Սկիզբը՝ թիվ 22-23 (2010 Նոյ. Բ — Դեկտ. Ա)
 
Թովմասի մահապատժից հետո պատրիարքի տեղակալներն առավել համարձակ դարձան՝ գործակցելով Կաֆացու հետ։ Կաֆացին վերադարձավ Կ. Պոլիս, եւ նրա հորդորներով կրկին բարձրացվեց Սբ Հակոբի վանքի սեփականության խնդիրը։ Կաֆացին եւ նրա համախոհները դիմեցին հունգարական պատերազմից վերադարձած մեծ վեզիր Քյոփրյուլիին, սակայն շատ վատ ընդունելություն գտան եւ հազիվ կարողացան գլուխներն ազատել։ Թըլթըլն ու իր խումբը, դրանից ոգեւորվելով, հոկտեմբերի 14-ին տեսակցության գնացին Քյոփրյուլիին եւ Թովմասի մահվան մեջ մեղադրեցին իրենց հակառակորդներին՝ նշելով նաեւ իրենց դրամական սուղ վիճակը։ Քյոփրյուլին նրանց ետ վերադարձրեց՝ խոստանալով գործը կրկին քննել։ Մեծ վեզիրին ներկայացավ երրորդ պատգամավորությունը՝ Ռուհիջան Վանեցու գլխավորությամբ։ Հանդիպումը եղավ Չեքմեջե ավանում, սակայն պատվիրակության անդամները ձերբակալվեցին եւ բանտարկվեցին Կ. Պոլսում։ Դրանից ակտիվացած թըլթըլյաններն ուժեղացնում են իրենց ամբաստանությունները, որոնց արդունքում հրաման է արձակվում բոլոր տեղակալներին ձերբակալելու վերաբերյալ։ Մեղադրվում է փոխվեզիրը եւ արժանանում հանդիմանության։

Ի վերջո ձերբակալվածները կաշառքով ազատվում են։ Թըլթըլի խմբակցությունն սկսում է վախենալ վտանգվելուց։ Եղած ծախսերը եւ խոստացված գումարների վճարումը դրվում են վեց թաղերի վրա, որ հասնում էին հարյուրավոր քսակների։ Ներքին վեճերը մեծացան, բռնի հանգանակությունները շարունակվեցին, քանի որ մեծ վեզիրի հրամանով ծախսերի վճարումը դրված էր անխտիր բոլորի վրա։ Երուսաղեմի գործը կրկին մղվեց երկրորդ պլան, կառավարության քաղաքականությունը բոլորովին հայանպաստ չէր, քանի որ ապստամբները մոտենում էին մայրաքաղաքին։ Նրանց դեմ ուղարկված Մուրթեղա փաշան 1658 թվի դեկտեմբերի 11-ին պարտություն կրեց։ Սակայն նա կարողացավ ապստամբների մեջ պառակտում մտցնել եւ հրամանատարներից Աբազա Հասանին իր մոտ հրավիրեց ու փայլուն ընդունելությունից հետո սպանել տվեց։ Հետո՝ 1659 թվի փետրվարի 17-ին, կոտորել տվեց նրա հետեւորդներին նույնպես։ Ապստամբությունը ճնշվեց։ Ձերբակալվեց Թիյարօղլուն եւ գլխատվեց։ Իսկ նա Երուսաղեմի գործի բարեկամներից էր։

 

