 28)։ Հոգեղեններն անտարբեր չեն հողանյութերիս նկատմամբ. անշուշտ դա շատ լավ է, անգամ՝ հուզիչ. հրեշտակները հարցին մոտենում են սրբությունը պահպանելու հոգեբանությամբ, սակայն ոչ արարչակերպ։ Այլ է Տիրոջ մոտեցումը։ Նա թույլ չի տալիս, եւ երկու կարեւոր հանգամանք կար, որի համար արգելեց որոմը քաղել։ Նախ՝ ցորեն եւ որոմ ասվածները հոգեղեն դաշտի մեջ հարաբերական են։ Պետրոս արքեպիսկոպոս Բերդումյանն այս առակը մեկնելիս մեջբերում է Դավիթ Անհաղթ փիլիսոփայի խոսքերը։ Ըստ այդմ՝ «փոփոխվող բարին կարող է չարից պարտվել, եւ այսպես բարի սերմը չար է դառնում՝ որոմն ընդունելով, բայց ոչ թե ըստ բնության, այլ ըստ հոժարության. չարն էլ կարող է բարի դառնալ»։ Այսինքն՝ եթե բացարձակ Բարին, որ Է Աստված, պարտություն չունի, ապա մարդկային բարին, որը չի կարող բացարձակ լինել, կարող է նաեւ պարտվել։ Եվ ուրեմն ցորեն կարծվածը արդյունքում կարող է որոմ դառնալ։ Եվ հակառակը. որոմն էլ՝ չարի որդիները (հեթանոսներ, կռապաշտներ, անհավատներ), կարող է արքայության որդի դառնալ։ Եվ որքան էլ որ հրեշտակների իմաստությունը զորավոր է, թերեւս, տիզերական ստեղծագործության մեջ բարձրագույնը, սակայն դա էլ կատարյալ չէ, եւ հրեշտակներն էլ ամենագետ չեն, որ ի վիճակի լինեին արդար դատաստան անելու եւ որոմը ցորենից անսխալ զատելու։ Միայն Աստված է Իր երկայնամտությամբ եւ ողորմածությամբ հնարավորություն տալիս, որ մարդը նույնիսկ 77×7 անգամ մեղանչելուց հետո ապաշխարի եւ փրկվի։

Տիրոջ արգելելու երկրորդ պատճառն այն էր, որ որոմը քաղելիս, հնարավոր էր, ցորենն էլ նրա հետ ոչնչանար։ Չէ՞ որ որոմի եւ առհասարակ մոլախոտերի արմատը ամուր է լինում, մինչդեռ շատ ու շատ բարի բույսեր խոր արմատներ չունեն։ Ի միջի այլոց, այս երեւույթը հատկանշական է ոչ միայն բույսերին ու կենդանական աշխարհին, այլեւ մարդկային հանրությանը. բարի մարդը հաճախ բաց է ու անպաշտպան։ Եվ քանի որ որոմը քաղելով՝ ցորենն էլ պիտի վնասվեր, տերը թույլ չտվեց այդ ժամանակ քաղել, այլ ասաց. «Թողե՛ք, որ երկուսն էլ միասին աճեն մինչեւ հունձը»։ Որովհետեւ տիրոջ նպատակն այն էր, որ լիարժեք ու առողջ ցորեն ստանար, իսկ ցորենը դեռ հասունացած չէր։

Շարունակելի

 

Հյուրընկալեց Հայկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s