Եղիազար Այնթապցին, որ ապստամբների բանակին էր հարել, քանիցս նամակ եւ գումար էր ուղարկել մայրաքաղաք, որ Սբ Հակոբի հարցը լուծի, սակայն արդյունիքի չէր հասել։ Վախենալով իշխանություններից՝ նա հեռանում է Թիյալօղլուց եւ գաղտնի հաստատվում Կ. Պոլսում՝ Մեհմեդ աղայի պարտեզում։ Նա այստեղ ապրեց 1658 թվի նոյեմբերից մինչեւ 1659 թվի փետրվարը, եւ միայն Կաֆացին ու որոշ թվով մարդիկ գիտեին այդ մասին ու ձգտում էին լուծել Սբ Հակոբի վանքի խնդիրը, ինչպես նաեւ՝ օգնել Եղիազարին։ Սակայն այդ մասին թըլթըլյաններն իմացան եւ Շեկ Գասպարի միջոցով տեղյակ պահեցին իշխանություններին։ Նրան ձերբակալեցին եւ դատ արեցին մեծ վեզիրի պալատում։ Քյոփրյուլին արդեն ատամ ուներ նրա դեմ, սակայն Եղիազար Այնթապցին ճարտար պատասխաններով փորձեց մեղմել նրա զայրույթը։ Այսուհանդերձ 1659 թվի փետրվարի 18-ին նրան շղթայակապ բանտարկեցին ենիչերիների պահականոցում։ Նրան մոտենալու փորձ արեց միայն Երեմիա Քյոմուրջյանը եւ լաց եղավ, քանի որ դա մոտալուտ մահապարտության նշան էր։ Եղիազարը նրան տվեց իր կնիքները եւ 500 ոսկի պարունակող ծրարը, որ նա հանձնի Ռուհիջանին՝ որպես Երուսաղեմի գործակալի կամ փոխանորդի։ Սակայն մահապարտության կասկածը չհաստատվեց, եւ շատերն սկսեցին այցելել նրան։ Նա էլ, ուշքի գալով նախնական շոկից, սկսեց հանձնարարել, որ Սբ Հակոբը վերադարձնելու աշխատանքները շարունակեն եւ իր համար առանձնապես չհոգան։ Անգամ նամակ գրեց Կաֆացուն, ուր պարզ ասված էր, որ նա, ով կամենա իրեն ազատել՝ առանց հոգ տանելու Սբ Հակոբի վանքի ազատության խնդրին, թող Աստծու կողմից նզովվի։ Միեւնույն է՝ նրա ազատության համար դիմումները շարունակվեցին, եւ ի վերջո Քյոփրյուլին հրամայեց նրան ազատ արձակել՝ անգամ առանց տուգանքի։ Թերեւս դա պետք է բացատրել դատի ժամանակ Եղիազարի՝ նրա վրա թողած տպավորությամբ։ 1659 թ. մարտի 22-ին՝ 32-օրյա բանտարկությունից հետո, Եղիազարը եկավ Ղալաթիա։

Նա համառ եւ նպատակադիր անձնավորություն էր եւ ազատվելուց հետո նորից ձեռնամուխ եղավ Սբ Հակոբի ազատագրությանը եւ Կ. Պոլսում տիրող կացության բարելավմանը։ Նա էլ էր գտնում, որ տեղակալների իշխանությունը ճիշտ չէ, առավել եւս, որ տեղակալները հոգ չէին տարել Երուսաղեմին՝ իրենց հովանավորող Ռուհիջանի հետ ծախսելով այն գումարը, որ տվել էր Եղիազարը՝ Երուսաղեմի գործերը կարգավորելու համար։ Թովմասի մահից հետո թըլթըլյաններն ընկճված էին՝ կորցրած իրենց մուտքը մեծ վեզիրի մոտ, ուստի կամա թե ակամա ստիպված եղան հասարակաց պարտք գումարի մնացորդը վճարել, որով այդ խնդիրը փակվեց։ Սակայն ապրիլի 3-ին՝ Զատկի օրը, նոր խնդիր ծագեց։ Պետք էր վճարել թուրքերից փոխ առած 14000 դահեկանը, որ տեղակալները ծախսել էին Թովմասի սպանությունն արագացնելու համար։ Տեղակալները կամենում էին դրա վճարը դնել երուսմաղեմցիների վրա, քանի որ Աստվածատուր պատրիարքը եւ Մարտիրոս Կաֆացին հայտնեցին իրենց անվճարունակ լինելը։ Փորձեցին այն բարդել Եղիազարի վրա, սակայն նա սկսեց մեղադրել տեղակալներին, ինչպես նաեւ Ռուհիջանին, որ Երուսաղեմի համար նախատեսված գումարները ծախսել էին իրենց ցանկությամբ։ Եվ նա ետ պահանջեց իր տված գումարները։ Իսկ երբ տեղակալները գործը դատարան մտցրին, նա նույնն ասաց ե՛ւ դատարանում, ե՛ւ ժողովրդի առաջ։ Բոլորը համոզվեցին, որ տեղակալների իշխանությունը պետք չէ, եւ անհրաժեշտ է Եղիազարին ընտրել պատրիարք։ Եղիազարը դրան չհամաձայնեց եւ հարմար թեկնածու հայտարարեց Մարտիրոս Կաֆացուն։ Ժողովուրդն ընդունեց այն եւ դիմեց կառավարությանը։ 1659 թվի մայիսի 25-ին՝ Կարմիր կիրակիի երկուշաբթի օրը, Մարտիրոս Կաֆացին, որը դեռ եպիսկոպոս չէր, պաշտոնապես պատրիարք հռչակվեց, եւ տեղակալների իշխանությունը վերացավ։ Դա կատարվեց Մուղնեցու անկումից չորս տարի հետո։ Այդ կապակցությամբ Եղիազարը 10000 դահեկան վճարեց՝ պատրիարքարանի ծախսերի համար։ Տարեկան տուրքը սահմանվեց 140000 դահեկան, ինչպես հանձն էին առել տեղակալները, եւ ոչ թե 400000, ինչպես մեծացրել էր Թովմասը։ Նոր պատրիարքն իր հրովարտակից հանեց Երուսաղեմի՝ Կ. Պոլսի պատրիարքությանը ենթակա լինելը, որն ավելացրել էր Թովմասը։

Մնում էր 14000-ի խնդիրը, որի համար Եղիազարը, Աստվածատուրի եւ Մարտիրոսի հետ բողոք ներկայացրեց Ռուհիջանի եւ տեղակալների դեմ, որոնք խոստովանեցին, որ իրենք Երուսաղեմի փողերը ծախսել են ուրիշ նպատակներով։ Սակայն Քյոփրյուլին նրանց կոչ արեց համաձայնության գալ՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Ռուհիջանը վաստակավոր է արքունիքում։ Այդ ժամանակ Կաֆացին էլ իր հոտի կողմն է բռնում եւ հանդես գալիս Եղիազարի ու Աստվածատուրի դեմ։ Սակայն Եղիազարն անդրդվելի մնաց, մինչեւ որոշվեց այդ պարտքի 4000-ը դնել Երուսաղեմի, 6000-ը՝ վեց թաղերի, եւ 4000-ը՝ տեղակալների վրա։ Դա էլ առաջ բերեց թաղերի քահանաների դժգոհությունը. մի բան, որը Կաֆացին դատապարտեց։ Խնդիրը բարդացավ այն աստիճանի, որ Մարտիրոս պատրիարքը եւ ազգային վեց գործիչները բանտարկվեցին։ Հետո բոլորը հասկացան, որ աննշան բաների համար պետք չէ երկպառակտվել, եւ ոչ միայն փրկանք վճարեցին՝ ձերբակալվածների համար, այլեւ վճարեցին պարտքը։

Այս ամենը բնավ լավ չի խոսում ժամանակի՝ Կ. Պոլսի հայոց ազգային կյանքի մասին։

Եղիազարը նույնիսկ այդ պայմաններում պայքարում էր Սբ Հակոբը վերադարձնելու համար։ Նա խնդրագիր ներկայացրեց մեծ վեզիրին՝ մանրամասն տեղեկություններով եւ հրովարտակների հիշատակությամբ, որ Սբ Հակոբը պատկանում է հայերին։ Մեծ վեզիրն էլ հատուկ մարդ ուղարկեց Երուսաղեմ՝ հարցը պարզելու համար։ Եվ ինչ. Երուսաղեմի այլազգիները վկայություն էին տվել, որ վանքը հայերինն է եղել, եւ որ հույները դրա վրա ոչ մի իրավունք չեն ունեցել։ Վկայությունները վավերացված ուղարկվեցին մեծ վեզիրին։ Եղիազարը, որ արդեն շատ հոգսերից ազատվել էր, նորից դիմում ուղարկեց մեծ վեզիրին։ Նա նաեւ խղճի խայթ էր զգում, որ ինքն է ժամանակին, որպես ավանդ, վանքի բանալիները հանձնել Թիյարօղլուն եւ դրանով նպաստել վանքը հույներին հանձնելուն։

Շարունակելի

 

Բաբկեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s